Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 61

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։

2 Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

3 Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

4 Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

5 Որովհետև, ո՛վԱստված, դու լսում ես իմուխտերը ևինձես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։

6 Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։

7 Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։

8 Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62

Վստահություն Աստծուն

Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Դավթի սաղմոս։

1 Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։

2 Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

3 Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։

4 Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։

5 Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։

6 Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։

7 Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։

8 Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։

9 Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։

10 Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա,նրա վրաէլ սիրտ մի՛ դրեք։

11 Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։

12 Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 63

Փափագ Աստծու հանդեպ

Դավթի սաղմոս, երբ նա Հուդայի անապատում էր։

1 Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։

2 Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,

3 Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։

4 Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։

5 Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։

6 Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։

7 Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։

8 Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։

9 Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը.

10 Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։

11 Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 64

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։

2 Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից,

3 Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը,

4 Որ թաքուն գցեն անմեղի վրա. հանկարծակի գցում են ու չեն վախենում։

5 Չար բանը զորավոր են անում իրենց համար, խորհրդակցում են, որ թաքուն որոգայթներ դնեն, և ասում են. «Ո՞վ պիտի տեսնի դրանք»։

6 Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։

7 Բայց Աստված հանկարծ նետ պիտի գցի նրանց վրա, և նրանք պիտի խոցվեն։

8 Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։

9 Բոլոր մարդիկ պիտի վախենան և պատմեն Աստծու գործերի մասին և պիտի մտածեն նրա արածների մասին։

10 Արդարն ուրախ պիտի լինի Տիրոջով և իր հույսը դնի նրա վրա, և ուղիղ սրտով բոլոր մարդիկ պիտի պարծենան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 65

Գովաբանություն և շնորհակալություն

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։

1 Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։

2 Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։

3 Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։

4 Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։

5 Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես,

6 Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված,

7 Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը,

8 Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։

9 Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստումմարդկանցհամար, որովհետև այսպես ես պատրաստում այն։

10 Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։

11 Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։

12 Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։

13 Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 66

Գովաբանության և շնորհակալության երգ

Երգողների գլխավորին։ Սաղմոս. երգ։

1 Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։

2 Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։

3 Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։

4 Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։

5 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը. նաիրգործերով ահեղ է մարդկանց որդիների համար։

6 Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։

7 Նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին. ապստամբները թող չբարձրանան։ (Սելա)։

8 Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։

9 Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։

10 Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։

11 Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին,

12 Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատությանտեղհանեցիր։

13 Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը,

14 Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։

15 Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։

16 Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։

17 Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։

18 Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։

19 Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։

20 Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 67

Շնորհակալության երգ

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Սաղմոս. երգ։

1 Աստված թող ողորմի մեզ և օրհնի մեզ. իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, (Սելա)։

2 Որ քո ճանապարհը ճանաչվի երկրում, և քո փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ։

3 Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։

4 Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։

5 Ժողովուրդները թող գովեն քեզ, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։

6 Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։

7 Աստված թող օրհնի մեզ, և թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 68

Հաղթանակի ազգային երգ

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս. երգ։

1 Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։

2 Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։

3 Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։

4 Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։

5 Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։

6 Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։

7 Ո՜վ Աստված, երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր, անապատի միջով անցնելիս (Սելա)։

8 Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։

9 Առատության անձրև տեղացիր, ո՜վ Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրիր։

10 Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ. քո քաղցրությամբկերակուրպատրաստեցիր խեղճի համար, ո՜վ Աստված։

11 Տերը տալիս է իր խոսքը. ավետող մարդիկ մեծ բազմություն են։

12 Զորքերի թագավորները պիտի փախչեն փախեփախ, տան մեջ բնակվողկինըպիտի բաժանի ավարը։

13 Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։

14 Երբ Ամենակարողն այդերկրումթագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։

15 Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ.

16 Ո՛վ բարձր լեռներ, ինչո՞ւ եք նախանձով նայում.սաայն լեռն է, որին հավանեց Աստված՝ նրա վրա բնակվելու համար. Տերը պիտի հավիտյան բնակվի նրա վրա։

17 Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։

18 Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։

19 Օրհնյալ է Տերը օր օրի.եթեմեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։

20 Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։

21 Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։

22 Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։

23 Որ քո ոտքը թրջես արյունով, և քո շների լեզուն իր բաժիննառնիթշնամիներից»։

24 Տեսան քո երթը, ո՜վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։

25 Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։

26 Օրհնեցե՛ք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք,որԻսրայելի աղբյուրիցեք։

