Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 21

Քահանայության սրբությունը

1 Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար,

2 բացի միայն իր մոտ արյունակցի համար, այսինքն՝ իր մոր, իր հոր, իր որդու, իր աղջկա և իր եղբոր համար,

3 նաև իր մոտ եղող և դեռ չամուսնացած իր կույս քրոջ համար։ Սրանց համար թող անմաքուր լինի։

4 Նա, իր ժողովրդի մեջ գլխավոր լինելով, անմաքուր չպիտի դառնա իրեն պղծելով։

5 Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։

6 Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։

7 Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետևքահանանսուրբ է իր Աստծուն։

8 Դու պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև ես՝ Տերը, որ սրբագործում եմ ձեզ, սուրբ եմ։

9 Եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվի, նա պղծում է իր հորը. նա պետք է այրվի կրակով։

10 Իր եղբայրներից մեծ եղող քահանան, որի գլխին օծության յուղն է թափվել, և նվիրագործվել էսուրբզգեստներ հագնելու, իր գլուխը չպիտի բանա և իր զգեստները չպատառոտի։

11 Եվ ոչ մի մեռած մարդու մոտ չգնա և ո՛չ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։

12 Եվ սրբարանից դուրս չգա և իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա է կրում իր Աստծու օծության յուղի պսակը. ես եմ Տերը։

13 Նա իրեն կին պիտի առնի մի կույս աղջիկ։

14 Որբևայրի, արձակված, պղծված կամ բոզացած կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կույս պիտի առնի որպես կին,

15 որպեսզի իր սերունդը չպղծի իր ժողովրդի մեջ, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան”»։

16 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

17 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։

18 Որովհետև արատ ունեցող ոչ մի մարդ չպիտի մոտենա՝ կույրը, կաղը, դեմքի թերություն ունեցողը ականջատը,

19 ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,

20 կամ կուզ ու գաճաճ, աչքը հատ ընկած, քոսոտ, մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդվածմարդը։

21 Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։

22 Նա կարող է ուտել իր Աստծու հացը, ամենասուրբ բաներ և սուրբ բաներ։

23 Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

24 Այս բաներն ասաց Մովսեսը Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ամբողջ ժողովրդին։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 22

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների սրբություններիհանդեպև իմ սուրբ անունը չպղծենայն բաներով,որ ինձ համար սրբագործում են. ես եմ Տերը։

3 Ասա՛ նրանց. “Ձեր ամբողջ սերնդից և ձեր ազգերի մեջ ով որ իր անմաքրությունն իր վրա ունենալով մոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիները սրբացնում են Տիրոջ համար, այդ անձը պիտի վերանա իմ առջևից. ես եմ Տերը։

4 Ահարոնի ցեղից ով որ բորոտ լինի կամ սերմնածորում ունենա, չպետք է ուտի այդ սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի, և ով որ դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամդիպչի նրան,ով որ սերմնահոսություն է ունեցել,

5 կամ ով որ դիպչի որևէ սողունի, որից նա կարող է պղծվել, կամ մի մարդու, որ ինչ-որ անմաքրություն ունի, և որից նա կարող էր պղծվել,

6 սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։

7 Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։

8 Սատկածը կամ գազանից հոշոտվածը չուտի, որպեսզի չպղծվի դրանով. ես եմ Տերը։

9 Նրանք պետք է պահեն իմ հրահանգը, որպեսզի դրա համար մեղքի պատիժ չկրեն ու չմեռնեն նրա համար, որ պղծվել են. ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։

10 Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։

11 Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։

12 Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։

13 Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։

14 Եթե մի մարդ սխալմամբ ուտի սրբություններից, դրա վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդ մասը և սուրբ բանը քահանային տա։

15 Եվ չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջը նվիրված սուրբ բաները։

16 Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չբերեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով. որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

Զոհաբերության սրբությունը

17 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

18 «Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ,

19 որպեսզի ընդունելի լինի ձեզ համար, պիտի լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից՝ անարատ արու։

