Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 18

Քահանաների բաժինը

1 «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։

2 Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։

3 Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։

4 Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը,

5 որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։

6 Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը,

7 ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։

8 Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։

Զգուշացում կռապաշտության փորձերի դեմ

9 Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։

10 Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա,

11 նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ,

12 որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

13 Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես,

14 որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։

15 Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք.

16 ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։

17 Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են.

18 ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։

19 Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուցհաշիվկպահանջեմ։

20 Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։

21 Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”,

22 եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 19

Ապաստանի քաղաքներ

1 «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում,

2 քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։

3 Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։

4 Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանիմասինօրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ.

5 մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի,

6 որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։

7 Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։

8 Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին,

9 և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս,

10 որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։

11 Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,

12 ապա նրա քաղաքի ծերերըթող մարդուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։

13 Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։

Հին կալվածքի սահմաններ

14 Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։

Վկաների մասին

15 Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը.այլերկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվիայդբանը։

16 Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար,

17 ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ,

18 և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ,

19 այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից։

20 Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։

21 Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 20

Պատերազմի մասին

1 «Եթե քո թշնամիների դեմ պատերազմի ելնես և տեսնես ձիեր ու կառքեր և քեզանից շատ մի ժողովուրդ, չվախենաս նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից։

2 Երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա և խոսի ժողովրդի հետ

3 ու ասի նրանց. “Լսի՛ր, Իսրայե՛լ, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք, մի՛ դողացեք նրանց դիմաց,

4 որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։

5 Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։

6 Ո՞վ է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ վայելի այն։

7 Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։

8 Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։

9 Երբ զինվորական պաշտոնյաները վերջացնեն իրենց խոսքը ժողովրդի առաջ, այն ժամանակ թող զորապետներ նշանակեն ժողովրդի վրա։

10 Երբ մոտենաս մի քաղաքի՝ պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղության կոչիր։

11 Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ ևիր դռներըբաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։

12 Իսկ եթե չընդունի քո խաղաղության հրավերը և պատերազմի քո դեմ, ապա կպաշարես այն,

13 և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։

14 Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։

15 Այդպես կվարվես այն բոլոր քաղաքների հետ, որոնք քեզանից շատ հեռու են, և որոնք այս ազգերի քաղաքներից չեն։

16 Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես,

17 այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ,

18 որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծու առաջ։

19 Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։

20 Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել.դրանցովպատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 21

Չբացահայտված մարդասպանությունների մասին

1 «Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,

2 ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղածհեռավորությունը։

3 Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ,

4 այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։

5 Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։

6 Սպանվածին ամենամոտ գտնվող այդ քաղաքի բոլոր ծերերն այն ձորում իրենց ձեռքերը թող լվանան վիզը կտրած այդ երինջի վրա

7 և թող պատասխանեն ու ասեն. “Մեր ձեռքերը չթափեցին այս արյունը, և մեր աչքերը չտեսան։

8 Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։

9 Իսկ դու անմեղ արյունը կվերացնես քեզանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ առաջ։

Գերի կանանց մասին

10 Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, և գերիներ վերցնես նրանցից

11 և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ,

12 ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները,

13 իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։

14 Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։

Անդրանիկ զավակի ժառանգության մասին

15 Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,

16 իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջգցելով,

17 այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։

Անհնազանդ զավակի մասին

18 Եթե մի մարդ անզգամ և անհնազանդ մի տղա ունենա, որն իր հոր և մոր խոսքը չի լսում և իրեն խրատելիս չի հնազանդվում նրանց,

19 ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրաբնակածվայրի դարպասի առջև

20 և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”.

21 այն ժամանակ այդ քաղաքի բոլոր մարդիկ թող քարկոծեն ու սպանեն նրան։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա։

Զանազան օրենքներ

22 Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։

23 Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 22

1 «Երբ տեսնես, որհայրենակիցքո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։

2 Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։

3 Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։

4 Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

5 Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդբաներնանի։

6 Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ.

7 ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։

8 Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։

9 Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։

10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

11 Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։

12 Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։

Օրենքներ սեռական կյանքի մաքրության մասին

13 Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան,

14 զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”,

15 այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսությաննշանըթող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։

16 Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան.

17 ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ “Քո աղջկան կույս չգտա”։ Ահա՛ իմ աղջկա կուսությաննշանը”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։

18 Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն,

19 նրա վրա տուգանք կդնեն հարյուրսիկղարծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։

20 Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի,

21 այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։Այսպիսովչարությունը կվերացնես քո միջից։

22 Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։

23 Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ,

24 այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։

25 Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։

26 Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։

27 Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։

28 Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն,

29 ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսունսիկղարծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

30 Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 23

Տիրոջ ժողովրդի միջից արտաքսում

1 «Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։

2 Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։

3 Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի,

4 որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։

5 Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։

6 Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։

7 Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։

8 Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։

Բանակատեղին մաքուր պահել

9 Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։

10 Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։

11 Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։

12 Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնասքո պետքն անելու համար։

13 Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսումպետքերդ հոգալու համարնստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես.

