Categories
Ղուկաս

Ղուկաս 11

Հիսուսը սովորեցնում է աղոթել

1 Եղավ, որ Հիսուսը ինչ-որ տեղ աղոթք էր անում ու երբ դադարեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»։

2 Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք.

“Հա՛յր մեր,

թող սուրբ լինի քո անունը,

քո արքայությունը թող գա։

3 Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։

4 Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը,

որովհետև մենք էլ ներում ենք ամենքին,

որ մեղավոր են մեր հանդեպ,

և մի՛ տար մեզ փորձության”»։

5 Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենա, կեսգիշերին նրա մոտ գնա ու ասի. “Բարեկա՛մ, ինձ երեք հաց փո՛խ տուր,

6 որովհետև իմ բարեկամը ճանապարհից ինձ մոտ է եկել, ու ես ոչինչ չունեմ, որ նրա առաջ դնեմ”,

7 իսկ նա ներսից պատասխանի ու ասի. “Ինձ նեղություն մի՛ տուր. դուռն արդեն փակված է, ու երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ ու տալ քեզ”։

8 Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է։

9 Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք,դուռըբախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։

10 Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ովդուռըբախում է, նրա առաջ բացվում է։

11 Ձեզանից ո՞վ է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան։

12 Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։

13 Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից»։

Հիսուսը և Բեեղզեբուղը

14 Հիսուսը մի դև էր հանում, որով բռնվածմարդըհամր էր։ Երբ դևը դուրս ելավ, համրը խոսեց, և ժողովուրդը զարմացավ։

15 Նրանցից ոմանք ասացին. «Դա դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով է դևերին հանում»։

16 Ուրիշներն էլ փորձելու համար նրանից երկնքից նշան էին խնդրում։

17 Բայց նա, նրանց մտքերը իմանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ է բաժանված, ավերվում է, և տունը, որ իր մեջ է բաժանված, կործանվում է։

18 Եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվի, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա. որովհետև դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում։

19 Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ձեր որդիներն ո՞ւմ միջոցով են հանելու։ Դրա համար նրա՛նք կլինեն ձեր դատավորները։

20 Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։

21 Երբ զինված հզորմարդըպահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։

22 Բայց եթե նրանից ավելի զորավորը գա ու նրան հաղթի, կհանի նրա զենքերը, որոնց վրա հույս էր դրել, ու նրա ավարն էլ կբաժանի։

23 Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։

Պիղծ ոգու վերադարձը

24 Երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է ելնում, անջրդի տեղերում է շրջում ու հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է. “Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա”։

25 Եվ գալիս,այնմաքրված ու հարդարված է գտնում։

26 Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։

Ճշմարիտ երանությունը

27 Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։

28 Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։

Երկնային նշանի հայցում Հիսուսից

29 Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրանուրիշնշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։

30 Որովհետև ինչպես Հովնանը նինվեացիների համար նշան եղավ, այնպես էլ Մարդու Որդին այս սերնդի համար նշան կլինի։

31 Հարավի թագուհին դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետև նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։

32 Նինվեի մարդիկ դատաստանիժամանակպիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից է՛լ ավելի մեծը կա։

Մարմնի լույսը

33 Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնում, ոչ էլ գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։

34 Մարմնի ճրագն աչքն է. երբ աչքդ մաքուր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե չար է, մարմինդ խավար կլինի։

35 Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։

36 Եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագն է իր ճառագայթով լուսավորում քեզ»։

Փարիսեցիների և օրենսգետների դատապարտումը

37 Երբ նա խոսում էր այս, մի փարիսեցի նրան խնդրում էր, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավուսեղան նստեց։

38 Փարիսեցին, տեսնելով, զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվեց։

39 Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։

40 Անմիտնե՛ր, չէ՞ որ արտաքինը ստեղծողը ներքինն էլ է ստեղծել։

41 Սակայնձերունեցածից ողորմությո՛ւն տվեք, և ամեն բան ձեզ համար մաքուր կլինի։

42 Բայց վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի տասանորդ եք տալիս, իսկ Աստծու արդարությունն ու սերը զանց եք առնում. նախ այս պետք էր անել, իսկ դրանք զանց չառնել։

43 Վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում առաջին աթոռներն եք սիրում, իսկ հրապարակներում՝ ողջույնները։

44 Վա՛յ ձեզ, որ գերեզմանների պես աննկատ եք, և մարդիկ չգիտեն, որ դրանց վրայով են քայլում»։

