Categories
Մատթեոս

Մատթեոս 1

Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը

1 Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։

2 Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին.

3 Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին.

4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.

5 Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։

6 Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից.

7 Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.

8 Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին.

9 Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.

10 Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Հովսիային։

11 Հովսիան ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակ։

12 Բաբելոնի գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին.

13 Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.

14 Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.

15 Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին.

16 Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում։

17 Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։

Հիսուսի ծնունդը

18 Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։

19 Նրա ամուսինը՝ Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։

20 Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։

21 Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։

22 Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը.

23 «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի,

և նրան կկոչեն Էմմանուել»(Ես. 7.14),

որ նշանակում է «Աստված մեզ հետ»։

24 Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։

25 Եվ նրան չմերձեցավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, և նրա անունը Հիսուս դրեց։

Categories
Մատթեոս

Մատթեոս 2

Մոգերի երկրպագությունը

1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի ԲեթլեհեմքաղաքումՀերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ

2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։

3 Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։

4 Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։

5 Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.

6 “Եվ դու, Բեթղեհե՛մ,

Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ,

քանի որ քեզանից իշխան պիտի ելնի,

որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին”(Միք. 5.2)»։

7 Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։

8 Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։

9 Նրանքթագավորինլսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։

10 Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։

11 Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ ևգետնինընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։

12 Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Փախուստ Եգիպտոս

13 Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։

14 Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս։

15 Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը.«Եգիպտոսից իմ որդուն կանչեցի»(Ովս. 11.1)։

Բեթլեհեմի մանուկների կոտորածը

16 Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նամարդուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։

17 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.

18 «Ռամայում ձայն լսվեց,

ողբ ու սաստիկ լացուկոծ.

Ռաքելը լալիս էր իր զավակների վրա

ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային»(Երմ. 31.15)։

Վերադարձ Եգիպտոսից

19 Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին

20 ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքն առնել ցանկացողները մեռել են»։

21 Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը։

22 Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։

23 Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։

Categories
Մատթեոս

Մատթեոս 3

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

1 Այն օրերին հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում

2 և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։

3 Սա նա է, ում մասին ասվել է Եսայի մարգարեի միջոցով.

«Անապատում կանչողի ձայնն է.

“Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը,

ուղի՛ղ արեք նրա շավիղները”»(Ես. 40.3)։

4 Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի բրդից հագուստ ուներ և մեջքին՝ կաշվե գոտի։ Նրա կերակուրը մորեխ ու վայրի մեղր էր։

5 Այդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի ողջ շրջակայքի բնակիչները։

6 Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում և խոստովանում իրենց մեղքերը։

7 Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իրմոտ՝մկրտությունըտեսնելու,նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։

8 Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։

9 Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք որպես հայր ունենք Աբրահամին”, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։

10 Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։

11 Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է իմ հետևից, ինձանից զորավոր է. ես արժանի չեմ անգամ նրա կոշիկները բռնելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով ու հրով։

12 Հոսելին նրա ձեռքում է. նա՛ կմաքրի իր կալը, ցորենը շտեմարանի մեջ կհավաքի, իսկ հարդը կայրի անշեջ հրով»։

Հիսուսի մկրտությունը

13 Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։

14 Հովհաննեսը կանխեց նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։

15 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը նրան թույլ տվեց։

16 Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։

17 Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 4

Հիսուսի փորձությունն անապատում

1 Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։

2 Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։

3 Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։

4 Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է.

“Ոչ միայն հացով է մարդն ապրում,

այլև այն ամեն խոսքով, որ

Աստծու բերանից է ելնում”(Բ Օր. 8.3)»։

5 Այդ ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց

6 ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ ցա՛ծ նետիր, որովհետև գրված է.

“Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի,

և նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն,

որ երբեք ոտքդ քարին չխփես”(Սաղ. 91.11ա,12)»։

7 Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է.”Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես”(Բ Օր. 6.16)»։

8 Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։

9 Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթեառջևսընկնելով երկրպագես ինձ»։

10 Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է.

“Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես

ու միայն նրան կպաշտես”(Բ Օր. 6.13)»։

11 Այդ ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան։

Քարոզչություն Գալիլեայում

12 Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, գնաց Գալիլեա.

13 թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում,

14 որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.

15 «Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր,

ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ,

հեթանոսների Գալիլեա՛.

16 ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած,

մեծ լույս տեսավ,

և մահվան ստվերով աշխարհում նստողների համար

լույս ծագեց»(Ես. 9.1-2)։

17 Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։

Ձկնորսներից՝ առաքյալներ

18 Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և Անդրեասին՝ նրա եղբորը. նրանք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորսներ էին։

19 Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։

20 Նրանք, իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից։

21 Այնտեղից առաջանալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։

22 Նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։

Բազմություններ Հիսուսի հետևից

23 Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։

24 Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։

25 Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից։

Categories
Մատթեոս

Մատթեոս 5

Լեռան քարոզը

1 Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։

2 Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում.

