Categories
Ղուկաս

Ղուկաս 21

Այրի կնոջ լուման

1 Հիսուսը նայեց, տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին գցում։

2 Տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որն այնտեղ երկու լումա գցեց։

3 Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին բոլորից ավելի գցեց,

4 որովհետև նրանք բոլորն իրենց ավելացածից գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ սա իր չքավորությունից իր ամբողջ ապրուստը, ինչ որ ուներ, գցեց»։

Կանխասություն Երուսաղեմի տաճարի կործանման մասին

5 Երբ ոմանք տաճարի մասին ասում էին՝ «Գեղեցիկ քարերով ու ընծաներով է զարդարված», ասաց.

6 «Այդ ամենը, որ տեսնում եք, պիտի քանդվի, օրեր պիտի գան, որ այդտեղ քարը քարի վրա չի թողնվի»։

7 Եվ նրան հարցրին. «Վարդապե՛տ, դրանք ե՞րբ են լինելու, ի՞նչ նշան է լինելու, երբ որ սրանք լինեն»։

Նշաններ և հալածանքներ

8 Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ “Ես եմ” և՝ “Ժամանակը մոտեցել է”։ Նրանց հետևից մի՛ գնացեք։

9 Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։

10 Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։

11 Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։

12 Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։

13 Եվդաձեզ համար առիթ կլինի վկայության։

14 Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք,

15 որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։

16 Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։

17 Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։

18 Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։

19 Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։

Կանխասություն Երուսաղեմի կործանման մասին

20 Երբ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։

21 Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող լեռները փախչեն, իսկ նրանք, որ քաղաքի մեջ են, թող հեռանան, և նրանք, որ գյուղերում են, թող քաղաք չմտնեն։

22 Որովհետև այդ օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։

23 Բայց այն օրերին վա՛յ հղիներին և ստնտուներին, որովհետև երկրի վրա մեծ նեղություն է լինելու, և այդ ժողովրդի վրա՝ բարկություն։

24 Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։

Մարդու Որդու գալուստը

25 Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։

26 Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։

27 Եվ այն ժամանակՄարդու Որդուն ամպերի վրա(Դան. 7.13)զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։

28 Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։

Թզենու դասը. Մարդու Որդու գալստյան պահը

29 Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։

30 Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։

31 Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։

32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս բոլորը տեղի կունենան այնքան ժամանակ, որքան ապրում է այս սերունդը։

33 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։

Չսպասված օրը և ժամը

34 Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։

35 Որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։

36 Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։

37 Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։

38 Եվ ամբողջ ժողովուրդը վաղ առավոտից գնում էր տաճար՝ նրան լսելու։

Categories
Ղուկաս

Ղուկաս 22

Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին

1 Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որ Զատիկ է կոչվում։

2 Քահանայապետներն ու դպիրները առիթ էին փնտրում, թե նրան ինչպե՛ս սպանեն, որովհետև ժողովրդից վախենում էին։

3 Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։

4 Նա գնաց, քահանայապետների և իշխանավորների հետ խոսեց, թե նրան ինչպե՛ս մատնի նրանց։

5 Նրանք ուրախացան ու խոստացան արծաթ տալ նրան։

6 Նա էլ խոստացավ ու հարմար առիթ էր փնտրում, որ ամբոխից հեռու Հիսուսին մատնի նրանց։

Վերջին ընթրիքը

7 Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկականգառըմորթել։

8 Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։

9 Նրանք ասացին. «Որտե՞ղ ես կամենում, որ պատրաստենք»։

10 Նա էլ ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր ինքը կմտնի։

11 Եվ տանտիրոջն ասե՛ք. “Վարդապետը քեզ ասում է. “Որտե՞ղ է այն օթևանը, ուր ես իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ”։

12 Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։

13 Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։

14 Երբ ժամը հասավ, նա սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։

15 Նրանց ասաց. «Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։

16 Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։

Հաղորդության խորհրդի հաստատումը

17 Եվ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. «Առե՛ք դա ու ձեր մեջ բաժանե՛ք։

18 Քանզի, ասում եմ ձեզ, որթատունկի բերքից այլևս չեմ խմելու, մինչև որ Աստծու արքայությունը չգա»։

19 Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։

20 Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։

Հիսուսը խոսում է իր մատնության մասին

21 Սակայն ահա ինձ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վրա է։

22 Մարդու Որդին գնում է, ինչպես որ սահմանված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։

23 Եվ նրանք սկսեցին իրար մեջ հարցնել, թե արդյոք իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։

