Categories
Ղուկաս

Ղուկաս 1

Նախաբան

1 Քանի որ մեզանում կատարված դեպքերի պատմությունը վերաշարադրելը շատերը ձեռնարկեցին,

2 ինչպես ականատեսներն ու Խոսքին սպասավոր եղողներն էին սկզբից ավանդել մեզ,

3 ես էլ, որ սկզբից ճշգրտորեն հետևում էի ամեն բանի, ուզեցի կարգով գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե,

4 որպեսզի ճանաչես հավաստիությունը այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։

Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը

5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. նրա կինն Ահարոնի սերնդից էր, անունը՝ Եղիսաբեթ։

6 Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։

7 Նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթն ամուլ էր, և երկուսն էլ ծեր էին։

8 Եվ երբ Աստծու առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ,

9 քահանայության սովորության համաձայն՝ իրեն վիճակվեց, որ Տիրոջ տաճարը մտնի՝ խնկարկություն անելու։

10 Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում։

11 Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։

12 Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։

13 Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։

14 Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի. նրա ծնունդով շատերը կուրախանան,

15 որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և ցքի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի

16 և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։

17 Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։

18 Զաքարիան հրեշտակին ասաց. «Ես դա ինչպե՞ս իմանամ. չէ՞ որ ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։

19 Հրեշտակը պատասխանեց նրան ու ասաց. «Ես Գաբրիելն եմ, որ Աստծու առաջ եմ կանգնում. ուղարկվել եմ քեզ հետ խոսելու և այս բաների մասին քեզ ավետիս տալու։

20 Եվ ահա համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները լինեն, քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին, որոնք իրենց ժամանակին պիտի իրականանան»։

21 Ժողովուրդը Զաքարիային էր սպասում, և տաճարում զարմանում էին, որ նա ուշանում է։

22 Երբ դուրս եկավ, նրանց հետ չէր կարողանում խոսել, և իմացան, որ տաճարում տեսիլք էր տեսել։ Նա նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։

23 Բայց երբ նրա ծառայության օրերն ավարտվեցին, գնաց իր տուն։

24 Այն օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս իր հղիությունը գաղտնի էր պահում և ասում.

25 «Տերն այս օրերին ինձ այսպես արեց,ինձվրա նայեց, որ մարդկանց առաջ իմ նախատինքը վերացնի»։

Հիսուսի ծննդյան ավետումը

26 Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր,

27 մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։

28 Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։

29 Մարիամը, տեսնելով հրեշտակին, նրա խոսքերից շփոթվեց ու մտքում խորհում էր, թե այս ողջույնն ի՛նչ է նշանակում։

30 Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։

31 Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։

32 Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը,

33 և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։

34 Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ եսդեռտղամարդ չեմ ճանաչում»։

35 Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։

36 Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։

37 Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։

38 Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո ասածի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրա մոտից։

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին

39 Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։

40 Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։

41 Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։

42 Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։

43 Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։

44 Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։

45 Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։

Մարիամի օրհներգությունը

46 Եվ Մարիամն ասաց.

«Թող իմ անձը Տիրոջը փառավորի։

47 Իմ հոգին ցնծաց

իմ Փրկիչ Աստծով,

48 որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց,

և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։

49 Որովհետև Հզորն ինձ համար

մեծամեծ գործեր արեց.

և սուրբ է նրա անունը։

50 Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ

իրենից երկյուղածներիվրաէ։

51 Իր բազկով զորություն ցույց տվեց,

ցրեց ամբարտավաններին՝

իրենց սրտի խորհուրդներով։

52 Զորավորներին աթոռներից իջեցրեց

ու խոնարհներին բարձրացրեց։

53 Քաղցածներին բարիքներով լիացրեց

ու հարուստներին դատարկ արձակեց։

54 Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝

հիշելովիրողորմությունները,

55 ինչպես որ ասել է մեր հայրերին

Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ

հավիտյան»։

56 Մարիամը նրա մոտ մնաց գրեթե երեք ամիս և իր տուն վերադարձավ։

Հովհաննես Մկրտչի ծնունդը և թլփատումը

57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։

58 Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է արել նրան, և նրա հետ ուրախանում էին։

59 Ութերորդ օրը եկան երեխային թլփատելու և նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում,

60 բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։

61 Եվ նրան ասացին. «Քո ազգում ոչ ոք չկա, որ այդ անունով կոչվի»։

62 Նրա հորը նշաններով հարցրին, թե ի՛նչ կկամենա, որ նա կոչվի։

63 Նա տախտակ խնդրեց և վրան գրեց՝ ասելով. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։

64 Եվ նրա բերանն ու լեզուն իսկույն բացվեցին, և խոսում էր՝ Աստծուն օրհնելով։

65 Եվ ահ ընկավ նրանց շուրջն ապրող բոլորի սրտերը։ Ամբողջ լեռնային Հուդայում պատմվում էր այս ամենի մասին։

66 Եվ բոլոր լսողներըպատմվածնիրենց սրտերի մեջ էին պահում և ասում. «Արդյոք ի՞նչ պիտի լինի այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։

Զաքարիայի օրհներգությունը

67 Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց.

68 «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,

որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։

69 Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար

փրկության եղջյուր կանգնեցրեց,

70 ինչպես որ դարեր առաջ

իր սուրբ մարգարեների բերանով ասել էր.

71 Փրկությունկտամեր թշնամիներից,

բոլոր մեզ ատողների ձեռքից,

72 ողորմություն կանի մեր հայրերին

և կիրականացնի իր սուրբ ուխտը։

73 Պահեց այն երդումը,

որ տվել էր մեր հայր Աբրահամին,

որպեսզի մեզ արժանավորի,

74 մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո

իրեն աներկյուղ պաշտենք՝

75 որպես մեր կյանքի բոլոր օրերին

նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։

76 Եվ դու, ո՛վ մանուկ,

Բարձրյալի մարգարե պիտի կոչվես,

որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝

նրա ճանապարհները պատրաստելու,

77 որպեսզի նրա ժողովրդին,

մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։

78 Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝

ծագողարեգակըկայցելի մեզ բարձունքից՝

79 խավարում և մահվան ստվերում

նստողներին լույս տալու

և մեր ոտքերը

դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։

80 Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։

Categories
Ղուկաս

Ղուկաս 2

Հիսուսի ծնունդը և հովիվների այցը

1 Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։

2 Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։

3 Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։

4 Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր.