27 Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։

28 Քո Աստվածը հաստատեց քո զորությունը. զորացրո՛ւ այն, ո՜վ Աստված, ինչ արեցիր մեզ համար։

29 Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներն ընծա պիտի բերեն քեզ։

30 Սաստի՛ր եղեգների գազանին, ցլերի բազմությունը՝ ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով. ցրի՛ր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։

31 Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն։

32 Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։

33 Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։

34 Ճանաչե՛ք Աստծու զորությունը. նրա փառքը Իսրայելի վրա է, և ամպերի մեջ է նրա զորությունը։

35 Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լէԱստված։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 69

Օգնության աղերս

Երգողների գլխավորին։ Շոշոնիմի վրա։ Դավթի սաղմոս։

1 Ազատի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև ջրերը մինչև իմ անձը հասան։

2 Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, և հորձանքն ինձ կուլ է տալիս։

3 Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։

4 Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։

5 Ո՜վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, և իմ հանցանքները ծածկված չեն քեզնից։

6 Թող իմ պատճառով չամաչեն նրանք, ովքեր սպասում են քեզ, ո՜վ Տեր, Զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով ամոթահար չլինեն քեզ փնտրողները, ո՛վ Իսրայելի Աստված։

7 Որովհետև ես քեզ համար համբերում եմ նախատինքին. ամոթը ծածկում է իմ երեսը։

8 Օտար եղա իմ եղբայրներին և անծանոթ՝ իմ մոր որդիների համար,

9 Որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ, և քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա։

10 Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում, և դա նախատինք է լինում ինձ համար։

11 Ես իմ հանդերձանքը քուրձ դարձրի, առակ եմ դարձել նրանց համար.

12 Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղքեմ դարձել։

13 Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։

14 Հանի՛ր ինձ ցեխից, որ չթաղվեմ. թող որ փրկվեմ ինձ ատողներից և խոր ջրերից։

15 Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։

16 Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև բարի է քո քաղցրությունը. քո մեծ ողորմության համեմա՛տ նայիր ինձ վրա։

17 Քո երեսը մի՛ դարձրու քո ծառայից, որովհետև ես նեղության մեջ եմ, շուտ լսի՛ր ինձ։

18 Մոտեցի՛ր իմ անձին, փրկի՛ր նրան, ազատի՛ր ինձ իմ թշնամիների պատճառով։

19 Դու գիտես իմ նախատինքը, իմ ամոթն ու խայտառակությունը, քո առջև են բոլոր ինձ նեղողները։

20 Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես հիվանդ դարձա. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների, բայց չեմ գտնում։

21 Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։

22 Թող նրանց սեղանն իրենց առջև որոգայթ դառնա, և հաջողության տեղ վարմ լինի։

23 Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։

24 Քո զարհուրանքը թափի՛ր նրանց վրա, և թող քո բարկության կրակը նրանց հասնի։

25 Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։

26 Որովհետև ում դու զարկեցիր, հալածում են նրան, պատմում են և քեզնից խոցվածների ցավերի մասին։

27 Մե՛ղք դիր նրանց մեղքի վրա, որ չհասնեն քո արդարությանը։

28 Նրանք թող ջնջվեն Կենաց գրքից և չգրվեն արդարների հետ։

29 Բայց ես աղքատ եմ և ցավերով լի, ո՜վ Աստված, քո փրկությունը թող պաշտպանի ինձ։

30 Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։

31 Եվ սա ավելի հաճելի պիտի լինի Տիրոջը, քան եղջյուրավոր և կճղակավոր պարարտ եզը։

32 Խեղճերը պիտի տեսնեն և ուրախանան. ո՛վ Աստծուն խնդրողներ, ձեր սիրտն էլ պիտի կենդանանա,

33 Որովհետև Տերը լսում է խեղճերին և չի անարգում իր գերիներին։

34 Թող նրան գովեն երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց մեջ բոլոր զեռուն արարածները։

35 Որովհետև Տերը պիտի փրկի Սիոնը և շինի Հուդայի քաղաքները, և պիտի բնակվեն այնտեղ ու ժառանգեն այն։

36 Եվ պիտի վայելեն այն ծառաների զավակները, և նրա մեջ պիտի բնակվեն նրա անունը սիրողները։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 70

Օգնության աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս) հիշատակի համար։

1 Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։

2 Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։

3 Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։

4 Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։

5 Բայց ես աղքատ եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։