20 Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։

21 Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։

22 Կույր, ջարդվածքունեցող,վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։

23 Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։

24 Ամորձիներըջարդված, ճմլված, պոկված կամ կտրածկենդանիչմատուցեք Տիրոջը և ձեր երկրումայսպիսի բաներչանեք։

25 Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։

26 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

27 «Երբ մի զվարակ, մի ոչխար կամ մի այծ ծնվի, յոթ օր պետք է մնա իր մոր մոտ և ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջը ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։

28 Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։

29 Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը,այնպե՛սմատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։

30 Նույն օրը պիտի ուտվի. մինչև առավոտոչինչչթողնեք դրանից. ես եմ Տերը։

31 Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։

32 Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,

33 որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ. ես եմ Տերը»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 23

Կրոնական տոներ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։

3 Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը հանգստյան շաբաթ է՝ սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի անեք. դա Տիրոջ համար շաբաթ է ձեր բոլոր բնակավայրերում։

Բաղարջակերաց տոնը

4 Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։

5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։

6 Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։

7 Առաջին օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չանեք։

8 Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը։ Յոթերորդ օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չանեք”»։

9 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։

11 Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։

12 Ձեր խուրձը մատուցելու օրը ողջակեզի համար մեկ տարեկան անարատ մի գառ կմատուցեք Տիրոջը։

13 Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդգրիվընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինիթող լինի։

14 Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

Հունձքի տոնը

15 Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։

16 Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։

17 Ձեր բնակավայրերից երկու հաց կբերեք երերացնելու զոհի համար։ Դրանք երկու տասներորդգրիվընտիր ալյուրից լինեն և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար։

18 Այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից՝ մեկ զվարակ և երկու խոյ, որպեսզի հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։

19 Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։

20 Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։

21 Հենց այդ օրը դուք կհռչակեք տոնը, և սուրբ ժողով կլինի. ոչ մի ծառայական գործ չանեք։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

22 Երբ հնձեք ձեր երկրի հունձը, հնձելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և հնձի ժամանակգետինընկած հասկերը չհավաքես։ Դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

Փող հնչեցնելու օրը

23 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

24 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։

25 Ոչ մի ծառայական գործ չանեք, այլ զոհ կմատուցեք Տիրոջը”»։

Քավության օրը

26 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

27 «Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։

28 Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է՝ ձեզ համար ձեր Տեր Աստծու առաջ քավություն անելու համար։

29 Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

30 Եվ ով որ այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

31 Ոչ մի գործ չպիտի անեք. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

32 Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։

Տաղավարահարաց տոնը

33 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

34 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։

35 Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. ոչ մի ծառայական գործ չպիտի անեք։

36 Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, և զոհ կմատուցեք Տիրոջը. դա տոնախմբության օր է. ոչ մի ծառայական գործ չանեք։

37 Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ,

38 բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պիտի տաք Տիրոջը։

39 Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյանօրեր լինեն։

40 Առաջին օրը կառնեք գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիներիճյուղերև յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ։

41 Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։

42 Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ,

43 որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

44 Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 24

Ճրագների հոգածություն

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձեթ բերեն քեզ մոտ լուսավորության համար, որպեսզի ճրագները միշտ վառ մնան։

3 Ժողովի վրանի մեջ՝ վկայության վարագույրից դուրս, միշտ Ահարոնը պատրաստի այն. երեկոյից մինչև առավոտճրագները միշտ վառ մնանՏիրոջ առաջ։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ։

4 Նա ճրագները միշտ մաքուր աշտանակի վրա պիտի պատրաստի Տիրոջ առաջ։

Աստծուն մատուցված հացը

5 Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդականհիմենպիտի լինի։

6 Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ.յուրաքանչյուրշարքի վրա՝ վեց հատ։

7 Ամենմի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա զոհի հիշատակ լինի Տիրոջ համար։

8 Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։

9 Դրանք պիտի լինեն Ահարոնինն ու նրա որդիներինը. նրանք այդ կուտեն սուրբ տեղում, որովհետև նրանց համար դա ամենասուրբ է Տիրոջ զոհերից հավիտենական կանոնով»։

