Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 6

Երուսաղեմը՝ շրջապատված թշնամիներով

1 Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։

2 Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։

3 Նրա դեմ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։

4 Պատերա՛զմ պատրաստեքնրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։

5 Վե՛ր կացեք, գիշերով ելնենք և կործանենք նրա պալատները։

6 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։

7 Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։

8 Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։

Ապստամբ Իսրայելը

9 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։

10 Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։

11 Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։

12 Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։-

13 Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ “անիրավ շահի համար” ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։

14 Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա։

15 Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանցպատժելու համարայցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։

Իսրայելը մերժում է Աստծու ճանապարհը

16 Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. “Նրանում չենք ընթանում”։

17 Ես ձեզ վրա դետեր նշանակեցի. “Ուշադի՛ր եղեք փողի ձայնին”, բայց նրանք ասացին. “Ուշադիր չենք լինելու”։

18 Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ,ինչ է լինելունրանց։

19 Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։

20 Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։

21 Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն”»։

Ասպատակներ հյուսիսից

22 Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։

23 Աղեղ և նիզակ են բռնել, անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման։ Ձիերի վրա են հեծնում, քո դեմ շարված են պատերազմիկների նման, ո՛վ Սիոնի դուստր։

24 Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։

25 Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։

26 Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։

27 Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։

28 Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։

29 Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։

30 Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 7

Երեմիան քարոզում է տաճարում

1 Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով.

2 «Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։

3 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։

4 Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. “Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է”։

5 Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք,

6 օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ,

7 այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։

8 Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։

9 Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում,

10 հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. “Ազատվեցինք”, որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։

11 Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ “Ահա ես տեսա”,- ասում է Տերը։-

12 Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։

13 «Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։

14 Ուստի ես էլ այն տանը, որն իմ անունով է կոչվել, և որին ապավինել եք դուք, և այն տեղին, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմայնպես, ինչպես որ արել եմ Սելովին։

15 Ես ձեզ պիտի վտարեմ իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։

Ժողովրդի անհնազանդությունը

16 «Ուստի դու մի՛ աղոթիր այս ժողովրդի համար և նրանց համար աղաղակ ու աղոթք մի՛ բարձրացրու և ինձ մի՛ բարեխոսիր, որովհետև ես քեզ չեմ լսելու։

17 Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։

18 Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։

19 Մի՞թե նրանք ինձ են բարկության գրգռում,- ասում է Տերը,- թե՞ իրենց, իրենց երեսն են ամոթահար անում»։

20 Սրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա իմ բարկությունն ու իմ զայրույթը պիտի թափվեն այս տեղի վրա, մարդու վրա և անասունի վրա, դաշտի ծառի վրա և հողի պտղի վրա, և պիտի այրի ու չհանգչի»։

21 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք։

22 Որովհետև այն օրը, երբ ձեր հայրերին հանեցի Եգիպտոսի երկրից, նրանց հետ չեմ խոսել և նրանց չեմ հրամայել ողջակեզի և զոհի վերաբերյալ։

23 Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։

24 Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։

25 Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր ես հարատևորենձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին,

26 բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։

27 Եվ դու նրանց այս բոլոր բաները կասես, բայց նրանք քեզ չեն լսի։ Դու նրանց կկանչես, բայց նրանք չեն պատասխանի։

28 Ուրեմն ասա՛ նրանց. “Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից”»։

Մեղսալից գործեր Ենովմի ձորում

29 Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։

30 «Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։

31 Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։

32 «Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։

33 Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, ևնրանցվախեցնող չի լինի։

34 Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 8

1 «Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանավորների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները կհանեն իրենց գերեզմաններից

2 և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցինև երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։

3 Մահը կյանքից նախընտրելի պիտի լինի այն ամբողջ մնացորդի համար, որ կմնան այս չար ազգատոհմից, այն բոլոր տեղերում, ուր աքսորել էի նրանց»,- ասում է Զորությունների Տերը։

Մեղք և պատիժ

4 «Ասա՛ նրանց,- այսպես էլ ասում է Տերը.- մի՞թե վայր կընկնեն ու էլ վեր չեն կենա, կամ կխոտորեն և էլ հետ չե՞ն դառնա։

5 Ինչո՞ւ այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ։

6 Ես ուշադիր եղա և լսեցի. նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. “Ես ի՜նչ եմ արել”։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ձին։

7 Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։

8 Դուք ինչպե՞ս եք ասում. “Մենք իմաստուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է”։ Երբ դպիրների սուտ գրիչըստություն է դարձրել այն։

9 Իմաստունները կամաչեն, կզարհուրեն և կբռնվեն. ահա մերժեցին Տիրոջ խոսքը, ուրեմն էլ ի՞նչ իմաստություն ունեն։

10 Սրա համար ես նրանց կանանց ուրիշների պիտի տամ, նրանց դաշտերը՝ իրենց տիրողներին, որովհետև փոքրից մինչև մեծը բոլորն ագահ են անիրավ վաստակի համար. մարգարեից մինչև քահանան բոլորը ստությամբ են վարվում։

11 Եվ թեթևորեն բժշկում են իմ ժողովրդի դստեր վերքը՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”. երբ խաղաղություն չկա։

12 Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։

13 «Բոլորովին բնաջնջելու եմ նրանց,- ասում է Տերը։- Խաղող չի լինելու որթատունկի վրա, և թուզ չի լինելու թզենու վրա, տերևը թառամելու է, և այն, ինչ որ տվել եմ նրանց, պիտի անցնի»։

14 Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։

15 Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակինսպասեցինք,բայց ահա՝ սարսափ։

16 Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։

17 «Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։

18 Իմ վիշտն անդարմանելի է, սիրտս նվաղել է իմ մեջ։

19 Լսե՛ք իմ ժողովրդի դստեր կանչի ձայնը հեռավոր երկրից. «Տերը Սիոնում չէ՞, նրա թագավորը նրա մեջ չէ՞»։ «Ինչո՞ւ իմ բարկությունը գրգռեցին իրենց քանդակած կուռքերով և իրենց օտար ունայնություններով»։

20 Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։

21 Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։

22 Բալասան չկա՞ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞ այնտեղ. հապա ինչո՞ւ իմ ժողովրդի դուստրը բժշկություն չգտավ։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 9

1 «Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։

2 Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։

3 Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա. չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում»,- ասում է Տերը։

4 «Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։

5 Եվ ամեն մարդ խաբում է իր ընկերոջը և ճշմարտություն չի խոսում. իրենց լեզուն սովորեցրել են սուտ ասելու. հոգնում են անօրինություն անելով։

6 Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։

7 Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստերմեղքիպատճառով։

8 Մահաբեր նետ է նրանց լեզուն, խաբեություն է խոսում. իր ընկերոջ հետ բերանով խաղաղություն է խոսում, իսկ իր սրտում նրան դարան է պատրաստում։

9 Սրա համար ես նրանց չպատժե՞մ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից անձս վրեժ չպիտի՞ առնի։

10 Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։

11 Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։

12 Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։

13 Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։

14 Այլ գնացին իրենց սրտի կամակորության հետևից և Բահաղների հետևից, ինչպես որ իրենց հայրերը սովորեցրել էին իրենց»։

15 Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա այս ժողովրդին ես օշինդր եմ ուտեցնելու և դառը ջուր եմ խմեցնելու։

16 Եվ նրանց պիտի ցրեմ ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք գիտեին, ո՛չ իրենց հայրերը, և նրանց հետևից սուր պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց»։

Երուսաղեմացիները օգնություն են խնդրում

17 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և եղերամայրե՛ր կանչեք, որ գան, և վարժ կանա՛նց ուղարկեք, որ գան։

