Categories
Մատթեոս

Մատթեոս 11

Հովհաննես Մկրտչի պատգամաբերները

1 Երբ Հիսուսն իր տասներկու աշակերտներին պատվեր տալն ավարտեց, այնտեղից գնաց ուսուցանելու և քարոզելու նրանց քաղաքներում։

2 Իսկ Հովհաննեսը, բանտում Քրիստոսի գործերի մասին լսելով, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով

3 նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։

4 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։

5 Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում։

6 Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։

Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին

7 Բայց երբ նրանք գնացին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։

8 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են։

9 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարեն։

10 Որովհետև այդ նա է, ում մասին գրված է.

“Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից,

որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը”(Մղք. 3.1)։

11 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։

12 Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։

13 Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։

14 Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։

15 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

16 Բայց այս սերնդին ո՞ւմ նմանեցնեմ. նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին

17 ու ասում.

“Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք.

մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք”։

18 Որովհետև Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. “Նրա մեջ դև կա”։

19 Մարդու Որդին եկավ, ուտում է և խմում, ու ասում են. “Ահա մի մարդ՝ ուտող և գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է”, և իմաստությունն արդարացվեց նրա գործերից»։

Վա՜յ անհավատ քաղաքներին

20 Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։

21 «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։

22 Բայց ձեզ ասում եմ. Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։

23 Եվ դու, Կափառնաո՛ւմ,

որ մինչև երկինք ես բարձրացել,

մինչև դժոխք պիտի իջնես.

որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։

24 Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։

Գոհություն երկնավոր Հորը

25 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, երկնքի ու երկրի Տե՛ր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։

26 Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։

27 Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։

28 Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

29 Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,

30 որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 12

Շաբաթ օրը հարգելու հարցը

1 Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել։

2 Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում ենայն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։

3 Իսկ նա ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ ինքն ու իր հետ եղողները քաղցեցին.

4 ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։

5 Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։

6 Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։

7 Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում”Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ”(Ովս. 6.6), անմեղներին չէիք դատապարտի։

8 Սակայն Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։

Չորացած ձեռքի բժշկումը

9 Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։

10 Եվ ահաայնտեղձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։

11 Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։

12 Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։

13 Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։Նա չորացած ձեռքըմեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։

14 Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։

15 Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։

16 Եվ պատվիրեց նրանց, որ իրմասինչհայտնեն,

17 որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը.

18 «Ահա իմ ծառան, որին ընտրեցի,

իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ.

իմ Հոգին նրա վրա կդնեմ,

և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։

19 Նա չի հակառակվի, չի աղաղակի,

և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։

20 Ջախջախված եղեգը չի փշրի

և առկայծող պատրույգը չի հանգցնի,

մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։

21 Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա»(Ես. 42.1-4)։

Հիսուսը և Բեեղզեբուղը

22 Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։

23 Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։

24 Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերինայլ կերպչի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։

25 Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։

26 Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։

27 Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։

28 Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։

29 Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։

30 Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։

31 Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։

32 Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։

33 Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։

34 Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։

35 Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։

36 Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։

37 Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։

Նշանի հայցում

38 Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին պատասխանեցին՝ ասելով. «Վարդապե՛տ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»։

39 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։

40 Որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում։

41 Նինվեացիները դատաստանին այս սերնդի հետ վեր կկենան և կդատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծն է։

42 Հարավի թագուհին դատաստանին այս սերնդի հետ վեր կկենա և կդատապարտի նրան, որովհետև երկրի մյուս ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։

Պիղծ ոգու վերադարձը

43 Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում, բայց չի գտնում։

44 Այդ ժամանակ ասում է. “Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա”։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։

45 Այդ ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։

Հիսուսի մայրն ու եղբայրները

46 Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։

47 Եվ մեկն ասաց նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ, դրսում կանգնած, ուզում են խոսել քեզ հետ»։

48 Նա պատասխանեց իրեն ասողին ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»։

49 Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով՝ ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։

50 Որովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 13

Սերմնացանի առակը

1 Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։

2 Նրա շուրջը ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։

3 Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով.

4 «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։

5 Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։

6 Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։

7 Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։

8 Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։

9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

10 Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։

11 Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։

12 Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։

13 Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում։

14 Եվ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է.

