Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 1

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Միքիա Մորստացուն Հուդայի Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրերին, որ նա տեսավ Սամարիայի և Երուսաղեմի մասին։

Ողբ Սամարիայի և Երուսաղեմի համար

2 Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։

3 Որովհետև Տերն ահա դուրս է գալիս իր տեղից և պիտի իջնի և ման գա երկրի բարձրավայրերի վրա։

4 Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։

5 Հակոբի հանցանքի և Իսրայելի տան մեղքերի համար է այս ամենը. ո՞րն է Հակոբի հանցանքը. Սամարիան չէ՞, և որո՞նք են Հուդայի բարձրավայրերը. Երուսաղեմը չէ՞։

6 Ուստի Սամարիան բաց տարածքում քարակույտ պիտի դարձնեմ՝ խաղողի այգի տնկելու տեղ, և նրա քարերը ձորը պիտի թափեմ և պիտի բացեմ նրա հիմքերը։

7 Եվ նրա բոլոր կուռքերը պիտի փշրվեն, նրա բոլոր ընծաները կրակով պիտի այրվեն, և նրա բոլոր կուռքերը պիտի ավերեմ, որովհետև պոռնկության վարձով են ձեռք բերվել, ուրեմն որպես պոռնիկի վարձ պիտի գործածվեն։

8 Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։

9 Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։

Թշնամին մոտենում է Երուսաղեմին

10 Գեթի մեջ մի՛ պատմեք և բնավ լաց մի՛ եղեք, Բեթափրայումփոշու մեջ թավալվի՛ր։

11 Ո՛վ Սափիրիբնակչուհի, մերկ ու ամոթով անցի՛ր, դուրս չի գալու Սաանանի բնակչուհին, Բեթսելումկոծ է. ձեզնից պիտի հեռացվի նրա օգնությունը։

12 Որովհետև բարու համար ցավով գալարվում է Մարոթիբնակչուհին, սակայն Տիրոջից չարիք իջավ մինչև Երուսաղեմի դարպասը։

13 Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։

14 Դրա համարհրաժեշտիընծաներ պիտի տաս Մորեսեթ-Գեթին, Աքզիբիտները ստություն պիտի լինեն Իսրայելի թագավորներին։

15 Դեռ տիրակալ պիտի բերեմ քեզ վրա, ո՛վ Մարեսայիբնակչուհի, Իսրայելի փառքը մինչև Ոդողոմ պիտի հասնի։

16 Գլուխդածիլի՛ր և կտրի՛րմազերդքո սիրելի որդիների համար, արծվի պես լայնացրո՛ւ կնտությունդ, որովհետև գերության տարվեցին քեզանից։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 2

Ընդդեմ հարստահարողների

1 Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։

2 Նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը։

3 Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես չարիք եմ խորհում այս տոհմի դեմ, որտեղից չեք կարողանա ձեր պարանոցները հանել և չեք քայլի հպարտությամբ, որովհետև չար ժամանակ է լինելու։

4 Այն օրը ձեզ կործանման օրինակ են բերելու և դառնագին ողբով սգալու են՝ ասելով. “Բոլորովին կործանվեցինք, նա փոխեց իմ ժողովրդի բաժինը. ինչպե՜ս է այն վերցնում ինձանից, ապստամբին է բաժանում մեր դաշտերը”։

5 Դրա համար Տիրոջ ժողովում դու վիճակի լար գցող չպիտի ունենաս։

6 Նրանք “Մի՛ մարգարեացեք”ասելովմարգարեանում են։ Նրանք չպիտի մարգարեանան այս բաների մասին. նախատինքը չի վերանալու։

7 Ասվելու է. սա՞ է Հակոբի տունը, Տիրոջ համբերությունը հատել է, կամ սա վարվելու ձև՞ է։ Մի՞թե մի բարի խոսք չկա արդարների համար։

8 Բայց մի թշնամի է բարձրանում իմ ժողովրդի դեմ. ապահով անցուդարձողներից հանդերձի հետ պատմուճանն եք հափշտակում պատերազմից վերադարձողներից։

9 Իմ ժողովրդի կանանց վտարում եք իրենց հաճելի տներից, նրանց երեխաների վրայից հավիտյան վերցնում եք իմ փառքը։

10 Վե՛ր կացեք ու գնացե՛ք, որովհետև սա՛ չէ ձեր հանգստավայրը. անմաքրության պատճառով այն պիտի կործանվի և մեծ կործանումով։

11 Եթե մի մարդ ունայնություն և ստություն խոսի՝ ասելով. “Գինու և օղու մասին մարգարեանամ քեզ”, ահա նա՛ կլինի այս ազգի մարգարեն։

12 Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։

13 Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 3

Միքիայի ազդարարությունն Իսրայելի իշխաններին

1 Եվ ես ասացի. «Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը.

2 դուք՝ բարին ատողներդ և չարը սիրողներդ, որ մարդկանց քերթում եք և կաշին խլում եք իրենց վրայից և նրանց միսն իրենց ոսկորներից։

3 Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։

4 Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։

5 Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանըբանչի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն.

6 այլևս ոչ մի տեսիլք, որովհետև ձեզ վրա գիշեր է գալու և խավար, որպեսզի գուշակություն չանեք. և արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և օրը պիտի խավարի նրանց վրա.