Մեծը արքայության մեջ

24 Նրանց մեջ նաև վեճ ծագեց, թե իրենցից ո՛վ է մեծ համարվելու։

25 Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։

26 Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։

27 Որովհետև ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը. չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ։

Առաքյալներին խոստացված վարձատրությունը

28 Եվ դուք եք, որ իմ փորձությունների ժամանակ միշտ ինձ հետ էիք մնում։

29 Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը,

30 որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։

Կանխասություն Պետրոսի ուրացության մասին

31 Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։

32 Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի. իսկ դու երբ այն վերագտնես, եղբայրներիդ հաստատո՛ւն պահիր»։

33 Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։

34 Եվ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս, որ ինձ ճանաչում ես»։

Քսակ, մախաղ և սուր

35 Եվ նրանց ասաց. «Երբ ձեզ առանց քսակի, մախաղի ու կոշիկների ուղարկեցի, մի՞թե որևէ բանի կարոտ եղաք»։ Նրանք էլ ասացին՝ ոչնչի։

36 Ապա նրանց ասաց. «Բայց հիմա քսակ ունեցողը թող իր հետ վերցնի, նույնը թող անի նաև մախաղ ունեցողը, իսկ չունեցողը թող իր հագուստը վաճառի և իր համար սուր գնի։

37 Որովհետև, ասում եմ ձեզ, այս գրվածքն էլ պետք է իմ հանդեպ կատարվի՝”Անօրենների շարքը դասվեց”(Ես. 53.12). որովհետև ինչ որ իմ մասինգրված է, կատարվում է»։

38 Նրանք ասացին. «Տե՛ր, ահա այստեղ երկու սուրկա»։ Եվ ասաց նրանց՝ բավական են։

Աղոթք Ձիթենյաց լեռան վրա

39 Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենյաց լեռը գնաց. աշակերտները հետևեցին նրան։

40 Երբ այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։

41 Ինքը նրանցից մի քարընկեցիչափ հեռացավ և ծունկի իջած աղոթում էր

42 և ասում. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։

43 Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան,

44 և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին։

45 Աղոթքից վեր կենալով՝ եկավ իր աշակերտների մոտ և տրտմությունից քնած գտավ նրանց։

46 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որ փորձության մեջ չընկնեք»։

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

47 Մինչ նա խոսում էր, հայտնվեց մի ամբոխ, և Հուդա կոչվածը՝ այն տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Եվ մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան։

48 Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, Մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»։

49 Երբ նրա հետ եղողները տեսան, թե ի՛նչ է լինելու, նրան ասացին. «Տե՛ր, սրով զարկե՞նք»։

50 Նրանցից մեկը քահանայապետի ծառային զարկեց ու նրա աջ ականջը կտրեց։

51 Հիսուսը պատասխանեց. «Թողե՛ք, եղածը բավ է»։ Եվ նրա ականջին դիպավ ու բժշկեց նրան։

52 Հիսուսն իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին ու երեցներին ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի վրա՞ ելաք։

53 Ես ամեն օր տաճարում ձեզ հետ էի, և ինձ վրա ձեռք չերկարեցիք. բայց հիմա ձե՛ր ժամն է և խավարի իշխանությունը»։

Պետրոսի ուրացումները

54 Եվ նրան բռնելով՝ տարան, քահանայապետի տուն մտցրին։ Պետրոսը հեռվից հետևում էր նրան։

55 Երբ բակում կրակ էին վառել ու չորս կողմը նստել, Պետրոսն էլ նրանց մեջ նստեց։

56 Մի աղախին, նրան կրակի մոտ նստած տեսնելով, նայեց նրան ու ասաց. «Սա էլ էր նրա հետ»։

57 Բայց նա ուրացավ և ասաց այն կնոջը. «Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։

58 Եվ քիչ հետո մեկ ուրիշը նրան տեսավ ու ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Իսկ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես չեմ»։

59 Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը պնդում էր ու ասում. «Ճշմարիտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։

60 Պետրոսն ասաց այն մարդուն. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես ասում»։ Եվ իսկույն, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց։

61 Տերը դարձավ, նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ինձ կուրանաս»։

62 Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։

63 Հիսուսին պահող մարդիկ նրան ծաղրում էին ու ծեծում։

64 Նրա երեսը ծածկել ու հարցնում էին՝ ասելով. «Մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։

65 Ուրիշ շատ բաներ էլ էին հայհոյանքով ասում նրան։

Հիսուսը ատյանի առաջ

66 Երբ առավոտ եղավ, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներն ու դպիրները, Հիսուսին իրենց ատյան տարան ու ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։

67 Եվ նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, դուք չեք հավատա։

68 Իսկ եթե ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։

69 Բայց սրանից հետոՄարդու Որդին ամենազոր Աստծու աջ կողմում կնստի(Սաղ. 110.1)»։

70 Եվ բոլորն ասացին. «Ուրեմն դո՞ւ ես Աստծու Որդին»։ Ինքն էլ նրանց ասաց. «Դուք եք ասում, որ ես եմ»։

71 Նրանք էլ ասացին. «Մեզ էլ ի՞նչ վկայություն է հարկավոր, երբ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 23

Հիսուսը բերվում է Պիղատոսի առաջ

1 Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կացավ, ու նրան Պիղատոսի մոտ տարան։

2 Եվ սկսեցին նրան ամբաստանել ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր ժողովրդին և արգելում կայսրին հարկ տալ՝ ինքն իր մասին ասելով, թե Քրիստոս թագավորն է»։

3 Բայց Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դո՛ւ ասացիր»։

4 Պիղատոսը քահանայապետներին ու ժողովրդին ասաց. «Ես այս մարդու մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։

5 Սակայն նրանք պնդում էին ու ասում. «Ժողովրդին ըմբոստության է մղում՝ ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից մինչև այստեղ, ուսուցանելով»։

Հիսուսը Հերովդեսի առաջ

6 Երբ Պիղատոսը լսեց, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է։

7 Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։

8 Հերովդեսը, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր՝ ուզում էր նրան տեսնել, քանի որ նրա մասին լսել էր և հույս ուներ նրա կողմից արված որևէ նշան տեսնել։

9 Եվ նրան բազում հարցեր էր տալիս, բայց նա ոչինչ չէր պատասխանում նրան։

10 Քահանայապետներն ու դպիրները կանգնած էին ու նրան խիստ ամբաստանում էին։

11 Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց նրան. ծաղրելով նրան՝ մի շքեղ զգեստ հագցրեց և հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։

12 Պիղատոսն ու Հերովդեսն այդ օրը միմյանց հետ բարեկամացան, որովհետև նախկինում իրար հետ թշնամության մեջ էին։

Բարաբբան

13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին

14 և նրանց ասաց. «Դուք այս մարդուն ինձ մոտ եք բերել իբրև ժողովրդին մոլորեցնողի, և ահա ձեր առաջ հարցաքննելով՝ այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա այն բաների վերաբերյալ, որոնցով դուք ամբաստանում եք նրան։

15 Եվ ոչ էլ Հերովդեսը, որովհետև ձեզ տվեցի, որ նրա մոտ տանեք։ Եվ դա ահա մահապատժի արժանի ոչինչ չի գործել։

16 Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ»

17 (որովհետև անհրաժեշտ էր, որ տոնի առիթով նրանց համար միմարդարձակեր)։

18 Իսկ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին ու ասում. «Վերցրո՛ւ դրան ու մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր»

19 (որը քաղաքում տեղի ունեցած մի խռովության ու սպանության համար բանտարկվել էր)։

20 Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ կամենալով Հիսուսին արձակել։

21 Իսկ նրանք աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։

22 Նա երրորդ անգամ ասաց նրանց. «Սա ի՞նչ չար բան է արել. սրա մեջ մահվանարժանիորևէ հանցանք չգտա. սրան կգանահարեմ ու կարձակեմ»։

23 Բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին ու պահանջում, որ նա խաչը հանվի։ Եվ նրանց ու քահանայապետների աղաղակը ուժեղանում էր։

24 Եվ Պիղատոսը վճռեց, որ նրանց պահանջը լինի։

25 Նրանց համար արձակեց խռովության ու սպանության պատճառով բանտ նետվածին, որին էլ պահանջում էին, իսկ Հիսուսին նրանց կամքին մատնեց։

Հիսուսի խաչելությունը

26 Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացիանունովմեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։

27 Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։

28 Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ ձե՛զ և ձեր զավակների՛ վրա լաց եղեք։

29 Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. “Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին”։

30 Այն ժամանակկսկսեն լեռներին ասել՝ “Մեզ վրա՛ ընկեք”, ու բլուրներին՝ “Ծածկե՛ք մեզ”(Ովս. 10.8)։

31 Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։

32 Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։

33 Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։

34 Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։

35 Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալը»։

36 Զինվորներն էլ էին նրան ծաղրում. մոտ գալով՝ նրան քացախ էին տալիս

37 ու ասում. «Եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկի՛ր»։

38 Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։

39 Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։

40 Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։

41 Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։

42 Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։

43 Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

Հիսուսի մահը

44 Վեցերորդ ժամին մոտէր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։

45 Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։

46 Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց.«Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում»(Սաղ. 31.5)։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։