45 Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։

46 Նա ասաց. «Ձեզ՝ օրենսգետներիդ էլ վա՛յ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այդ բեռներին չեք դիպչում։

47 Վա՛յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, իսկ նրանց ձեր հայրերն են սպանել։

48 Այդ կերպ վկայում եք, որ հավանություն եք տալիս ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին նրանց, իսկ դուք նրանց գերեզմաններն եք շինում։

49 Դրա համար Աստծու իմաստությունն ասել է. “Նրանց մոտ մարգարեներ ու առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն ու հալածեն”,

50 որպեսզի բոլոր մարգարեների արյունը, որ աշխարհի սկզբից թափվել է, այս սերնդից պահանջվի։

51 Աբելի արյունից մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանի և տաճարի միջև սպանվեց, այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից պիտի պահանջվի։

52 Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ, որ վերցրել եք գիտության բանալին. ինքներդ չեք մտել, մտնողներին էլ արգելել եք»։

53 Երբ նա դուրս ելավ, դպիրներն ու փարիսեցիներն սկսեցին սաստիկ թշնամանք ցուցաբերել և նրան բազում հարցումներ անել։

54 Նրա դեմ որոգայթ էին լարում՝ փորձելով նրա բերանից մի խոսք որսալ՝ ամբաստանելու համար։

Categories
Ղուկաս

Ղուկաս 12

Նախազգուշացում կեղծավորության դեմ

1 Այդ ընթացքում, երբ բյուրավոր ժողովուրդ էր կուտակվում՝ իրար կոխկռտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ զգուշացե՛ք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է։

2 Որովհետև ծածուկ ոչինչ չկա, որ հայտնի չդառնա, և գաղտնիբան, որ չիմացվի։

3 Ուստի ինչ որ խավարում ասացիք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ փակ սենյակներում շշնջացիք, տանիքների վրա կհայտարարվի։

4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու դրանից հետո ավելին չունեն անելու։

5 Բայց ձեզ ցույց կտամ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Նրանի՛ց վախեցեք, ով սպանելուց հետո գեհենի մեջ նետելու իշխանություն ունի. այո՛, ասում եմ ձեզ, նրանի՛ց վախեցեք։

6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնովեն վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։

7 Ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք ճնճղուկներից շատ ավելին արժեք։

Դավանել Հիսուսին

8 Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, Մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ։

9 Եվ ով ինձ ուրանա մարդկանց առաջ,նա էլԱստծու հրեշտակների առաջ կուրացվի։

10 Նա, ով Մարդու Որդու դեմ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չի ներվի։

11 Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք պատասխանելու կամ ի՛նչ եք ասելու,

12 որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ի՛նչ պետք է խոսել»։

Անմիտ մեծահարուստը

13 Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասա՛, որ ժառանգությունն ինձ հետ բաժանի»։

14 Նա էլ ասաց նրան. «Մա՛րդ, ո՞վ ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար կարգեց»։

15 Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։

16 Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։

17 Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. “Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ”։

18 Եվ ասաց. “Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։

19 Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր”։

20 Բայց Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։

21 Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»։

Հոգս և անձկություն

22 Իր աշակերտներին ասաց. «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ եք ուտելու, ոչ էլձերմարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու։

23 Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ՝ հագուստից։

24 Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։

25 Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։

26 Արդ եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչո՞ւ եք ուրիշ բաների համար հոգս անում։

27 Նայե՛ք շուշաններին՝ ինչպե՛ս են մեծանում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։

28 Իսկ եթե Աստված այդպես հագցնում է հանդի խոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքա՜ն առավել ձեզ, թերահավատնե՛ր։

29 Եվ դուք մի՛ փնտրեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ անհանգստացեք,

30 որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են փնտրում, բայց ձեր Հայրը գիտե, որ դրանք ձեզ պետք են։

31 Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։

Փոքրիկ հոտը

32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։

33 Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։

34 Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։

Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին

35 Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն, ու ճրագները՝ վառված։

36 Եվ դուքայնմարդկանց նմա՛նեղեք, որոնք իրենց տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից ե՛րբ կվերադառնա, որպեսզի երբ գա ուդուռըբախի, իսկույն բացեն։

37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի և կանցնի ծառայելու։

38 Եվ եթեգիշերվաերկրորդ կամ երրորդ պահին գա ու այդպես գտնի, երանելի են նրանք։

39 Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերն իմանար, թե գողը ո՛ր ժամին կգար, թույլ չէր տա իր տուն սողոսկել։

40 Արդ դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասում»։

Հավատարիմ տնտեսը

41 Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ առակը մե՞զ համար ասացիր, թե՞ բոլորի համար»։

