Categories
Մարկոս

Մարկոս 11

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

1 Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց

2 և նրանց ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։

3 Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ “Ինչո՞ւ եք դա անում”, ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։

4 Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։

5 Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակն արձակում»։

6 Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։

7 Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։

8 Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։

9 Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում.

«Օվսաննա՜,

օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը(Սաղ. 118.26).

10 օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։

Օվսաննա՜ Բարձրյալին(հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։

11 Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։

Անպտուղ թզենին

12 Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։

13 Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։

14 Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։

Տաճարում առևտուր անողների վտարումը

15 Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։

16 Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։

17 Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝”Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի”(Ես. 56.7)։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։

18 Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։

19 Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։

Թզենու դասը. հավատ և աղոթք

20 Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։

21 Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան. «Ռա՛բբի, տե՛ս այն թզենին, որին անիծեցիր, չորացել է»։

22 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։

23 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. “Ե՛լ ու ծո՛վն ընկիր”, ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։

24 Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։

25 Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։

26 Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ»։

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

27 Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան

28 և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես»։

29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։

30 Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխա՛ն տվեք ինձ»։

31 Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. “Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան”։

32 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։

33 Պատասխանեցին ու Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։

Categories
Մարկոս

Մարկոս 12

Չար մշակների առակը

1 Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։

2 Երբ ժամանակը եկավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ մշակներից այգու բերքից վերցնի։

3 Իսկ նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն ուղարկեցին։

4 Դարձյալ մի ուրիշ ծառայի ուղարկեց նրանց մոտ, և քարկոծելով ջարդեցին նրա գլուխն ու անարգելով վռնդեցին։

5 Եվ նորից ուրիշի ուղարկեց. սրան էլ սպանեցին։ Եվայդպեսշատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։

6 Նա մի սիրելի որդի ուներ, որին վերջում ուղարկեց նրանց մոտ ու ասաց. “Գուցե որդուցս ամաչեն”։

7 Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, միմյանց ասացին. “Սա է ժառանգը. եկեք նրան սպանենք, և ժառանգությունը մերը կլինի”։

8 Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին։

9 Արդ այգու տերն ի՞նչ կանի. կգա ու մշակներին կորստյան կմատնի և այգին կտա ուրիշներին։

10 Եվ դուք այն գրվածը չե՞ք կարդացել.

“Այն քարը, որ շինարարները որպես անպիտան մերժեցին,

անկյունաքար եղավ”։

11 Տերը դա արեց,

և մեր աչքերին սքանչելի է»։

Կայսրին տրվելիք հարկը

12 Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։

13 Եվ փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանի հոգու նրա մոտ ուղարկեցին, որ խոսքով ծուղակը գցեն նրան։

14 Նրանք եկան ու նրան ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես, և ոչ ոք քեզ հոգ չէ, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա՛ մեզ, կայսրին հարկ տալն օրինավո՞ր է, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։

15 Իսկ նա, նրանց կեղծավորությունը հասկանալով, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում. ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։

16 Եվ նրանք բերեցին։ Եվ նրանց հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։

17 Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։

Հարության մասին

18 Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա։ Նրան հարցրին ու ասացին.

19 «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է, որեթե մեկի եղբայրը մեռնի ու կին թողնի, բայց զավակներ չթողնի, նրա եղբայրը թող կնության առնի նրա կնոջն ու իր եղբոր համար զավակ ապահովի(Բ Օր. 25.5)։

20 Ահա յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու մեռնելուց հետո զավակ չթողեց։

21 Երկրորդը նրան կնության առավ ու մեռավ, նա էլ զավակ չթողեց, նույն կերպ էլ երրորդը…

22 Եվ այն յոթն էլ նրան կնության առան ու զավակ չթողեցին։ Իսկ բոլորից հետո կինը մեռավ։

23 Արդ, հարության ժամանակ, երբ հարություն առնեն, կինը նրանցից որի՞նը կլինի. որովհետև յոթն էլ նրան կնության էին առել»։

24 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։

25 Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։

26 Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենուդրվագիմեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց.”Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։

27 Նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի. ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում»։

Գլխավոր պատվիրանը

28 Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։

29 Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանըսա է՝”Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։

30 Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ”(Բ Օր. 6.4-5)։ Սա է առաջին պատվիրանը։

31 Իսկ երկրորդը սրան նմանէ՝”Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես”(Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։

32 Եվ դպիրը նրան ասաց. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բացի ուրիշը չկա։

33 Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։

34 Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։

Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի

35 Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է։

36 Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է.

“Տերն իմ Տիրոջն ասաց.

