Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 71

Ծերունու աղոթքը

1 Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։

2 Քո արդարությամբ ազատի՛ր և փրկի՛ր ինձ. խոնարհեցրո՛ւ ականջդ դեպի ինձ և փրկի՛ր ինձ։

3 Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամքեզմոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։

4 Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։

5 Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր,դու եսիմ հույսը իմ մանկությունից։

6 Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։

7 Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։

8 Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։

9 Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս,

10 Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ

11 Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։

12 Ո՜վ Աստված, մի՛ հեռացիր ինձնից. ո՛վ իմ Աստված, շուտ օգնի՛ր ինձ։

13 Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։

14 Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրափառաբանությունավելացնեմ։

15 Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմնրանցհաշիվը։

16 Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։

17 Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։

18 Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։

19 Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձրէ,և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։

20 Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։

21 Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։

22 Ես նվագարանով պիտի գովեմ քեզ քո ճշմարտության համար, ո՜վ Աստված, սաղմոս պիտի ասեմ քնարով, ո՛վ Սուրբդ Իսրայելի։

23 Իմ շրթունքները պիտի ցնծան, երբ սաղմոս ասեմ քեզ, և իմ անձը, որ դու փրկեցիր։

24 Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 72

Սողոմոն թագավորի համար աղոթք

Սողոմոնի (սաղմոս)։

1 Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։

2 Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։

3 Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝լցվենարդարությամբ։

4 Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.

5 Քեզնից պիտի վախենան, քանիկաարեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։

6 Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։

7 Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։

8 Ծովից մինչև ծով նա պիտի տիրի ևԵփրատգետից մինչև երկրի ծայրերը։

9 Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։

10 Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։

11 Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։

12 Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։

13 Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։

14 Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։

15 Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։

16 Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։

17 Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռկաարեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։

18 Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։

19 Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։

20 Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73

Աստծու արդարությունը

Ասափի սաղմոս։

1 Հիրավի, Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։

2 Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։

3 Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով,

4 Որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է։

5 Նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։

6 Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։

7 Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանքիրենցսրտի խորհուրդներով են վարվում։

8 Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։

9 Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։

10 Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար։

11 Եվ ասում են. «Աստված ինչպե՞ս գիտի, և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ»։

12 Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը։

13 Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ

14 Եվ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ։

15 Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։

16 Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ,

17 Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։

18 Հիրավի, դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։

19 Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։

20 Ինչպես երազն է զարթնելուց հետո,այնպես էլդու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։

21 Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի,

22 Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։

23 Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։

24 Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։

25 Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշբանչեմ ուզում։

26 Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։

27 Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։

28 Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 74

Ազգի փրկության համար աղոթք

Ասափի երգ։

1 Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։

2 Հիշի՛ր քո ժողովրդին, որ ստացար սկզբից, փրկեցիր,որքեզ համար ժառանգության վիճակ լինի, այս Սիոն լեռը, որտեղ բնակվում ես։

3 Բարձրացրո՛ւ քո քայլերը մշտական ավերումների վրա. թշնամին ամեն ինչ ապականեց քո սրբարանում։

4 Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մեջ. իրենց նշանները նշանների տեղ են դնում։

5 Նա երևում է, ինչպես մի մարդ, որ կացինը բարձրացրել է անտառի ծառերի վրա։

6 Եվ հիմա նրա քանդակակերտ բոլոր զարդարանքները կտրտեցին կացիններով և մուրճերով։

7 Կրակ գցեցին քո սրբարանի մեջ, գետին տապալելով պղծեցին քո անվան բնակարանը։

8 Իրենց սրտերում ասացին. «Սրանք բոլորը միասին եկեք կորցնենք». երկրի մեջ այրեցին Աստծու բոլոր ժողովարանները։

9 Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարե չկա, և մեզ մոտ մեկը չկա, որ մեզ գիտենա. մինչև ե՞րբ։

10 Ո՜վ Աստված, մինչև ե՞րբ է նախատելու նեղություն տվողը, մի՞թե թշնամին պիտի իսպառ անարգի քո անունը։

11 Ինչո՞ւ ես ետ դարձնում ձեռքդ և աջդ. հանի՛ր քո ծոցից, կորցրո՛ւ նրանց։

12 Բայց Աստված է իմ թագավորը սկզբից, որ փրկություններ արեց երկրի մեջ։

13 Դու ծովը պատռեցիր քո զորությամբ, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մեջ։

14 Դու ջարդեցիր լևիաթանի գլուխները. նրան կերակուր դարձրիր, անապատում տվեցիր ժողովրդին։

15 Դու աղբյուրներ և առուներ բխեցրիր. դու ցամաքեցրիր սաստիկ գետերը։

16 Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսատուները և արեգակը։

17 Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. դու ստեղծեցիր ամառն ու ձմեռը։

18 Հապա մտաբերի՛ր այս, որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը, և հիմար ազգը անարգում է քո անունը։

19 Քո տատրակի անձը մի՛ մատնիր գազանին, քո աղքատների կյանքը մի՛ մոռացիր ընդմիշտ։

20 Նայի՛րքոուխտին, որովհետև երկրի խավար տեղերը լցված են անօրենության բնակարաններով։

21 Խեղճը թող հետ չդառնա ամոթով, խեղճն ու աղքատը թող օրհնեն քո անունը։

22 Վե՛ր կաց, ո՜վ Աստված, արա՛ քո դատաստանը, հիշի՛ր այն նախատինքը, որ հիմարն ամեն օր տալիս է քեզ։