5 որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։

6 Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։

7 Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։

8 Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերն էին պահում։

9 Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց. Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու մեծ վախ ապրեցին։

10 Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու.

11 այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։

12 Սա ձեզ համար նշանկլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։

13 Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում.

14 «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։

15 Եվ երբ հրեշտակները նրանց մոտից երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք մինչև Բեթլեհեմ գնանք ու տեսնենք տեղի ունեցածը, որը Տերը ցույց տվեց մեզ»։

16 Շտապելով եկան և գտան Մարիամին ու Հովսեփին և երեխային՝ մսուրի մեջ պառկած։

17 Եվ երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին։

18 Բոլոր լսողներն էլ զարմացան հովիվների պատմածների վրա։

19 Իսկ Մարիամն այդ ամենը պահում էր իր սրտում և մտորում։

20 Հովիվները հետ դարձան՝ Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես որ ասվել էր իրենց։

Հիսուսի թլփատումը և ընծայումը տաճարին

21 Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։

22 Իսկ երբ Մովսեսի օրենքի համաձայն Մարիամի մաքրվելու օրերը լրացան, մանկանը բերեցին Երուսաղեմ՝ Տիրոջը ներկայացնելու,

23 ինչպես Տիրոջ օրենքում է գրված.«Ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ համար սուրբ կկոչվի»(Ելք 13.2,12)։

24 Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայնպետք է մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ ընծա տալ(Ղևտ. 12.8)։

Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը

25 Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։

26 Սուրբ Հոգին նրան հայտնել էր, որ մահ չի տեսնելու, մինչև որ Տիրոջ Օծյալին չտեսնի։

27 Եվ Հոգով առաջնորդվելով՝ տաճար եկավ, և երբ ծնողները Հիսուս մանկանը բերեցին, որ կատարեն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր,

28 Սիմեոնը գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն և ասաց.

29 «Հիմա, ո՛վ Տեր, արձակի՛ր քո ծառային քո խոստման համաձայն՝ խաղաղությամբ։

30 Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը,

31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։

32 Լույս՝ հեթանոսներին լուսավորելու,

և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։

33 Հովսեփն ու նրա մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ նրա մասին ասվում էին։

34 Եվ Սիմեոնն օրհնեց նրանց ու ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է լինելու Իսրայելում շատերի անկման կամ բարձրացման և նշան հակառակության։

35 Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, ինչպես որ շատերի սրտերի խորհուրդները պիտի հայտնի դառնան»։

Աննայի մարգարեացումը

36 Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։

37 Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկԱստծունէր ծառայում։

38 Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։

39 Եվ երբ ամեն բան Տիրոջ օրենքի համաձայն կատարեցին, վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ քաղաքը։

40 Իսկ մանուկն աճում էր ու զորանում՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհը նրա վրա էր։

Մանուկ Հիսուսը տաճարում՝ վարդապետների մեջ

41 Նրա ծնողներն ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում։

42 Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, նրանք, տոնի սովորության համաձայն, Երուսաղեմ գնացին։

43 Երբտոնակատարությանօրերը լրացան, և նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը Երուսաղեմում մնաց. նրա ծնողները չիմացան այդ մասին։

44 Կարծելով, թե նա ուղեկիցների հետ է, մեկ օրվա ճանապարհ եկան, ապա նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։

45 Երբ նրան չգտան, հետ դարձան Երուսաղեմ՝ նրան փնտրելու։

46 Երեք օր հետո նրան գտան տաճարում վարդապետների մեջտեղում նստած. լսում էր նրանց ու հարցեր տալիս։

47 Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության ու պատասխանների վրա։

48 Երբծնողներընրան տեսան, ապշեցին։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես արեցիր. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։

49 Եվ նա ասաց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հորտանըլինեմ»։

50 Իսկ նրանք չհասկացան այն խոսքը, որ իրենց ասաց։

51 Եվ նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նրանց հնազանդ էր։ Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում։

52 Հիսուսն Աստծու ու մարդկանց առաջ զարգանում էր իմաստությամբ, հասակով ու շնորհով։

Categories
Ղուկաս

Ղուկաս 3

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

1 Տիբերիոս կայսեր կառավարման տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, և Հերովդեսը՝ Գալիլեայի չորրորդապետը, նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետն իտուրացիների և տրաքոնացիների երկրում, Լյուսանիասը՝ չորրորդապետն Աբիլենեի,

2 Աննասի ու Կայիափայի քահանայապետության օրերին, Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։

3 Նա եկավ Հորդանանի բոլոր կողմերը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտությունը քարոզելով,

4 ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է.

«Անապատում կանչողի ձայնն է.

“Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը,

ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։

5 Ամեն ձոր թող լցվի,

և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն.