18 Շուտով գան, մեզ վրա ողբ բարձրացնեն, մինչև մեր աչքերն արտասուք թափեն, և մեր կոպերից ջրեր հորդեն։

19 Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց. “Ինչպե՜ս կործանվեցինք, շատ ամաչեցինք, որովհետև պետք է թողնենք երկիրը, որովհետև ավերեցին մեր բնակարանները”։

20 Ուրեմն, ո՛վ կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ընդունի նրա բերանի խոսքը։ Եվ ձեր դուստրերին եղերերգությո՛ւն սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն՝ ողբ»։

21 Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։

22 Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։

23 Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։

24 Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։

25 «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված,

26 Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլորմորուքներիծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 10

Կռապաշտություն և ճշմարիտ երկրպագություն

1 Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։

2 Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցիցհեթանոսազգերն են զարհուրում։

3 Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարովշինված։

4 Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։

5 Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։

6 Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։

7 Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։

8 Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։

9 Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։

10 Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։

11 Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտելերկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։

Աստծու փառաբանության երգ

12 Նա է իր զորությամբ կերտելերկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։

13 Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։

14 Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։

15 Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

16 Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։

Մոտալուտ աքսորը

17 Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։

18 Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։

19 Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։

20 Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։

21 Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։

22 Մի լուր է ձայնում.

Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։

23 Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։

24 Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։

25 Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 11

Երեմիան և ուխտը

1 Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

2 «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։

3 Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը,

4 որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը և կատարե՛ք այն ամենը, ինչ ես հրամայում եմ ձեզ։ Եվ դուք ինձ ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ Աստված կլինեմ,

5 որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր””»։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. «Ամե՛ն, ո՛վ Տեր»։

6 Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարի՛ր այս խոսքերը՝ ասելով. “Լսե՛ք այս ուխտի խոսքերը և գործադրե՛ք դրանք։

7 Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը”։

8 Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին”»։

9 Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։

10 Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։

11 Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։

12 Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։

13 Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։

14 Ուստի դու այս ժողովրդի համար մի՛ աղոթիր և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի՛ արա, որովհետև ես նրանց չեմ լսելու, երբ ինձ կանչեն իրենց դժբախտության ժամանակ»։

15 Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։

16 Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց,բայցմեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։

17 Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեցքո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։

Դավադրություն Երեմիայի կյանքի դեմ

18 Տերն ինձ իմացրեց, և ես իմացա. այն ժամանակ դու ինձ ցույց տվեցիր նրանց չար գործերը։

19 Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։

20 Սակայն, ո՛վ Զորությունների Տեր, արդա՛ր դատավոր, սիրտնու միտքը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

21 Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։

22 Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։

23 Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 12

Երեմիայի գանգատը

1 Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։

2 Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից։

3 Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛րնրանց։

4 Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։

5 Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։

6 Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։

Տիրոջ վիշտը իր ժողովրդի համար

7 «Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։

8 Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։

9 Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։

10 Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։

11 Այն ամայության վերածեցին. նա ամայի սգաց իմ առաջ. ամբողջ երկիրն ամայացավ, որովհետև մարդ չկա, որ հոգա։

12 Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։

13 Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին, աշխատանք թափեցին, օգուտ չտեսան, և դուք Տիրոջ բորբոք բարկության պատճառով ձեր բերքից պիտի ամաչեք»։

Տիրոջ խոստումը Իսրայելի հարևաններին

14 Այսպես է ասում Տերն իմ բոլոր չար հարևանների մասին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որ ժառանգել եմ տվել իմ Իսրայել ժողովրդին։ «Ահա ես նրանց արմատախիլ պիտի անեմ իրենց երկրի երեսից և Հուդայի տունը արմատախիլ պիտի անեմ նրանց միջից։

15 Նրանց արմատախիլ անելուց հետո կդառնամ և կգթամ նրանց և ամեն մեկին կվերադարձնեմ իր ժառանգությանը և ամեն մարդու՝ իր երկիրը։

16 Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։

17 Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 13

Փտած գոտին

1 Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։

2 Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։

3 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով.