7 տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկենիրենցշրթունքները, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։

8 Սակայն ես լցված եմ զորությամբ՝ Տիրոջ հոգով, նաև դատաստանով և ուժով, որպեսզի Հակոբին ծանուցեմ իր հանցանքը և Իսրայելին՝ իր մեղքը։

9 Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխանավորներ, իրավունքից զզվողնե՛ր, որ ամեն ուղիղ բան ծռում եք,

10 Սիոնը արյունահեղությամբ և Երուսաղեմն անիրավությամբ կկառուցեք։

11 Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։

12 Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 4

Տիրոջ տիեզերական թագավորության խաղաղությունը

1 Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա,

2 և շատ ազգեր պիտի գան ու ասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներով», որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։

3 Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու,

4 այլ ամեն մարդ իր որթատունկի տակ պիտի նստի և իր թզենու տակ. վախեցնող չպիտի լինի, որովհետև Զորքերի Տիրոջ բերանն է ասել։

5 Որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր աստծու անունով է ընթանում, բայց մենք Տիրոջ՝ մեր Աստծու անունով պիտի ընթանանք հավիտյանս հավիտենից։

Իսրայելը պիտի վերադառնա աքսորից

6 «Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։

7 Կաղին մնացորդ պիտի դարձնեմ, հեռու քշվածին՝ զորավոր ազգ»։ Եվ Տերը այսուհետև և հավիտյան պիտի թագավորի նրանց վրա Սիոն լեռան վրա։

8 Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։

9 Հիմա ինչո՞ւ ես բարձրագոչ գոռում. թագավոր չկա քո մեջ, կամ թե խորհրդականդ չքացա՞վ, որ քեզ ծննդկանի պես ցավ է համակել։

10 Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։

11 Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։

12 Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։

13 Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 5

1 Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։

Տերը խոստանում է Փրկիչ Բեթլեհեմից

2 Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ,սակայնքեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։

3 Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։

4 Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանքապահովպիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։

Ազատում և պատիժ

5 Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց,

6 և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։

7 Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմիցեկածցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որգալիս էխոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։

8 Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։

9 Ձեռքդ պիտի բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսոխները պիտի բնաջնջվեն։

10 «Այդ օրը,- ասում է Տերը,- քո միջից բնաջինջ պիտի անեմ քո ձիերը և վերացնեմ քո մարտակառքերը.

11 պիտի բնաջնջեմ քո երկրի քաղաքները և քանդեմ քո ամրոցները։

12 Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։

13 Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։

14 Եվ քո միջից պիտի կործանեմ քո աստարովթները և պիտի ավերեմ քո քաղաքները։

15 Եվ բարկությամբ ու զայրույթով վրեժ պիտի առնեմ այն ազգերից, որոնք չանսացին»։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 6

Տիրոջ դատն Իսրայելի դեմ

1 Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։

2 Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։

3 Ո՛վ իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, ես քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր ինձ։

4 Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի, քո առաջ եմ ուղարկել Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։

5 Ո՛վ իմ ժողովուրդ, հապա հիշի՛ր, թե ի՛նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագավորը, և նրան ինչ պատասխան տվեց Բեովրի որդի Բաղաամը,ինչ որ պատահեցՍատիմից մինչև Գաղգաղա, որպեսզի գիտենաք Տիրոջ արդար գործերը։

Ի՞նչ է պահանջում Տերը

6 Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։

7 Մի՞թե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանի՞կը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտո՞ւղը՝ իմ հոգու մեղքի դիմաց։

8 Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։

9 Իմաստությունէքո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։

10 Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։

11 Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։

12 Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։

13 Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։

14 Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։

15 Դու պիտի սերմանես, բայց չհնձես, դու ձիթապտուղ պիտի տրորես, բայց յուղով չես օծվի, քաղցուպիտի անես,բայց գինի չես խմի։

16 Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցիառարկադարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։

Categories
ՄԻՔԻԱ

ՄԻՔԻԱ 7

Իսրայելի բարոյական անկումը

1 Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։

2 Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։

3 Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։

4 Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։

5 Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։

6 Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը՝ իր սկեսուրի դեմ. մարդու թշնամին իր ընտանիքն է։

7 Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։

Տերը փրկություն է բերում

8 Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։

9 Տիրոջ ցասումը պիտի կրեմ, որովհետև նրա դեմ մեղք եմ գործել, մինչև որ նա պաշտպանի իմ դատը և ինձ իրավունք տա, ինձ լույսին հանի, որ նրա արդարությունը տեսնեմ։

10 Այն ժամանակ իմ թշնամին կտեսնի, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, թե՝ «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը», իմ աչքերը կտեսնեն նրան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի, ինչպես փողոցի ցեխը։

11 Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։

12 Այդ օրը քեզ մոտ են գալու Ասորեստանից և Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Եփրատ, ծովից ծով ու սարից սար։

13 Եվ երկիրն ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով՝ որպես նրանց արարքների պտուղ։

Աստված կարեկցում է Իսրայելին

14 Քո գավազանով հովվի՛ր ժողովրդին՝ քո ժառանգության հոտը, անտառում՝ բերրի այգիներում, առանձին նստողներին. թող հին օրերի պես արածեն Բասանում և Գաղաադում։

15 Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրերի պես սքանչելիքներ պիտի ցույց տամ նրանց։

16 Ազգերը պիտի տեսնեն ու ամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքը բերանին պիտի դնեն, նրանց ականջները պիտի խլանան։

17 Հողը պիտի լիզեն օձի պես, երկրի սողունների պես. դողալով դուրս պիտի գան իրենց ամրություններից. Տիրոջից՝ մեր Աստծուց, պիտի դողան, այո՛, քեզանից պիտի վախենան։

18 Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։

19 Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները։ Մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը։

20 Հավատարմություն պիտի անես Հակոբին և ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվել ես մեր հայրերին վաղեմի օրերից։