Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31

Աստծու հանդեպ վստահության աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, թող որ չամաչեմ հավիտյան. քո արդարությամբ ազատի՛ր ինձ։

2 Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ,

3 Որովհետև դու ես իմ վեմը և ամրոցը. քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։

4 Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի դու ես իմ ապաստանը։

5 Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված։

6 Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։

7 Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։

8 Ինձ չմատնեցիր թշնամու ձեռքը, այլ իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։

9 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։

10 Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։

11 Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։

12 Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։

13 Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահկաիմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։

14 Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։

15 Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։

16 Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։

17 Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում,

18 Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։

19 Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։

20 Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։

21 Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունըցույց տվեցինձ մի ամուր քաղաքի մեջ։

22 Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։

23 Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։

24 Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 32

Խոստովանություն և թողություն

Դավթի սաղմոսներից։ Իմաստության երգ։

1 Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։

2 Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։

3 Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,

4 Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։

5 Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։

6 Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։

7 Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։

8 «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։

9 Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։

10 Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։

11 Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33

Փառաբանության երգ

1 Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։

2 Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։

3 Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։

4 Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։

5 Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։

6 Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։

7 Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։

8 Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։

9 Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։

10 Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։

11 Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։

12 Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։

13 Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։

14 Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։

15 Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։

16 Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։

17 Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։

18 Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,

19 Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։

20 Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։

21 Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։

22 Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34

Աստծու բարության փառաբանություն

Դավթի (սաղմոս), երբ նա իր կերպարանքը փոխեց Աբիմելեքի առաջ, որն էլ դուրս գցեց նրան, և նա գնաց։

1 Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։

2 Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։

3 Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։

4 Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։

5 Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։

6 Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։

7 Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

8 Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։

9 Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։

10 Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։

11 Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։

12 Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ ևլավօրեր է ուզում բարություն տեսնելու համար.

13 Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։

14 Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։

15 Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

16 Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։

17 Արդարներնաղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

18 Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։

19 Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

20 Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։

21 Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։

22 Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 35

Աղոթք օգնության համար

Դավթի (սաղմոս)։

1 Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։

2 Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։

3 Հանի՛ր գեղարդը և փակի՛րճանապարհնինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։

4 Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։

5 Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածինրանց։

6 Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։

7 Որովհետև զուր տեղը որոգայթ լարեցին ինձ բռնելու համար, զուր տեղըփոսփորեցին իմ անձի համար։

8 Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։

9 Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա նրա փրկությամբ։

10 Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։

11 Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։

12 Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։

13 Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։

14 Եսնրանց հետվարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։

15 Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։

16 Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։

17 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։

18 Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։

19 Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։

20 Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։

21 Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ,հիմամեր աչքերը տեսան»։

22 Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։

23 Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։

24 Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։

25 Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագըկատարվեց», թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։

26 Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։

27 Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։

28 Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 36

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Տիրոջ ծառա Դավթի (սաղմոս)։

1 Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքըսաէ. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։

2 Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։

3 Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և բարի գործելուց։

4 Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։

5 Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։

6 Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։

7 Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։

8 Նրանք լիանում են քո տան առատությունից, և քո բերկրանքի գետից խմել ես տալիս նրանց,

9 Որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և քո լույսով ենք լույսը տեսնում։

10 Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։

11 Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։

12 Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37

Չարի և բարու վիճակը

Դավթի (սաղմոս)։

1 Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

2 Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։

3 Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

4 Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

5 Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

6 Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

7 Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որիրչար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

8 Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,

9 Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10 Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։

11 Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։

12 Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։

13 Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

14 Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։

15 Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։

16 Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։

17 Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։

18 Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

19 Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։

20 Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։

21 Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։

22 ՈրովհետևՏիրոջիցօրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։

23 Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։

24 Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։

25 Ես երեխա էի և ծերացա, բայց արդարինԱստծուցլքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։

26 Արդարըմիշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։

27 Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։

28 Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

29 Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։

30 Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

31 Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։

32 Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։

33 Բայց Տերն արդարին չի թողնիամբարիշտիձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։

34 Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։

35 Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։

36 Բայցնա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։

37 Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։

38 Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։

39 Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։

40 Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 38

Տառապող մարդու աղոթքը

Դավթի սաղմոս. հիշատակի համար։

1 Ո՜վ Տեր, քո բարկությամբ մի՛ հանդիմանիր ինձ և մի՛ խրատիր ինձ քո զայրույթով,

2 Որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։

3 Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։

4 Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։

5 Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարության պատճառով։

6 Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։

7 Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։

8 Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։

9 Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։

10 Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։

11 Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։

12 Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։

13 Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։

14 Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։

15 Որովհետև ես ապավինում եմ քեզ, Տե՛ր, դու պիտի պատասխան տաս, ո՜վ Տեր իմ Աստված։

16 Որովհետև ես ասացի. «Թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան»։

17 Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։

18 Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։

19 Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։

20 Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։

21 Մի՛ լքիր ինձ, ո՜վ Տեր իմ Աստված, մի՛ հեռացիր ինձնից։

22 Շո՛ւտ արա, որ ինձ օգնես, ո՜վ Տեր, իմ Փրկի՛չ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 39

Տառապող մարդու խոստովանությունը

Երգողների գլխավորին. Իդիթունին։ Դավթի սաղմոս։

1 Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։

2 Բերանս փակեցի պապանձվելով. բարի բանից էլ լուռ մնացի, և ցավս շատ գրգռվեց։

3 Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։

4 Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։

5 Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։

6 Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։

7 Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։

8 Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։

9 Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։

10 Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։

11 Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։

12 Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։

13 Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 40

Փառաբանության երգ

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։

2 Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։

3 Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։

4 Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը և չի հետևում ամբարտավաններին և ստության հետևողներին։

5 Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին,բայցդրանք շատ են թիվ ու համարից։

6 Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։

7 Հետո ասացի. «Ահա ես գալիս եմ. գրքի թերթերում գրված է իմ մասին.

8 Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։

9 Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ. ահա չեմ արգելում իմ շրթունքներին, Տե՛ր. դու գիտես այդ։

10 Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։

11 Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։

Աղոթք օգնության համար

12 Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։

13 Տե՛ր, բարեհաճի՛ր ինձ փրկել. Տե՛ր, փութա՛ օգնելու ինձ։

14 Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։

15 Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ…»

16 Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։

17 Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։