շեղճանապարհներըթող ուղիղ լինեն,

և խորդուբորդները՝ հարթ դառնան։

6 Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի”»(Ես. 40.3-5)։

7 Եվ ժողովրդի այն բազմություններին, որոնք դուրս էին եկել նրանից մկրտվելու, ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։

8 Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. “Մենք Աբրահամին մեզ հայր ունենք”։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։

9 Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։

10 Եվ ժողովուրդը նրան հարցնում էր. «Հապա ի՞նչ անենք»։

11 Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ով երկու հագուստ ունի,մեկըթող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»։

12 Մաքսավորները եկան մկրտվելու ու նրան ասացին. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։

13 Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածից ավելին մի՛ պահանջեք»։

14 Զինվորներն էլ էին նրան հարցնում. «Հապա մե՞նք ինչ անենք»։ Նրանց էլ ասաց. «Ոչ մեկի մի՛ հարստահարեք, ոչ էլ զրպարտություն արեք. ձեր վարձո՛վ բավարարվեք»։

15 Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում մտածում էին Հովհաննեսի մասին. «Գուցե Քրիստոսը նա՞ է»։

16 Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։

17 Հոսելին իր ձեռքին է, և նա իր կալը կսրբի, ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի»։

18 Եվ ուրիշ շատ բաներ հորդորելով քարոզում էր ժողովրդին։

19 Բայց Հերովդես չորրորդապետը, որ Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի համար և բոլոր չար գործերի համար, որ արել էր,

20 այդ ամենին սա էլ ավելացրեց. Հովհաննեսին բանտում փակեց։

Հիսուսի մկրտությունը

21 Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց,

22 և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։

Հիսուսի ազգաբանությունը

23 Երբ Հիսուսը իրգործնսկսեց, երեսուն տարեկան էր, և ինչպես կարծվում էր, որդին էր Հովսեփի, Հեղիի,

24 Մատթատի, Ղևիի, Մեղքիի, Հաննեի, Հովսեփի,

25 Մատաթիայի, Ամովսի, Նավումի, Եսղիի, Նանգեի,

26 Մաաթի, Մատաթիայի, Սեմեիի, Հովսեփի, Հուդայի,

27 Հովհաննայի, Րեսայի, Զորաբաբելի, Սաղաթիելի, Ներեիի,

28 Մեղքիի, Ադդեիի, Կովսամի, Եղմովդադի, Էրի,

29 Հովսեսի, Եղիազարի, Հովրիմի, Մատթատի, Ղևիի,

30 Սիմեոնի, Հուդայի, Հովսեփի, Հովնանի, Եղիակիմի,

31 Մելիայի, Մայնանի, Մատտաթայի, Նաթանի, Դավթի,

32 Հեսսեի, Օվբեդի, Բոոսի, Սաղմոնի, Նաասոնի,

33 Ամինադաբի, Արամի, Եսրոնի, Փարեսի, Հուդայի,

34 Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Թարայի, Նաքովրի,

35 Սերուքի, Ռագավի, Փաղեկի, Եբերի, Սաղայի,

36 Կայնանի, Արփաքսադի, Սեմի, Նոյի, Ղամեքի,

37 Մաթուսաղայի, Ենովքի, Հարեդի, Մաղաղիելի, Կայնանի,

38 Ենովսի, Սեթի, Ադամի, և նա՝ Աստծու։

Categories
Ղուկաս

Ղուկաս 4

Հիսուսի փորձությունն անապատում

1 Հիսուսը, Սուրբ Հոգով լցված, Հորդանանից վերադարձավ և Հոգով անապատ առաջնորդվեց։

2 Սատանայի կողմից քառասուն օր փորձվեց և այն օրերին ոչինչ չկերավ, իսկ երբօրերըլրացան, քաղց զգաց։

3 Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այս քարին ասա՛, որ հաց դառնա»։

4 Եվ Հիսուսը նրան ասաց. «Գրված է.

“Մարդ միայն հացով չի ապրում,

այլև Աստծու ամեն խոսքով” (Բ Օր. 8.3)»։

5 Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։

6 Եվ սատանան նրան ասաց. «Այս ամբողջ իշխանությունն ու սրանց փառքը քեզ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում ցանկանում եմ, տալիս եմ այն։

7 Արդ եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, ամբողջը քոնը կլինի»։

8 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Գրված է.

“Տիրոջը՝ քո Աստծուն, պետք է երկրպագես

ու միայն նրան պաշտես”(Բ Օր. 6.13)»։

9 Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր,

10 որովհետև գրված է.

“Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի,

որ քեզ պահեն,

11 որ քեզ ձեռքերի վրա վերցնեն,

որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի”(Սաղ. 91.11-12)»։

12 Հիսուսը նրան ասաց. «Ասված է.

“Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր”(Բ Օր. 6.16)»։

13 Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։

Քարոզչություն Գալիլեայում

14 Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։

15 Եվ նրանց ժողովարաններում ուսուցանում էր՝ բոլորի կողմից փառաբանվելով։

Հիսուսը Նազարեթում

16 Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ ու ելավ ընթերցելու։

17 Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.

18 «Տիրոջ Հոգին ինձ վրա է,

որովհետև ի՛նձ օծեց

և ի՛նձ ուղարկեց

աղքատներին բարի լուրը ավետելու,

սրտով բեկյալներին բժշկելու,

գերիներին ազատություն քարոզելու

և կույրերին՝ տեսողություն,

հարստահարվածներին ազատ արձակելու,

19 Տիրոջն ընդունելի տարին քարոզելու»(Ես. 61.1-2)։

20 Եվ փակելով Գիրքը՝ պաշտոնյային տվեց ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրան էին սևեռված։

21 Եվ սկսեց նրանց ասել. «Այսօր այսգրվածքըկատարվեց, որ ձեր ականջներով լսեք»։

22 Բոլորը համաձայնվում էին նրա հետ ու զարմանում այն շնորհալի խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից, և ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»։

23 Եվ ասաց նրանց. «Իհարկե, ինձ այս առակը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Կափառնաումում եղած որքա՜ն բաներ լսեցինք, այստեղ՝ քո հայրենիքո՛ւմ էլ արա»։

24 Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։

25 Արդարև ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում շատ այրիներ կային։ Այն ժամանակ երկինքը երեք տարի ու վեց ամիս փակվեց, և ամբողջ երկրով մեկ մեծ սով եղավ։

26 Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, այլ միայն սիդոնացիների Սարեփթա քաղաքը՝ մի այրի կնոջ մոտ։

27 Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։

28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը բարկությամբ լցվեցին։

29 Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։

30 Իսկ նա, նրանց միջով անցնելով, գնաց։

Դիվահարի բժշկումը

31 Եվ իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերին ուսուցանում էր նրանց։

32 Նրա վարդապետության վրա զարմանում էին, որովհետև նրա խոսքն իշխանությամբ էր։

33 Ժողովարանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ. նա բարձրաձայն աղաղակեց.