“Իմ աջ կողմո՛ւմ նստիր,

մինչև որ քո թշնամիներին

ոտքերիդ պատվանդան դնեմ”(Սաղ. 110.1)։

37 Արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, հապա ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»։ Եվ մեծ բազմությունը հաճույքով նրան էր լսում։

Հիսուսը դատապարտում է դպիրներին

38 Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններընդունել,

39 ժողովարաններում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին՝ առաջին տեղերը։

40 Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկար աղոթք են անում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու»։

Այրի կնոջ լուման

41 Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպե՛ս էր գանձանակի մեջ փող գցում։ Շատ հարուստներ մեծգումարէին գցում։

42 Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։

43 Այդժամ Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները,

44 որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։

Categories
Մարկոս

Մարկոս 13

Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին

1 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր ու ինչպիսի՜ շինություններ են»։

2 Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինությունները. այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։

Խռովություններ, հալածանքներ և ավերումներ

3 Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը նրան առանձին հարցրին.

4 «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։

5 Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։

6 Շատերը իմ անունով կգան ու կասեն. “Ես եմՔրիստոսը”,և շատերին կմոլորեցնեն։

7 Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։Բայցդեռ վերջը չէ։

8 Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններկլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։

9 Բայց դուք զգուշացե՛ք ձեր կյանքի համար. ձեզ դատարաններ կհանձնեն, ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք՝ իմ մասին նրանց վկայություն տալու։

10 Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։

11 Երբ ձեզ տանենդատարանհանձնելու, կանխավ մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։

12 Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։

13 Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

Մեծ սրբապղծությունը

14 Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն(ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն,

15 ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի,

16 ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։

17 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։

18 Աղոթե՛ք, որ ձեր փախուստըձմեռ ժամանակ չլինի։

19 Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։

20 Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։

21 Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Ահա այստեղ է Քրիստոսը” կամ “Ահա այնտեղ է”, չհավատաք։

22 Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներցույցկտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։

23 Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։

Մարդու Որդու գալուստը

24 Բայց այդ օրերին՝ այդ նեղություններից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա։

25 Աստղերը երկնքից կընկնեն, ու երկնային զորությունները կսասանվեն։

26 Այն ժամանակ կտեսնենՄարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով(Դան. 7.13)մեծ զորությամբ ու փառքով։

27 Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։

Թզենու դասը

28 Բայց դաս առեք թզենո՛ւ օրինակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։

29 Այդպես էլ դուք. երբ տեսնեք, որ այս ամենը տեղի է ունենում, իմացե՛ք, որ վերջը մոտեցել է։

30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա։

31 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։

Ոչ ոք չգիտի օրը և ժամը

32 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։

34 Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։

35 Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։

36 Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։

37 Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք»։

Categories
Մարկոս

Մարկոս 14

Դավադրություն Հիսուսի դեմ

1 Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։

2 Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Օծում Բեթանիայում

3 Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։

4 Սակայն ոմանք սրտնեղեցին՝ ասելով. «Ինչի՞ համար էր յուղի այս վատնումը,

5 որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդկնոջը։

6 Հիսուսն ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք նեղացնում։ Նա ինձ համար մի բարի գործ արեց։

7 Աղքատները միշտ ձեզ հետ են. երբ ուզեք, նրանց կարող եք բարիք անել, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։

8 Նա արեց, ինչ որ կարող էր. նախօրոք օծեց իմ մարմինը՝ թաղմանը նախապատրաստելու համար։

9 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ որ այս Ավետարանը քարոզվի, ի հիշատակ նրա՝ այդ արարքի մասին էլ կպատմվի»։

Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին

10 Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, քահանայապետների մոտ գնաց, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։

11 Երբ նրանք լսեցին, ուրախացան ու խոստացան նրան արծաթադրամ տալ։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում, թե ինչպե՛ս մատներ նրան։

Վերջին ընթրիքը

12 Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկականգառնէին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։

13 Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։

14 Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. “Վարդապետն ասում է. “Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։

15 Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար»։

16 Աշակերտները գնացին քաղաք ուամեն ինչգտան այնպես, ինչպես իրենց ասել էր Հիսուսը, և պատրաստեցին զատկական ընթրիքը։

17 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ եկավ։

18 Մինչ սեղան էին նստել և ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը, ով ինձ հետ ուտում է, կմատնի ինձ»։

19 Նրանք տրտմեցին ու սկսեցին մեկը մյուսի հետևից նրան հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը՝ «Մի՞թե ես եմ»։

20 Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։

21 Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։

Հաղորդության խորհրդի հաստատումը

22 Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։

23 Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնելով՝ նրանց տվեց, և բոլորն էլ խմեցին դրանից։

24 Եվ նրանց ասաց. «Այս է նորուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։

25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծու արքայության մեջ»։

26 Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։

Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը

27 Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է.

