Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 81

Տոնախմբության աղոթք

Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Ասափի (սաղմոս)։

1 Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։

2 Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։

3 Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։

4 Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։

5 Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։

6 Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։

7 Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։

8 Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։

9 Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։

10 Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։

11 Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։

12 Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։

13 Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ,

14 Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։

15 Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։

16 Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 82

Աստված՝ Գերագույն Իշխողը

Ասափի սաղմոս։

1 Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.

2 Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։

3 Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։

4 Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։

5 Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։

6 Ես ասացի. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ,

7 Սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը»։

8 Վե՛ր կաց, ո՜վ Աստված, դատի՛ր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 83

Աղոթք թշնամիների պարտության համար

Երգ. Ասափի սաղմոս։

1 Լուռ մի՛ մնա, ո՜վ Աստված, անձայն մի՛ եղիր և դադար մի՛ առ, ո՜վ Աստված։

2 Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։

3 Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ.

4 Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։

5 Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ

6 Եդովմի բնակարանները և իսմայելացիները, Մովաբը և հագարացիները,

7 Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։

8 Ասուրն էլ միավորվեց նրանց հետ. օգնում են Ղովտի որդիներին։ (Սելա)։

9 Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։

10 Նրանք սատկեցին Ենդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։

11 Նրանց իշխաններին այնպե՛ս արա, ինչպես Օրեբին և Զեբին, և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեեին և Սաղմանային,

12 Որոնք ասում են. «Աստծու բնակարանները տիրույթներ դարձնենք մեզ համար»։

13 Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ,

14 Ինչպես կրակն այրում է անտառը, և ինչպես բոցը խանձում է լեռները։

15 Նրանց այնպե՛ս հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրո՛ւ նրանց։

16 Նրանց երեսները ծածկի՛ր անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ո՜վ Տեր։

17 Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն.

18 Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը. դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 84

Փափագ Աստծու տան նկատմամբ

Երգողների գլխավորին։ Կիթթիթի վրա։ Կորխի որդիների սաղմոս։

1 Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։

2 Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։

3 Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ,այսինքն՝քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

4 Երանի՜ քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ (Սելա)։

5 Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։

6 Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,

7 Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ։

8 Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

9 Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։

10 Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավորօրերը ուրիշ տեղ.նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։

11 Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

12 Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 85

Աղոթք ազգի բարօրության համար

Երգողների գլխավորին։ Կորխի որդիների սաղմոս։

1 Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։

2 Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։

3 Հեռացրիր քո ամբողջ ցասումը, կասեցրիր քո բարկության բորբոքումը։

4 Դեպի մե՛զ դարձիր, ո՛վ մեր փրկության Աստված, և դադարեցրո՛ւ քո բարկությունը, որ թափում ես մեզ վրա։

5 Մի՞թե հավիտյան պիտի բարկանաս մեզ վրա, քո բարկությունը պիտի երկարաձգե՞ս սերնդեսերունդ։

6 Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։

7 Մեզ ցո՛ւյց տուր քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ քո փրկությունը։

8 Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։

9 Հիրավի, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։

10 Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունըիրարպիտի համբուրեն։

11 Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։

12 Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։

13 Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի նրա ճանապարհին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86

Աղոթք օգնության համար

Դավթի աղոթք։

1 Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։

2 Պահի՛ր իմ անձը, որովհետև ես մաքուր եմ. փրկի՛ր, ո՛վ իմ Աստված, քո ծառային, որ հույսը քեզ վրա է դրել։

3 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։

4 Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր.

