Categories
Մատթեոս

Մատթեոս 21

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

1 Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց

2 և նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։

3 Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։

4 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը.

5 «Սիոնի դստերն ասե՛ք.

“Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝

հեզ, էշին ու քուռակին հեծած”(Զաք. 9.9)»։

6 Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։

7 Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։

8 Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։

9 Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում.

«Օվսաննա՜ Դավթի Որդուն(եբր. Սաղ. 118.25),

օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը(Սաղ. 118.26).

օվսաննա՜ Բարձրյալին»։

10 Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։

Տաճարում առևտուր անողների վտարումը

11 Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։

12 Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։

13 Եվ ասաց նրանց. «Գրված է.

“Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի”(Ես. 56.7բ),

իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։

Հիսուսը տաճարում

14 Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։

15 Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները և երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն», բարկացան։

16 Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել.

“Մանուկների ու կաթնակերների բերանով

օրհնություն կատարեցիր”(Սաղ. 8.2)»։

17 Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։

Անիծված թզենին

18 Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։

19 Ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ։

20 Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։

21 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ “Ե՛լ և ծո՛վն ընկիր”, կկատարվի։

22 Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

23 Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։

24 Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։

25 Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. “Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան”,

26 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։

27 Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։

Առակ երկու որդիների մասին

28 Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. “Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր”։

29 Իսկ նա պատասխանեց ու ասաց. “Չեմ ուզում”, բայց հետո զղջաց ու գնաց։

30 Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. “Կգնա՛մ, տե՛ր”, ու չգնաց։

31 Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։

32 Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։

Չար մշակների առակը

33 Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։

34 Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։

35 Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։

36 Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։

37 Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. “Իմ որդուց կամաչեն”։

38 Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. “Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք”։

39 Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։

40 Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։

41 Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։

42 Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել.

“Այն քարը, որ շինարարները մերժեցին,

անկյունաքար դարձավ.

սա Տիրոջ կողմից եղավ,

և մեր աչքին զարմանալի է”(Սաղ. 118.22-23)։

43 Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։

44 Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։

45 Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։

46 Եվ ուզում էին նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև նրան մարգարե էին համարում։

Categories
Մատթեոս

Մատթեոս 22

Հարսանիքի հրավիրվածների առակը

1 Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց.

2 «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։

3 Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայցնրանքչկամեցան գալ։

4 Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. “Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի””։

5 Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։

6 Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։

7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։

8 Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։

9 Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք”։

10 Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։

11 Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։

12 Նրան ասաց. “Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար”։ Նա պապանձվեց։

13 Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. “Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։

14 Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ”»։

Կայսրին տրվելիք հարկը

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։

16 Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։

17 Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։

18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։

19 Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։

20 Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։

21 Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։

22 Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։

Հարության մասին

23 Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան

24 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց.”Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի”(Բ Օր. 25.5)։

25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։

26 Նույն կերպ էլ երկրորդեղբայրը, երրորդը…, մինչև յոթերորդը։

27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։

28 Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։

29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։

30 Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։

31 Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը.

32 “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։

33 Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։

Ամենամեծ պատվիրանը

34 Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։

35 Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց.

36 «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։

37 Հիսուսը նրան ասաց.«”Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով”(Բ Օր. 6.5)։

38 Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։

39 Երկրորդը նման է սրան.”Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ”(Ղևտ. 19.18,Մտթ. 5.43)։

40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։

Ո՞ւմ որդին է Քրիստոսը

41 Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց.

42 «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։

43 Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան “Տեր” է կոչում՝ ասելով.

44 “Տերն իմ Տիրոջն ասաց.

Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև քո թշնամիներին

իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ”(Սաղ. 110.1)։

45 Արդ, եթե Դավիթը նրան “Տեր” է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։

46 Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։

Categories
Մատթեոս

Մատթեոս 23

Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից

1 Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց.

2 «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։

3 Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։

4 Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։

5 Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներնեն լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։

6 Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները,

7 հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից “Ռա՛բբի, Ռա՛բբի” կոչվելը։

8 Բայց դուքթույլ մի՛ տվեք,որ ձեզ “Ռաբբի” կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։

9 Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ “Հայր” մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։

10 Ոչ էլ “ուսուցիչներ” կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։

11 Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։

12 Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։

13 Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։

14 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։

15 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։

16 Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։

17 Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։

18 Նաև ասում եք՝ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։

19 Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։

20 Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։

21 Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։

22 Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։

23 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։

24 Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։

25 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։

26 Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։

27 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։

28 Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

29 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։

30 Եվ ասում եք. “Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի”։

31 Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։

32 Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։

33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։

34 Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։

35 Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։

36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա։

Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ

37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։

38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։

39 Որովհետև ասում եմ ձեզ,որայսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք.

“Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը”(Սաղ. 118.26,Մտթ. 21.9)»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 24

Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին

1 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։

2 Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։

3 Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։

Տառապանքներ և հալածանքներ

4 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի,

5 որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն։

6 Լսելու եք պատերազմներիձայներու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։

7 Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։

8 Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։

9 Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։

10 Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։

11 Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։

12 Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։

13 Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

14 Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։

Մեծ սրբապղծությունը

15 Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),

16 այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,

17 ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու,

18 ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։

19 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։

20 Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։

21 Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։

22 Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։

23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ”, չհավատաք։

24 Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավորլինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։

25 Ահա նախապես ձեզ ասացի։

26 Արդ, եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, “Ահա մառանում է”, չհավատաք։

27 Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու.

28 որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։

Մարդու Որդու գալուստը

29 Նեղության այդ օրերից հետո

արեգակն իսկույն կխավարի,

լուսինն էլ իր լույսը չի տա.

աստղերը երկնքից կընկնեն,

ու երկնքի զորությունները կշարժվեն։

30 Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնենՄարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով(Դան. 7.13,Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։

31 Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։

Թզենու դասը

32 Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։

33 Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որվերջըդռների մոտ է։

34 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։

35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։

Օրը և ժամը ոչ ոք չգիտի

36 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

37 Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։

38 Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,

39 և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։

40 Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։

41 Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։

42 Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։

43 Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։

44 Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։

Հավատարիմ և չար ծառաները

45 Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։

46 Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։

47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։

48 Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”,

49 և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել,

50 այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։

51 Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 25

Տասը կույսերի առակը

1 «Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։

2 Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։

3 Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։

4 Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։

5 Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։

6 Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. “Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու”։

7 Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։

8 Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են”։

9 Իմաստունները պատասխանեցին ու ասացին. “Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք”։

10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։

11 Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։

12 Իսկ նա պատասխանեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում”։

13 Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։

Երեք ծառաների առակը

14 Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց.

15 մեկին հինգ քանքարտվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։

16 Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։

17 Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։

18 Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։

19 Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։

20 Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի”։

21 Եվ նրա տերը նրան ասաց. “Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ”։

22 Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի”։

23 Նրա տերն ասաց նրան. “Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ”։

24 Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. “Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։

25 Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը”։

26 Նրա տերը պատասխանեց և ասաց. “Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։

27 Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։

28 Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։

29 Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։

30 Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց”։

Վերջին դատաստանը

31 Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա, և նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։

32 Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։

33 Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։

34 Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. “Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

35 Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք,

36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։

37 Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։

38 Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։

39 Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք”։

40 Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք”։

41 Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. “Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։

42 Որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան չտվեցիք,

43 օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք”։

44 Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք և քեզ չծառայեցինք”։

45 Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք”։

46 Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 26

Դավ Հիսուսի դեմ

1 Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց.

2 «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։

3 Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում

4 և խորհուրդ արեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։

5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Հիսուսի օծումը Բեթանիայում

6 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոն բորոտի տանը,

7 նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստրե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստել, նա այն նրա գլխին թափեց։

8 Աշակերտները, այդ տեսնելով, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար էր յուղի այդ վատնումը։

9 Որովհետև կարելի էր այդ յուղը բարձր գնով վաճառել և աղքատներին տալ»։

10 Հիսուսը, այդ իմանալով, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդ կնոջն անհանգստացնում. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։

11 Աղքատներն ամեն ժամ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։

12 Նա, այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով, ինձ թաղման նախապատրաստեց։

13 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց»։

Մատնության գինը

14 Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց

15 ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին,տվեցիննրան։

16 Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում նրան մատնելու։

Վերջին ընթրիքը

17 Բաղարջակերացտոնիառաջինօրըաշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։

18 Նա ասաց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, ու նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մոտ է. իմ աշակերտների հետ Զատիկը քեզ մոտ եմ տոնելու”»։

19 Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, և պատրաստեցին զատկական ընթրիքը։

20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ սեղան նստեց։

21 Եվ մինչ նրանք ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։

22 Աշակերտները շատ տխրեցին և սկսեցին մեկառմեկ նրան հարցնել. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։

23 Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։

24 Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։

25 Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։

Հաղորդության խորհրդի հաստատումը

26 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։

27 Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից,

28 որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։

29 Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։

30 Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։

Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը

31 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է.