“Շարունակ կլսեք ու չեք հասկանա,

անդադար կնայեք ու չեք տեսնի։

15 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ,

ևիրենցականջներով ծանր լսեցին

և իրենց աչքերը փակեցին,

որ երբեք աչքերով չտեսնեն

և ականջներով չլսեն

և սրտով չիմանան ու դարձի չգան,

և նրանց չբժշկեմ”(Ես. 6.9-10)։

16 Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։

17 Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին։

Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը

18 Արդ դուք լսե՛ք սերմնացանի առակը։

19 Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։

20 Քարքարոտ վայրում սերմանվածը նա է, ով խոսքը լսելիս իսկույն ուրախությամբ ընդունում է այն,

21 բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։

22 Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։

23 Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը և հասկանում ու պտուղ է տալիս. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ»։

Որոմների առակը

24 Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։

25 Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։

26 Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։

27 Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. “Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է”։

28 Իսկ նա ասաց նրանց. “Թշնամի մարդն է դա արել”։ Ծառաները նրան ասացին. “Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք”։

29 Նա ասաց. “Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։

30 Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. “Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ”»։

Մանանեխի հատիկի և թթխմորի առակը

31 Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։

32 Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։

33 Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։

34 Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում,

35 որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.

«Առակներով կբացեմ իմ բերանը,

կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկվածբաները» (Սաղ. 78.2)։

Հիսուսը մեկնում է որոմների առակը

36 Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։

37 Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է,

38 իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։

39 Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։

40 Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։

41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին

42 և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։

43 Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։

Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը

44 Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։

45 Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում

46 և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։

47 Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակձուկէ հավաքում,

48 և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։

49 Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն

50 ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։

51 Հիսուսը նրանց ասաց. «Այդ բոլորը հասկացա՞ք»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։

52 Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։

Հիսուսը մերժվում է հայրենի քաղաքում

53 Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, այդտեղից հեռացավ։

54 Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։

55 Սա հյուսնի որդին չէ՞, սրա մայրը Մարիամ չի՞ կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա։

56 Սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն։ Որտեղի՞ց սրան այս ամենը»։

57 Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։

58 Եվ Հիսուսը նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։

Categories
Մատթեոս

Մատթեոս 14

Հովհաննես Մկրտչի գլխատումը

1 Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը

2 և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։

3 Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել ու բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով,

4 քանի որ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քեզ չի թույլատրվում նրանկնության առնել»։

5 Եվ ցանկանում էր նրան սպանել,բայցժողովրդից վախենում էր, որովհետև Հովհաննեսին որպես մարգարեի էին ընդունում։

6 Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկըհրավիրյալների առաջպարեց, և Հերովդեսին դա դուր եկավ։

7 Նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր։

8 Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։

9 Թագավորը տրտմեց, բայց իր երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի։

10 Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու։

11 Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլայնիր մորը տարավ։

12 Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

13 Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։

14 Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։

15 Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, ժամն էլ ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։

16 Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։

17 Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։

18 Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։

19 Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։

20 Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։

21 Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։

Հիսուսը քայլում է ջրի վրայով

22 Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։

23 Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր,

24 իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։

25 Գիշերվա չորրորդ պահինՀիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։

26 Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։

27 Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։

28 Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։

29 Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։

30 Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։

31 Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։

32 Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։

33 Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։

Բժշկումներ Գեննեսարեթում

34 Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։

35 Տեղաբնակները, Հիսուսին ճանաչելով,մարդուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։

36 Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։

Categories
Մատթեոս

Մատթեոս 15

Վեճ նախնիների ավանդույթի շուրջ

1 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան դպիրներն ու փարիսեցիները և ասացին.

2 «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։

3 Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Հապա դո՞ւք ինչու եք ձեր ավանդույթների պատճառով Աստծու պատվիրաններն անտեսում։

4 Որովհետև Աստված ասել է.”Պատվի՛ր քո հորն ու մորը”(Ելք 20.12,Բ Օր. 5.16)և”Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի”(Ելք 21.17,Ղևտ. 20.9)։

5 Իսկ դուք ասում եք. “Ով իր հորը կամ մորն ասի՝ “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ ընծայել”,

6 և կարող է իր հորը կամ իր մորը չպատվել”։ Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծու պատվիրանը։

7 Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին լավ է մարգարեացել՝ ասելով.

8 “Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,

իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել։

9 Զուր են ինձ պաշտում,

երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ”(Ես. 29.13)»։

Մաքուրը և անմաքուրը

10 Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք ու հասկացե՛ք.