5 Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։

6 Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։

7 Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։

8 Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պեսգործեր։

9 Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։

10 Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։

11 Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։

12 Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։

13 Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցիր իմ անձը ստորին դժոխքից։

14 Ո՜վ Աստված, ամբարտավանները ոտքի ելան իմ դեմ, և բռնավորների ամբոխը փնտրում է իմ անձը, և քեզ իրենց առջև չեն դնում։

15 Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։

16 Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քո զորությունը տո՛ւր քո ծառային և փրկի՛ր քո աղախնի որդուն։

17 Բարության նշա՛ն ցույց տուր ինձ, որ ինձ ատողները տեսնեն և ամաչեն, որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 87

Երուսաղեմը փառքի մեջ

Կորխի որդիներին։ Սաղմոս. երգ։

1 Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։

2 Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։

3 Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու քաղաք։ (Սելա)։

4 Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։

5 Եվ Սիոնի համար պիտի ասվի. «Այսմարդը ևայնմարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։

6 Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։

7 Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտիասեն.«Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 88

Օգնության աղերս

Երգ. Կորխի որդիների սաղմոս։ Երգողների գլխավորին։ Մախալաթ լեանոթի վրա։ Եզրահեցի Եմանի երգ։

1 Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերնէլքո առջև եմ։

2 Թող իմ աղոթքը գա քո առջև. խոնարհի՛ր քո ականջը իմ աղաղակին,

3 Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։

4 Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։

5 Թուլացածիպես եմմեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում, և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։

6 Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։

7 Քո ցասումը հաստատվեց ինձ վրա, և քո ալիքներով նեղացրիր ինձ։ (Սելա)։

8 Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։

9 Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։

10 Մի՞թե մեռելների համար պիտի հրաշքներ անես. մի՞թե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ (Սելա)։

11 Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։

12 Մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, և քո արդարությունը՝ մոռացության երկրում։

13 Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։

14 Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։

15 Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից. քո զարհուրանքը քաշեցի, և կտրված է հույսս։

16 Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։

17 Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։

18 Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 89

Երգ ազգային տագնապի ժամանակ

Եզրահեցի Եթանի երգ։

1 Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.

2 Որովհետև ասացի. «Ողորմությունը հիմնված է հավիտյան. դու երկնքում հաստատում ես քո ճշմարտությունը»։

3 «Ես ուխտ դրեցի իմ ընտրյալի հետ, երդվեցի իմ Դավիթ ծառայի համար.

4 Քո սերունդը պիտի հաստատեմ հավիտյան և սերնդից սերունդ պիտի հիմնեմ քո աթոռը»։ (Սելա)։

5 Եվ երկինքը պիտի փառավորի քո հրաշքները, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։

6 Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ ո՞վ է, որ նման լինի Տիրոջը։

7 Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։

8 Ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված, ո՞վ է քեզ պես զորավոր Տեր. և քո չորս կողմն է քո ճշմարտությունը։

9 Դու տիրում ես ծովի զորությանը. երբ բարձրանում են նրա կոհակները, դու խոնարհեցնում ես նրանց։

10 Դու խոցվածի նման ճզմեցիր Ռահաբին, քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։

11 Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։

12 Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։

13 Քոնն է ուժեղ բազուկը. քո ձեռքը հզոր է, և քո աջը՝ բարձր։

14 Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։

15 Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։

16 Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ.

17 Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը.

18 Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։

Աստծու խոստումը Դավթին

19 Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։

20 Գտա իմ Դավիթ ծառային, իմ սուրբ յուղով օծեցի նրան։

21 Իմ ձեռքը պիտի հաստատի նրան, և իմ բազուկը պիտի զորացնի նրան։

22 Թշնամին նրան չպիտի նեղացնի, և անօրենության որդին չպիտի չարչարի նրան։

23 Նրա թշնամիներին պիտի փշրեմ իր առջև և պիտի զարկեմ նրան ատողներին։

24 Իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը պիտի լինեն նրա հետ, և իմ անվամբ պիտի բարձրանա նրա եղջյուրը։

25 Նրա ձեռքը պիտի դնեմ ծովի մեջ և նրա աջ ձեռքը՝ գետերի վրա։

26 Նա պիտի կանչի ինձ. “Դու ես իմ Հայրը, ո՛վ իմ Աստված և իմ փրկությա՛ն Վեմ”։

27 Եվ ես առաջնեկ պիտի դարձնեմ նրան, երկրի թագավորներից ավելի բարձր։

28 Իմ ողորմությունը հավիտյան պիտի պահեմ նրա համար, և իմ ուխտը նրա հետ հաստատ պիտի լինի։

