Categories
Տիտոսին

Տիտոսին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ՝կոչվածԱստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը,

2 հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված,

3 բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ, որ մեր Փրկիչ Աստծու հրամանով ինձ վստահվեց,

4 Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։

Տիտոսի առաքելությունը Կրետեում

5 Դրա համար քեզ Կրետեում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։

6 Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի անթերի, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, որոնց դեմ անառակության կամ անհնազանդության ամբաստանություն չլինի։

7 Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ,

8 այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ,

9 հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։

10 Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ,

11 որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։

12 Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկապորտներ»։

13 Այս վկայությունը ճշմարիտ է. դրա համար նրանց խիստ հանդիմանի՛ր, որ հավատի մեջ առողջ լինեն

14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու այն մարդկանց պատվերներին, որոնք ճշմարտությունից շեղված են։

15 Ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ. նրանց միտքն ու խիղճը պղծված են։

16 Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայցիրենցգործերով ուրանում եննրան։Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։

Categories
Տիտոսին

Տիտոսին 2

Ողջամիտ վարդապետություն

1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։

2 Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։

3 Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ,այլբարի խրատ տվող,

4 որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր,

5 խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։

6 Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն

7 ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն,

8 թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։

9 Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։

10 Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։

Փրկչական շնորհի հայտնությունը

11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց.

12 այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝

13 սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը,

14 որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդըդարձնի՝բարի գործերի նախանձախնդիր։

15 Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։

Categories
Տիտոսին

Տիտոսին 3

Քրիստոնեական վարք

1 Նրանց հիշեցրո՛ւ, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն, հպատակվեն ու ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։

2 Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն։

3 Որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների և պես-պես անառակությունների ծառայողներ, չարությամբ և նախանձով էինք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց ատող։

4 Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց,

5 նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,

6 որ առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով,

7 որպեսզի նրա շնորհով արդարացած՝ ժառանգներ լինենք՝ հավիտենական կյանքի հույսով։

8 Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։

9 Իսկ հիմար վիճաբանություններից, ազգաբանությունից, հակառակություններից ու օրենքիմասինվեճերից հեռո՛ւ մնա, որովհետև անօգուտ և ունայն են։

10 Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո՝

11 գիտենալով, որ այդպիսին շեղված է ու մեղք է գործում՝ ինքն իրեն դատապարտելով։

Վերջին հանձնարարություններ և ողջույններ

12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին քեզ մոտ ուղարկեմ, շտապի՛ր ինձ մոտ՝ Նիկոպոլիս գալ, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։

13 Եվ օրենսգետ Զենասին ու Ապողոսին շտապ ճանապա՛րհ դիր, այնպես որ ոչնչի պակասություն չունենան։

14 Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն։

15 Քեզ ողջունում են բոլորը, ովքեր ինձ հետ են։ Ողջունի՛ր նրանց, ովքեր մեզ հավատով սիրում են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետլինի։Ամեն։