Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 14

Ժողովրդի տրտունջը

1 Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։

2 Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։

3 Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։

4 Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։

5 Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։

6 Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները

7 և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։

8 Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։

9 Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։

10 Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։

Մովսեսն աղոթում է ժողովրդի համար

11 Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։

12 Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։

13 Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից)

14 և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։

15 Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով.

16 “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։

17 Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով.

18 “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնիհանցավորին՝հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։

19 Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։

20 Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն,

21 բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով.

22 որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,

23 չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։

24 Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։

25 Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։

Տերը պատժում է ժողովրդին տրտնջալու համար

26 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

27 «Մինչև ե՞րբ պիտիհամբերեմայս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։

28 Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։

29 Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ,

30 բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։

31 Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։

32 Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։

33 Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկություններիպատիժըկկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։

34 Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենություններիպատիժըև կիմանաք իմ դժգոհությունը։

35 Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։

36 Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ,

37 այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։

38 Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։

39 Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։

40 Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։

41 Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։

42 Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։

43 Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։

44 Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։

45 Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 15

Զոհաբերության կանոններ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց.

2 “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ,

3 և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,

4 այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։

5 Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։

6 Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։

7 Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։

8 Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,

9 ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։

10 Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։

11 Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։

12 Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։

13 Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։

14 Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետբնակվողըկրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։

15 Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։

16 Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։

17 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

18 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ,

19 և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը.

20 ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։

21 Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։

22 Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին,

23 այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,

24 և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։

25 Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։

26 Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։

27 Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։

28 Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։

29 Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։

30 Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից,

31 որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենությանպատիժը”»։

Շաբաթը խախտող մարդը

32 Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։

33 Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։

34 Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։

35 Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։

36 Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Ծոպավոր զգեստների կանոնները

37 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

38 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։

39 Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերիցանկություններին,որոնց հետևիցգնալով՝դուք մոլորվում եք։

40 Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։

41 Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 16

Կորխի, Դաթանի և Աբիրոնի ապստամբությունը

1 Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,

2 մբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն հոգի՝ ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին և անվանի մարդիկ։

3 Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին նրանց. «Ձեր արածը բավական է ձեզ, որովհետև ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։

4 Երբ Մովսեսն այս լսեց, երեսնիվայր ընկավ գետին։

5 Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, ևնրանկմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։

6 Այսպե՛ս արեք. դո՛ւ, Կո՛րխ, և քո ամբողջ խումբը. վերցրե՛ք բուրվառներ,

7 դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։

8 Մովսեսն ասաց Կորխին. «Լսե՛ք, Ղևիի՛ որդիներ,

9 մի՞թե ձեր աչքին քիչ բան է երևում, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար ձե՛զ առանձնացրեց Իսրայելի ժողովրդի միջից, որպեսզի Տիրոջ վրանի սպասավորությունն անեք և կանգնեք ժողովրդի առաջ՝ նրանց ծառայելու համար։

10 Ձեզ իրեն մոտեցրեց, քեզ և քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին։ Եվ դուք քահանայություն է՞լ եք ուզում։

11 Ուրեմն դու և քո ամբողջ խումբը հավաքվել եք Տիրոջ դեմ, որովհետև Ահարոնն ո՞վ է, որ տրտնջաք նրա դեմ»։

12 Մովսեսըմարդուղարկեց Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին կանչելու համար։ Բայց նրանք ասացին. «Մենք չենք գա։

13 Քի՞չ է այն, որ մեզ հանեցիր կաթ ու մեղր բխող երկրից, որպեսզի մեզ մեռցնես այս անապատում, և դեռ մեզ վրա տիրապետել էլ ես ուզում։

14 Մի՞թե դու մեզ կաթ ու մեղր բխող երկիր ես բերել և մեզ արտեր ու այգիներ ես ժառանգություն տվել. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք չենք գա»։

15 Մովսեսը խիստ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց նվիրաբերումներին. ես նրանցից մի էշ անգամ չեմ առել և նրանցից ոչ մեկին չար բան չեմ արել»։