14 որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։

Զանազան օրենքներ

15 Իր տիրոջիցփախչելովքեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։

16 Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։

17 Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։

18 Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։

19 Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։

20 Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։

21 Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։

22 Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։

23 Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։

24 Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։

25 Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 24

Ապահարզան և վերամուսնություն

1 «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, ևեթեպատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։

2 Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա,

3 եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա,

4 առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։Այսպես,դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզիբրևժառանգություն։

Զանազան օրենքներ

5 Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։

6 Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնելդրա տիրոջկյանքը։

7 Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից։

8 Զգուշացե՛ք բորոտության ախտից, հետամո՛ւտ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ ձեզ կսովորեցնեն ղևտացի քահանաները. զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես որ ես պատվիրել եմ նրանց։

9 Հիշի՛ր, թե քո Տեր Աստվածը Մարիամին ինչ արեց ճանապարհին, երբ դուրս եկաք Եգիպտոսից։

10 Երբ քո մերձավորին փոխ տաս որևէ բան, նրա տունը չմտնես գրավը վերցնելու համար։

11 Կկանգնես դրսում, և փոխ առնող մարդնինքըգրավը դուրս կբերի քեզ մոտ։

12 Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես.

13 արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։

14 Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։

15 Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։

16 Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։

17 Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։

18 Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։

19 Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։

20 Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղեսճյուղերի վրա մնացածպտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։

21 Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։

22 Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 25

1 «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, ևդատավորներըդատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։

2 Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։

3 Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։

4 Կալում աշխատող եզան դունչը չկապես։

Պարտականություններ մահացած եղբոր հանդեպ

5 Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։

6 Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։

7 Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։

8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”,

9 այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։

10 Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։

Ուրիշ օրենքներ

11 Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից,

12 այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։

13 Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։

14 Քո տանը տեսակ-տեսակ չափսերչլինեն՝ մեծ ու փոքր։

15 Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,

16 որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։

Ամաղեկացիներին սպանելու հրահանգ

17 Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից,

18 որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևիցգնացողբոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։

19 Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալուիբրևժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 26

Առաջին բերքի մատուցում

1 «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ,

2 այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։

3 Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։

4 Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։

5 Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորիէր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։

6 Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։

7 Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։

8 Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։

9 Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10 Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։

11 Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։

12 Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

13 այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։

14 Իմ սգոօրերինդրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։

15 Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։

Տիրոջ սեփական ժողովուրդը

16 Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։

17 Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։

18 Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։

19 Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 27

Աստծու օրենքները՝ գրված քարերի վրա

1 Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվիրեց ժողովրդին՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ։

2 Այն օրը, երբ անցնես Հորդանան գետը և մտնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկիրը, քեզ համար մեծամեծ քարեր կկանգնեցնես և դրանք կծեփես կրով։

3 Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։

4 Ուրեմն երբ Հորդանան գետն անցնես, ինչպես այսօր պատվիրեցի քեզ, այն քարերը կկանգնեցնես Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփես կրով։

5 Այնտեղ քո Տեր Աստծու համար քարե մի զոհասեղան կշինես. նրանց վրա երկաթ չբարձրացնես։

6 Չհղկված քարերով կշինես քո Տեր Աստծու զոհասեղանը և դրա վրա ողջակեզներ կմատուցես քո Տեր Աստծուն։

7 Խաղաղության զոհեր կմատուցես և այնտեղ կուտես ու կուրախանաս քո Տեր Աստծու առաջ։

8 Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։

9 Մովսեսն ու ղևտացի քահանաները խոսեցին ամբողջ Իսրայելի հետ՝ ասելով. «Լո՛ւռ մնա և լսի՛ր, ո՛վ Իսրայել։ Դու այսօր քո Տեր Աստծու ժողովուրդը եղար։

10 Ուրեմն հնազանդվի՛ր քո Տեր Աստծու ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ»։

Անհնազանդության անեծքներ

11 Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.

12 «Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։

13 Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։

14 Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց.

15 “Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։

16 “Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

17 “Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

18 “Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

19 “Անիծյալ լինի պանդուխտի, որբի ու որբևայրու իրավունքը ոտնահարողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

20 “Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

21 “Անիծյալ լինի որևէ անասունի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

22 “Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

23 “Անիծյալ լինի իր զոքանչի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

24 “Անիծյալ լինի իր հարևանին գաղտնաբար սպանողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

25 “Անիծյալ լինի նա, ով կաշառք է վերցնում անմեղ մարդ սպանելու համար”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

26 “Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։