Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 131

Կատարյալ վստահության աղոթք

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։

2 Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։

3 Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 132

Աղոթք տաճարի համար

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները.

2 Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝

3 Ասելով.«Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի,

4 Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ,

5 Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։

6 Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։

7 Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։

8 Տե՛ր, ելի՛ր ևմտի՛րքո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։

9 Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։

10 Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։

11 Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։

12 Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։

13 Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար.

14 «Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։

15 Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։

16 Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։

17 Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։

18 Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 133

Եղբայրական սիրո գովեստ

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

1 Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։

2 Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։

3 Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 134

Աստծուն փառաբանելու կոչ

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1 Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։

2 Ձեր ձեռքերը բարձրացրե՛ք դեպի սրբությունը և օրհնեցե՛ք Տիրոջը։

3 Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 135

Փառաբանության երգ

Ալելուիա։

1 Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ,

2 Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։

3 Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։

4 Որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը՝ իր ժառանգության համար։

5 Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է. և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։

6 Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խոր տեղերում։

7 Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից,

8 Որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունները,

9 Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա,

10 Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների.

11 Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։

12 Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։

13 Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։

14 Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։

15 Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։

16 Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,

17 Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։

18 Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։

19 Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։

20 Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։

21 Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 136

Շնորհակալության աղոթք

1 Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

2 Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

3 Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

4 Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

5 Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

6 Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

7 Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

8 Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

9 Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

10 Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

11 Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

12 Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

13 Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

14 Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

15 Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

16 Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

17 Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

18 Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

19 Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

20 Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

21 Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

22 Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

23 Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

24 Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

25 Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

26 Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 137

Իսրայելի ողբը գերության մեջ

1 Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։

2 Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից,

3 Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։

4 Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։

5 Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։

6 Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։

7 Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմիանկմանօրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։

8 Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։

9 Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 138

Շնորհակալության աղոթք

Դավթի (սաղմոս)։

1 Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։

2 Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։

3 Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։

4 Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։

5 Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։

6 Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։

7 Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։

8 Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139

Աստծու կատարյալ գիտությունը և հոգածությունը

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։

2 Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։

3 Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,

4 Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։

5 Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։

6 Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։

7 Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։

8 Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դուայնտեղես։

9 Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,

10 Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։

11 Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի»,այն ժամանակգիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։

12 Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես էքեզ համար։

13 Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։

14 Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։

15 Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։

16 Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։

17 Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։

18 Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։

19 Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։

20 Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում ենքո անվամբ։

21 Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։

22 Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։

23 Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

24 Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 140

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց,

2 Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։

3 Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։

4 Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։

5 Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։

6 Ես ասացի Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը». Տե՛ր, լսի՛ր իմ աղաչանքի ձայնը։

7 Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։

8 Տե՛ր, ամբարիշտին մի՛ տուր նրա ցանկությունը, մի՛ հաջողիր նրա չար մտադրությունը. նրանք կբարձրանան։ (Սելա)։

9 Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։

10 Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։

11 Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։

12 Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։

13 Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։