Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 1

1 Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

Աստծու բարկությունը Նինվեի դեմ

2 Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։

3 Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնիհանցավորին.Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։

4 Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։

5 Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։

6 Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։

7 Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,

8 նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։

9 Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։

10 Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։

11 Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։

12 Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։

13 Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։

14 Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։

15 Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։

Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 2

Նինվեի անկումը

1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։

2 Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։

3 Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրովեն զգեստավորված,նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։

4 Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։

5 Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։

6 Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։

7 Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։

8 Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։

9 Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։

10 Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։

11 Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։

12 Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։

13 «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։

Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 3

1 Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։

2 Ահախարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,

3 հեծյալ ձիավորը, թրի պսպղոցն ու նիզակի շողշողոցը, անթիվ վիրավորներն ու դիակների բազմությունը և անվերջ դիակները. նրանք գլորվում են դիակների վրա։

4 Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։

5 «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- ես քո փեշը քո դեմքի վրա պիտի բացեմ և ցույց տամ ազգերին քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։

6 Ես քեզ վրա պղծություններ պիտի շպրտեմ և խայտառակեմ քեզ և քեզ ցուցանք պիտի դարձնեմ։

7 Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։

8 Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։

9 Եթովպիան ու Եգիպտոսը նրա անծայր զորություններն էին, փութացիներն ու լիբեացիներն էին նրան օժանդակողները։

10 Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։

11 Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։

12 Քո բոլոր ամրոցները կանխահասպտղովթզենիներ են. հենց որ թափահարվեն, իսկույն կընկնեն ուտողի բերանը։

13 Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։

14 Պաշարման համար ջո՛ւր քաշիր քեզ համար, պնդացրո՛ւ ամրոցներդ, ցե՛խը մտիր ու տրորի՛ր կավը, նորոգի՛ր աղյուսի փուռը։

15 Այնտեղ կրակը պիտի լափի քեզ, սուրը պիտի կոտորի քեզ, ջորյակի պես սպառի քեզ. բազմացրո՛ւ քեզ ջորյակի պես, շատացրո՛ւ քեզ մորեխի պես։

16 Դու քո վաճառականներին շատացրիր երկնքի աստղերից ավելի, որոնք, սակայն, անհետացան, ինչպես մորեխները բացեցին իրենց թևերը և թռան։

17 Քո պալատականները ջորյակի պես են, իսկ քո զորավարները՝ անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանկապատերի վրա. չվում են, երբ ծագում է արեգակը։ Եվ չի իմացվում նրանց տեղը, թե որտե՛ղ են։

18 Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։

19 Ամոքում չկա քո ցավի համար, անբուժելի է քո վերքը, քո մասին բոլոր լսողները քեզ համար ծափ են տալիս, որովհետև քո չարությունն ո՞ւմ վրա անընդհատ չի եղել»։