Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 1

1 Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։

Տիրոջ դատաստանի օրը

2 «Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը։-

3 Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։

4 «Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ.

5 և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և Մեղքումով երդում անողներին

6 և Տիրոջը հետևելուց ընկրկածներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։

7 Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։

8 Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։

9 Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։

10 «Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։

11 Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։

12 Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. “Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք”։

13 Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։

14 Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում.ահաՏիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։

15 Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր.

16 շեփորի ու մարտակոչի օր պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ։

17 Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։

18 Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։

Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 2

Ապաշխարության հորդոր

1 Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ.

2 դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։

3 Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։

Իսրայելի հարևան ազգերի դատավճիռը

4 Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։

5 Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթիների ազգին. Տիրոջ խոսքը ձեր դեմ է, ո՛վ փղշտացիների երկիր՝ ո՛վ Քանան, ես քեզ կործանել եմ, որ բնակիչ չունենաս։

6 Եվ ծովեզերքը հովիվների գետնափոր արոտավայր կլինի և հոտերի մակաղատեղիներ։

7 Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։

8 Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։

9 Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։

10 Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։

11 Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։

12 Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։

13 Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։

14 Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։

15 Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։

Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 3

Երուսաղեմի մեղքը և փրկությունը

1 Վա՜յ ապստամբին և պիղծին, կեղեքող քաղաքին։

2 Ձայնին ականջ չդրեց, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։

3 Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։

4 Նրա մարգարեները սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչը որ սուրբ է, բռնացել են օրենքի վրա։

5 Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։

6 Ես բնաջնջել եմ ազգերին, ամայացրել եմ նրա աշտարակները, ավերել եմ նրանց փողոցները, որ անցնող չլինի, ավերակ են դարձել նրանց քաղաքները՝ անմարդ, որ բնակիչ չլինի։

7 Ասացի. «Վախենա ինձանից, խրա՛տ կընդունի», և նրա բնակավայրը չի բնաջնջվի, որքան էլ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կրկին ու կրկին ապականեցին իրենց բոլոր արարքները։

8 «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։

9 Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.

10 Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։

11 Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։

12 Եվ քո մեջ մնացորդ պիտի թողնեմ մի խոնարհ և աղքատ ժողովրդի, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը.

13 Իսրայելի մնացորդներն անօրենություն չեն անելու և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի»։

Ցնծության երգ

14 Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։

15 Տերը վերացրեց քո դատավճիռները. նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու։

16 Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։

17 Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։

18 «Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։

19 Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։

20 Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։