16 Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո ամբողջ խումբը վաղը կներկայանաք Տիրոջը, դու, նրանք և Ահարոնը։

17 Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։

18 Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։

19 Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

20 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

21 «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որ անմիջապես ոչնչացնեմ դրանց»։

22 Բայց նրանք երեսնիվայր գետին ընկան և ասացին. «Ո՛վ Աստված, բոլոր մարմինների հոգիների՛ Աստված, մեկ մարդ մեղանչեց, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի բարկանաս»։

23 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր այդ ժողովրդի հետ և ասա՛.

24 “Հեռացե՛ք Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից”»։

25 Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ։ Նրա հետևից գնացին Իսրայելի ծերերը։

26 Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Ե՛տ քաշվեք այդ չար մարդկանց վրանների մոտից և նրանց ոչ մի բանին ձեռք մի՛ տվեք, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով դուք էլ չկորչեք»։

27 Այսպիսով նրանք հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից։ Դաթանը և Աբիրոնը դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքին իրենց կանանց, որդիների և ընտանիքի հետ։

28 Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերն անելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում.

29 այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։

30 Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։

31 Հենց որ Մովսեսը վերջացրեց այս բոլոր խոսքերը խոսելը, գետինն իսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ.

32 երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։

33 Նրանք և ամեն ինչ, որ նրանցն էր, ողջ-ողջ իջան դժոխք, և երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։

Կրակը ոչնչացնում է

34 Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին. «Գուցե երկիրը մեզ էլ կուլ տա»։

35 Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։

36 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

37 «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։

38 Իրենց հոգիների դեմ մեղք գործած այդ մարդկանց բուրվառներից թիթեղներ թող շինեն՝ դրանցով պատելու համար զոհասեղանը, որովհետև դրանք, Տիրոջ առաջ մատուցվելով, սրբացած են։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան լինեն»։

39 Եղիազար քահանան առավ այդ այրված մարդկանց մատուցած պղնձե բուրվառները. դրանցից զոհասեղանը պատելու համար թիթեղներ պատրաստեցին։

40 (Դա հիշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջ խունկ մատուցելու և Կորխի ու նրա մարդկանց նման չլինի), ինչպես որ Տերն ասել էր նրան Մովսեսի միջոցով։

Ահարոնը փրկում է ժողովրդին

41 Հետևյալ օրը Իսրայելի ամբողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասաց. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։

42 Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։

43 Մովսեսն ու Ահարոնը եկան ժողովի վրանի առաջ։

44 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

45 «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որպեսզի անմիջապես ոչնչացնեմ նրանց»։ Բայց նրանք երեսնիվայր ընկան գետին։

46 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից կրա՛կ դիր և խո՛ւնկ դիր և շտապ գնա՛ դեպի ժողովուրդն ու քավությո՛ւն արա նրանց համար, որովհետև Տիրոջ բարկությունը բորբոքվել է, և ժանտախտ է սկսվել»։

47 Ահարոնը վերցրեցբուրվառը,ինչպես որ ասել էր Մովսեսը, ու վազեց ժողովրդի մոտ։ Ժանտախտն արդեն սկսվել էր ժողովրդի մեջ։ Նա խունկ մատուցեց և քավություն արեց ժողովրդի համար։

48 Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։

49 Ժանտախտից մեռածները տասնչորս հազար յոթ հարյուր հոգի էին, բացի Կորխի պատճառով մեռածներից։

50 Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, որովհետև ժանտախտը դադարել էր։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 17

Ահարոնի ծաղկող գավազանը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստիրենցհայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։

3 Ահարոնի անունը գրի՛ր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի իրենց հայրերի տան իշխանի համար։

4 Դրանք կդնես ժողովի վրանում՝ վկայության առաջ, որտեղ հանդիպում եմ ձեզ։

5 Եվ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, և ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների՝ ձեր դեմ բարձրացրած տրտունջը»։