“Հովվին կհարվածեմ,

և ոչխարները կցրվեն”։

28 Բայց իմ հարություն առնելուց հետո ձեզանից առաջ Գալիլեա կգնամ»։

29 Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց եսչեմ գայթակղվի»։

30 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այսօր՝ հենց այս գիշեր, դեռ աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»։

31 Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։

Աղոթք Գեթսեմանիում

32 Եկան մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։

33 Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. սկսեց տագնապել ու տխրել։

34 Այդժամ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու արթո՛ւն կացեք»։

35 Եվ փոքր-ինչ առաջ գնաց, երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։

36 Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակն ինձանից հեռացրո՛ւ, բայց թող չլինի, ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու»։

37 Ապա Հիսուսը եկավ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մի ժամ արթուն մնալ։

38 Արթո՛ւն կացեք ու աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

39 Եվ դարձյալ գնաց, աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։

40 Վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, ու չգիտեին՝ նրան ի՛նչ պատասխանեին։

41 Երրորդ անգամ եկավ ու նրանց ասաց. «Դուք դեռ քնա՞ծ եք և հանգստանո՞ւմ եք։ Բավական է։ Ժամը եկավ, և ահա Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։

42 Վե՛ր կացեք գնանք. ահա ինձ մատնողը մոտեցավ»։

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

43 Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։

44 Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։

45 Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։

46 Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։

47 Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։

48 Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։

49 Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։

50 Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։

51 Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկմարմնինսավան փաթաթած։ Նրան բռնեցին։

52 Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։

Հիսուսն ատյանի առջև

53 Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, և բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։

54 Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետիպալատիգավթի ներսը. սպասավորների հետ նստել էր այնտեղ ու կրակի մոտ տաքանում էր։

55 Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։

56 Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։

57 Ոմանք վեր կացան, նրա դեմ սուտ վկայեցին՝ ասելով.

58 «Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. “Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու երեք օրում մեկ ուրիշը՝ անձեռակերտը, կկառուցեմ”»։

59 Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։

60 Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք քո դեմ այս ի՞նչ են վկայում»։

61 Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծու Որդին»։

62 Հիսուսը պատասխանեց. «Ես եմ։

Եվ դուք պիտի տեսնեք Մարդու Որդուն՝

նստած Զորության աջ կողմում

և երկնքի ամպերով գալիս(Դան. 7.13)»։

63 Եվ քահանայապետը, իր պատմուճանը պատռելով, ասաց. «Այլևս կարիք ունե՞նք վկաների։

64 Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։

65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։

Պետրոսի ուրանալը

66 Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ

67 և տեսավ Պետրոսին, որ տաքանում էր. նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։

68 Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ գիտեմ և ո՛չ էլ հասկանում եմ, թե դու ի՛նչ ես ասում»։ Նա նախագավիթ դուրս եկավ, և աքաղաղը կանչեց։

69 Աղախինը տեսավ նրան և այնտեղ գտնվողներին դարձյալ սկսեց ասել. «Սա էլ է նրանցից»։

70 Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ հետո այնտեղ գտնվողները Պետրոսին դարձյալ ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է»։

71 Պետրոսը սկսեց նզովել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։

72 Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։

Categories
Մարկոս

Մարկոս 15

Հիսուսը Պիղատոսի առջև

1 Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։

2 Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Դո՛ւ ես ասում»։

3 Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։

4 Պիղատոսը նրան դարձյալ հարցրեց ու ասաց. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՛ն են քեզ ամբաստանում»։

5 Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։

Բարաբբան

6 Ամեն Զատկի տոնին Պիղատոսը նրանց համար մի բանտարկյալ էր արձակում, ում համար որ նրանք խնդրում էին։

7 Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։

8 Ամբոխն սկսեց բարձրաձայն աղաղակել ու պահանջել, որ Պիղատոսն անի այն, ինչ միշտ անում էր իրենց համար։

9 Պիղատոսը նրանց հարցրեց. «Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար».

10 որովհետև նա գիտեր, որ քահանայապետները նախանձից էին հանձնել նրան։

11 Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որպահանջեն՝Բարաբբային իրենց համար արձակի։

12 Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց ու ասաց. «Ապա ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք ասում»։

13 Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։

14 Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։

15 Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։

16 Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։

17 Նրան ծիրանի հագցրին ուգլխինփշերից հյուսված պսակ դրեցին։

18 Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։

19 Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա և ծնկի գալով երկրպագում էին նրան։

20 Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։

Հիսուսի խաչելությունը

21 Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հորը, որը գալիս էր արտից, որ կրի Հիսուսի խաչափայտը։

