Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 28

Հնազանդության օրհնությունները

1 «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։

2 Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։

3 Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։

4 Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։

5 Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։

6 Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։

7 Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։

8 Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։

9 Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։

10 Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։

11 Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝բազմացնելովքո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։

12 Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։

13 Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես

14 և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։

Անհնազանդության հետևանքները

15 Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։

16 Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։

17 Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը,

18 անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։

19 Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։

20 Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։

21 Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։

22 Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։

23 Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։

24 Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։

25 Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։

26 Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։

27 Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։

28 Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։

29 Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։

30 Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։

31 Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։

32 Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։

33 Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։

34 Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։

35 Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։

36 Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։

37 Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։

38 Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։

39 Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի ևխաղողըչես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։

40 Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։

41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։

42 Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։

43 Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։

44 Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։

45 Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։

46 Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։

47 Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար,

48 դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։

49 Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,

50 մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։

51 Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։

52 Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։

53 Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։

54 Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,

55 որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակուտելուոչ մի բան չի մնալու նրան։

56 Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան,

57 իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։

58 Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ,

59 ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։

60 Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։

61 Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։

62 Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։

63 Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։

64 Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։

65 Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։

66 Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։

67 Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։

68 Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 29

Տիրոջ ուխտը Իսրայելի հետ

1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։

2 Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին,

3 այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։

4 Տերը մինչև այսօր ձեզ չտվեց միայնպիսիմիտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։

5 Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.

6 հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։

7 Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց.

8 գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։

9 Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։

10 Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ,

11 ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,

12 որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ,

13 որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։

14 Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը,

15 այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։

16 Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։

17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։

18 Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։

19 Եվ երբմեկըայս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի,

20 Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։

21 Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։

22 Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը.

23 ծծումբ, աղ և այրվածքկլինինրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։

24 Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։

25 Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ.

26 նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, ևՏերըդրանք չէր սահմանել նրանց համար։

27 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։

28 Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպեստեսնում ենքայսօր”։

29 Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 30

Վերահաստատության և օրհնության պայմաններ

1 «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ,

2 և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր,

3 ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։

4 Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։

5 Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։

6 Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։

7 Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։

8 Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։

9 Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա,

10 եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։

11 Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։

12 Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։

13 Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։

14 Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։

15 Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը.

16 ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։

17 Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց,

18 ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։

19 Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը,

20 որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 31

Հեսուն՝ Մովսեսի հաջորդը

1 Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելիորդիներինու նրանց ասաց.

2 «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։

3 Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։

4 Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։

5 Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։

6 Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

7 Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։

8 Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

Օրենքը պետք է կարդացվի ամեն յոթ տարին մեկ

9 Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։

10 Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,

11 երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։

12 Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։

13 Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։

14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։

15 Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։

16 Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։

17 Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։

18 Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։

19 Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ.

20 որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։

21 Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։

22 Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։

23 Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։

24 Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ,

25 նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով.

26 «Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ.

27 որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։

28 Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ.

29 որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։

30 Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ.

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 32

Մովսեսի երգը

1 – Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ.

Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։

2 Անձրևի պես թող կաթի իմ խրատը,

Ցողի պես թող իջնի իմ խոսքը,

Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա,

Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա,

3 Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը.

Պատի՛վ տվեք մեր Աստծուն։

4 Աստծոգործը կատարյալ է,

Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։

Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։

Արդար և ուղիղ է նա։

5 Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։

6 Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը,

Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ.

Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը,

Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։

7 Հիշի՛ր հին օրերը,

Մտաբերի՛ր անցած դարերի տարիները.

Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ,

Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։

8 Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց

Եվ սփռեց Ադամի որդիներին,

Ազգերի սահմանները դրեց

Ըստ Իսրայելի որդիների թվի.

9 Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է,

Հակոբը նրա ժառանգության վիճակն է։

10 Նրան գտավ ամայի մի երկրում,

Վայրի, ոռնացող անապատում.

Շրջապատեց նրան, խրատեց նրան,

Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։

11 Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում,

Շուռ է գալիս իր ձագերի վրա,

Տարածում թևերն իր, վերցնում է նրանց

Ու տանում նրանց իր թևերի վրա,

12 ԱյնպեսՏե՛րը միայն ման ածեց նրան.

Նրա հետ օտար աստված չկար։

13 Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը,

Որպեսզի ուտի արտերի պտուղը.

Ժայռից նրան մեղր ծծել տվեց

Եվ ապառաժ քարից՝ յուղ։

14 Կովերի յուղով, մաքիների կաթով,

Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով,

Ընտիր ցորենի ալյուրովկերակրեց նրան.

Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։

15 Եսուրունը գիրացավ և քացի տվեց

(Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր).