11 մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ նրա բերանն է մտնում, այլ այն, ինչ նրա բերանից է դուրս գալիս»։

12 Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Գիտե՞ս, որ երբ փարիսեցիներն այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին»։

13 Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։

14 Թողե՛ք նրանց. նրանք կույր են և կույրերի առաջնորդներ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»։

15 Այդժամ Պետրոսը Հիսուսին ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։

16 Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։

17 Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։

18 Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։

19 Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։

20 Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։

Քանանացի կնոջ հավատը

21 Հիսուսն այնտեղից դուրս ելավ և Տյուրոսի ու Սիդովնի կողմերը գնաց։

22 Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։

23 Սակայն Հիսուսը նույնիսկմիբառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան՝ ասելով. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։

24 Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։

25 Իսկկինըեկել և նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։

26 Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։

27 Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։

28 Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։

29 Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։

30 Եվ նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ. նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի։ Նրանց Հիսուսի ոտքերի առջև դրեցին, և նա բժշկեց նրանց,

31 այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։

Հացի երկրորդ բազմացումը

32 Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։

33 Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։

34 Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»։

35 Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։

36 Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։

37 Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։

38 Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։

39 Հիսուսը բազմությանն արձակելուց հետո նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ։

Categories
Մատթեոս

Մատթեոս 16

Երկնային նշանի հայցում Հիսուսից

1 Հիսուսի մոտ եկան փարիսեցիներն ու սադուկեցիները և նրան փորձելու համար խնդրում էին, որ իրենց երկնային մի նշան ցույց տա։

2 Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. “Լավ եղանակկլինի, որովհետև երկինքը շառագունել է”։

3 Իսկ առավոտյան ասում եք. “Այսօր վատ եղանակկլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է”։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։

4 Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ թողեց նրանց ու հեռացավ։

Փարիսեցիների և սադուկեցիների խմորը

5 Երբ աշակերտները լճի մյուս ափը գնացին, մոռացան հաց վերցնել։

6 Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։

7 Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»։

8 Հիսուսը հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։

9 Դեռ չե՞ք հասկացել կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք,

10 ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք։

11 Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք»։

12 Այն ժամանակ հասկացան, որ հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների աղանդից զգուշանալու։

Ո՞վ է Հիսուսը

13 Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։

14 Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։

15 Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։

16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։

17 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։

18 Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոսես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։

19 Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։

20 Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

21 Դրանից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։

22 Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։

23 Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։

Հիսուսին հետևելու պայմաններ

24 Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։

25 Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։

26 Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։

27 Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակների հետ և այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի։

28 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև Մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս չտեսնեն»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 17

Հիսուսի պայծառակերպությունը

1 Վեց օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ վերցրեց և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։

2 Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։

3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։

4 Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։

5 Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայնլսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։

6 Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։

7 Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։

8 Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։

9 Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։

10 Աշակերտները նրան հարցրին. «Արդ դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։

11 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի։

12 Սակայն ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան։ Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։

13 Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։

Դիվահար տղայի բժշկումը

14 Երբ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց.

15 «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։

16 Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել»։

17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Նրան ինձ մոտ՝ այստե՛ղ բերեք»։

18 Հիսուսը նրան սաստեց, և դևը նրա միջից դուրս ելավ, ու տղան նույն պահին բժշկվեց։

19 Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։

20 Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ “Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր”, այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։

21 Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։

Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին

22 Երբ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսը նրանց ասաց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։

23 Նրան սպանելու են, և երրորդ օրը նա հարություն է առնելու»։ Եվնրանքշատ տրտմեցին։

Տաճարի տուրքի վճարումը

24 Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։

25 Նա ասաց. «Այո՛, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։

26 Երբ Պետրոսը նրան պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։

27 Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր իմ ու քո տեղը»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 18

Ո՞վ է մեծ

1 Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։

2 Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց

3 և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։

4 Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։

5 Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Գայթակղության մասին

6 Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։

7 Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։

8 Եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ կաղ կամ հաշմանդամ կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։

9 Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես։

10 Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը։

11 Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։

Կորուսյալ ոչխարը

12 Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։

13 Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։

14 Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։

15 Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։

16 Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզիերկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի(Բ Օր. 19.15)։

17 Սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի։

18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում։

19 Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։

20 Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

21 Այդ ժամանակ Պետրոսը, մոտենալով նրան, ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։

22 Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ։

Պարտատեր ծառայի առակը

23 Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։

24 Երբ սկսեցհաշիվըտեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար։

25 Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել։

26 Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան և ասում. “Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ”։

27 Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։

28 Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինարէր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. “Պարտքդ վերադարձրո՛ւ”։

