Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 41

Հիվանդի աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։

2 Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։

3 Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։

4 Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, որովհետև մեղանչեցի քո առաջ»։

5 Իմ թշնամիները չարախոսում են իմ մասին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, և անունը կորչի»։

6 Եվ եթե մեկը գալիս է ինձ տեսնելու, ունայնություն է խոսում. նրա սիրտն անօրենություն է կուտակում իր մեջ, և նա դուրս է գնում և ասումուրիշին։

7 Ինձ ատողները միասին փսփսում են իմ մասին և չարություն են հնարում իմ դեմ։

8 Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։

9 Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել, և որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։

10 Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և կանգնեցրո՛ւ ինձ, և ես կհատուցեմ նրանց։

11 Այն բանից կիմանամ, որ դու բարեհաճ ես իմ նկատմամբ, երբ իմ թշնամին չհաղթի ինձ։

12 Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։

13 Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան. ամեն և ամեն։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 42

Տարագրի աղոթք

Երգողների գլխավորին։ Կորխի որդիների երգ։

1 Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։

2 Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։

3 Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որովհետև ինձ ամեն օր ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»։

4 Այսբաներըես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։

5 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։

6 Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից։

7 Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով։

8 Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։

9 Աստծուն ասում եմ. «Ո՛վ իմ Վեմ, ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ ես սգավոր գնամ՝ թշնամուց տանջված»։

10 Իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք են տալիս և ամեն օր ինձ ասում. «Ո՞ւր է քո Աստվածը»։

11 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 43

Տարագրի աղոթք

1 Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։

2 Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։

3 Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։

4 Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։

5 Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 44

Աղոթք պաշտպանության համար

Երգողների գլխավորին։ Կորխի որդիների երգ։

1 Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։

2 Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։

3 Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։

4 Դու ես իմ թագավորը, ո՜վ Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։

5 Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին,

6 Որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ինձ իմ սուրը չի փրկում,

7 Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահար անում։

8 Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ (Սելա)։

9 Բայց մերժեցիր և ամոթահար արեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ։

10 Դու մեզ ետ ես դարձնում թշնամուց, և մեզ ատողները հափշտակում են մեզ իրենց համար։

11 Դու արեցիր,որմենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։

12 Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։

13 Դու մեզ նախատինք դարձրիր մեր հարևանների առջև, ծաղր ու խայտառակություն՝ մեր չորս կողմը գտնվողների առջև։

14 Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։

15 Ամեն օր իմ նախատինքն իմ առաջ է, և իմ երեսի ամոթը ծածկում է ինձ

16 Նախատողի և հայհոյողի ձայնից, թշնամու և վրեժխնդրի երեսից։

17 Այս ամենը եկավ մեզ վրա, և քեզ չմոռացանք ու չքանդեցինք քո ուխտը։

18 Մեր սիրտը ետ չդարձավ, և մեր ընթացքը չշեղվեց քո ճանապարհից,

19 Թեև փշրեցիր մեզ տաժանքի տեղում և մահվան ստվերով ծածկեցիր մեզ։

20 Եթե մոռացած լինեինք մեր Աստծու անունը և մեր ձեռքերը մեկնած լինեինք օտար աստծուն,

21 Չէ՞ որ Աստված կքններ այդբանը,որովհետև նա գիտի սրտի գաղտնիքները։

22 Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համարվում։

23 Զարթնի՛ր, ո՜վ Տեր, ինչո՞ւ ես քնած, վե՛ր կաց, իսպառ դեն մի՛ գցիր մեզ։

24 Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճությունն ու նեղությունը։

25 Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։

26 Վե՛ր կաց, մեզ օգնությա՛ն եկ և փրկի՛ր մեզ հանուն քո ողորմության։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 45

Թագավորական հարսանիքի երգ

Երգողների գլխավորին։ Շոշանիմով։ Կորխի որդիներին։ Քերթված. սիրո երգ։

1 Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։

2 Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։

3 Սուրդ կապի՛ր մեջքիդ, ո՛վ Հզոր. նա է քո պատիվը և քո փառքը։

4 Հաջողությա՛ն հասիր քո փառավորությամբ և ձի՛ հեծիր ճշմարտության ու հեզության և արդարության համար, և թող քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ սովորեցնի։

5 Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։

6 Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։

7 Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը. դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներից ավելի։