6 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։

7 Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առաջ, վկայության վրանում։

8 Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմիցտրվածԱհարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։

9 Մովսեսը բոլոր գավազանները դուրս հանեց Տիրոջ առաջից ևդրեցԻսրայելի բոլոր որդիների առջև, և նրանք տեսան, ու ամեն մեկն առավ իր գավազանը։

10 Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։

11 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն. նա այդպես էլ արեց։

12 Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։

13 Ով որ մոտենում է Տիրոջ վրանին, մեռնում է։ Մի՞թե ամենքս էլ պիտի մեռնենք»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 18

Քահանաների և ղևտացիների պարտականությունները

1 Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենությանպատիժը։Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենությանպատիժը։

2 Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։

3 Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։

4 Նրանք կմիանան քեզ և կկատարեն ժողովի վրանի սպասավորությունըվրանի բոլոր ծառայությունների համեմատ։ Ոչ մի աշխարհական չպետք է մոտենա ձեզ։

5 Կատարե՛ք սրբարանի և զոհասեղանի ծառայությունը, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս բարկություն չլինի։

6 Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։

7 Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։

8 Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։

9 Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։

10 Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ամեն արու կարող է ուտել դրանից։ Դա սուրբ է քեզ համար։

11 Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։

12 Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։

13 Իրենց երկրի մեջ եղած ամեն ինչի առաջին բերքը, որ բերում են Տիրոջը, քոնը լինի։ Քո տանը ամեն մաքուր անձ թող ուտի դրանից։

14 Իսրայելի մեջ ամեն նվիրվածըքոնը լինի։

15 Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։

16 Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի.մեկ սիկղըքսան կերատ է։

17 Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։

18 Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։

19 Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։

20 Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չպիտի ունենաս, նրանց մեջ բաժին չպիտի ունենաս. ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ։

Ղևտացիների բաժինը

21 Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։

22 Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։

23 Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ,

24 որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։

Ղևտացիների տասանորդը

25 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

26 «Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։

27 Ձեր բարձրացնելու ընծան կհամարվի իբրև կալի ցորեն և հնձանում եղած գինի։

28 Այսպես դո՛ւք էլ բարձրացնելու ընծա մատուցեք Տիրոջը այն տասանորդներից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից։ Այդ ընծան, որ առանձնացրել եք Տիրոջ համար, տվե՛ք Ահարոն քահանային։

29 Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։

30 Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակմնացածըղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։

31 Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։

32 Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 19

Կարմիր երինջի մոխիրը

1 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

2 «Այս է օրենքի կանոնը, որ Տերը պատվիրեց՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ բերեն անարատ մի կարմիր երինջ, որ բիծ չունենա, և որի վրա լուծ դրված չլինի։

3 Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։

4 Եղիազար քահանան իր մատով կառնի նրա արյունից և յոթ անգամ շաղ կտա ժողովի վրանի առջևում։

5 Երինջը կայրեն նրա աչքի առաջ, դրա մորթը, դրա միսն ու արյունը աղտեղիքի հետ միասին կայրեն։

6 Քահանան կվերցնի եղևնու փայտ, զոպա ու մուգ կարմիր մի շոր կվերցնի և կգցի այրվող երինջի վրա։

7 Քահանան ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով, հետո կմտնի բանակատեղի. և քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։

8 Երինջն այրողը ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով. մինչև երեկո նա անմաքուր կլինի։

9 Մի մաքուր մարդ կհավաքի երինջի մոխիրը և կդնի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Դա պահված պիտի մնա Իսրայելի ժողովրդի համար. մեղքերի մաքրման ջուր է այն։

10 Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։

Հպում դիակին

11 Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։

12 Նա այդ ջրով թող մաքրվի երրորդ օրը և յոթերորդ օրը և մաքուր կլինի. բայց եթե չմաքրվի երրորդ և յոթերորդ օրը, մաքուր չի լինի։