42 Տերն ասաց. «Ուրեմն, ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրավերակացուէ կարգել՝ նրանց ժամանակին կերակուր տալու համար։

43 Երանի՜ այն ծառային, ում տերը երբ գա, այդպես անելիս կգտնի նրան։

44 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքների վրա կկարգի։

45 Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել,

46 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում, և այն ժամին, որ ինքը չգիտի, ու նրան երկու կես կանի և նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի։

47 Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով՝ոչինչչի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։

48 Իսկ նա, ով չիմանալով է ծեծի արժանիբանարել, քիչ կպատժվի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, և ում շատ է վստահվել, նրանից է՛լ ավելին կպահանջեն»։

Հուր և բաժանում

49 «Ես եկել եմ, որ աշխարհի վրա կրակ գցեմ, և ինչքա՜ն եմ ուզում, որ այն արդեն իսկ բորբոքված լինի։

50 Բայց ես մի մկրտություն ունեմ մկրտվելու և որքա՜ն եմ տագնապում, մինչև որ այն կատարվի։

51 Կարծում եք, թե աշխարհի վրա խաղաղություն հաստատելո՞ւ եմ եկել։ Ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում։

52 Որովհետև այսուհետև մի տան մեջ հինգ հոգին բաժան-բաժան կլինեն. երեքը՝ երկուսի դեմ, երկուսն էլ՝ երեքի դեմ։

53 Հայրը որդուց կբաժանվի,

և որդին՝ հորից,

մայրը՝ աղջկանից,

ու աղջիկը՝ մորից,

սկեսուրը՝ հարսից,

և հարսը՝ իր սկեսուրից(հմմտ. Միք. 7.6)»։

Կանխատեսել ժամանակների նշանները

54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք՝ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն ասում եք՝ անձրև է գալու, և այդպես է լինում։

55 Եվ երբ հարավային քամին է փչում, ասում եք՝ շոգ է լինելու, և այդպես է լինում։

56 Կեղծավորնե՛ր, երկրի ու երկնքի նշանները քննել գիտեք, բայց այս ժամանակն ինչպե՞ս չեք քննում։

57 Ինչո՞ւ ինքներդ չեք դատում այն, ինչ ճշմարիտ է։

58 Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։

59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման էլ չվճարես»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 13

Կոչ ապաշխարության

1 Նույն ժամանակ ոմանք եկան ու պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց զոհաբերություն մատուցելու ժամին և այդ կերպ նրանց արյունը խառնեց զոհաբերված կենդանիների արյան հետ։

2 Հիսուսը նրանց ասաց. «Կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին, ավելի մեղավո՞ր էին մյուս գալիլեացիներից։

3 Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։

4 Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փլվեց ու սպանեց նրանց։ Կարծում եք, թե նրանք Երուսաղեմում բնակվողներից ավելի հանցավո՞ր էին։

5 Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք»։

Անպտուղ թզենին

6 Այս առակն էլ ասաց. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։

7 Եվ այգեպանին ասաց. “Ահա երեք տարի է, ինչ գալիս եմ այդ թզենու վրայից պտուղ հավաքելու, բայց չեմ գտնում. կտրի՛ր այն, ինչո՞ւ հողը զբաղեցնի”։

8 Իսկ նա պատասխանեց. “Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։

9 Թերևս պտուղ տա, ապա թե ոչ եկողտարիկկտրես այն”»։

Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով

10 Հիսուսը շաբաթ օրը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։

11 Եվ ահա մի կին կար, որ տասնութ տարուց ի վեր տառապում էր չար ոգուց. կծկված էր և բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։

12 Հիսուսը, նրան տեսնելով, իր մոտ կանչեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունից ազատված ես»։

13 Եվ ձեռքը նրա վրա դրեց. նա իսկույն ուղղվեց ու փառաբանում էր Աստծուն։

14 Իսկ ժողովրդապետը, շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկեց, ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործել. արդ այդօրերի՛նեկեք բուժվելու, այլ ոչ թե շաբաթ օրը»։

15 Տերը նրան ասաց. «Կեղծավո՛ր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրն իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում, տանում ջուր տալիս։

16 Իսկ սա, Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, պետք չէ՞ր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։

17 Եվ երբ նա այս ասաց, նրա բոլոր հակառակորդները ամոթահար եղան։ Եվ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն փառավոր գործերի համար, որ կատարվում էին նրա կողմից։

Մանանեխի հատիկի առակը

18 Եվ ասաց. «Ինչի՞ է նման Աստծու արքայությունը, ինչի՞ նմանեցնեմ այն։

19 Այն նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ առավ, իր պարտեզի մեջ ցանեց։ Մեծացավ ու մեծ ծառ դարձավ, և երկնքի թռչունները բույն էին դնում նրա ճյուղերի վրա»։

Թթխմորի առակը

20 Եվ դարձյալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայությունը։

21 Այն նման է խմորի, որ մի կին վերցրեց ու երեք չափ ալյուրի մեջ թաթախեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։

Նեղ դուռը

22 Հիսուսը շրջում էր քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ և ուսուցանում էր։ Եվ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ։

23 Մեկը նրան ասաց. «Տե՛ր, մի՞թե փրկվողները քիչ են»։ Իսկ նա ասաց նրանց.

24 «Ջանացեք նե՛ղ դռնով ներս մտնել, որովհետև, ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։

25 Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. “Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղի՛ց եք”։

26 Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր”։

27 Եվ կասի. “Ձեզ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձանից, բոլո՛ր անիրավություն գործողներդ։

28 Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ու բոլոր մարգարեներին տեսնեք Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս շպրտված։

29 Եվ արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից կգան, Աստծու արքայության սեղանին կնստեն։

30 Եվ ահա այդ ժամանակ վերջինները առաջիններ կլինեն, և առաջինները՝ վերջիններ»։

Աղվես Հերովդեսը

31 Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան ու նրան ասացին. «Ե՛լ և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։

32 Եվ նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդօրըկավարտեմ։

33 Եվս երկու օր և երրորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև մարգարեն Երուսաղեմից դուրս չի սպանվի։

Ողբ Երուսաղեմի

34 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ՝ մարգարեներին կոտորող ու քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող. քանի՜ անգամ ցանկացա քո որդիներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակհավաքում, բայց չկամեցաք։

35 Ահա ձեր տունը կավերվի, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այլևս ինձ չեք տեսնի, մինչևժամանակըգա, որ ասեք.”Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը”(Սաղ. 118.26)»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 14

Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով

1 Երբ նա մի շաբաթ օր փարիսեցիների իշխանավորներից մեկի տուն մտավ հաց ուտելու, նրանք հսկում էին նրան։

2 Եվ ահա նրա առաջ մի ջրգողյալ մարդ կար։

3 Հիսուսը օրենսգետներին ու փարիսեցիներին ասաց. «Շաբաթ օրը բժշկություն անելն օրինավո՞ր է, թե՞ ոչ»։

4 Նրանք լռեցին. Հիսուսը բժշկեց նրան ու արձակեց։

5 Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞ւմ էշը կամ եզը ջրհորն ընկնի, և նա իսկույն չհանի նրան շաբաթ օրով»։

6 Եվ այդ բանի համար չկարողացան պատասխանել նրան։

Դաս՝ խնջույքի հրավիրվածներին

7 Եվ հրավիրված այն մարդկանց էլ մի առակ պատմեց՝ տեսնելով, թե ինչպե՛ս են առաջին տեղերն ընտրում, ու նրանց ասաց.

8 «Երբ մեկի կողմից հարսանիքի ես հրավիրվում, առաջին բազմոցին մի՛ նստիր. գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի։

9 Եվ նա, որ քեզ ու նրան հրավիրեց, գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”, այն ժամանակ կսկսես ամոթով վերջին տեղը գրավել։

10 Այլ երբ հրավիրվես, գնա վերջի՛ն տեղը նստիր, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա ու քեզ ասի՝ “Բարեկա՛մ, ավելի վերև՛ նստիր”, այն ժամանակ քեզ հետ նստողների առաջ քեզ փառք կլինի։

11 Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։

Հրավիրվածների ընտրություն

12 Եվ իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, քո բարեկամներին մի՛ կանչիր, ո՛չ էլ քո եղբայրներին, ո՛չ էլ քո ազգականներին, ո՛չ էլ քո հարուստ հարևաններին. միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն, և հատուցում լինի քեզ։

13 Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչի՛ր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։

14 Եվ երանելի կլինես, որբանչունեն, որ փոխարենը քեզ հատուցեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի»։

Մեծ խնջույքի առակը

15 Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։

16 Հիսուսն ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերի հրավիրեց։

17 Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. “Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է”։

18 Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. “Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։

19 Մյուսն ասաց. “Հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։

20 Մյուսն էլ ասաց. “Կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ”։

21 Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. “Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր”։

22 Ծառան ասաց. “Տե՛ր, ինչ հրամայեցիր, եղավ, և դեռ էլի տեղ կա”։

23 Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։

24 Որովհետև ասում եմ ձեզ, որ հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի”»։

Քրիստոսի ճշմարիտ հետևորդը

25 Նրա հետ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում, և դառնալով՝ ասաց նրանց.

26 «Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։

27 Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։

28 Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համարբավական միջոցունի՞։

29 Գուցե երբ հիմքը գցի և չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներն սկսեն նրան ծաղրել

30 ու ասել. “Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել”։

31 Կամ ո՞ր թագավորն է, որ այլ թագավորի դեմ պատերազմելու գնալիս չի նստում նախ խորհուրդ անում, թե տասը հազարով կարո՞ղ է դեմ կանգնել նրան, ով քսան հազարով է իր վրա գալիս։

32 Ապա թե ոչ, պատգամավոր կուղարկի ու կխնդրի, որ խաղաղությունհաստատի,քանի դեռ նա հեռու է։

33 Արդ, այդպես էլ ձեզանից ամեն մեկը, եթե իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։

Անհամ աղը

34 Աղը լավ բան է. բայց եթե աղը իր համը կորցնի, ինչո՞վ այն կրկին ձեռք կբերի։

35 Ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի համար,արդդուրս կգցեն այն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 15

Կորած ոչխարի և կորած դրամի առակը

1 Բոլոր մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեին։

2 Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին ու ասում. «Սա մեղավորներին ընդունում է ու նրանց հետ ուտում»։

3 Եվ նա այս առակն ասաց նրանց.

4 «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։

5 Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի

6 և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. “Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա”։

7 Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։

8 Կամ ո՞ր կինը, որ տասը դրամ ունենա և եթե մեկ դրամ կորցնի, ճրագ չի վառի, տունն ավլի ու ուշադիր փնտրի, մինչև գտնի։

9 Եվ երբ գտնի, բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. “Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի”։

10 Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։

Անառակ որդու առակը

11 Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։

12 Նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։

13 Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։

14 Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։

15 Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։

16 Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։

17 Եվ սթափվելով՝ ասաց. “Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։

18 Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։

19 Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա”։

20 Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։

21 Եվ որդին նրան ասաց. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ”։

22 Հայրն իր ծառաներին ասաց. “Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։

23 Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք,

24 որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց”։ Եվ սկսեցին զվարճանալ։

25 Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։

26 Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։

27 Նա էլ ասաց նրան. “Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց”։

28 Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը, դուրս ելնելով, աղաչում էր նրան։

29 Իսկ նա հորն ասաց. “Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։

30 Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր”։

31 Հայրն ասաց նրան. “Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։

32 Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց”»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 16

Անիրավ տնտեսի առակը

1 Հիսուսն աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրանից գանգատվեցինհարուստին, իբր նրա ունեցվածքը վատնում է։

2 Եվ նրան կանչեց ու ասաց. “Այս ի՞նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր քո տնտեսությանվերաբերյալ,որովհետև այլևս տնտես չես կարող լինել”։

3 Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։

4 Գիտեմ, թե ինչ կանեմ, որպեսզի ինձ իրենց տներն ընդունեն, երբ տնտեսությունից հանվեմ”։

5 Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք”։

6 Նա ասաց. “Հարյուր մարձեթ”։ Նրան ասաց. “Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն”։

7 Հետո մյուսին ասաց. “Դո՞ւ ինչքան ես պարտք”։ Նա էլ ասաց. “Հարյուր քոռ ցորեն”։ Եվ նրան ասաց. “Ա՛ռ մուրհակդ ու գրի՛ր՝ ութսուն”։

8 Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։

Դրամի խելացի օգտագործումը

9 Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։

10 Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։

11 Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։

12 Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ։

13 Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։

Ընդդեմ արծաթասեր փարիսեցիների

14 Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան։

15 Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եքցույց տալիս,բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծու առաջ պիղծ է։

16 Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են. նրանից հետո քարոզվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք շտապում է այնտեղ մտնել։

17 Սակայն ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան օրենքի մի փոքր նշանագիրն անգամ չիրագործվի։

18 Ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ուրիշին առնում, շնանում է, և ով ամուսնու կողմից արձակված կին է առնում, շնանում է։

Աղքատ Ղազարոսի առակը

19 Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։

20 Մի աղքատ մարդ էլ կար՝ Ղազարոս անունով, որ վերքերով ծածկված՝ նրա դռան առաջ ընկած էր

21 և ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից. շներն էլ գալիս էին, լիզում նրա վերքերը։

22 Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։

23 Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։

24 Նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ”։

25 Իսկ Աբրահամն ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։

26 Եվ այդ բոլորից բացի, մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն”։

27 Եվ ասաց. “Ուրեմն աղաչում եմ քեզ, հա՛յր, որ դրան իմ հոր տուն ուղարկես,

28 որովհետև ես հինգ եղբայր ունեմ. թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքի այս վայրը չգան”։

29 Աբրահամը նրան ասաց. “Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն”։

30 Իսկ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն”։

31 Եվ նրան ասաց. “Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի”»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 17

Գայթակղության մասին

1 Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։

2 Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։

3 Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։

Եղբայրական անհիշաչարություն

Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, նրան հանդիմանի՛ր, ու եթե ապաշխարի, նրան ների՛ր։

4 Եթե քո դեմ օրը յոթ անգամ մեղանչի ու յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։

Հավատի ուժը

5 Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։

6 Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ “Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր”, նա ձեզ կհնազանդվի։

Խոնարհաբար ծառայել

7 Բայց ձեզանից ո՞վ, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա ու երբ դաշտիցտունմտնի, նրան իսկույն կասի. “Եկ սեղա՛ն նստիր”։

8 Այլ նրան չի՞ ասի. “Պատրաստի՛ր, ինչ որ ընթրելու եմ, գոտի կապած՝ ինձ ծառայի՛ր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կուտես ու կխմես”։

9 Մի՞թե ծառային պետք է շնորհակալ լինի, որ իրեն հրամայված այդ գործերն անի։

10 Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. “Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք”»։

Տասը բորոտների մաքրվելը

11 Երբ նա Երուսաղեմ էր գնում, Սամարիայի ու Գալիլեայի միջով էր անցնում։

12 Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին

13 և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։

14 Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։

15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։

16 Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։

17 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։

18 Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։

19 Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։

Աստծու արքայության գալուստը

20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու,

21 ոչ էլ կասեն. “Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է”. որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է»։

22 Իսկ աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կուզենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել ու չեք տեսնի։

23 Ձեզ կասեն. “Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է”։ Չգնաք ու չհետևեք։

24 Որովհետև ինչպես ճայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի Մարդու Որդին իր օրը։

25 Բայց նախ պետք է, որ նա շատ չարչարվի և այս սերնդի կողմից մերժվի։

26 Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։

27 Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։

28 Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։

29 Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։

30 Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի։

31 Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։

32 Հիշե՛ք Ղովտի կնոջը։

33 Ով իր անձը փրկել ուզենա, այն կկորցնի, իսկ ով այն կորցնի, կփրկվի։

34 Ասում եմ ձեզ. այդ գիշերը երկու հոգի մի անկողնում կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։

35 Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։

37 Եվ պատասխանեցին նրան ու ասացին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, արծիվներն այնտեղ էլ կհավաքվեն»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 18

Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը

1 Նրանց մի առակ էլ ասաց այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել։

2 Եվ ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։

3 Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. “Իմ հակառակորդի դիմաց արդարադա՛տ եղիր իմ հանդեպ”։

4 Եվ նա երկար ժամանակ չէր կամենում. դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից էլ չեմ ամաչում,

5 սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի”»։

6 Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե անիրավ դատավորն ի՛նչ է ասում։

7 Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։

8 Ասում եմ ձեզ. շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ Մարդու Որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի՞»։

Փարիսեցին և մաքսավորը

9 Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, և ուրիշներին արհամարհում էին, այս առակն ասաց.

10 «Երկու մարդ տաճար ելան աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։

11 Փարիսեցին, առանձին կանգնած, այս աղոթքն էր անում. “Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը։

12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ”։

13 Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. “Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս”։

14 Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի»։

Հիսուսը օրհնում է մանուկներին

15 Մանուկներին էլ էին նրա մոտ բերում, որպեսզի նրանց դիպչի։ Աշակերտները, այդ տեսնելով, սաստում էին նրանց։

16 Բայց Հիսուսը մանուկներին իր մոտ կանչեց ու ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։

17 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։

Հարուստ իշխանավորը

18 Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

19 Հիսուսը նրան ասաց. «Ինձ ինչո՞ւ ես “բարի” անվանում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։

20 Պատվիրանները գիտես՝”Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը”(Ելք 20.14,13, 15-16,12,Բ Օր. 5.18,17, 19-20,16)»։

21 Նա էլ ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից պահել եմ»։

22 Երբ Հիսուսը այս լսեց, նրան ասաց. «Քեզ տակավին մի բան է պակասում. ինչ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս. և արի՛ ու ի՛նձ հետևիր»։