34 «Օ՜հ, մեզ հետ ի՞նչ գործ ունես, Հիսո՛ւս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբն ես»։

35 Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր ու դո՛ւրս ելիր դրանից»։ Դևը նրան մեջտեղում գետին զարկեց ու նրանից դուրս ելավ և նրան ոչ մի վնաս չտվեց։

36 Բոլորին զարմանք պատեց. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ի՞նչ խոսք է սա, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են գալիս»։

37 Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր գավառներում։

Զանազան բժշկումներ

38 Եվ ժողովարանից ելավ ու մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բռնվել էր սաստիկ տենդով, և նրա համար խնդրեցին նրան։

39 Հիսուսը կանգնեց նրա մոտ, սաստեց տենդին, ուտենդընրան թողեց։ Նա իսկույն վեր կացավ ու ծառայում էր նրանց։

40 Եվ մայրամուտին բոլոր նրանք, ովքեր տեսակ-տեսակ ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց. իսկ նա ձեռքը դնում էր նրանցից յուրաքանչյուրի վրա և բժշկում նրանց։

41 Շատերի միջից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում էին ու ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Իսկ նա, սաստելով, նրանց թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։

Քարոզչական շրջագայություն

42 Երբ լույսը բացվեց, Հիսուսը ելավ գնաց մի ամայի տեղ։ Եվ ժողովուրդը փնտրում էր նրան։ Եկան նրա մոտ և չէին թողնում նրան, որ իրենցից հեռանար։

43 Իսկ նա նրանց ասաց. «Ես ուրիշ քաղաքների էլ պետք է Աստծու արքայությունը քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»։

44 Եվ քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում։

Categories
Ղուկաս

Ղուկաս 5

Ձկնորսներից՝ առաքյալներ

1 Երբ ժողովուրդն Աստծու խոսքը լսելու համար խռնվում էր նրա շուրջը, նա կանգնած էր Գեննեսարեթի լճի ափին։

2 Եվ լճափին երկու նավ տեսավ. ձկնորսներն էլ դրանց միջից դուրս էին եկել և ուռկաններն էին լվանում։

3 Նա այդ նավերից մեկի մեջ մտավ, որ Սիմոնինն էր, ու նրան խնդրեց ցամաքից մի քիչ հեռացնել այն. նստեց ու նավի միջից ուսուցանում էր ժողովրդին։

4 Եվ երբ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. «Քշի՛ր դեպի խորքը, ու ձեր ուռկանները գցե՛ք որսալու»։

5 Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։

6 Եվ երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ լցվեցին, ու նրանց ուռկանները պատռվում էին։

7 Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու։ Նրանք եկան և երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին։

8 Եվ Սիմոն Պետրոսը, այդ տեսնելով, Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տե՛ր, հեռո՛ւ գնա ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ»։

9 Քանզի ահը պատեց նրան և բոլորին, ովքեր նրա հետ էին, այն ձկների համար, որ բռնել էին.

10 նույնպես և Զեբեդեոսի որդիներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք Սիմոնի ընկերներն էին։ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր. այսուհետև մարդկանց պիտի որսաս»։

11 Եվ նավերը ցամաք հանեցին, ամեն ինչ թողեցին ու նրան հետևեցին։

Բորոտի բժշկումը

12 ԵրբՀիսուսըքաղաքներից մեկում էր, ահա բորոտությամբ պատված մի մարդ, տեսնելով Հիսուսին, երեսի վրա ընկած, նրան աղաչեց ու ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։

13 Եվ նա, իր ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն նրա վրայից անցավ։

14 Հիսուսը նրան պատվիրեց, որ ոչ ոքի չասի, այլ. «Գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և քո մաքրվելու համար ընծա՛ մատուցիր, ինչպես որ Մովսեսն է հրամայել, նրանց իբրև վկայություն նրանց»։

15 Իսկ նրա համբավն ավելի էր տարածվում, և շատ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու ու իրենց հիվանդություններից բժշկվելու։

16 Իսկ նա հեռանում էր ամայի տեղեր և աղոթում։

Անդամալույծի բժշկումը

17 Մի օր, երբ նա ուսուցանում էր, նստած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, որ եկել էին Գալիլեայի ու Հրեաստանի բոլոր գյուղաքաղաքներից և Երուսաղեմից։ Եվ բժշկելու համար Տիրոջ զորությունը նրա հետ էր։

18 Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդու էին բերում, որ անդամալույծ էր, և ուզում էին նրան ներս մտցնել ու Հիսուսի առաջ դնել։

19 Երբ այն ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան մահիճով իջեցրին մեջտեղը՝ Հիսուսի առաջ։

20 Նրանց հավատը տեսնելով՝ ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը քեզ ներված են»։

21 Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ՝ միայն Աստված»։

22 Իսկ Հիսուսը, նրանց մտքերը գիտենալով, ասաց. «Ի՞նչ եք ձեր սրտերում խորհում։

23 Ո՞րն է ավելի հեշտ՝ ասել “Քեզ ներված լինեն քո մեղքերը”, թե՞ ասել “Վե՛ր կաց ու քայլի՛ր”։

24 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու (անդամալույծին ասաց). “Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ ու քո տո՛ւն գնա”»։

25 Եվ նա իսկույն վեր կացավ նրանց առաջ, իր վրա վերցրեց այն, ինչի վրա պառկած էր և իր տուն գնաց՝ Աստծուն փառաբանելով։

26 Եվ բոլորն ապշահար եղան և փառավորում էին Աստծուն. ահով լցվեցին ու ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։

Հիսուսը կանչում է Ղևիին

27 Դրանից հետոՀիսուսըդուրս ելավ ու մի մաքսավորի տեսավ՝ Ղևի անունով, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։