Արդար և ուղիղ պատժի օրինակ

10 Իսրայելացի մի կնոջ որդին, որի հայրը եգիպտացի էր, դուրս գալով իսրայելացիների մեջ, բանակատեղիում իսրայելացի կնոջ որդին կռվեց մի իսրայելացի մարդու հետ։

11 Իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անվանը և անիծեց. նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սաղոմիթ էր. Դանի ցեղից Դաբրիի աղջիկը։

12 Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։

13 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

14 «Այդ հայհոյիչին դո՛ւրս հանիր բանակատեղիից, և նրանք, ովքեր լսել եննրա հայհոյանքը,իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը քարկոծի նրան։

15 Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։

16 Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։

17 Ով որ մարդ սպանի, անպատճառ մահվամբ պիտի մեռցվի։

18 Ով անասուն սպանի, պիտի հատուցի նույնի տեղ նույնը։

19 Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն.

20 ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչպիսի խեղվածք որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։

21 Անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մեռցվի։

22 Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

23 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ. բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ անիծել էր, և քարկոծեցին նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 25

Յոթերորդ տարին

1 Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես պիտի տամ ձեզ, թող այդ երկիրը հանգստյան շաբաթ պահի Տիրոջ համար։

3 Վեց տարի կվարես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը։

4 Բայց յոթերորդ տարին հանգստյան շաբաթ լինի երկրի համար, այսինքն՝ Տիրոջ համար շաբաթ։ Քո արտը չպիտի վարես, քո այգին չպիտի էտես,

5 քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։

6 Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար,

7 քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։

Հոբելյանական տարի

8 Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։

9 Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։

10 Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։

11 Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք,

12 որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։

13 Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։

14 Եթե քո մերձավորին որևէ բան վաճառես կամ քո հարևանից որևէ բան գնես, իրար անիրավություն չանեք։

15 Հոբելյանից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից. նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։

16 Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը և տարիների քչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետև նա արդյունքի քանակով է վաճառում քեզ։

17 Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Յոթերորդ տարվա հարցը

18 Կկատարեք իմ կանոնները, կպահեք իմ օրենքները, կգործադրեք դրանք և ապահով կբնակվեք այդ երկրում։

19 Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։

20 Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”,

21 ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։

22 Ութերորդ տարում կցանեք և հին բերքից կուտեք մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքի հասնելը կուտեք հինը։

Կալվածքների փրկագնում

23 Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետև երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք և հյուրեր։

24 Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։

25 Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքիմի մասը,ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։

26 Եթե մի մարդ փրկագնող չունենա, և հետո երբ ինքը հարստանա և կարողանա այն փրկագնել,

27 ապա թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը ետ տա այն մարդուն, որին վաճառել էր, և այն դարձյալ իր ստացվածքը կլինի։

28 Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։

29 Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։

30 Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյանտարում էլ։

31 Բայց պարսպապատ չեղող գյուղաքաղաքների տները պիտի համարվեն երկրի արտերի պես։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյանտարումպետք է վերադարձվեն։

32 Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։

33 Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյանտարումնա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։

34 Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։

Փոխատվություն աղքատներին

35 Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։

36 Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։

37 Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։

38 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ և լինեմ ձեր Աստվածը։

Գերիների ազատագրում

39 Եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա և իրեն վաճառի քեզ, նրան չպիտի ծառայեցնես ստրուկի ծառայությամբ։

40 Նա վարձկանի կամ պանդուխտի պես կլինի քեզ մոտ և քեզ կծառայի մինչև հոբելյան տարին։

41 Այնուհետևթող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա.