4 «Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատև այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։

5 Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Տերն էր հրամայել։

6 Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ մեջքի այն գոտին, որ ես քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ»։

7 Եվ ես Եփրատ գնացի, փորեցի և մեջքի գոտին թաքցրած տեղից վերցրի։ Բայց ահա մեջքի գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։

8 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Տերն այսպես է ասում.

9 “Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։

10 Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։

11 Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։

Գինու տիկը

12 Այս խո՛սքն ասա նրանց. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ամեն տիկ պիտի լցվի գինիով””, և նրանք քեզ ասելու են. “Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի”։

13 Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը. “Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։

14 Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ””»։

Երեմիան զգուշացնում է հպարտության դեմ

15 Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։

16 Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։

17 Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։

18 Թագավորին և մայր-թագուհունասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։

19 Հարավայինքաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։

20 «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։

21 Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։

22 Եվ եթե քո սրտում ասես. “Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել”. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնությանենթարկվեցինքո գարշապարները։

23 Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։

24 Եվ ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման։

25 Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։

26 Ուստի ես էլ քո դեմքի վրա կբարձրացնեմ քո փեշը, և քո ամոթը կերևա։

27 Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 14

Երաշտ

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։

2 Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։

3 Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։

4 Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։

5 Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքումիր ձագին, որովհետև խոտ չկա։

6 Վայրի էշերն էլ կանգնում են լերկ բլուրների վրա, շնագայլերի պես ծծում են օդը. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա։

7 Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։

8 Ո՛վ հույս Իսրայելի, նրա փրկի՛չ նեղության ժամանակ, ինչո՞ւ օտարականի պես ես դարձել երկրում և մի ճանապարհորդի պես, որ մտել է գիշերելու։

9 Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։

10 Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։

11 Եվ Տերն ինձ ասաց. «Այս ժողովրդի բարօրության համար մի՛ աղոթիր։

12 Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։

13 Եվ ես ասացի. «Ավա՜ղ, Տե՛ր Աստված, ահա մարգարեներն ասում են նրանց. “Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու. այս տեղում ճշմարիտ խաղաղություն պիտի տամ ձեզ”»։

14 Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։

15 Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. “Սուր և սով չի լինելու այս երկրում”, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։

16 Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։

17 Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։

18 Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։

Ժողովուրդը պաղատում է Աստծուն

19 Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակինսպասեցինք,բայց ահա՝ սարսափ։

20 Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։

21 Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։

22 Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 15

Դատավճիռ Հուդայի ժողովրդի համար

1 Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։

2 Եվ եթե քեզ ասեն. “Ո՞ւր դուրս գնանք”, նրանց կասես. “Տերն այսպես է ասում. “Որոնք մահվան համար են՝ դեպի մահը, որոնք սրի համար են՝ դեպի սուրը, որոնք սովի համար են՝ դեպի սովը, և որոնք գերության համար են՝ դեպի գերություն””։

3 Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժեմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։

4 Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։

5 Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։

6 Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։

7 Եվ հեծանոցով հոսելու եմ նրանց երկրի դարպասներում, անզավակ եմ անելու, պիտի ոչնչացնեմ իմ ժողովրդին. նրանք իրենց ճանապարհներից հետ չդարձան։

8 Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրինկործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։

9 Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։

Երեմիայի գանգատը Աստծուն

10 Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։

11 Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարինպատակիհամար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։

12 Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։

13 Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։

14 Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։

15 Դու գիտես, ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ և այցելի՛ր ինձ և իմ վրեժն ա՛ռ ինձ հալածողներից, քո համբերատարությամբ ինձ մի՛ վերացրու, իմացի՛ր, որ քեզ համար նախատինք կրեցի։

16 Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։

17 Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։

18 Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։

19 Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։

20 Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձի ամուր պարիսպ կկարգեմ. և նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ և ազատեմ,- ասում է Տերը։-

21 Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։