Երանիներ

3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։

6 Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։

7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

8 Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։

10 Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

11 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։

12 Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։

Երկրի աղը և աշխարհի լույսը

13 Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։

14 Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։

15 Ոչ էլ ճրագը վառում ու գրվանիտակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։

16 Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

17 Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։

18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։

19 Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։

20 Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։

21 Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին.”Մի՛ սպանիր”(Ելք 20.13,Բ Օր. 5.17). իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։

22 Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը “հիմար” ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը “անմիտ” ասի, գեհենի կրակին կդատապարտվի։

23 Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի,

24 թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։

25 Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։

26 Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լումանչվճարես։

27 Լսել եք, թե ի՛նչ ասվեց.”Մի՛ շնանա”(Ելք 20.14,Բ Օր. 5.18)։

28 Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։

29 Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։

30 Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։

31 Ասվել է նաև.”Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա”(Բ Օր. 24.1-4,Մտթ. 19.7)։

32 Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։

33 Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին.”Սուտ մի՛ երդվիր, բայցկատարի՛րայն, ինչ երդվել ես Տիրոջը”(Ղևտ. 19.12)։

34 Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է,

35 ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։

36 Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։

37 Ձեր խոսքը թող լինի “այո”-ն “այո”, և “ոչ”-ը՝ “ոչ”. սրանից ավելին չարից է։

Սեր թշնամիների հանդեպ

38 Լսել եք, թե ի՛նչ ասվեց.”Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ”(Ելք 21.24,Ղևտ. 24.20,Բ Օր. 19.21)։

39 Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։

40 Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։

41 Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։

42 Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

43 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. “Պիտի սիրես ընկերոջդ(Ղևտ. 19.18,Մտթ. 22.39)և պիտի ատես թշնամուդ”։

44 Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,

45 որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։

46 Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։

47 Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։

48 Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 6

Ողորմության մասին

1 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։

2 Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։

3 Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախձեռքըչիմանա, թե քո աջն ի՛նչ է անում,

4 որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։

Աղոթքի մասին

5 Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։

6 Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։

7 Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։

8 Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։

9 Արդ, դուք այսպե՛ս աղոթեք.

Տերունական աղոթք

“Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ լինի քո անունը.

10 քո արքայությունը գա,

քո կամքը լինի

ինչպես երկնքում,այնպեսէլ երկրի վրա։

11 Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։

12 Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը,

ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։

13 Եվ մի՛ տար մեզ փորձության,

այլ ազատի՛ր մեզ չարից”։

14 Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։

15 Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։

Ծոմապահության մասին

16 Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։

17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ,

18 որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպովերևասքո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։

Ճշմարիտ գանձը

19 Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։

20 Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում.

21 որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։

22 Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։

23 Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է,ապախավարը որքա՜նառավելկլինի։

Աստված և մամոնա

24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։

Ապավինում նախախնամությանը

25 Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։

26 Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։

27 Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։

28 Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։

29 Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։

30 Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։

31 Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու,

32 որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։

33 Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

34 Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 7

Մի՛ դատիր

1 «Մի՛ դատեք, որ չդատվեք.

2 որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլձեզկչափվի։

3 Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։

4 Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ “Թող շյուղն աչքիդ միջից հանեմ”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։

5 Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թեինչպե՛սեղբորդ աչքից շյուղը հանես։

6 Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։

7 Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.

8 որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։

9 Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա,

10 կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։

11 Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։

Ոսկե օրենք

12 Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։

Նեղ դուռը

13 Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։

14 Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։

Ծառը և նրա պտուղը

15 Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։

16 Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։

17 Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։

18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։

19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։

20 Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք։

Ճշմարիտ աշակերտները

21 Ոչ թե ամեն ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։

22 Այն օրը շատերն ինձ կասեն. “Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք”։

23 Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ”։

Երկու տները

24 Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։

25 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։

26 Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։

27 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։

28 Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա,

29 որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։

Categories
Մատթեոս

Մատթեոս 8

Բորոտի բժշկումը

1 Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։

2 Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։

3 Հիսուսը, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։

4 Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։

Հարյուրապետի ծառայի բժշկումը

5 Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան

6 և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։

7 Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։

8 Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։

9 Որովհետև ես էլ իշխանության տակգտնվողմարդ եմ,ձեռքիստակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։

10 Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։

11 Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն,

12 իսկ արքայության որդիները կգցվեն դուրս՝ արտաքին խավարը. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»։

13 Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր,այդպեսէլ թող լինի քեզ»։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։

Հիսուսը շարունակում է բժշկել

14 Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։

15 Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։

16 Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին, և նա խոսքով հանեց ոգիներին ու բոլոր հիվանդներին բժշկեց,

17 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.

