Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 101

Թագավորի խոստումը

Դավթի սաղմոս։

1 Ողորմություն և իրավունք պիտի երգեմ, քեզ, ո՜վ Տեր, սաղմոս պիտի ասեմ։

2 Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով. ե՞րբ պիտի գաս ինձ մոտ. իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։

3 Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։

4 Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։

5 Նրան, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջից, պիտի բնաջնջեմ. նրան, որ ամբարտավան է աչքով և սրտով գոռոզ, չեմ կարող տանել։

6 Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։

7 Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։

8 Առավոտից պիտի ջնջեմ երկրի բոլոր ամբարիշտներին, որպեսզի Տիրոջ քաղաքից բնաջնջեմ բոլոր անօրենություն գործողներին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 102

Չարչարված երիտասարդի աղոթքը

Աղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է, և իր ցավը թափում է Տիրոջ առջև։

1 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։

2 Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։

3 Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։

4 Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։

5 Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։

6 Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։

7 Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։

8 Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։

9 Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ

10 Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։

11 Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։

12 Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

13 Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։

14 Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։

15 Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

16 Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։

17 Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

18 Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։

19 Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,

20 Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,

21 Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,

22 Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։

23 Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։

24 Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։

25 Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։

26 Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։

27 Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։

28 Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103

Աստծու սերը

Դավթի սաղմոս։

1 Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է,թող օրհներգինրա սուրբ անունը։

2 Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.

3 Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,

4 Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,

5 Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։

6 Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։

7 Նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և իր գործերը՝ Իսրայելի որդիներին։

8 Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։

9 Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։

10 Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։

11 Այլ որքան բարձր է երկինքը երկրից,այնքանզորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։

12 Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից,այնքանէլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։

13 Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին,այնպեսՏերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։

14 Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։

15 Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.

16 Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։

17 Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։

18 Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։

19 Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։

20 Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։

21 Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։

22 Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 104

Փառաբանություն Արարչին

1 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։

2 Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։

3 Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։

4 Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։

5 Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։

6 Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։

7 Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։

8 Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։

9 Դու սահման դրիր, որ չանցնեն նրանից, հետ չդառնան, որ երկիրը ծածկեն։

10 Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։

11 Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։

12 Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։

13 Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։

14 Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։

15 Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ,որփայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։

16 Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։

17 Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրաշինում էիր տունը։

18 Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։

19 Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։

20 Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։

21 Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։

22 Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։

23 Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։

24 Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։

25 Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։

26 Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։

27 Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։

28 Դու տալիս ես նրանց,ևնրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը,ևնրանք կշտանում են բարիքով։

29 Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։

30 Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։

31 Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։

32 Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։

33 Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։

34 Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։

35 Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105

Աստված և իր ժողովուրդը

1 Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։

2 Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։

3 Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։

4 Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։

5 Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։

6 Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները.

7 Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։

8 Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ.

9 Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։

10 Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝

11 Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։

12 Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ,

13 Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ,

14 Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար.

15 «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։

16 Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։

17 Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։

18 Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ

19 Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։

20 Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։

21 Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա,

22 Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։

23 Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։

24 Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։

25 Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։

26 Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։

27 Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։

28 Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։

29 Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։

30 Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։

31 Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներնէլ՝նրանց բոլոր սահմանների մեջ։

32 Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։

33 Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։

34 Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար,

35 Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։

36 Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։

37 Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։

38 Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։

39 Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։

40 Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։

41 Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում.

42 Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքըևիր Աբրահամ ծառային։

43 Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։

44 Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք,

45 Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 106

Տիրոջ բարությունն իր ժողովրդին

1 Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2 Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։

3 Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։

4 Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդինկատմամբ ունեցածհաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։

5 Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։

6 Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։

7 Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։

8 Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։

9 Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։

10 Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։

11 Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։

12 Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։

13 Բայցշուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։

14 Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։

15 Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։

16 Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։

17 Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։

18 Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։

19 Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։

20 Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։

21 Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,

22 Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։

23 Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։

24 Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։

25 Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։

26 Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ

27 Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։

28 Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան

29 ՈւԱստծունբարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։

30 Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։

31 Եվ սրա համար նա արդարացի համարվեց սերնդից մինչև սերունդ հավիտյան։

32 Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով,

33 Որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով։

34 Նրանք կորստյան չմատնեցին այն ազգերին, ինչպես Տերը հրամայել էր նրանց,

35 Այլ խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը.

36 Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։

37 Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։

38 Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։

39 Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։

40 Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա, և նա զզվեց իր ժառանգությունից։

41 Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, և իրենց ատողները տիրեցին նրանց։

42 Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։

43 Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։

44 Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը։

45 Նրանց համար իր ուխտը հիշեց և զղջաց իր մեծ ողորմության համեմատ։

46 Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։

47 Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։

48 Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 107

Աստծու բարության փառաբանությունը

1 Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2 Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.

