Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

Հուդայի Եզեկիա թագավորը

1 Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։

2 Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։

3 Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։

4 Նա վերացրեց Բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց Աստարովթի կուռքերը և փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան. նա կոչվում էր Նեեսթան։

5 Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլնրանց մեջ,որ եղել էին նրանից առաջ։

6 Եվ հարեց Տիրոջը և չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

7 Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։

8 Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

9 Եզեկիայի չորրորդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի յոթերորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագավորը հարձակվեց Սամարիայի վրա և պաշարեց այն։

10 Երեք տարի հետո վերցրեց այն, Եզեկիայի վեցերորդ տարում, որն Իսրայելի Ովսեե թագավորի իններորդ տարին էր. Սամարիան վերցվեցայդ ժամանակ։

11 Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում.

12 նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծու ձայնին և զանց էին արել նրա ուխտը և այն ամենը, ինչ հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը. ո՛չ լսեցին, ո՛չ էլ արեցին։

Ասորեստանցիները սպառնում են Երուսաղեմին

13 Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։

14 Հուդայի Եզեկիա թագավորըմարդուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Մեղք եմ գործել, ե՛տ դարձիր ինձնից. ինչ որ դնես ինձ վրա, կհատուցեմ»։ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկիհարկդրեց։

15 Եզեկիան տվեց այն ամբողջ արծաթը, որ գտնվեց Տիրոջ տանը և թագավորի տան գանձերի մեջ։

16 Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիներիոսկին, ինքը՝Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։

17 Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։

18 Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։

19 Եվ Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացե՛ք. “Այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Այդ ի՞նչ հույս է, որին ապավինել ես դու”։

20 Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում. “Պատերազմի համար խորհուրդ և զորությունունեմ”. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ ապստամբել ես իմ դեմ։

21 Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։

22 Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։

23 Արդ, ուրեմն դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ երկու հազար ձի կտամ, եթե կարող ես այդքան հեծյալներ դնել նրանց վրա.

24 հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։

25 Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։

26 Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։

27 Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։

28 Եվ Ռաբսակը կանգնեց ու բարձր ձայնով եբրայերեն կանչեց և խոսեց՝ ասելով. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը.

29 թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից,

30 և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով. “Տերը մեզ անպատճառ կազատի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի թագավորի ձեռքը””։

31 Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք և դո՛ւրս եկեք ինձ մոտ, որպեսզի ամեն մարդ իր որթից, և ամեն մարդ իր թզենուց ուտի, և ամեն մարդ խմի իր ջրհորի ջրից,

32 մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, ցորենի և գինու երկիր, հացի և այգիների երկիր, յուղ տվող ձիթենիների և մեղրի երկիր, որ ապրեք ու չմեռնեք։ Եվ մի՛ լսեք Եզեկիային, որովհետև ձեզ խաբում է՝ ասելով, թե՝ “Տերը մեզ կազատի”։

33 Մի՞թե մյուս ազգերի աստվածները փրկեցին ամեն մեկն իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։

34 Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

35 Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։

36 Ժողովուրդը լռեց, և նրան ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Նրան չպատասխանեք»։

37 Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Թագավորը դիմում է Եսայի մարգարեի խորհրդին

1 Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։

2 Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։

3 Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։

4 Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։

5 Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։

6 Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։

7 Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։

Ասորեստանցիների նոր սպառնալիքը

8 Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։

9 Ասորեստանի թագավորըլսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.

10 «Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով. “Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը”։

11 Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։

12 Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։

13 Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։

14 Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։

15 Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։

16 Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։

17 Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները.

18 կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։

19 Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։

Եսայու պատգամը թագավորին

20 Եվ Ամովսի որդի Եսայիանմարդուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։

21 Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է.

«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը.

Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։

22 Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր

Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր

Եվ աչքերդ վեր հառեցիր.

Իսրայելի Սրբի վրա։

23 Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր.

“Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝

Լիբանանի հեռու կողմերը.

Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները

Եվ նրա ընտիր մայրիները.

Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը

Եվ նրա պտղատու ծառերիանտառը։

24 Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի

Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի

Եգիպտոսի բոլոր գետերը”։

25 Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ

Եվ նախանշել դա հին օրերից

Եվ բերել հիմա,

Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։

26 Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը,

Ուստի զարհուրեցին և ամաչեցին

Եվ դաշտի խոտի պես եղան,

Եվ կանաչ բանջարի,

Տանիքի խոտի պես

Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։

27 Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքը

Եվ քո բարկությունն իմ դեմ։

28 Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար

Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին,

Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին

Եվ իմ սանձը՝ քո բերանին

Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։

29 Եվ սա նշան կլինի քեզ համար.

Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը

Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը,

Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք

Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

30 Եվ Հուդայի տան ազատված մնացորդը

Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար

Եվ պտուղ տա վերևում,

31 Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից,

Եվ վերապրողները՝ Սիոնի սարից.

Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։

32 Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին.

“Նա չի մտնելու այս քաղաքը

Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ,

Եվ վահանով չի գալու նրա առջև

Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։

33 Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա

Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”.

Ասում է Տերը.

34 “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն

Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։

35 Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։

36 Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։

37 Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը

1 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։

2 Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով.

3 «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։

4 Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով.

5 «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։

6 Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար””»։

7 Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։

8 Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։

9 Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։

10 Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։

11 Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։

Բաբելոնի պատգամավորները

12 Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։

13 Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։

14 Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։

15 Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։

16 Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը.

17 “Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

18 Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։

19 Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։

Եզեկիայի թագավորության վերջը

20 Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

21 Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

Հուդայի Մանասե թագավորը

1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3 Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։

4 Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։

5 Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։

6 Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։

7 Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։

8 Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։

9 Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։

10 Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով.

11 «Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով,

12 դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա եսայնպիսիչարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։

13 Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։

14 Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար,

15 որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։

16 Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։

17 Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

18 Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Ամոն թագավորը

19 Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։

20 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։

21 Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։

22 Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։

23 Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։

24 Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։

25 Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

26 Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

Հուդայի Հովսիա թագավորը

1 Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։

2 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։

Օրենքի գիրքը գտնվում է

3 Հովսիա թագավորի տասնութերորդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն՝ Սափան դպիրին, ուղարկեց Տիրոջ տուն՝ ասելով.

4 «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,

5 հանձնեն Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը, որպեսզի տան Տիրոջ տանը գործ անողներին՝ տան վնասված տեղերը նորոգելու համար.

6 հյուսներին, շինարարներին և որմնադիրներին, նաև փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։

7 Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։

8 Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։

9 Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։

10 Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։

11 Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։

12 Եվ թագավորը հրամայեց Քեղկիա քահանային և Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աքոբորին, Սափան դպիրին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

13 «Գնացեք հարցրե՛ք Տիրոջն ինձ համար, ժողովրդի համար և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համաձայն, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ վրա նրա համար, որ մեր հայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին, որ կատարեն մեր մասին բոլոր գրվածները»։

14 Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայիմեջ, և խոսեցին նրա հետ։

15 Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.

16 այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք պիտի բերեմ այս տեղի վրա և նրա բնակիչների վրա այն գրքի բոլոր խոսքերի համաձայն, որ կարդացել է Հուդայի թագավորը.

17 նրա համար, որ ինձ թողել են և խունկ ծխել ուրիշ աստվածների՝ իրենց ձեռքերի բոլոր գործերով ինձ բարկացնելու համար, և իմ բարկությունը պիտի բորբոքվի այս տեղի վրա և չպիտի հանգչի””»։

18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպե՛ս ասեք նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այն խոսքերի համար, որ լսել ես.

19 “Որովհետև քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Տիրոջ առաջ՝ լսելով այն խոսքերը, որ ես ասել եմ այս տեղի դեմ և նրա բնակիչների դեմ, թե ավերում և անեծք պիտի լինի, և պատռեցիր քո հանդերձներն ու լաց եղար իմ առաջ, ես էլ քեզ լսեցի,- ասում է Տերը։-

20 Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

Թագավորը հեռացնում է կռապաշտությունը

1 Թագավորըմարդիկուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։

2 Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

3 Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։

Կրոնական բարեփոխումներ Հուդայում

4 Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։

5 Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։

6 Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը,տարավԵրուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։

7 Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։

8 Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։

9 Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։

10 Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։

11 Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում, արեգակի կառքերն այրեց կրակով։

12 Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։

13 Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։

14 Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։

15 Նաև այն սեղանը, որը Բեթելում էր,ևայն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։

16 Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին,մարդուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։

17 Եվթագավորնասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։

18 Թագավորնասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։

19 Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։

20 Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։

Հովսիան տոնում է Զատիկը

21 Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։

22 Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։

23 Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։

Հովսիան ուրիշ բարեփոխումներ է անում

24 Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։

25 Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։

26 Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։

27 Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։

Հովսիայի թագավորության վախճանը

28 Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

29 Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։

30 Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։

Հուդայի Հովաքազ թագավորը

31 Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

32 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

33 Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։

34 Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։

Հուդայի Հովակիմ թագավորը

35 Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։

36 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։

37 Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

1 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավկռվի,և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։

2 Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։

3 Տիրոջ պատվերի համաձայն դա եղավ Հուդային, որպեսզինրանմերժի իր առջևից Մանասեի մեղքերի համար, այն բոլորի համար, ինչն արել էր նա,