28 Նա ամեն բան թողեց, վեր կացավ և նրա հետևից գնաց։

29 Ղևին իր տանը նրա համար մեծ ընդունելություն արեց. և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։

30 Փարիսեցիներն ու դպիրները նրա աշակերտների մոտ տրտնջում էին ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։

31 Հիսուսը պատասխանեց նրանց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։

32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։

Վեճ ծոմապահության մասին

33 Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քոաշակերտներնուտում են և խմում»։

34 Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին ծոմ պահել տալ, քանի դեռ փեսան նրանց հետ է։

35 Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։

36 Նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հին հագուստի վրա նոր հագուստից կարկատան չի գցի, այլապես և՛ նորը կպատռվի, և՛ նոր կտորը հնի հետ չի հարմարվի։

37 Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան։

38 Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն։

39 Ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե հինն ավելի լավն է»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 6

Շաբաթ օրով պոկված հասկեր

1 Շաբաթ օր էր, երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով. նրա աշակերտները հասկ էին պոկում, ափի մեջ տրորում և ուտում։

2 Փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։

3 Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգացին ինքը և իր հետ եղողները.

4 ինչպես նա Աստծու տունը մտավ, վերցրեց առաջավորաց հացերն ու կերավ և տվեց իր հետ եղողներին, որ ուտելու իրավունք չունեին, բացի քահանաներից»։

5 Եվ նրանց ասաց. «Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է»։

Չորացած ձեռքի բժշկումը

6 Մի ուրիշ շաբաթ օր նա ժողովարան մտավ և ուսուցանում էր. այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։

7 Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով պիտի բժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։

8 Իսկ նա, որ գիտեր նրանց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտեղում կանգնի՛ր»։ Նա վեր կացավ և կանգնեց։

9 Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։

10 Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով՝ այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, և նրա ձեռքը մյուսի նման առողջացավ։

11 Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսին ի՛նչ անեն։

Տասներկուսի ընտրությունը

12 Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։

13 Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին, ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց.

14 Սիմոնին, որին էլ Պետրոս անվանեց, և Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին ու Հովհաննեսին, Փիլիպպոսին և Բարթողոմեոսին,

15 Մատթեոսին և Թովմասին, ԱլփեոսիորդիՀակոբոսին և Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին,

16 ՀակոբոսիորդիՀուդային և Հուդա Իսկարիովտացուն, որը և մատնիչ եղավ։

Բազմություններ Հիսուսի հետևից

17 Եվ նրանց հետ իջնելով՝ կանգ առավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ, ինչպես նաև Հրեաստանից ու Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդովնի ծովեզերքից ժողովրդի մի մեծ բազմություն

18 եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։

19 Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։

Երանիներ և վայեր

20 Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց.

«Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։

21 Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։

Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։

22 Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։

23 Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։

24 Բայց վա՛յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն արդեն ստացել եք։

25 Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։

Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք և լացեք։

26 Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։

Սեր թշնամիների հանդեպ

27 Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք. սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին։

28 Օրհնե՛ք ձեզ անիծողներին, աղոթե՛ք ձեզ նեղողների համար։

29 Քոմիերեսին խփողին մյո՛ւսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի՛ արգելիր նրան շապիկդ էլ վերցնել։

30 Ամենքին, ով քեզանից ուզում է, տո՛ւր, քեզնից վերցնողից էլ հետ մի՛ պահանջիր։

31 Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց։

32 Եվ եթե դուք ձեզ սիրողների՛ն սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են իրենց սիրողներին սիրում։

33 Եվ եթե ձեր բարերարների՛ն բարիք անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են նույնն անում։

34 Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից ակնկալում եք հետ առնել, ո՞րն է ձեր արած շնորհը, քանի որ մեղավորներն էլ են մեղավորներին փոխ տալիս, որպեսզի հավասար չափով հետ առնեն։

35 Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին, բարի՛ք գործեք և ոչինչ չակնկալելո՛վ փոխ տվեք, ու ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ։

36 Ուրեմն ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած։

Ուրիշներին դատելը

37 Եվ մի՛ դատեք ու չեք դատվի, մի՛ պատժեք ու չեք պատժվի, ներե՛ք և ներված կլինեք։

38 Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։

39 Նրանց մի առակ էլ ասաց. «Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն։

40 Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի։

41 Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։

42 Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ “Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ”, բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։

Ծառը պտղից է ճանաչվում

43 Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա, ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ տա։

44 Քանզի յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում. որովհետև փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ մորենուց խաղող են հավաքում։

45 Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդն իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։

Երկու տները

46 Եվ ինչո՞ւ եք ինձ “Տե՛ր, Տե՛ր” կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։

47 Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս ու իմ խոսքերը լսում և դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ո՛ւմ է նման։

48 Նման է տուն կառուցող մի մարդու, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը ժայռի վրա դրեց։ Երբ հեղեղ եղավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։

49 Բայց նա, ով լսում է և չի կատարում, նման է մի մարդու, որ տուն է կառուցում հողի վրա առանց հիմքի. գետը խփեց, ևայնիսկույն փլվեց, և այդ տան կործանումը մեծ եղավ»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 7

Հարյուրապետի հավատը

1 Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։

2 Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։

3 Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային փրկի։

4 Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. «Նա արժանի է, որ այդ նրան անես,

5 որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։

6 Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։

7 Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։

8 Որովհետև ես էլ իշխանության ենթակա մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է»։

9 Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա»։

10 Եվ այն ուղարկվածմարդիկտուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։

Այրի կնոջ որդու հարությունը

11 Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին աշակերտները ու բազում ժողովուրդ։

12 Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։

13 Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»։

14 Եվ մոտենալով դիպավ դագաղին.դագաղըտանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։

15 Մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել։ ԵվՀիսուսընրան իր մորը տվեց։

16 Ահը պատեց բոլորին, և Աստծուն փառավորում էին՝ ասելով. «Մի մեծ մարգարե է մեր մեջ հայտնվել», և «Աստված այցելել է իր ժողովրդին»։

17 Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։

Հովհաննես Մկրտիչը

18 Հովհաննեսին նրա աշակերտներն այս բոլորի մասին պատմեցին։ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց,

19 Տիրոջ մոտ ուղարկեց՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք»։

20 Այդ մարդիկ, նրա մոտ գալով, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ քեզ մոտ է ուղարկել և ասում է. “Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք”»։

21 Նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, տառապանքներից ու չար ոգիներից, բազում կույրերի տեսողություն շնորհեց։

22 Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, ու աղքատներին Բարի լուրն է ավետվում։

23 Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։

24 Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։

25 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։

26 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, որ առավել քան մարգարեն։

27 Դա նա է, ում մասին գրված է.

“Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին,

որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի”(Մղք. 3.1)։

28 Ասում եմ ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե չկա, բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։

29 Երբ ամբողջ բազմությունը, նույնիսկ մաքսավորները, Հովհաննեսին լսեցին, ընդունեցին Աստծու արդարությունը՝ Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով։

30 Փարիսեցիներն ու օրենսգետները, ընդհակառակը, Հովհաննեսից չմկրտվելով, մերժեցին այն, ինչ Աստված կամենում էր նրանց համար։

31 «Արդ այս սերնդի մարդկանց ո՞ւմ նմանեցնեմ, ո՞ւմ են նման։

32 Նման են այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում, միմյանց ձայն են տալիս և ասում.

“Մենք ձեզ համար փող հնչեցրինք, բայց դուք չպարեցիք,

ողբ ասացինք, բայց լաց չեղաք”։

33 Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. “Դև ունի”։

34 Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. “Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ”։

35 Բայց իմաստությունն արդարացվեց նրա բոլոր որդիների կողմից»։

Մեղավոր կնոջ հավատը

36 Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետհացուտի։ Նա, մտնելով փարիսեցու տուն, սեղան նստեց։

37 Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով

38 և հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով՝ լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել. նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։

39 Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր,այդտեսնելով, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է»։

40 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, մի բան ունեմ քեզ ասելու»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Ուասաց.

41 «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։

42 Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։

43 Սիմոնն էլ պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց»։ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։

44 Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։

45 Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։

46 Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերն անուշահոտ յուղով օծեց։

47 Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։

48 Եվ այդկնոջնասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։

49 Նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս»։

50 Եվ նա այդ կնոջն ասաց. «Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 8

Բարեպաշտ կանայք

1 Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով։ Նրա հետ էին նաև տասներկուսը,

2 մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթ դև էր դուրս եկել,

3 Հովհաննան՝ Հերովդեսիտանտեսուչ Քուզայի կինը, Շուշանը և շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։

Սերմնացանի առակը

4 Երբ ժողովրդի մեծ բազմություն ու բազում քաղաքներից նրա մոտ եկածներ էին հավաքվել, առակով ասաց.

5 «Սերմնացանը ելավ իր սերմը ցանելու։ Սերմանելիս մի մասը ճանապարհի եզերքին ընկավ, կոխկռտվեց, ու երկնքի թռչունները կերան։

6 Ուրիշ մի մաս ապառաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակ խոնավություն չլինելու պատճառով չորացավ։

7 Մեկ այլ մաս փշերի մեջ ընկավ, և փշերը նրա հետ բուսնեցին ու խեղդեցին այն։

8 Եվ ուրիշ մի մաս բարեբեր ու պարարտ հողի վրա ընկավ և բուսնեց, հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Այս ասելիս բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Սերմնացանի առակի մեկնությունը

9 Աշակերտները նրան հարցրին. «Այդ առակն ի՞նչ է նշանակում»։

10 Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներովեմ խոսում, որպեսզի

նայելով չտեսնեն

ու լսելով չիմանան(Ես. 6.9)։

11 Իսկ առակը այս էնշանակում.սերմն Աստծու խոսքն է։

12 Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։

13 Որոնք ապառաժի վրա են, նրանք են, ովքեր երբ լսում են, խոսքն ուրախությամբ ընդունում են, սակայն դրանք արմատ չունեն. միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։

14 Փշերի մեջ ընկնողները նրանք են, որ լսում են խոսքը, բայց հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների ներքո ընթանալով՝ խեղդվում են ու անպտուղ լինում։

15 Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։

Ճրագի առակը

16 Ոչ ոք ճրագը չի վառի և ամանի տակ թաքցնի կամ մահճի տակ դնի, այլ աշտանակի վրա կդնի, որ ներս մտնողները լույսը տեսնեն։

17 Որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի։

18 Ուրեմն ուշադի՛ր եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ կարծում է, թե ունի, նրանից կվերցվի»։

Հիսուսի մայրն ու եղբայրները

19 Հիսուսի մայրն ու նրա եղբայրները իր մոտ էին եկել ու բազմության պատճառով չէին կարողանում նրան մոտենալ։

20 Իմաց տվեցին նրան ու ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։

21 Իսկ նա պատասխանեց նրանց և ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են ու կատարում»։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

22 Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու նրանց ասաց. «Լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ ճանապարհ ընկան։

23 Երբ նավարկում էին, նա քնեց։ Եվ լճի վրա մրրիկ իջավ, ունավը ջրովէր լցվում, և վտանգի մեջ էին։

24 Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կորչում ենք»։ Եվ նա վեր կացավ, սաստեց մրրիկին ու ջրի ալեկոծությանը, և հանդարտվեցին, ու խաղաղություն եղավ։

25 Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Նրանք սարսափած զարմացան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին էլ է հրաման տալիս, և իրեն հնազանդվում են»։

Գերգեսացի դիվահարը

26 Եվ նավարկեցին գերգեսացիների երկիրը, որ Գալիլեայի հանդիպակաց կողմում է։

27 Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։

28 Հիսուսին տեսնելով՝ աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասաց. «Ի՞նչ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր»։