23 Նա էլ, այս լսելով, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։

24 Հիսուսը, նրան տրտմած տեսնելով, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։

25 Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայություն մտնի»։

26 Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։

27 Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։

28 Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։

29 Իսկ նա ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Աստծու արքայության համար տուն կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ թողած լինի

30 և բազմապատիկը չստանա այս ներկա ժամանակում և հավիտենական կյանք՝ այն գալիք աշխարհում»։

Կրկին կանխասություն մահվան և հարության մասին

31 Իր հետ վերցնելով տասներկուսին՝ ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն,

32 որովհետև պիտի մատնվի հեթանոսներին, պիտի ծաղրվի, նախատվի, և նրա վրա պիտի թքեն։

33 Ձաղկելով պիտի սպանեն նրան, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։

34 Նրանք այս բաներից ոչինչ չհասկացան, և այս խոսքը նրանցից ծածկված էր, ու ասածները չէին հասկանում։

Երիքովի կույր մուրացկանի բժշկումը

35 Երբ նա Երիքովին էր մոտենում, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։

36 Երբ ժողովրդի անցնելը լսեց, հարցրեց, թե այդ ի՛նչ է։

37 Նրան հայտնեցին, որ Հիսուս Նազովրեցին է անցնում։

38 Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։

39 Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։

40 Հիսուսը կանգ առավ ու հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Երբ իրեն մոտեցավ, նրան հարցրեց ու ասաց.

41 «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նա ասաց. «Տե՛ր, ուզում եմ տեսնել»։

42 Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։

43 Եվ իսկույն տեսավ ու գնում էր նրա հետևից՝ Աստծուն փառաբանելով։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով, գովաբանում էր Աստծուն։

Categories
Ղուկաս

Ղուկաս 19

Հիսուսը և Զակքեոս մաքսապետը

1 Հիսուսը մտավ Երիքով և անցնում էր նրա միջով։

2 Եվ ահա մի մարդ՝ Զակքեոս անունով, որ մաքսապետ էր և հարուստ,

3 ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։

4 Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։

5 Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»։

6 Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։

7 Բոլորը, տեսնելով, տրտնջում էին ու ասում. «Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու»։

8 Զակքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ»։

9 Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է,

10 որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու»։

Տասը մնասների առակը

11 Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։

12 Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։

13 Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաստվեց ու ասաց. “Շահարկե՛ք, մինչև գամ”։

14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. “Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի”։

15 Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։

16 Առաջինը եկավ ու ասաց. “Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց”։

17 Նրան ասաց. “Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր”։

18 Երկրորդը եկավ ու ասաց. “Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց”։

19 Նրան էլ ասաց. “Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր”։

20 Մյուսն էլ եկավ ու ասաց. “Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։

21 Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել”։

22 Եվ նրան ասաց. “Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել.

23 այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի”։

24 Եվ ներկա գտնվողներին ասաց. “Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին”։

25 Նրան ասացին. “Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի”։

26 “Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։

27 Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք”»։

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

28 Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։

29 Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց

30 ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։

31 Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ “Ինչո՞ւ եք արձակում”, նրան այսպե՛ս ասեք՝ “Տերը դրա կարիքն ունի”»։

32 Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։

33 Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։

34 Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։

35 Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։

36 Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։

37 Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։

38 Եվ ասում էին.

«Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողթագավորը(Սաղ. 118.26).

խաղաղությո՜ւն երկնքում,

ու փա՜ռք Բարձրյալին»։

39 Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։

40 Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։

Ողբ Երուսաղեմի

41 Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա

42 ու ասաց. «Գոնե այսօր դու էլ իմանայիր ինչպե՛ս խաղաղություն գտնել։ Բայց հիմա այն քո աչքերից ծածկված է։

43 Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։

44 Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավՏերը»։

Տաճարում առևտուր անողների վտարումը

45 Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։

46 Նրանց ասաց. «Գրված է.

“Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի”(Ես. 56.7),

իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։

Հիսուսը տաճարում

47 Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել։

48 Եվ միջոց չէին գտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր։

Categories
Ղուկաս

Ղուկաս 20

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

1 Այդ օրերին, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և քարոզում, մի օր քահանայապետներն ու դպիրները երեցների հետ միասին վրա հասան

2 և նրան ասացին. «Ասա՛ մեզ, այդ բաներն ի՞նչ իշխանությամբ ես անում, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվողը»։

3 Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, ու ինձ ասացե՛ք.