29 Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջն ընկավ, աղաչում էր նրան և ասում. “Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ”։

30 Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան բանտ գցեց, մինչև պարտքը հատուցեր։

31 Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և եկան, ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։

32 Այդ ժամանակ տերը նրան իր մոտ կանչեց և ասաց. “Չա՛ր ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։

33 Պետք չէ՞ր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի”։

34 Եվ տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։

35 Այդպես էլ իմ երկնավոր Հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրն իր եղբոր հանցանքները սրտանց չների»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 19

Ամուսնալուծության մասին

1 Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։

2 Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, և նրանց այնտեղ բժշկում էր։

3 Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։

4 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2)

5 ու ասաց.”Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն”(Ծնն. 2.24),

6 որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

7 Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։

8 Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։

9 Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։

10 Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»։

11 Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։

12 Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող էայս ճանապարհով ընթանալ,թող ընթանա»։

Հիսուսն օրհնում է մանուկներին

13 Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց։

14 Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։

15 Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։

Հարուստ երիտասարդը

16 Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիգործանեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։

17 Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում եսհավիտենականկյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։

18 Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց.«Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր,

19 պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»(Ելք 20.13-16,12,Բ Օր. 5.17-20,16,Ղևտ. 19.18)։

20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։

21 Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։

22 Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։

23 Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։

24 Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։

25 Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։

26 Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։

Առաքյալների վարձատրությունը

27 Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամենինչթողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։

28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։

29 Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։

30 Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 20

Մշակների առակը

1 «Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։

2 Եվ մշակների հետ օրավարձը մեկ դինար համաձայնության գալուց հետո նրանց իր այգին ուղարկեց։

3 Երրորդ ժամինմոտ դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որ հրապարակում անգործ կանգնել էին։

4 Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, ձեզ կտամ”։

5 Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։

6 Տասնմեկերորդ ժամինմոտ ևս դուրս ելնելով՝ գտավ ուրիշների՝ անգործ կանգնած, և նրանց հարցրեց. “Ինչո՞ւ եք ամբողջ օրն անգործ կանգնել այստեղ”։

7 Նրան պատասխանեցին. “Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք”։

8 Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին ու տո՛ւր նրանց վարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։

9 Ովքեր տասնմեկերորդ ժամին էին վարձվել, եկան և մեկական դինար ստացան։

10 Եկան նաև առաջին ժամին վարձվածները և կարծում էին, թե ավելին կստանան, սակայն նրանք էլ մեկական դինար ստացան։

11 Բայց երբ ստացան, տանտիրոջը տրտնջացին

12 ու ասացին. “Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրեցիր մեզ, որ օրվա ծանրությունն ու շոգը տարանք”։

13 Նա նրանցից մեկին պատասխանեց ու ասաց. “Ընկե՛ր, ես քեզ չեմ զրկում. չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։

14 Վերցրո՛ւ քոնը ու գնա՛։ Ես ուզում եմ այս վերջինին ևս վճարել այնքան, որքան քեզ։

15 Մի՞թե ես իրավունք չունեմ ուզածիս պես վարվելու ունեցածիս հետ. թե՞ գուցե նախանձում ես, որ ես բարի եմ”։

16 Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։

Հիսուսը կրկին խոսում է իր մահվան և հարության մասին

17 Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց.

18 «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու

19 և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։

Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը

20 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու նրանից մի բան խնդրեց։

21 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինը նրան ասաց. «Ասա՛, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն. մեկը՝ քո աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում»։

22 Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին. «Կարող ենք»։

23 Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դակտրվինրանց, որոնցհամարպատրաստված է իմ Հոր կողմից»։

24 Երբ մյուս տասը լսեցին, զայրացան երկու եղբայրների վրա։

25 Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ առաջնորդները տիրում են ազգերին, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա։

26 Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի,

27 և ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի,

28 ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի և շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա»։

Երիքովի երկու կույրերի բժշկումը

29 Երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց։

30 Ահա ճանապարհին երկու կույրերէին նստած։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։

31 Իսկ մարդիկ նրանց սաստում էին, որ լռեն. բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։

32 Հիսուսը կանգնեց, նրանց կանչեց ու ասաց. «Ի՞նչ եք ուզում,որանեմ ձեզ համար»։

33 Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։

34 Հիսուսը գթաց, նրանց աչքերին դիպավ, և նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու նրանք գնացին նրա հետևից։