Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 21

Փառաբանություն հաղթանակի համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, քո զորությամբ ուրախ է թագավորը, և որքա՜ն է ցնծում նա քո փրկությամբ։

2 Դու տվեցիր նրան իր սրտի փափագը և նրա շրթունքների խնդրանքը չարգելեցիր նրան։ (Սելա)։

3 Որովհետև դու բարի օրհնություններ ես բերում նրա առաջ և մաքուր ոսկե պսակ ես դնում նրա գլխին։

4 Նա կյանք խնդրեց քեզնից, և դու նրան երկար օրեր տվեցիր հավիտյանս հավիտենից։

5 Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա,

6 Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր քո ուրախությամբ,

7 Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։

8 Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին, և քո աջը կգտնի քեզ ատողներին։

9 Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։

10 Նրանց զավակին կկորցնես երկրից և նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից,

11 Որովհետև նրանք չարիք խորհեցին քո դեմ, նենգ խորհուրդներ հնարեցին, բայց չպիտի հաջողեն։

12 Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։

13 Ո՜վ Տեր, բարձրացի՛ր քո զորությամբ, և մենք պիտի երգենք ու փառաբանենք քո զորությունը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22

Տառապանքի ճիչ

Երգողների գլխավորին։ Այելեթ-հաշահարի վրա։ Դավթի սաղմոս։

1 Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։

2 Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։

3 Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։

4 Մեր հայրերը վստահեցին քեզ. նրանք հուսացին, և դու ազատեցիր նրանց։

5 Քեզ աղաղակեցին և ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա և չամաչեցին։

6 Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք։

7 Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ, բացում ենիրենցշրթունքներըևիրենց գլուխը շարժում։

8 Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։

9 Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։

10 Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։

11 Մի՛ հեռացիր ինձնից, որովհետև մոտ է նեղությունը, որովհետև օգնող չկա։

12 Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։

13 Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։

14 Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ,

15 Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։

16 Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։

17 Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։

18 Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։

19 Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։

20 Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։

21 Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։

Գովաբանության երգ

22 Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։

23 Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։

24 Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։

25 Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։

26 Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։

27 Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև,

28 Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։

29 Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։

30 Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։

31 Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենընա արեց»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23

Տերն իմ Հովիվն է

Դավթի սաղմոս։

1 Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։

2 Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։

3 Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։

4 Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

5 Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։

6 Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 24

Մեծ Թագավորը

Դավթի սաղմոս։

1 Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,

2 Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։

3 Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։

4 Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։

5 Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։

6 Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ ՀակոբիԱստված։(Սելա)։

7 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։

8 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։

9 Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։

10 Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25

Առաջնորդության և ապահովության աղոթք

Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

2 Աստվա՛ծ իմ, քեզ հուսացի, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։

3 Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։

4 Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները։

5 Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։

6 Հիշի՛ր, ո՜վ Տեր, քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։

7 Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։

8 Բարի և ուղիղ է Տերը. դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։

9 Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։

10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։

11 Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։

12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։

13 Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։

14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։

15 Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։

16 Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։

17 Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։

18 Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։

19 Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։

20 Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։

21 Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։

22 Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 26

Բարի մարդու աղոթքը

Դավթի (սաղմոս)։

1 Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։

2 Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։

3 Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։

4 Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։

5 Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։

6 Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր,

7 Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

8 Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։

9 Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ,

10 Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։

11 Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։

12 Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 27

Փառաբանության աղոթք

Դավթի (սաղմոս)։

1 Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։

2 Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։

3 Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։

4 Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։

5 Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։

6 Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնքկանիմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։

7 Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, երբ կանչեմ. ողորմի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ։

8 Իմ սիրտը քեզ ասում էքո խոսքը.«Փնտրեցե՛ք իմ երեսը».ահա,Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։

9 Մի՛ ծածկիր ինձնից քո երեսը, մի՛ մերժիր ծառայիդ քո բարկությամբ. դու ես իմ օգնությունը. մի՛ հեռացրու ինձ և մի՛ լքիր ինձ, ո՛վ իմ փրկության Աստված։

10 Թեկուզև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։

11 Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ թշնամիների պատճառով։

12 Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։

13 Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։

14 Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 28

Աղոթք օգնության համար

Դավթի (սաղմոս)։

1 Տե՛ր, քեզ եմ կանչում. իմ Վե՛մ, լուռ մի՛ մնա իմ հանդեպ. չլինի թե դու ինձ համար լուռ մնաս, և ես նմանվեմ գերեզման իջնողներին։

2 Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։

3 Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։

4 Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։

5 Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։

6 Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։

7 Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։

8 Տերն իր ժողովրդի զորությունն է. նա է փրկության զորավոր ամրոցն իր օծյալի համար։

9 Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 29

Տիրոջ ձայնը փոթորիկի մեջ

Դավթի սաղմոս։

1 Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։

2 Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։

3 Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։

4 Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։

5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։

6 Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։

7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8 Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։

9 Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։

10 Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։

11 Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 30

Շնորհակալության աղոթք

Դավթի սաղմոս։ Տան նավակատիքի երգ։

1 Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ և իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։

2 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։

3 Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։

4 Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,

5 Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։

6 Իմ հաջողության մեջ ես ասացի. «Իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան»։

7 Տե՛ր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։

8 Տե՛ր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։

9 Ի՞նչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը. մի՞թե հողը պիտի փառաբանի քեզ և պատմի քո ճշմարտությունը։

10 Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։

11 Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։

12 Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։