«Նա մեր հիվանդությունները վերցրեց

ումերցավերը կրեց»(Ես. 53.4ա)։

18 Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը,աշակերտներինկարգադրեց լճի մյուս կողմն անցնել։

19 Նրան մոտեցավ մի դպիր և ասաց. «Վարդապե՛տ, ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ գնաս»։

20 Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։

21 Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ՝ գնամ նախ հորս թաղեմ»։

22 Հիսուսը նրան ասաց. «Արի՛ իմ հետևից և թո՛ղ մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին»։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

23 Երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։

24 Հանկարծ լճի վրա այնպիսի մեծ ալեկոծություն եղավ, որ նավը ծածկվում էր ալիքներով։ Իսկ նա քնած էր։

25 Աշակերտները մոտենալով արթնացրին նրան ու ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կորչում ենք»։

26 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և կատարյալ խաղաղություն եղավ։

27 Իսկ մարդիկ զարմացան և ասում էին. «Ի՞նչ տեսակմարդէ սա, որ հողմերն ու լիճն էլ են հնազանդվում նրան»։

Երկու դիվահարի բժշկումը

28 Երբ անցավ լճի մյուս կողմը՝ գադարացիների երկիրը, նրան պատահեցին երկու դիվահարներ, որոնք գալիս էին գերեզմաններից։ Նրանք այնքան ահազդու էին, որ որևէ մեկը չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։

29 Եվ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Աստծո՛ւ Որդի։ Այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»։

30 Եվ նրանցից հեռու խոզերի մի երամակ էր արածում։

31 Դևերը նրան աղաչում էին ու ասում. «Եթե մեզ հանես, այն խոզերի երամակի մե՛ջ ուղարկիր»։

32 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք», և դևերը դուրս ելան ու խոզերի մեջ գնացին։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը վազեց, և ջրի մեջ խեղդվեցին։

33 Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարների հետ պատահածը։

34 Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։

Categories
Մատթեոս

Մատթեոս 9

Անդամալույծի բժշկումը

1 Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։

2 Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։

3 Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։

4 Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։

5 Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ “Քո մեղքերը ներված են”, թե՞ ասել՝ “Վե՛ր կաց ու քայլի՛ր”։

6 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. “Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա”»։

7 Նա վեր կացավ և իր տուն գնաց։

8 Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։

Մատթեոսի կոչումը

9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։

10 Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա շատ մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։

11 Փարիսեցիները, տեսնելով նրա աշակերտներին, ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։

12 Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։

13 Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում”Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ”(Ովս. 6.6). որովհետև ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին»։

Վեճ ծոմապահության շուրջ

14 Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։

15 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց կգան օրեր, երբ փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։

16 Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, որովհետև այն ամբողջությամբ հագուստից կքաշի, և է՛լ ավելի վատ պատռվածք կառաջանա։

17 Ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։

Հայրոսի աղջկա հարությունը

18 Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. «Աղջիկս հենց նոր մահացավ. բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»։

19 Հիսուսը վեր կացավ, նրա հետևից գնաց, և նրա աշակերտները ևս։

20 Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին,

21 որովհետև իրմտքումասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ»։

22 Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։

23 Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց,

24 նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին նրան։

25 Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։

26 Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։

Կույրերի և համրի բժշկումը

27 Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»։

28 Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։

29 Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։

30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։

31 Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։

32 Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։

33 Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։

34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։

35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։

36 Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։

37 Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։

38 Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 10

Տասներկուսի ընտրությունը

1 Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։

2 Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը,

3 ԶեբեդեոսիորդիՀակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, ԱլփեոսիորդիՀակոբոս և Ղեբեոս,

4 Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան։

Տասներկուսի առաքելությունը

5 Հիսուսն այս տասներկուսին ուղարկեց և նրանց պատվիրեց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք.

6 ավելի լավ է՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ գնաք։

7 Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։

8 Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։

9 Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք.

10 ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։

11 Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։

12 Երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք։

13 Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։

14 Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։

15 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը սոդոմացիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։

Նեղություններ և հալածանքներ

16 Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։

17 Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։

18 Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայությունտալուհամար։

19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք,

20 քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։

21 Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։

22 Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

23 Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք, որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը։

24 Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։

25 Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը “Բեեղզեբուղ” կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։

26 Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։

27 Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։

28 Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։

29 Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։

30 Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։

31 Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։

32 Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։

33 Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։

Սուր և խաչ

34 Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։

35 Որովհետև եկել եմ

բաժանելու որդուն իր հորից,

աղջկան՝ իր մորից,

հարսին՝ իր սկեսրոջից։

36 Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն(Միք. 7.6)։

37 Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։

38 Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։

39 Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։

40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։

41 Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։

42 Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։