13 Ով որ մեռած մարդու մարմնին դիպչի և չմաքրվի, նա պղծում է Տիրոջ վրանը։ Այդ անձը թող վերանա Իսրայելից, քանի որ մաքրման ջուր չցանվեց նրա վրա. նա անմաքուր է, և նրա անմաքրությունը դեռ իր վրա է։

14 Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։

15 Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։

16 Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։

17 Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրվածերինջիմոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։

18 Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան, այն թաթախի ջրի մեջ և շաղ տա վրանի, բոլոր ամանների, այնտեղ գտնվող մարդկանց և այն մարդու վրա, որը դիպել էր մարդկային ոսկորի, սպանվածի կամ մեռածի կամ գերեզմանի։

19 Մաքուր մարդը երրորդ օրը և յոթերորդ օրը ջուրը թող շաղ տա այդ անմաքուր մարդու վրա, և յոթերորդ օրը նա կմաքրի նրան. սա իր հագուստները թող լվանա ու լվացվի ջրով և երեկոյան մաքուր կլինի։

20 Բայց այն մարդը, որ անմաքուր է և չի մաքրվում, այդ անձը վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա պղծել է Տիրոջ սրբարանը։ Նրա վրա մաքրման ջուրը շաղ չի տրվել. նա անմաքուր է։

21 Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։

22 Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 20

Կադեսի դեպքերը

1 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։

2 Ժողովուրդը ջուր չուներ. նրանք հավաքվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ։

3 Ժողովուրդը վիճելով խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև մեռան մեր եղբայրները։

4 Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ մենք և մեր անասունները կոտորվե՞նք այստեղ։

5 Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից՝ մեզ այս վատ տեղը բերելու համար։ Այստեղ ո՛չ սերմի տեղ է, և ո՛չ էլ թզենիներ, այգիներ ու նռնենիներ կան. խմելու ջուր անգամ չկա»։

6 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։

7 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

8 «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։

9 Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրեց իրեն։

10 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, ևՄովսեսնասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։

11 Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։

12 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։

13 Սա է Մերիբայիջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։

Եդովմի թագավորը արգելում է իսրայելացիներին անցնել

14 Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները,

15 թե ինչպես մեր հայրերն իջան Եգիպտոս, ու մենք բնակվեցինք Եգիպտոսում երկար ժամանակ, և եգիպտացիները չարչարեցին մեզ և մեր հայրերին։

16 Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։

17 Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։

18 Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։

19 Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։

20 Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։

21 Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։

Ահարոնի մահը

22 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։

23 Տերը Հոր լեռան վրա՝ Եդովմի երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

24 «Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։

25 Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։

26 Ահարոնի վրայից հանի՛ր նրա զգեստները և դրանք հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին։ Այնտեղ պիտի վախճանվի Ահարոնը և միանա իր ժողովրդին»։

27 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր պատվիրել, և ամբողջ ժողովրդի առաջ բարձրացավ Հոր լեռը։

28 Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։

29 Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր սգաց Ահարոնի համար։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 21

Քանանացիների դեմ հաղթանակը

1 Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։

2 Իսրայելացիները ուխտ արեցին Տիրոջը և ասացին. «Եթե մեր ձեռքը հանձնես այդ ժողովրդին, մենք կնզովենք նրա քաղաքները»։

3 Տերը լսեց իսրայելացիների ձայնը և քանանացիներին մատնեցնրանց ձեռքը։Իսրայելացիները նզովեցին նրանց ու նրանց քաղաքները և այդ վայրը կոչեցին Հորմա։

Պղնձե օձը

4 Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։

5 Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։

6 Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։

7 Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։

8 Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։

9 Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին և առողջանում էր։

Հոր լեռից դեպի Մովաբի հովիտ

10 Իսրայելի որդիները, մեկնելով այդտեղից, բանակատեղի դրեցին Օբոթում։

11 Օբոթից նրանք դուրս եկան և բանակատեղի դրեցին Իյե-Աբարիմում, այն անապատում, որը գտնվում է Մովաբի դիմաց՝ դեպի արևելք։

12 Այնտեղից մեկնելով՝ նրանք բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։

13 Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոնգետիմյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։

14 Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է.