“Հովվին կհարվածեմ,

և հոտի ոչխարները կցրվեն”(Զաք. 13.7բ)։

32 Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ»։

33 Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։

34 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։

35 Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։

Աղոթք Գեթսեմանիում

36 Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։

37 Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել ու տագնապել։

38 Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։

39 Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։

40 Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։

41 Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

42 Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։

43 Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։

44 Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։

45 Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։

46 Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

47 Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։

48 Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։

49 Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։

50 Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։

51 Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։

52 Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։

53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդուղարկի։

54 Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։

55 Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։

56 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։

Հիսուսը ատյանի առջև

57 Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։

58 Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։

59 Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։

60 Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան

61 և ասացին. «Սա ասում էր. “Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել”»։

62 Քահանայապետը վեր կացավ և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։

63 Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։

64 Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ.

Այսուհետ կտեսնեքՄարդու Որդուն՝

նստած Զորության աջ կողմում

և երկնքի ամպերի վրայով գալիս(Դան. 7.13,Մտթ. 24.30բ)»։

65 Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։

66 Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։

67 Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով.

68 «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։

Պետրոսն ուրանում է Հիսուսին

69 Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։

70 Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։

71 Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։

72 Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։

73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։

74 Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։

75 Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։

Categories
Մատթեոս

Մատթեոս 27

Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ

1 Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին, որպեսզի նրան սպանեն։

2 Նրան կապեցին և տարան ու Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին։

Հուդայի մահը

3 Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝

4 ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։

5 Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։

6 Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։

7 Եվ խորհրդակցելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես օտարականների գերեզմանատեղի։

8 Դրա համար այդ ագարակը մինչ օրս կոչվում է «Արյան ագարակ»։

9 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Վերցրին երեսուն արծաթը՝ այն գինը, որ գնահատել էին Իսրայելի որդիները,

10 և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։

Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին

11 Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։

12 Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։

13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։

14 Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։

Բարաբբան

15 Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։

16 Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։

17 Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։

18 Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։

19 Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտմարդուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։

20 Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։

21 Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։

22 Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։

23 Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։

24 Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։

25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։

26 Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։

27 Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։

28 Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին։

29 Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։

30 Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։

31 Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։

Հիսուսի խաչելությունը

32 Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։

33 Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում,

34 Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։

35 Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։

36 Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։

37 Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։

38 Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։

39 Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները

40 և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։

41 Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում.

42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։

43 Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ “Աստծու Որդին եմ”»։

44 Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։

Հիսուսի մահը

45 Վեցերորդ ժամիցամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։

46 Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց.«Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»(Սաղ. 22.1)։

47 Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։

48 Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։

49 Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։

50 Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։

51 Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկումասիպատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։

52 Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։

53 Ու գերեզմաններից դուրս ելնելով՝ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և շատերին հայտնվեցին։

54 Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։

55 Այնտեղ բազում կանայք կային, որ հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։

56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։

Հիսուսի թաղումը

57 Երբ երեկո եղավ, Արիմաթեայից Հովսեփ անունով մի հարուստ մարդ եկավ։ Նա ևս աշակերտել էր Հիսուսին։

58 Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։

59 Հովսեփը, մարմինը վերցնելով, մաքուր կտավով պատանեց

60 ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։

61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ գերեզմանի դիմաց նստած։

Գերեզմանի պահպանումը

62 Եվ ուրբաթին հաջորդող օրը քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ

63 և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։

64 Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. “Մեռելներից հարություն առավ”։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։

65 Պիղատոսը նրանց ասաց. «Պահապան զինվորներ ունեք. գնացե՛ք, զգո՛ւյշ հսկեք, ինչպես որ գիտեք»։

66 Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։

Categories
Մատթեոս

Մատթեոս 28

Հիսուսի հարությունը

1 Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։

2 Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։

3 Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։

4 Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։

5 Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։

6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։

7 Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. “Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք”։ Ահա ասացի ձեզ»։

8 Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։

Հիսուսը երևում է յուղաբեր կանանց

9 Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։

10 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան և այնտեղ ինձ կտեսնեն»։

11 Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։

12 Իսկնրանք, ծերերի հետ հավաքվելով, խորհրդակցեցին, զինվորներին բավական արծաթ տվեցին

13 և ասացին. «Ասե՛ք. “Երբ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան և նրան գողացան”։

14 Իսկ եթե այս լուրը կառավարչին հասնի, մենք նրան կհամոզենք և ձեզ հոգսից կազատենք»։

15 Զինվորները վերցրին արծաթը և արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչև այսօր տարածված է հրեաների մեջ։

Հիսուսի վերջին պատգամը

16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։

17 Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։

18 Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։

19 Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով,

20 սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։