Categories
ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՂԱՔԻԱ 1

Աստծու սերը Իսրայելի նկատմամբ

1 Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։

2 «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։

3 Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։

4 Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։

5 Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։

Աստված հանդիմանում է քահանաներին

6 «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։

7 Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։

8 Եվ երբ կույրանասունինեք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։

9 «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։-

10 Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։

11 Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։-

12 Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։

13 Եվ ասում եք. “Սա ի՜նչ տաժանք է”, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- ևգազաններիցխլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։-

14 Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։

Categories
ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՂԱՔԻԱ 2

1 «Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։

2 Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։

3 Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։

4 Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։-

5 Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղությանուխտէր, և եսդրանքտվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։

6 Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։

7 Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանիցմարդիկուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։

8 Բայց դուք խոտորել եք ճանապարհից, շատերին գայթակղեցրել եք ձեր ուսուցումով, դուք ապականել եք Ղևիի ուխտը,- ասում է Զորքերի Տերը։-

9 Ուստի ես ձեզ անարգված և նվաստացած եմ դարձրել ամբողջ ժողովրդի առաջ, քանի որ դուք չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքի մեջ աչառություն եք անում»։

Ժողովրդի անհավատարմությունը

10 Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։

11 Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։

12 Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։

13 Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։

14 Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։

15 Մի՞թեԱստվածնրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։

16 «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։

Դատաստանի օրը մոտ է

17 Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։

Categories
ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՂԱՔԻԱ 3

1 «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի իմ առջևից, և Տերը, որին դուք փնտրում եք, հանկարծակի իր տաճարը պիտի գա. ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք, ահա գալիս է,- ասում է Զորքերի Տերը։-

2 Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։

3 Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։

4 Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։

5 Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձըպահողների,այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։

Տասանորդի վճարումը

6 «Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։

7 Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. “Ինչպե՞ս ետ դառնանք”։

8 Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտում”. տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։

9 Դուք անեծքով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։

10 Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարարտեղչլինի։

11 Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափողմիջատին,որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։-

12 Եվ բոլոր ազգերը ձեզ երանի պիտի տան, որովհետև դուք ցանկալի երկիր եք լինելու,- ասում է Զորքերի Տերը։-

Աստված ներում է խոստանում

13 Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. “Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ”։

14 Դուք ասում եք. “Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։

15 Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։

16 Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։

17 «Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։

18 Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։

Categories
ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՂԱՔԻԱ 4

Տիրոջ գալստյան օրը

1 «Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։

2 Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։

3 Եվ պիտի տրորեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի ներբանների տակ մոխիր պիտի դառնան այն օրը, որ ես դա կանեմ»,- ասում է Զորքերի Տերը։

4 «Հիշե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները։

5 Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։

6 Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով»։