4 նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։

5 Հովակիմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

6 Հովակիմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

7 Եգիպտոսի թագավորն այլևս դուրս չեկավ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը վերցրել էրայնամենը, ինչը Եգիպտոսի թագավորինն էր։

Հուդայի Հովաքին թագավորը

8 Տասնութ տարեկան էր Հովաքինը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Նեհուսթա՝ երուսաղեմացի Եղնաթանի դուստրը։

9 Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հոր բոլոր արածների պես։

10 Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։

11 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։

12 Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։

13 Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։

14 Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացիոչ ոքչմնաց։

15 Եվ Հովաքինին գերի տարավ Բաբելոն. թագավորի մորը, թագավորի կանանց, նրա ներքինիներին և երկրի բոլոր զորավոր մարդկանց Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն։

16 Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։

17 Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։

Հուդայի Սեդեկիա թագավորը

18 Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

19 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։

20 Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

Երուսաղեմի անկումը

1 Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։

2 Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

3 Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար,

4 քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերըփախաներկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։Թագավորըգնաց Արաբայիճանապարհով։

5 Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։

6 Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։

7 Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։

Տաճարի կործանումը

8 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ.

9 այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։

10 Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։

11 Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։

12 Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներիցմարդիկթողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

13 Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։

14 Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։

15 Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։

16 Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։

17 Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։

Հուդայի բնակիչները Բաբելոն են տարվում

18 Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,

19 քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում.

20 Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։

21 Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։

Գոդողիան՝ Հուդայի կառավարիչ

22 Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

23 Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։

24 Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։

25 Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։

26 Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։

Հովաքինը վերադառնում է գերությունից

27 Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ ևնրանհանեց բանտից։

28 Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։

29 Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։

30 Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

Ադամից մինչև Աբրահամ

1 Ադամ, Սեթ, Ենոս,

2 Կայնան, Մաղաղիել, Հարեդ,

3 Ենոք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյիորդիները՝

4 Սեմ, Քամ և Հաբեթ։

5 Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հովան, Թոբել, Մոսոք և Թիրաս։

6 Գոմերի որդիները՝ Ասքանազ, Ռիփաթ և Թորգոմա։

7 Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներ և ռոդացիներ։

8 Քամի որդիները՝ Քուշ և Մեստրեմ, Փուդ և Քանան։

9 Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։

10 Քուշը ծնեց Նեբրոթին. սա սկսեց հզոր լինել երկրի վրա։

11 Մեստրեմը ծնեց լուդացիներին, անամացիներին, լաբացիներին, նեփթուքացիներին,

12 պաթուրեսացիներին, քասլուքացիներին (որտեղից դուրս եկան փղշտացիները) և կափթորացիներին։

13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին,

14 հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին,

15 խևացիներին, արուկեցիներին, ասենացիներին,

16 արուադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։

17 Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։

18 Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։

19 Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունն էր Հեկտան։

20 Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին,

21 Հադորամին, Ուզալին, Դեկլային,

22 Գեբաղին, Աբիմիելին, Սաբային,

23 Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։

24 Սեմ, Արփաքսադ, Սաղա,

25 Եբեր, Փաղեկ, Ռաքավ,

26 Սերուգ, Նաքոր, Թարա,

27 Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։

Իսմայելի սերունդը

28 Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։

29 Նրանց սերունդները սրանք են. Նաբեոթ՝ Իսմայելի անդրանիկ որդին, Կեդար, Ադբեել, Մաբսամ,

30 Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա,

31 Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։

32 Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։

33 Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։

Եսավի սերունդը

34 Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։

35 Եսավի որդիները՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգղոմ և Կորխ։

36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։

37 Ռագուելի որդիները՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա։

Եդովմի նախկին բնակիչները

38 Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։

39 Ղոտանի որդիները՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրը՝ Թամնա։

40 Սոբաղի որդիները՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո և Օնամ։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Անա։

41 Անայի որդին՝ Դիսոն։ Դիսոնի որդիները՝ Ամրան, Եսբան, Հեթրան և Քառան։

42 Եսերի որդիները՝ Բաղղան, ԶաավանևՀաական։ Դիսանի որդիները՝ Հուս և Առան։

Եդովմի թագավորները

43 Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում՝ նախքան մի թագավորի թագավորելը Իսրայելի որդիների վրա։ Բեորի որդին Բաղան էր, և նրա քաղաքի անունն էր Դենհաբա։

44 Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։

45 Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից։

46 Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։

47 Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։

48 Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց գետի մոտի Ռոբոթից Սավուղը։

49 Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքբորի որդի Բաաղանանը։

50 Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։

51 Ադադն էլ մեռավ։ Եդովմի իշխաններն էին՝ իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ,