3 Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.

4 Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում.

5 Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ.

6 Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից

7 Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։

8 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար,որ արեցմարդկանց որդիներին.

9 Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։

10 Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված,

11 Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.

12 Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։

13 Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։

14 Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։

15 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար,որ արեցմարդկանց որդիներին,

16 Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։

17 Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.

18 Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։

19 Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից.

20 Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։

21 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար,որ արեցմարդկանց որդիներին։

22 Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։

23 Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ,

24 Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։

25 Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։

26 Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից.

27 Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։

28 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։

29 Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։

30 Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։

31 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար,որ արեցմարդկանց որդիներին։

32 Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։

33 Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։

34 Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։

35 Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։

36 Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։

37 Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։

38 Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։

39 Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։

40 Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում,

41 Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։

42 Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։

43 Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 108

Աղոթք օգնության համար

Երգ. Դավթի սաղմոս։

1 Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։

2 Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,

3 Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ.

4 Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։

5 Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, և քո փառքը թող լինի ողջ երկրի վրա։

6 Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։

7 Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։

8 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմն իմ գլխի զորությունն է, Հուդան՝ իմ գավազանը,

9 Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, պիտի ցնծամ փղշտացիների երկրի վրա»։

10 Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ.

11 Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։

12 Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, որովհետև փուչ է մարդու փրկությունը։

13 Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 109

Մարդու տրտունջը նեղության մեջ

Երգողների գլխավորին. Դավթի սաղմոս։

1 Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա,

2 Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։

3 Ատելության լեզվով պաշարում են ինձ և իզուր տեղը կռվում են իմ դեմ։

4 Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։

5 Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։

6 Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։

7 Երբ նա դատվի, թող դատապարտված դուրս գա, և նրա աղոթքը թող մեղքի փոխվի։

8 Թող պակասեն նրա օրերը, և նրա պաշտոնը ուրիշը թող առնի։

9 Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի.

10 Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան,հացուզեն իրենց ավերակներից։

11 Փոխ տվողը թող առնի նրա ամբողջ ունեցվածքը, և օտարները հափշտակեն նրա վաստակը։

12 Թող չլինի մեկը, որ գթություն ցույց տա նրան, և ոչ ոք թող չողորմի նրա որբերին։

13 Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։

14 Թող նրա հայրերի անօրենությունը հիշվի Տիրոջ առջև, և թող չջնջվեն նրա մոր մեղքերը։

15 Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը.

16 Որովհետև նա չհիշեց ողորմություն անելը, այլ հալածեց խեղճ, աղքատ ու սիրտը մաշված մարդուն, որ սպանի։

17 Անեծք սիրեց, և թող այն հասնի իրեն. օրհնություն չկամեցավ, ուստի թող այն հեռու լինի նրանից։

18 Անեծքը հագավ հանդերձանքի պես. այն ջրի պես թող մտնի նրա փորը և ձեթի նման՝ նրա ոսկորների մեջ։

19 Թող նրա համար այնպես լինի, ինչպես իր հագնելու հանդերձանքը և ինչպես իր միշտ կապելու գոտին։

20 Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։

21 Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,

22 Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ, և սիրտս խոցված է իմ մեջ։

23 Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։

24 Իմ ծնկները տկարացան ծոմից, և մարմինս մաշվեցիրպարարտությունից։

25 Ես նախատինք դարձա նրանց առջև. երբ տեսնում են ինձ, շարժում են իրենց գլուխները։

26 Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ,

27 Որ իմանան, թե քո ձեռքն է այս, որ դու, ո՜վ Տեր, արեցիր այս։

28 Նրանք անիծում են, բայց դու օրհնի՛ր. նրանք ելնում են իմ դեմ, թող ամաչեն, բայց քո ծառան ուրախ պիտի լինի։

29 Թող ամոթ հագնեն իմ հակառակորդները և իրենց ամոթը վերարկուի պես կրեն իրենց վրա։

30 Ես շատ պիտի գոհանամ Տիրոջից իմ բերանով և շատերի մեջ պիտի օրհնեմ նրան։

31 Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 110

Աստված և ընտրված Թագավորը

Դավթի սաղմոս։

1 Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։

2 Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։

3 Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։

4 Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։

5 Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։

6 Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։

7 Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։