29 Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան. շղթաներով ու ոտնակապերով կապված էր պահվում, բայց կապանքները կտրում ու դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։

30 Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։

31 Եվ նրան խնդրում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։

32 Այնտեղ բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր։ Եվ նրան խնդրում էին, որ թույլ տա իրենց նրանց մեջ մտնել, և թույլ տվեց նրանց։

33 Դևերն այդ մարդու միջից դուրս ելան, խոզերի մեջ մտան, և երամակն այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց ու խեղդվեց։

34 Երբ խոզարածներն այս պատահածը տեսան, փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին։

35 Եվմարդիկդուրս ելան պատահածը տեսնելու, եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած, և վախեցան։

36 Իսկ նրանք, ովքեր տեսել էին, նրանց պատմեցին, թե դիվահարն ինչպե՛ս էր փրկվել։

37 Գերգեսացիների երկրի շրջակայքի ամբողջ բազմությունը նրան խնդրեց, որ իրենց մոտից հեռանա, որովհետև սաստիկ ահով էին բռնվել։ Նա, նավ նստելով, վերադարձավ։

38 Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին ելել, աղաչում էր նրա հետ լինել, բայց Հիսուսը արձակեց նրան ու ասաց.

39 «Վերադարձի՛ր քո տուն ու պատմի՛ր, ինչ որ Աստված քեզ արեց»։ Նա գնաց ու ամբողջ քաղաքում քարոզում էր, ինչ որ Հիսուսն իրեն արեց։

Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը

40 Երբ Հիսուսը վերադարձավ, ժողովուրդը ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան։

41 Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի,

42 որովհետև նրա տասներկու տարեկան մինուճար դուստրը մերձիմահ էր։ Երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նեղում էր նրան։

43 Մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախսելով՝ չէր կարողացել ոչ մեկի կողմից բուժվել։

44 Նա հետևից մոտեցավ, Հիսուսի հագուստի քղանցքին դիպավ, և նրա արյունահոսությունն իսկույն դադարեց։

45 Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Քանի որ բոլորը հերքում էին, Պետրոսն ու նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է քեզ սեղմում ու նեղում»։

46 Սակայն Հիսուսն ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ»։

47 Եվ երբ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ի՛նչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։

48 Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

49 Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ ու նրան ասաց. «Աղջիկդ մեռավ, վարդապետին նեղություն մի՛ տուր»։

50 Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։

51 Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։

52 Բոլորը լալիս էին ու նրա վրա ողբում։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած»։

53 Բայց նրան ծաղրում էին, քանզի գիտեին, թե մեռել է։

54 Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։

55 Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան ուտելու բան տալ։

56 Նրա ծնողները զարմացած էին։ Հիսուսը պատվիրեց, որ եղածի մասին ոչ ոքի չասեն։

Categories
Ղուկաս

Ղուկաս 9

Տասներկուսի առաքելությունը

1 Եվ իր տասներկու աշակերտներին կանչեց, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու։

2 Եվ նրանց ուղարկեց Աստծու արքայությունը քարոզելու, հիվանդներին բժշկելու։

3 Եվ նրանց ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ գավազան, ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, ո՛չ էլ երկուական վերարկու ունեցեք։

4 Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք ու այնտեղի՛ց գնացեք։

5 Իսկ ովքեր ձեզ չընդունեն, ի վկայություն նրանց դեմ՝ այդ քաղաքից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թափ տվեք»։

6 Եվ նրանք ելան. շրջում էին գյուղից գյուղ՝ ավետարանելով ու ամեն տեղ բժշկություններ անելով։

Հերովդեսը և Հիսուսը

7 Հերովդես չորրորդապետը լսեց կատարված ամեն ինչի մասին ու զարմանում էր, քանի որ ոմանք ասում էին. «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել»,

8 իսկ ոմանք էլ՝ «Եղիան է հայտնվել», ուրիշներն էլ՝ «Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել»։

9 Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին ես գլխատել եմ. իսկ սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

10 Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա, նրանց վերցնելով, առանձնացավ մի ամայի տեղ՝ մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։

11 Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։Հիսուսընրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։

12 Օրն սկսեց տարաժամել. տասներկուսը մոտեցան ու նրան ասացին. «Այդ ժողովրդին արձակի՛ր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն և ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։

13 Սակայն նրանց ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք, այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։

14 Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։

15 Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին։

16 Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս-մաս արեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։

17 Բոլորն էլ կերան ու հագեցան, և ավելացած կտորտանքներից տասներկու քթոց հավաքեցին։

Ո՞վ է Հիսուսը

18 Երբ նա առանձին աղոթք էր անում, նրա հետ էին նաև աշակերտները։ Նրանց հարցրեց ու ասաց. «Ժողովուրդն իմ մասինի՞նչէ ասում. ո՞վ եմ ես»։

19 Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ “Եղիան”, ուրիշներն էլ՝ “Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել”»։

20 Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասինինչեք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։

21 Նա խիստ պատվիրեց նրանց, որ այդ ոչ ոքի չասեն։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

22 Եվ ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։

23 Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։

24 Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։

25 Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։

26 Որովհետև ով ինձ ու իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով։

27 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծու արքայությունը չտեսնեն»։

Հիսուսի պայծառակերպությունը

28 Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։

29 Եվ երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքն այլակերպվեց, և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։

30 Եվ ահա նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։

31 Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։

32 Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։

33 Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։

34 Ու երբ նա այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի արեց, ու վախեցան, երբ այդ ամպի մեջ մտան։

35 Եվ ամպից ձայն եղավ, որ ասաց. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, դրա՛ն լսեք»։

36 Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։

Լուսնոտ երեխայի բժշկումը

37 Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավՀիսուսինընդառաջ։

38 Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։

39 Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։

40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։

41 Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։

42 Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։

43 Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։

Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց.