47 Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։

48 Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։

49 Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։

Հիսուսի թաղումը

50 Եվ ահա մի մարդկար,անունը՝ Հովսեփ, որ խորհրդի անդամ էր, բարի և արդար մարդ

51 (սա նրանց մտադրության ու գործերի հետ համաձայնության չէր եկել). հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը։

52 Նա Պիղատոսի մոտ գնաց և Հիսուսի մարմինը խնդրեց։

53 Եվ նրան ցած իջեցնելով՝ կտավով պատանեց ու վիմափոր գերեզմանի մեջ դրեց, ուր երբեք ոչ մի մարդ չէր դրվել։

54 Օրն ուրբաթ էր. շաբաթն էր լուսանում։

55 Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը, և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։

56 Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթօրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։

Categories
Ղուկաս

Ղուկաս 24

Հիսուսի հարությունը

1 Բայց միաշաբաթիօրը՝ վաղ առավոտյան, կանայք գերեզման եկան ու այն խունկերը բերեցին, որ պատրաստել էին. ուրիշ կանայք էլ էին նրանց հետ։

2 Եվ քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։

3 Երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։

4 Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։

5 Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։

6 Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշե՛ք՝ նա ձեզ հետ ինչպե՛ս խոսեց, երբ Գալիլեայում էր։

7 Ասում էր, որ Մարդու Որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»։

8 Եվ նրա խոսքերը հիշեցին։

9 Գերեզմանից վերադարձան ու այս բոլոր բաները պատմեցին տասնմեկին և բոլոր մյուսներին։

10 Եվ նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, ՀակոբոսիմայրՄարիամն ու նրանց հետ ուրիշներ էլ, որոնք այս բաները պատմում էին առաքյալներին։

11 Եվ նրանց խոսքերը սրանց ականջին ցնորք թվացին, և նրանց չէին հավատում։

12 Բայց Պետրոսը վեր կացավ, գերեզման վազեց ու կռանալով՝ կտավներն առանձին դրված տեսավ. և տուն գնաց՝ տեղի ունեցածի վրա իր մտքում զարմանալով։

Հիսուսի երևումները

13 Այդ նույն օրը նրանցից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմաուս էր, որը Երուսաղեմից վաթսուն ասպարեզ էր հեռու։

14 Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։

15 Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։

16 Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։

17 Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։

18 Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտես այս օրերին այնտեղ պատահածների մասին»։

19 Եվ նա ասաց նրանց. «Ո՞ր բաները»։ Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ։

20 Ինչպե՛ս մեր քահանայապետներն ու իշխանավորները նրան մահվան դատապարտեցին և խաչը հանեցին։

21 Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։

22 Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին։

23 Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է։

24 Մեզանից ոմանք գերեզման գնացին և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»։

25 Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որդժվարանում եքհավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։

26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ»։

27 Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ Գրքում իր մասինգրված էր։

28 Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։

29 Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հե՛տ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։

30 Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։

31 Եվ նրանց աչքերը բացվեցին, ու նրան ճանաչեցին, և նա աներևութացավ նրանցից։

32 Եվ միմյանց ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։

33 Նույն պահին վեր կացան, վերադարձան Երուսաղեմ և հավաքված գտան տասնմեկին ու նրանց հետ եղողներին։

34 Նրանք ասում էին. «Արդարև Տերը հարություն է առել ու երևացել է Սիմոնին»։

35 Նրանք էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին, ու թե ինչպե՛ս իրեն ճանաչել տվեց նրանց՝ հաց կտրելու ժամանակ։

36 Եվ երբ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

37 Նրանք զարհուրելով ու վախենալով կարծում էին, թե ոգի են տեսնում։

38 Բայց նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք շփոթվել, ինչո՞ւ են ձեր սրտերում կասկածներ առաջանում։

39 Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։

40 Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։

41 Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։

42 Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։

43 Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։

44 Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեներիգրքերումու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։

45 Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։

46 Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ,

47 և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։

48 Դուք էլ վկաներն եք այս բաների։

49 Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։

Հիսուսի համբարձումը

50 Եվ նրանց մինչև Բեթանիա հանեց և ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց նրանց։

51 Եվ մինչ նրանց օրհնում էր, բաժանվեց նրանցից ու երկինք էր բարձրանում։

52 Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։

53 Եվ ամեն ժամ տաճարում էին. Աստծուն էին գովաբանում և օրհնում։ Ամեն։