23 Մի՛ մոռացիր քո թշնամիների ձայնը և քո դեմ ոտքի ելածների խռովությունը, որ բարձրանում է ամեն ժամանակ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 75

Աստված՝ Դատավորը

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր»

եղանակով։

Ասափի սաղմոս. երգ։

1 Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։

2 Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։

3 Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։

4 Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։

5 Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։

6 Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։

7 Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։

8 Որովհետև բաժակկաՏիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։

9 Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։

10 Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 76

Աստված հաղթող է

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Ասափի սաղմոս. երգ։

1 Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։

2 Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։

3 Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։

4 Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։

5 Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։

6 Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։

7 Դու ահեղ ես,ո՜վ Տեր,ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։

8 Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ,

9 Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։

10 Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։

11 Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։

12 Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 77

Տագնապի ժամանակ մխիթարություն

Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Ասափի սաղմոս։

1 Իմ ձայնը Աստծուն էուղղված,և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն էուղղված,և նա կլսի ինձ։

2 Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։

3 Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։

4 Արթունես պահում իմ աչքերը. խռովված եմ և չեմ կարող խոսել։

5 Մտածում եմ առաջվա օրերի մասին, հավիտյան անցած տարիների մասին։

6 Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։

7 Մի՞թե Տերը հավիտյան դեն է նետելու և այլևս քաղցրություն ցույց չի տալու։

8 Մի՞թե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը, և պակասելո՞ւ էնրախոսքը ազգից մինչև ազգ։

9 Մի՞թե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ. մի՞թե բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ (Սելա)։

10 Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։

11 Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։

12 Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։

13 Ո՜վ Աստված, քո ճանապարհը սրբության մեջ է. ո՞ր աստվածն է մեծ, ինչպես մեր Աստվածը։

14 Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։

15 Դու քո բազկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)։

16 Ջրերը տեսան քեզ, ո՜վ Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, և անդունդները սարսափեցին։

17 Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, և քո նետերը գնացին։

18 Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։

19 Քո ճանապարհը ծովի մեջ էր, և քո շավիղները՝ հորդառատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին։

20 Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 78

Աստված և իր ժողովուրդը

Ասափի երգ։

1 Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։

2 Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ,

3 Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։

4 Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։

5 Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին,

6 Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։

7 Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։

8 Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։

9 Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,

10 Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։

11 Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։

12 Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։

13 Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։

14 Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։

15 Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։

16 Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։

17 Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։

18 Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։

19 Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։

20 Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։

21 Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա,

22 Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։

23 Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները,

24 Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։

25 Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։

26 Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին.

27 Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.

28 Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։

29 Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։

30 Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր,

31 Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։

32 Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։

33 Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։

34 Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։

35 Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։

36 Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։

37 Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։

38 Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։

39 Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։

40 Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։

41 Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։

42 Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց,

43 Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։

44 Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։

45 Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։

46 Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։

47 Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։

48 Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։

49 Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։

50 Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։

51 Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։

52 Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։

53 Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

54 Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։

55 Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։

56 Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։

57 Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։

58 Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։

59 Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։

60 Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։

61 Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։

62 Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։

63 Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։

64 Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։

65 Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։

66 Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։

67 Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը,

68 Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։

69 Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։

70 Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։

71 Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։

72 Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 79

Աղոթք ազգի ազատության համար

Ասափի սաղմոս։

1 Ո՜վ Աստված, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղեմն ավերակ դարձրին։

2 Քո ստրուկների դիակները նրանք կերակուր տվին երկնքի թռչուններին և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։

3 Նրանց արյունը թափեցին, ինչպես ջուրը Երուսաղեմի չորս կողմը, և թաղող չկար։

4 Մենք եղանք մեր դրացիների նախատինքը և մեր չորս կողմում գտնվողների ծաղրն ու անարգանքը։

5 Մինչև ե՞րբ, ո՜վ Տեր, պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի՞։

6 Թափի՛ր քո բարկությունն այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը։

7 Որովհետև նրանք կերան Հակոբին և ավերեցին նրա բնակությունը։

8 Մի՛ հիշիր մեր առաջվա անօրենությունները. թող քո ողորմությունը շուտով հասնի մեզ, որովհետև մենք շատ տկարացանք։

9 Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։

10 Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Որտե՞ղ է նրանց Աստվածը». քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ, մեր աչքի առջև։

11 Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։

12 Յոթնապատիկ հատուցի՛ր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ո՜վ Տեր։

13 Բայց մենք քո ժողովուրդը և քո արոտի հոտն ենք. հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերունդ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 80

Աղոթք ազգի վերանորոգման համար

Երգողների գլխավորին։ Շոշանիմ-էտութով։ Ասափի սաղմոս։

1 Ո՛վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր. դու, որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա։

2 Եփրեմի և Բենիամինի և Մանասեի առջև արթնացրո՛ւ քո զորությունը, ե՛կ մեզ ապրեցնելու համար։

3 Ո՜վ Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։

4 Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։

5 Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։

6 Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար, և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։

7 Ո՛վ Զորությունների Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։

8 Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։

9 Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։

10 Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։

11 Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։

12 Ինչո՞ւհիմաքանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։

13 Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։

14 Ո՛վ Զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայի՛ր և տե՛ս, ե՛կ և նայի՛ր այս որթատունկին

15 Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։

16 Այրված է, կրակով կտրված. կորչում են քո երեսի սաստելուց։

17 Թող ձեռքդ քո աջ ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։

18 Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք. կենդանացրո՛ւ մեզ, և կկանչենք քո անունը։

19 Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, վերադարձրո՛ւ մեզ, փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։