8 Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։

9 Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։

10 Լսի՛ր, ո՛վ աղջիկ, և տե՛ս. խոնարհեցրո՛ւ քո ականջը. մոռացի՛ր քո ժողովրդին և քո տունը։

11 Թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, որովհետև նա է քո տերը. երկրպագությո՛ւն արա նրան։

12 Տյուրոսի աղջիկըկներկայանաընծայով. ժողովրդի հարուստները կխնդրեն քո երեսը տեսնել։

13 Թագավորի աղջիկը ամբողջովին փառավոր է ներսից. ոսկեհուռ է նրա հանդերձանքը։

14 Զարդարանքով պաճուճված ներս կտարվի թագավորի մոտ. նրա ետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ։

15 Ներս կտարվեն ուրախությամբ և ցնծությամբ, և կմտնեն թագավորի պալատը։

16 Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։

17 Ես կհիշեմ քո անունը ազգից մինչև ազգ. դրա համար էլ ժողովուրդները կփառավորեն քեզ հավիտյանս հավիտենից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 46

Աստված մեզ հետ է

Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Ալամոթով երգ։

1 Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։

2 Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։

3 Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)։

4 Բայցգետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։

5 Աստված նրա մեջէ.նա չի սասանվի. Աստված կօգնի նրան վաղ առավոտից։

6 Հեթանոսները խռովվեցին, և թագավորությունները շարժվեցին. նա ձայն տվեց, և երկիրը հալվեց։

7 Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։

8 Եկե՛ք և տեսե՛ք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա,

9 Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։

10 Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։

11 Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47

Գերագույն իշխողը

Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Սաղմոս։

1 Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,

2 Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։

3 Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակդնում։

4 Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։

5 Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։

6 Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։

7 Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։

8 Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։

9 Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 48

Սիոն. Աստծու քաղաքը

Երգ. Կորխի որդիների սաղմոս։

1 Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։

2 Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։

3 Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։

4 Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։

5 Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։

6 Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։

7 Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։

8 Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։

9 Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։

10 Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։

11 Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։

12 Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։

13 Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է,

14 Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 49

Հարստությանը վստահելու հիմարությունը

Երգողների գլխավորին։ Կորխի որդիների սաղմոս։

1 Լսեցե՛ք այս, ո՛վ համայն ժողովուրդներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ աշխարհի բոլոր բնակիչներ։

2 Հասարակ ու մե՛ծ մարդիկ, հարուստ և աղքա՛տ՝ բոլորդ.

3 Բերանս պիտի իմաստություն խոսի, և սրտիս խորհուրդը՝ գիտություն։

4 Ես ականջս պիտի խոնարհեցնեմ դեպի առակը և քնարով բացեմ խրթին խոսքս։

5 Ինչո՞ւ վախենամ ես չար օրերին, թե խորամանկ թշնամուս անօրենությունը պատում է ինձ,

6 Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։

7 Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն,

8 (Որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը և հավիտյան չի կարող վճարվել),

9 Որպեսզի ապրի հավիտյան և ապականություն չտեսնի։

10 Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։

11 Նրանց միտքնայս է, թեիրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։

12 Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։

13 Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են, սակայն նրանց հետևողները հավանում են նրանց խոսքը։ (Սելա)։

14 Ոչխարների պես նրանք գերեզմանի պիտի մատնվեն. մահը նրանց հովիվն է, և ուղիղները նրանց կտիրեն առավոտից. և նրանց կերպարանքը կմաշվի գերեզմանում՝ իրենց բնակարաններից դուրս։

15 Բայց Տերն իմ անձը կփրկի գերեզմանի ձեռքից, որովհետև նա ընդունում է ինձ։ (Սելա)։

16 Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։

17 Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։

18 Թեև նա իր անձն օրհնում է իր կյանքում, բայց քեզ կգովեն, որ բարիք ես անում քեզ։

19 Բայց նա էլ կմտնի իր հայրերի ազգի մոտ և լույս չի տեսնի մինչև հավիտյան։

20 Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 50

Ճշմարիտ պաշտամունք

Ասափի սաղմոս։

1 Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։

2 Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։

3 Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։

4 Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։

5 «Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։

6 Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։

7 «Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես վկայություն կտամ քեզ, ո՛վ Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։

8 Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։

9 Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։

10 Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։

11 Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։

12 Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։

13 Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ։

14 Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։

15 Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

16 Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում,

17 Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։

18 Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։

19 Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։

20 Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։

21 Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ,բայցհանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։

22 Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։

23 Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։