22 Եվ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է նշանակում։

23 Նրան զմուռս խառնած գինի տվեցին, որ խմի, բայց նա չվերցրեց։

24 Ապա նրան խաչեցին և նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի։

25 Երրորդ ժամնէր, երբ նրան խաչեցին։

26 Եվ գրված էր նրա հանցանքի պատճառը՝ «ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։

27 Հիսուսի հետ խաչեցին երկու ավազակների. մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։

28 Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքում գրվածը, որ ասում էր. «Անօրենների շարքը դասվեց»։

29 Անցորդները հայհոյում էին նրան և իրենց գլուխները շարժելով՝ ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում։

30 Փրկի՛ր քո անձը ու իջի՛ր խաչից»։

31 Նույնպես էլ քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, իր անձը չի կարողանում փրկել։

32 Ասում է՝ Քրիստոսն է՝ Իսրայելի թագավորը. թող հիմա խաչից իջնի, որ տեսնենք ու հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ էին նրան նախատում։

Հիսուսի մահը

33 Վեցերորդ ժամինամբողջ երկրի վրա խավարը տիրեց մինչև իններորդ ժամը։

34 Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց.«Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի»,որ թարգմանվում է՝«Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»(Սաղ. 22.1)։

35 Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին այս, ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։

36 Մեկն առաջ վազեց, սպունգը քացախի մեջ թրջեց, եղեգի վրա դրեց և Հիսուսին տվեց, որ խմի, ասելով. «Թողեք տեսնենք՝ Եղիան կգա՞, որ նրան խաչից իջեցնի»։

37 Ապա Հիսուսը բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց։

38 Եվ տաճարի վարագույրը վերևից ներքև երկումասիպատռվեց։

39 Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ՝ նրա դիմաց, տեսնելով, թե ինչպեսՀիսուսնաղաղակելով հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես որ Աստծու Որդին էր»։

40 Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։

41 Նրանք ևս, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից ու ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։

Հիսուսի թաղումը

42 Երբ երեկո եղավ, քանի որ ուրբաթ էր՝ շաբաթ օրվա նախօրեն,

43 եկավ Արիմաթեացի Հովսեփը, որը խորհրդի երևելի անդամ էր և ինքն էլ էր Աստծու արքայությանն սպասում։ Նա համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել և խնդրել Հիսուսի մարմինը։

44 Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն արդեն մեռել էր։ Նա հարյուրապետին իր մոտ կանչեց, նրան հարցրեց ու ասաց. «Վաղո՞ւց է, որ մեռել է»։

45 Եվ հարյուրապետից տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին շնորհեց։

46 Հովսեփըկտավ գնեց, Հիսուսին իջեցրեց, կտավով պատեց ու նրան մի ժայռափոր գերեզմանի մեջ դրեց։ Ապա նա գերեզմանի մուտքին մի քար գլորեց։

47 Մարիամ Մագդաղենացին ու ՀովսեսիմայրՄարիամը տեսանայն տեղը,ուր նա դրվեց։

Categories
Մարկոս

Մարկոս 16

Հիսուսի հարությունը

1 Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, ՀակոբոսիմայրՄարիամն ու Սալոմեն խունկեր գնեցին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։

2 Եվ շաբաթվա առաջին օրըվաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։

3 Եվ միմյանց ասում էին. «Գերեզմանի մուտքից մեզ համար քարը ո՞վ կգլորի»։

4 Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ էր գլորված. այն շատ մեծ էր։

5 Գերեզման մտան և մի երիտասարդի տեսան՝ աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուճան, և վախեցան։

6 Եվ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։

7 Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին ու Պետրոսին ասացե՛ք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»։

8 Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։

Հիսուսի երևումները

9 Հիսուսը հարություն առնելուց հետո՝ շաբաթվա առաջին օրվա առավոտյան, նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։

10 Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։

11 Իսկ երբ նրանք լսեցին, որ Հիսուսը ողջ է ու երևացել է նրան, չհավատացին։

12 Հետո Հիսուսը այլ կերպարանքով երևաց նրանց, ովքեր արտ էին գնում։

13 Նրանք ևս գնացին և մյուսներին պատմեցին, բայց ոչ էլ նրանց հավատացին։

14 Վերջում, երբ տասնմեկ աշակերտները սեղան էին նստել, Հիսուսը երևաց նրանց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու քարսրտության համար, որ չհավատացին նրանց, ովքեր իրեն տեսել էին հարություն առած։

Հիսուսի աշակերտների առաքելությունը

15 Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։

16 Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։

17 Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն,

18 ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն»։

Հիսուսի համբարձումը

19 Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Աստծու աջ կողմում։

20 Իսկ նրանք գնացին և քարոզում էին ամենուր Տիրոջ գործակցությամբ և իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։