Եվ լքեց իր արարիչ Աստծուն

Եվ արհամարհեց իր փրկության վեմը։

16 Օտարաստվածներովնրա նախանձը գրգռեցին,

Գարշելի բաներով բարկացրին նրան։

17 Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն,

Աստվածներին, որոնց չէին ճանաչում,

Նորաստվածեր,որ վերջերս եկան,

Որոնցից ձեր հայրերը չվախեցան։

18 Դու լքեցիր քեզ ծնող Վեմը

Եվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։

19 Տերը տեսավ և բարկացավ,

Իր որդիներին ու դուստրերին մերժեց

20 Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից,

Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի.

Քանզի նրանք մի ծուռ ազգ են,

Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։

21 Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով,

Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով.

Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով,

Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.

22 Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեց

Եվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը,

Կլափի երկիրն ու նրա բերքը,

Կբորբոքեցնի լեռների հիմքերը։

23 Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմ

Ու իմ նետերն սպառեմ՝ նրանց վրաարձակելով։

24 Նրանք պիտի հյուծվեն սովից

Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։

Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա

Գետնի վրա սողացողների թույնի հետ։

25 Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց.

Երիտասարդներին և կույս աղջիկներին,

Կաթնակերին ալևոր ծերի հետ։

26 Ես ասացի. “Կցրեմ նրանց,

Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”,

27 Միայն թե թշնամու բարկությունից վախեցա.

Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան,

Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը,

Այլ մեր բարձրացած ձեռքը”.

28 Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են,

Եվ նրանց մեջ իմաստություն չկա։

29 Երանի իմաստուն լինեին, հասկանային այս,

Մտածեին իրենց վախճանի մասին։

30 Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին,

Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին,

Եթե նրանց ապավենը չլքեր նրանց,

Եվ Տերը չմատներ նրանց.

31 Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ,

Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն.

32 Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը

Եվ Գոմորի արտից։

Նրանց խաղողները թունավոր խաղողներ են,

Նրանց ողկույզները դառն են։

33 Նրանց գինին վիշապների թույն է

Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։

34 Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ,

Չի՞ կնքված իմ շտեմարաններում։

35 Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը.

Նրանց ոտքը կերերա ժամանակին,

Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը,

Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։

36 Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի,

Կգթա իր ծառաներին,

Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց,

Եվ չկա կապվածը և ազատը։

37 Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները,

Այն ապավենը, որի վրա հույս էին դրել,

38 Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին,

Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։

Թող վեր կենան և օգնեն ձեզ,

Ձեզ պաշտպան կանգնեն։

39 Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ,

Ինձնից բացի է՛լ աստված չկա.

Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում,

Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում,

Եվ իմ ձեռքից ազատող չկա.

40 Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում

Եվ ասում. “Ես հավիտյան կենդանի եմ”.

41 Երբ իմ փայլատակող սուրը սրեմ,

Եվ ձեռքս դատաստանը գործադրի,

Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ

Եվ ինձ ատողներին կհատուցեմ։

42 Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ,

Իմ սուրը միս կուտի,

Սպանվածների ու գերիների արյամբ,

Թշնամիների իշխանների գլխից”։

43 Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին,

Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում,

Իր թշնամիներից վրեժ է առնում

Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։

44 Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլնրա հետ։

45 Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց,

46 ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն.

47 որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։

48 Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց.

49 «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներինիբրևկալվածք։

50 Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.

51 որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։

52 Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 33

Մովսեսն օրհնում է Իսրայելի ցեղերին

1 Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։

2 Նա ասաց.

«Տերը եկավ Սինայից,

Սեիրից երևաց նրանց,

Փայլեց Փառանի լեռից

Ու եկավ բյուրավոր սրբերով։

Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։

3 Այո՛, նա սիրում է ժողովուրդներին.

Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են.

Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝

Քո խոսքերն ընդունելու համար։

4 Մովսեսը տվեց մեզ օրենքը,

Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։

5 Եսուրունի մեջՏերըթագավոր եղավ.

Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին

Իսրայելի ցեղերի հետ միասին։

6 Ռուբենն ապրի ու չմեռնի,

Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։

7 Հուդայի մասին այս ասաց.

«Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը

Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ.

Նրա ձեռքերը բավական են իրեն,

Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։

8 Ղևիի մասին ասաց.

«Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի,

Որին դու փորձեցիր Մասսայում

Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։

9 Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.

“Ես չտեսա նրանց”։

Նա իր եղբայրներին չճանաչեց

Ու իր որդիներին անտեսեց.

Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին

Եվ քո ուխտը պահեցին։

10 Քո հրամանները սովորեցնում են Հակոբին

Եվ քո օրենքը՝ Իսրայելին։

Քո առաջ խունկ կմատուցեն

Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։

11 Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը,

Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը,

Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը,

Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։

12 Բենիամինի մասին ասաց.

«Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ.

Միշտ պաշտպանում է նրան

Եվ բնակվում նրա ուսերի միջև»։

13 Հովսեփի մասին ասաց.

«Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի

Երկնքի ընտիր պարգևներով, ցողով,

Ներքևում գտնվող անդունդներիպարգևներով,

14 Արեգակից առաջ եկած ընտիր բերքով,

Ամեն ամսի ընտիր արդյունքներով,

15 Հինավուրց սարերի ընտիր պտուղներով,

Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով

16 Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։

Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ

Թող իջնի Հովսեփի գլխին՝

Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։

17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման,

Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների.

Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին

Մինչև երկրի ծայրերը։

Սրանք են Եփրեմի բյուրավորները

Եվ Մանասեի հազարավորները»։

18 Զաբուղոնի մասին ասաց.

«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ,

Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։

19 Ժողովուրդներին լեռն են հրավիրում,

Արդարության զոհեր են մատուցում այնտեղ,

Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը

Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։

20 Գադի մասին ասաց.

«Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը.

Մատակ առյուծի նման նստել է նա

Եվ գիշատում է թևերն ու գլուխը։

21 Նա տեսավերկրիառաջին մասն իրենհարմար,

Որովհետև այնտեղ որոշվեց իշխանիտվածբաժինը.

Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ,

Գործադրեց Տիրոջ արդարությունն

Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։

22 Դանի մասին ասաց.

«Դանը առյուծի ձագ է.

Բասանից է դուրս թռչում»։

23 Նեփթաղիմի մասին ասաց.

«Նեփթաղիմը, շնորհով հագեցած

Եվ լցված Տիրոջ օրհնությամբ,

Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։

24 Ասերի մասին ասաց.

«Ասերն օրհնված է որդիների մեջ.

Նա իր եղբայրներին հաճո լինի,

Իր ոտքը թաթախի յուղի մեջ։

25 Քո նիգերըերկաթե և պղնձե լինեն,

Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։

26 Եսուրունի Աստծու նմանը չկա.

Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ,

Որպեսզի օգնության հասնի քեզ։

27 Հավիտենական Աստվածն ապավեն է,

Դու հավիտենական բազուկների տակ ես.

Նա քո առջևից կքշի քո թշնամիներին

Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։

28 Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին,

Հակոբի աղբյուրը՝ առանձին

Ցորենի ու գինու երկրում,

Որի երկնքից ցող կկաթի։

29 Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման,

Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ.

Նա՛ է վահանը քո օգնության

Եվ սուրը քո հաղթանակի։

Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ,

Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 34

Մովսեսի մահը

1 Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,

2 նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը և Հուդայի ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը,

3 հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։

4 Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու դա”։Ահաքո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։

5 Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։

6 Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանիտեղըմինչև այսօր։

7 Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։

8 Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։

9 Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքերը դրել էր նրա վրա, և Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

10 Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես.

11 այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիրը,

12 և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 1

Տերը Հեսուին հրամայում է գրավել Քանանը

1 Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.

2 «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանանգետովայս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։

3 Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։

4 Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։

5 Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։

6 Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։

7 Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։

8 Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։

9 Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամենտեղ,ուր էլ որ գնաս»։

Հեսուն հրամաններ է տալիս ժողովրդին

10 Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.

11 «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանանգետով,որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։

12 Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.

13 «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։

14 Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանանգետիայս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,

15 մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։

16 Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։

17 Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։

18 Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 2

Հեսուն լրտեսներ է ուղարկում Երիքով

1 Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։

2 Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։

3 Երիքովի թագավորըմարդուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։

4 Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։

5 Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ,թեո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։

6 Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։

7 Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։

8 Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,

9 և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.

10 որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։

11 Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։

12 Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք,

13 որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։

14 Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք,այն ժամանակթող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։

15 Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։

16 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։

17 Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։

18 Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։

19 Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։

20 Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։

21 Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։

22 Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։

23 Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելովՀորդանան գետը՝գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։

24 Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 3

Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետը

1 Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։

2 Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով

3 և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։

4 Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։

5 Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։

6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

7 Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։

8 Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։

9 Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։

10 Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։

11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։

12 Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ,

13 և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։

14 Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։

15 Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից),

16 այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնողջրերնամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։

17 Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։