29 Եվ ես հավիտյան պիտի հաստատեմ նրա սերունդը, և նրա աթոռը, ինչպես երկնքի օրերը։

30 Իսկ եթե նրա որդիները թողնեն իմ օրենքը և չընթանան իմ իրավունքի համաձայն,

31 Եթե նրանք անարգեն իմ հրամանները և չպահեն իմ պատվիրանները,

32 Գավազանով պիտի պատժեմ նրանց անօրենությունը և ծեծելով՝ նրանց անիրավությունը։

33 Բայց իմ ողորմությունը չեմ կտրելու նրանից և չեմ դրժելու իմ հավատարմությունը,

34 Չեմ անարգելու իմ ուխտը և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխելու։

35 Մեկ անգամ երդվել եմ սրբությամբ, թե սուտ չպիտի ասեմ Դավթին։

36 Նրա սերունդը հավիտյան պիտի լինի, և նրա աթոռը՝ ինչպես արեգակն իմ առջև։

37 Ինչպես լուսինը, հավիտյան հաստատ պիտի լինի, և հավատարիմ, ինչպես վկան ամպերի մեջ»։ (Սելա)։

Ողբ թագավորի պարտության համար

38 Բայց դու մերժեցիր և անարգեցիր, բարկացար քո օծյալի վրա։

39 Արհամարհեցիր քո ծառայի ուխտը, պղծեցիր նրա պսակը՝ գցելով գետնին։

40 Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։

41 Ճանապարհով անցնողները բոլորը կողոպտում են նրան. նա նախատինք դարձավ իր հարևանների առջև։

42 Նրան նեղողների աջ ձեռքը բարձրացրիր, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։

43 Ետ դարձրիր նաև նրա սրի բերանը և պատերազմի մեջ լքեցիր նրան։

44 Հանգցրիր նրա փառավորությունը և նրա աթոռը գետնին գցեցիր։

45 Նրա երիտասարդության օրերը կարճացրիր, ամոթով ծածկեցիր նրան։ (Սելա)։

Աղոթք փրկության համար

46 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի թաքցնես քո անձը, և քո ցասումը պիտի բորբոքվի՞ կրակի պես։

47 Հիշի՛ր, իմ կյանքն ի՜նչ անցավոր է, և ի՛նչ ունայնության համար ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։

48 Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի և մահ չտեսնի և իր անձը պիտի փրկի դժոխքից։ (Սելա)։

49 Ո՞ւր է քո առաջվա ողորմությունը, Տե՛ր. այն, որ քո ճշմարտությամբ երդվեցիր Դավթին։

50 Հիշի՛ր, Տե՛ր, քո ծառաների նախատինքը, որը կրում եմ իմ ծոցում բոլոր զորավոր ազգերից.

51 Նրանով քո թշնամիներն անարգում են, Տե՛ր, նրանով անարգում են քո օծյալի քայլերը։

52 Օրհնյա՜լ է Տերը հավիտյան։ Ամեն ու ամեն։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 90

Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը

1 Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։

2 Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։

3 Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում. «Նորից փոշի՛ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։

4 Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։

5 Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։

6 Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։

7 Արդարև, մաշվեցինք քո բարկությունից և քո ցասումից խռովվեցինք։

8 Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ,

9 Արդարև, մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։

10 Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։

11 Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։

12 Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։

13 Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ… Խղճա՛ քո ծառաներին։

14 Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։

15 Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով,որտրտմեցրիրմեզ,այն տարիների չափով,որնեղություն տեսանք։

16 Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։

17 Եվ մեր Աստծու վայելչությունը թող լինի մեզ վրա, և մեր ձեռքի գործերը հաստատի՛ր մեզ համար. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր։