Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 141

Երեկոյան աղոթք

Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։

2 Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։

3 Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։

4 Իմ սիրտը մի՛ դարձրու դեպի չար բաները, որ չարությամբ վատ գործեր չգործեմ անօրենություն անողների հետ և չուտեմ նրանց ախորժալի կերակուրից։

5 Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմէ լինումիմ աղոթքը։

6 Երբ նրանց դատավորներն ընկնեն քարերի վրա, և նրանք իմ խոսքերը լսեն, կտեսնեն, որ քաղցր են։

7 Ինչպես վար անողը և ակոս բացողը ցանում է հողի մեջ, այնպես մեր ոսկորները ցրված են գերեզմանի բերանին։

8 Բայց, Տե՛ր, Տե՛ր, իմ աչքերընայումեն քեզ. ես քեզ եմ ապավինել, իմ անձը մի՛ լքիր։

9 Պահի՛ր ինձ այն որոգայթից, որ լարեցին ինձ համար, և չարագործների ծուղակից։

10 Ամբարիշտները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 142

Աղոթք օգնության համար

Դավթի երգ. աղոթք, երբ նա քարայրում էր։

1 Ես իմ ձայնով աղաղակում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը։

2 Իմ հառաչանքը թափում եմ նրա առջև, իմ նեղությունը պատմում եմ նրա առջև։

3 Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։

4 Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։

5 Տե՛ր, քեզ եմ աղաղակում և ասում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»։

6 Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։

7 Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 143

Աղոթք օգնության համար

Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։

2 Քո ծառայի հետ դատաստանի մեջ մի՛ մտիր, որովհետև ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև։

3 Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։

4 Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։

5 Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։

6 Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պեսծարավէ քեզ։ (Սելա)։

7 Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։

8 Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

9 Տե՛ր, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ես ապավինել եմ քեզ։

10 Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։

11 Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։

12 Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 144

Շնորհակալություն հաղթանակի համար

Դավթի (սաղմոս)։

1 Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։

2 Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։

3 Տե՛ր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։

4 Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։

5 Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։

6 Փայլատակի՛ր կայծակով և ցրի՛ր նրանց. ուղարկի՛ր նետերդ և խռովեցրո՛ւ նրանց։

7 Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից,

8 Որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։

9 Ո՜վ Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավղով սաղմոս պիտի ասեմ քեզ,

10 Որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։

11 Ազատի՛ր ինձ և փրկի՛ր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է.

12 Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես.

13 Որպեսզի մեր շտեմարանները լիքըլինենև զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում.

14 Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։

15 Երանի՜ այն ժողովրդին, որ իրվիճակնայսպես է. երանի՜ այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 145

Փառաբանության երգ

Դավթի օրհնաբանություն։

1 Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։

2 Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։

3 Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։

4 Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։

5 Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։

6 Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։

7 Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։

8 Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։

9 Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։

10 Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

11 Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները,

12 Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։

13 Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։

14 Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։

15 Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։

16 Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։

17 Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։

18 Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։

19 Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։

20 Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։

21 Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 146

Փրկիչ Աստծու փառքը

1 Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

2 Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։

3 Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ փրկություն չկա։

4 Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։

5 Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է,

6 Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան.

7 Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։

8 Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։

9 Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։

10 Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147

Ամենակարող Աստծու փառքը

1 Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։

2 Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։

3 Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։

4 Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։

5 Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։

6 Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։

7 Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,

8 Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.

9 Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։

10 Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։

11 Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

12 Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն.

13 Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։

14 Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։

15 Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։

16 Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։

17 Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։

18 Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։

19 Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։

20 Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 148

Աստծուն փառավորելու տիեզերական կոչ

Ալելուիա։

1 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։

2 Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։

3 Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։

4 Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։

5 Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։

6 Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։

7 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ.

8 Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը,

9 Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր,

10 Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ,

11 Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր,

12 Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր.

13 Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։

14 Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 149

Փառաբանության երգ

Ալելուիա։

1 Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։

2 Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։

3 Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։

4 Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։

5 Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։

6 Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին,

7 Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին.

8 Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով.

9 Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 150

Փառք Աստծուն

Ալելուիա։

1 Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։

2 Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։

3 Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։

4 Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։

5 Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։

6 Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։