«Վահեպը Սուֆայում

Եվ Առնոնի գետերը

Եվ գետերի հորձանքը,

15 Որ դառնում է դեպի Արի բնակարանը

Եվ թեքվում դեպի Մովաբի սահմանը»։

16 Այնտեղից նրանքեկանՋրհորը։ Սա այն ջրհորն է, որի մասին Տերն ասել էր Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես նրանց խմելու ջուր կտամ»։

17 Այն ժամանակ իսրայելացիներն այս երգը երգեցին.

«Բխի՛ր, ջրհո՛ր. երգեցե՛ք նրա համար.

18 Ջրհորը, որը իշխանները փորեցին,

Ժողովրդի ազնվականները խորացրին

Իրենց մականով ու գավազաններով»։

19 Անապատիցնրանք գնացինՄաթանա, Մաթանայից՝ Նաալիել, Նաալիելից՝ Բամոթ,

20 Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։

Հաղթանակ Սեհոն և Օգ թագավորների դեմ

21 Իսրայելացիները պատգամախոսներ ուղարկեցին ամորհացիների Սեհոն թագավորի մոտ՝ ասելու.

22 «Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. չենք շեղվի ո՛չ արտերի և ո՛չ էլ այգիների մեջ ու չենք խմի ջրհորի ջրից. կգնանք արքունի ճանապարհով, մինչև որ անցնենք քո սահմաններից»։

23 Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր սահմաններով, այլ նա հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս ելավ կռվելու իսրայելացիների դեմ անապատում։ Նա եկավ Հասսա և պատերազմ մղեց իսրայելացիների դեմ։

24 Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։

25 Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում,

26 որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։

27 Դրա համար առակախոսներն ասում են.

«Եկե՛ք Եսեբոն,

Թող վերաշինվի և բարեզարդվի Սեհոնի քաղաքը,

28 Քանզի կրակ ելավ Եսեբոնից,

Բոց՝ Սեհոնի քաղաքից,

Այրեց Մովաբի Արը,

Առնոնի բարձր տեղերի տերերին։

29 Վա՜յ քեզ, Մովա՛բ,

Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ.

Նրանց որդիները փախուստի մատնվեցին,

Իսկ աղջիկները գերի ընկան

Ամորհացիների արքա Սեհոնի ձեռքը։

30 Բայց մենք նետահարեցինք նրանց.

Եսեբոնը կորավ մինչև Դեբոն.

Եվ ավերեցինք մինչև Նոփա,

Մինչև Մեդեբա»։

31 Այսպես իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում։

32 Մովսեսըմարդուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։

33 Ապա շրջվեցին ու եկան Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս ելավ պատերազմելու նրանց դեմ Եդրայիում։

34 Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին և նրա երկիրը։ Դու նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ»։

35 Եվ այսպես իսրայելացիները հարվածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, այնպես որ մեկ հոգու էլ չթողեցին և տիրեցին նրանց երկրին։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 22

Մովաբի թագավորը Բաղաամի մոտ պատգամախոս է ուղարկում

1 Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։

2 Սեպփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ իսրայելացիներն արել էին ամորհացիներին։

3 Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետևնրանքշատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։

4 Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։

5 Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուրքաղաքը,որԵփրատգետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։

6 Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։

7 Մովաբի ծերերն ու Մադիամի ծերերը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով բախտագուշակությունների համար տրվելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և նրան հայտնեցին Բաղակի խոսքերը։

8 Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։

9 Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։

10 Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մոտ՝ասելու,

11 թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։

12 Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։

13 Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։

14 Մովաբի իշխանները վեր կացան, եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չուզեց գալ մեզ հետ»։