4 Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։

5 Նրանք իրար մեջ խորհուրդ արեցին ու ասացին. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ “Հապա ինչո՞ւ նրան չհավատացիք”,

6 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։

7 Եվ պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղի՛ց է։

8 Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։

Չար մշակների առակը

9 Եվ սկսեց ժողովրդին այս առակն ասել. «Մի մարդ այգի տնկեց, այն մշակներին տվեց ու ինքը երկար ժամանակով օտարության գնաց։

10 Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ այգու պտղից իրեն տան. բայց մշակները նրան ծեծեցին ու դատարկ հետ ուղարկեցին։

11 Դարձյալ մի ուրիշ ծառայի ևս ուղարկեց. նրանք սրան էլ ծեծեցին, անարգեցին ու դատարկ հետ ուղարկեցին։

12 Եվ դարձյալ մի երրորդի էլ ուղարկեց. նրանք սրան էլ վիրավորելով դուրս հանեցին։

13 Այգու տերն ասաց. “Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդուն ուղարկեմ, գուցե նրան տեսնելով՝ ամաչեն”։

14 Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. “Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի”։

15 Եվ այգուց դուրս հանեցին նրան ու սպանեցին։ Արդ այգու տերը ի՞նչ կանի նրանց։

16 Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։

17 Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալխոսքերը.

“Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին,

անկյունաքար դարձավ”(Սաղ. 118.22)։

18 Այս քարի վրա ամեն ընկնող կփշրվի, և ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի»։

19 Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց։

Կայսրին տրվելիք տուրքը

20 Եվ դարանամուտ լինելով՝ լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեին՝ նրան կուսակալի իշխանությանը մատնելու համար։

21 Եվ նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ շիտակ ես խոսում ու ուսուցանում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։

22 Օրինավո՞ր է մեզ կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։

23 Նրանց խորամանկությունը հասկանալով՝ նրանց ասաց.

24 «Ցո՛ւյց տվեք ինձ դինարը։ Ո՞ւմ պատկերն ու գիրն ունիսա»։ Պատասխանեցին. «Կայսրի»։

25 Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։

26 Եվ չկարողացան ժողովրդի առաջ նրան խոսքով բռնել ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ լռեցին։

Հարց մեռելների հարության մասին

27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակվում են՝ասելով, թե հարություն գոյություն չունի, նրան հարցրին

28 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է.”Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի”(Բ Օր. 25.5)։

29 Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու առանց զավակի մեռավ։

30 Եվ երկրորդն առավ այն կնոջը, նա էլ առանց զավակի մեռավ։

31 Երրորդն էլ նրան առավ. այսպես այն յոթն էլ զավակներ չթողեցին ու մեռան։

32 Վերջում այն կինն էլ մեռավ։

33 Արդ հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի. չէ՞ որ այն յոթն էլ նրան կին առան»։

34 Եվ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Այս աշխարհի մարդիկ են կին առնում ու մարդու գնում։

35 Իսկ նրանք, որոնք արժանի կլինեն մեռելներից հարություն առնելու և նոր աշխարհում ապրելու, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան։

36 Եվ ոչ էլ կարող են մեռնել, որովհետև հրեշտակների նման են ու Աստծու որդիներ են, քանզի հարության որդիներն են։

37 Իսկ որ մեռելները հարություն կառնեն, Մովսեսն էլ մորենուդրվագիմեջ ցույց տվեց, ինչպես որ Տիրոջ մասին ասաց.”Աբրահամի Աստված և Իսահակի Աստված և Հակոբի Աստված”(Ելք 3.6)։

38 Իսկ Աստված մեռելներինը չէ, այլ ողջերինը, որովհետև նրա համար բոլորն էլ ողջ են»։

39 Դպիրներից ոմանք ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։

40 Եվ այլևս չէին համարձակվում նրան ոչ մի բան հարցնել։

Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի

41 Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է,

42 քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է.

“Տերն իմ Տիրոջն ասաց.

“Իմ աջ կո՛ղմը նստիր,

43 մինչև որ քո թշնամիներին

ոտքերիդ պատվանդան դնեմ”(Սաղ. 110.1)։

44 Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ապա ինչպե՞ս նրա որդին կլինի»։

Դպիրների դատապարտումը

45 Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր, իր աշակերտներին ասաց.

46 «Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ցանկանում են փառավոր պատմուճաններով շրջել ու սիրում են հրապարակներում ողջույններ ստանալը, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ առաջին տեղերը,

47 որոնք այրիների ունեցվածքն են լափում, ցուցադրաբար երկար աղոթք են անում. նրանք ավելի խիստ են դատապարտվելու»։