52 իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն,

53 իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար,

54 իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք Եդովմի իշխաններն են։

Categories
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

Հուդայի սերունդները

1 Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն,

2 Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։

3 Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։

4 Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին և Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։

5 Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։

6 Զարայի որդիները՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա. բոլորը միասին հինգն էին։

7 Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։

8 Եթանի որդին էր Ազարիան։

Դավիթ թագավորի տոհմածառը

9 Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։

10 Րամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Հուդայի որդիների իշխանին։

11 Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին,

12 Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։

13 Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային,

14 չորրորդին՝ Նաթանայելին, հինգերորդին՝ Հռադային,

15 վեցերորդին՝ Ասոմին,ևյոթերորդին՝ Դավթին։

16 Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝այսերեքը։

17 Աբիգեան ծնեց Ամեսայիին. Ամեսայիի հայրը իսմայելացի Հեթերն էր։

Եսրոնի սերունդը

18 Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ունեցավիրկնոջից՝ Ազուբայից և Հերիոթից։ Սրանք են նրա որդիները՝ Հասեր, Սոբաբ և Արդոն։

19 Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համարկինառավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։

20 Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։

21 Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրանկնությանառավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։

22 Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։

23 Գեսուրը և Արամը գրավեցին Հայերի գյուղաքաղաքները, նաև Կանաթին ու նրան ենթակա քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։

24 Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։

Հերամելի սերունդը

25 Եսրոնի անդրանիկ որդու՝ Հերամելի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամը, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան։

26 Հերամելն ուներ մի ուրիշ կին, որի անունը Ատարա էր. սա Օնամի մայրն էր։

27 Հերամելի անդրանիկ որդու՝ Հռամի որդիներն էին՝ Մաաս, Համին և Ակոր։

28 Օնամի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։

29 Աբիսուրի կնոջ անունն էր Աբիհայիլ, որը նրա համար ծնեց Աքբանին և Մողիդին։

30 Նադարի որդիներն էին՝ Սաղադ և Ափփիմ։ Սաղադը մեռավ անորդի։

31 Ափփիմի որդին՝ Հեսսի, Հեսսիի որդին՝ Սեսան, Սեսանի որդին՝ Աղայի։

32 Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին՝ Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ անորդի։

33 Հովնաթանի որդիներն էին՝ Փաղեթ և Զազա։ Սրանք Հերամելի որդիներն էին։

34 Սեսանը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Սեսանն ուներ մի եգիպտացի ծառա՝ անունը Հարքա։

35 Սեսանն իր աղջկան կնության տվեց իր ծառա Հարքային, որից նա ծնեց Եթթիին։

36 Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբադին.

37 Զաբադը ծնեց Ոփղաղին. Ոփղաղը ծնեց Օբեդին.

38 Օբեդը ծնեց Հեուին. Հեուն ծնեց Ազարիային.

39 Ազարիան ծնեց Քեղեսին. Քեղեսը ծնեց Եղեասային.

40 Եղեասան ծնեց Սոսոմեին. Սոսոմեն ծնեց Սեղղումին.

41 Սեղղումը ծնեց Հեկամիային. Հեկամիան ծնեց Եղիսամային։

Քաղեբի սերունդը

42 Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։

43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ և Սեմայի։

44 Սեմային ծնեց Հռաամին՝ Հարկաամի հորը. Ռոկոմը ծնեց Սամայիին։

45 Սամայիի որդին էր Մաոնը. Մաոնը Բեթսուրի հայրն էր։

46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Մոսանին և Գազեզին։ Առանը Գազեզի հայրն էր։

47 Հադայիի որդիները՝ Հռագեմ, Հովաթամ, Գեսան, Փաղետ, Գեփա և Սագափ։

48 Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։

49 Նա ծնեց նաև Սագափին՝ Մադմանայի հորը, և Շավային՝ Մաքաբենայի և Գաբաայի հորը։ Քաղեբի աղջիկն էր Աքսան։

50 Եփրաթի անդրանիկ որդու՝ Ովրի որդու՝ Քաղեբի որդիները սրանք են՝ Սոփաղ՝ Կարիաթարիմի հայրը,

51 Սաղմոն՝ Բեթլեհեմի հայրը, Նարեփ՝ Բեթկադերի հայրը։

52 Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիները՝ Հարոե, համենուքոթացիների կեսը։

53 Կարիաթարիմի տոհմերը՝ հեթերացիներ, փութացիներ, սամաթացիներ և մասարացիներ։ Սրանցից առաջացան սաարացիները և եսթավուղացիները։

54 Սաղմոնի որդիներն էին Բեթլեհեմը, նետոփաթացիները, Ատարոթը, Հովաբի տունը և համենաքթացիների կեսը, սարացիները։

55 Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։