15 Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։

16 Նրանք եկան Բաղաամի մոտ և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակն այսպես է ասում. “Աղաչում եմ, մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալուց,

17 որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։

18 Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։

19 Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։

20 Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։

Բաղաամի էշը խոսում է

21 Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։

22 Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։

23 Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։

24 Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։

25 Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։

26 Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։

27 Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։

28 Տերը բացեց էշի լեզուն, և էշն ասաց Բաղաամին. «Ես ի՞նչ եմ արել քեզ, որ երեք անգամ ծեծեցիր ինձ»։

29 Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։

30 Էշն ասաց Բաղաամին. «Ես քո այն էշը չեմ, որի վրա դու հեծնել ես սկզբից մինչև այսօր. մի՞թե իմ սովորությունն էր այսպես անել քեզ»։ Նա պատասխանեց. «Ոչ»։

31 Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։

32 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։

33 Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։

34 Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։

35 Տիրոջ հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։

Բաղակի և Բաղաամի հանդիպումը

36 Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։

37 Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ մարդ էի ուղարկել քեզ կանչելու համար։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Կարծում էիր, թե չէի՞ կարող պատվել քեզ»։

38 Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ. բայց ես զորություն ունե՞մ մի բան ասելու։ Աստված ինչ խոսք որ դնի իմ բերանում, այն պիտի ասեմ»։

39 Բաղաամը գնաց Բաղակի հետ, և եկան Կարիաթ-Հուսոթ։

40 Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։

41 Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 23

Բաղաամի առաջին մարգարեությունը

1 Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։

2 Բաղակը Բաղաամի ասածի պես արեց։ Բաղակն ու Բաղաամը յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեցին։

3 Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։

4 Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց նրան. «Յոթ զոհասեղան պատրաստեցի և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեցի»։

5 Տերը Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և խոսի՛ր այսպես»։

6 Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.

7 «Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝

Արևելյան լեռներից,թե՝

“Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար

Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։

8 Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում,

Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։

9 Ապառաժների գլխից տեսնում եմ նրան,

Բլուրների բարձունքից եմ նայում նրան։

Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի,

Ազգերի մեջ չպիտի դասվի։

10 Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին,

Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։

Թող իմ անձը արդարների մահով մեռնի,

Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։

11 Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։

12 Նա պատասխանեց. «Մի՞թե չպիտի զգուշանամ խոսելու այն, ինչ Տերը դնում է իմ բերանը»։

Բաղաամի երկրորդ մարգարեությունը

13 Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։

14 Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։

15 Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամՏիրոջըդիմավորելու»։

16 Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։

17 Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։

18 Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ.

Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։

19 Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,

Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։

Մի՞թե կասի և չի անի

Կամ կխոսի և չի՞ կատարի։

20 Ահահրամանստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց,

Եվ ես այն չեմ կարող փոխել։

21 Հակոբի վրա անօրենություն չնկատեց,

Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։

Նրա Տեր Աստվածն իր հետ է,

Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։

22 Աստված է Եգիպտոսից նրանց հանողը,

Միեղջերուի նման զորությունունի նա.

23 Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի,

Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։

Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին,

Թե ինչե՜ր արեց Աստված։

24 Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա,

Առյուծի պես պիտի բարձրանա.

Նա չի պառկի, մինչև որսը չուտի

Եվ չխմի սպանվածների արյունը»։

25 Բաղակն ասաց Բաղաամին. «Ո՛չ անիծիր նրանց, ո՛չ էլ օրհնիր»։

26 Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։

Բաղաամի երրորդ մարգարեությունը

27 Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի ուրիշ տեղ։ Գուցե Աստված բարեհաճի, որ այնտեղի՛ց անիծես նրանց ինձ համար»։

28 Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։

29 Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ կառուցի՛ր յոթ զոհասեղան և ինձ համար այստեղ պատրաստի՛ր յոթ զվարակ և յոթ խոյ»։

30 Բաղակը Բաղաամի ասածի պես արեց և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։