Հիսուսը կանխասում է իր չարչարանքը

44 «Ակա՛նջ արեք այս խոսքերին, որովհետև Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»։

45 Բայց նրանք այդ խոսքը չէին հասկանում. դրա իմաստը նրանցից ծածկված էր, որ չհասկանան նրան, և դրա մասին նրան հարցնելուց վախենում էին։

Ճշմարիտ մեծությունը

46 Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։

47 Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։

48 Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։

Ով մեզ դեմ չէ, մեզ հետ է

49 Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։

50 Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։

Վատ ընդունելություն Սամարիայի մի գյուղում

51 Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։

52 Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։

53 Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմէր ուղղվում։

54 Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։

55 Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։

56 Եվ ուրիշ գյուղ գնացին։

Առաքելական կոչման պարտավորությունները

57 Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։

58 Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։

59 Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։

60 Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։

61 Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։

62 Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։

Categories
Ղուկաս

Ղուկաս 10

Յոթանասուներկու աշակերտների առաքելությունը

1 Դրանից հետո Տերն ընտրեց ուրիշ յոթանասուներկուհոգուև նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքն էր գնալու։

2 Եվ նրանց ասում էր. «Հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ. ուրեմն հնձի Տիրոջն աղաչե՛ք, որ իր հնձի համար մշակներ ուղարկի։

3 Գնացե՛ք. ահա ես ձեզ ուղարկում եմ իբրև գառներ՝ գայլերի մեջ։

4 Մի՛ վերցրեք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկ և ճանապարհին ոչ ոքի հետ զրույցի մի՛ բռնվեք։

5 Ո՛ր տունն էլ մտնեք, նախ ասե՛ք. “Խաղաղությո՛ւն այս տանը”։

6 Եվ եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթանքը նրան կհասնի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։

7 Այդ տա՛նը մնացեք, նրանց ունեցածից կերե՛ք ու խմե՛ք, որովհետև մշակն իր վարձին արժանի է։ Տնից տուն մի՛ տեղափոխվեք։

8 Եվ ո՛ր քաղաքը մտնեք, ու ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։

9 Եվ այնտեղ եղած հիվանդներին բժշկե՛ք ու նրանց ասե՛ք. “Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ”։

10 Բայց եթե մտնեք մի քաղաք, որտեղ ձեզ չընդունեն, նրա հրապարակները դուրս գալով՝ ասե՛ք.

11 “Նույնիսկ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, ձեզ վրա ենք թափ տալիս, բայց ա՛յս իմացեք, որ Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ”։

12 Ասում եմ ձեզ, որ սոդոմացիների համար այն օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։

Վայեր չապաշխարող քաղաքներին

13 Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե այն հրաշքները, որոնք ձեր մեջ կատարվեցին, Տյուրոսում ու Սիդովնում եղած լինեին, վաղուց քրձի ու մոխրի մեջ նստած ապաշխարած կլինեին։

14 Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։

15 Եվ դու, Կափառնաո՛ւմ,

որ մինչև երկինք ես բարձրացել,

մինչև դժոխք պիտի իջնես։

16 Ձեզ լսողն ի՛նձ է լսում, ու ձեզ մերժողն ի՛նձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողի՛ն է մերժում»։

Յոթանասուներկու աշակերտների վերադարձը

17 Եվ յոթանասուներկուսը վերադարձան ուրախությամբ՝ ասելով. «Տե՛ր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով»։

18 Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։

19 Ահա ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին և թշնամու ունեցած ողջ զորությունը, և ձեզ ոչինչ չի վնասի։

20 Բայց մի՛ ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում»։

Հիսուսի բերկրանքը

21 Նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից ու գիտուններից այսբաներըծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ Այո՛, ո՛վ Հայր, որովհետև այսպես քեզ հաճելի եղավ։

22 Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտի, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և ոչ էլ՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց, և ում որ Որդին կամենա հայտնել»։

23 Եվ դառնալով դեպի աշակերտները՝ հատուկ նրանց ասաց. «Երանի այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում։

24 Որովհետև ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ ու թագավորներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»։

Ամենամեծ պատվիրանը

25 Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

26 Հիսուսն ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում»։

27 Նա պատասխանեց և ասաց.«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով(Բ Օր. 6.5)ևքո մերձավորին, ինչպես քո անձը(Ղևտ. 19.18)»։

28 Եվ նրան ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես»։

Բարի սամարացին

29 Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։

30 Հիսուսն ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակներիձեռքնընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։

31 Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։

32 Նույն կերպ մի ղևտացի էր այդտեղով անցնում և տեսնելով նրան՝ շրջանցեց։

33 Եվ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, նույն տեղով եկավ, նրան տեսնելով՝ գթաց։

34 Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։

35 Հաջորդ օրը երկու դինար հանեց, իջևանատիրոջը տվեց ու ասաց. “Խնամի՛ր նրան և ինչ որ ավելի ծախսես, ես մյուս անգամ վերադառնալիս կվճարեմ քեզ”։

36 Քո կարծիքով այդ երեքից ո՞րն էր մերձավորը ավազակներիձեռքնընկած այն մարդու համար»։

37 Նա ասաց. «Նա, ով ողորմեց նրան»։ Ապա Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, դո՛ւ էլ այդպես արա»։

Այց Մարթային և Մարիամին

38 Երբ գնում էին, Հիսուսը մի գյուղ մտավ, և մի կին, որի անունը Մարթա էր, նրան ընդունեց իր տանը։

39 Նա մի քույր ուներ՝ Մարիամ անունով, որ նստեց Հիսուսի ոտքերի մոտ ու նրա խոսքերն էր լսում։

40 Իսկ Մարթան շատ զբաղված էր սպասավորելով. նաեկավու ասաց. «Տե՛ր, քեզ հոգ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Արդ ասա՛ դրան, որ ինձ օգնի»։

41 Հիսուսը պատասխանեց ու նրան ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված։

42 Բայց մի բան է հարկավոր. և Մարիամը լավ բաժինն է ընտրել, որ նրանից չպիտի վերցվի»։