42 որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։

43 Խստությամբ չիշխես նրա վրա, այլ վախենաս քո Աստծուց։

44 Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։

45 Նաև կարող եք գնել ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում։ Դրանք ձեր սեփականությունը կլինեն։

46 Ձեզանից հետո նրանց որպես ժառանգություն կթողնեք ձեր որդիներին և մշտապես կգործածեք իբրև ձեր ծառաները։ Իսկ ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների մասին՝ խստությամբ չպիտի իշխեք միմյանց վրա։

47 Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտեկողքո եղբայրն աղքատանա և իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացած օտարականին կամ այդ օտարականի ընտանիքիցորևէազգականի,

48 ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։

49 Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտիկ ազգականներից մեկը թող փրկագնի նրան. կամ եթե ինքը ի վիճակի լինի, փրկավճարով թող գնի ինքն իրեն։

50 Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրաժամանակըվարձկանի ժամանակի պես հաշվվի։

51 Եթե դեռ շատ տարի կա, իր փրկագինը թող հատուցի այդ տարիներին իր անձի վաճառքի գնի համեմատ։

52 Իսկ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և իր փրկագինը տա իր տարիների համեմատ։

53 Նա տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ. խստությամբ չպիտի վարվի նրա հետ քո առաջ։

54 Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ,

55 որովհետև Իսրայելի որդիներն իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրից իմ հանած ծառաներն են նրանք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 26

Հնազանդության օրհնությունները

1 «Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

2 Իմ շաբաթները պիտի պահեք և իմ սրբարանը հարգեք. ես եմ Տերը։

3 Եթե հետևեք իմ կանոններին և իմ պատվիրանները պահեք ու գործադրեք դրանք,

4 ես էլ ձեզ անձրև կուղարկեմ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։

5 Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, իսկ այգեկութը մինչև ցանքսի ժամանակը կհասնի։ Ձեր հացը կուշտ կուտեք և ապահով կապրեք ձեր երկրում։

6 Ես խաղաղություն կտամ երկրին, և դուքհանգիստկպառկեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես կվերացնեմ երկրից չար գազաններին, և ձեր երկրից սուր չի անցնի բնավ։

7 Ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջ։

8 Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։

9 Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ ու կբազմացնեմ և իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։

10 Հին պաշարը կուտեք և հինը դուրս կհանեք՝ եկող նորին տեղ բացելու համար։

11 Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։

12 Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը։

13 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ստրուկ չլինեք նրանց։ Փշրեցի ձեր լծի կապանքները և ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

Անհնազանդության պատիժը

14 Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները,

15 անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը,

16 ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։

17 Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։

18 Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

19 Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։

20 Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։

21 Եթե դուք ինձ հետ խոտոր վարվեք և չուզենաք լսել ինձ, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կհարվածեմ ձեզ։

22 Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։

23 Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից և խոտոր վարվեք ինձ հետ,

24 այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

25 Ես ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը. և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ես ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և թշնամու ձեռքը կմատնվեք։

26 Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։

27 Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ,

28 այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

29 Դուք կուտեք ձեր որդիների ու ձեր աղջիկների միսը։

30 Կքանդեմ ձեր Բարձր տեղերը, կփչացնեմ ձեր արեգական կուռքերը, ձեր դիակները կդնեմ ձեր կուռքերի դիակների վրա, և իմ անձը պիտի զզվի ձեզնից։

31 Ձեր քաղաքները ավերակ, ձեր սրբավայրերն ամայի կդարձնեմ և ձերզոհաբերություններիանուշ հոտը չեմ հոտոտի։

32 Կամայացնեմ երկիրը, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան դրա վրա։

33 Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։

34 Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերին կվայելի իր շաբաթները, երբ դուք կլինեք ձեր թշնամիների երկրում։ Երկիրն այն ժամանակ կհանգստանա և կամբողջացնի իր հանգստի տարիները։

35 Իր ամայության բոլոր օրերին կհանգստանա, որովհետև չէր հանգստացել այն շաբաթներին, երբ դուք բնակվում էիք այնտեղ։

36 Վախ պիտի գցեմ ձեր միջից այն մարդկանց սրտում, որոնք վերապրելու են իրենց թշնամիների երկրներում։Քամուցշարժվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց։ Նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են սրիառջևից,և պիտի ընկնեն առանց հալածող լինելու։

37 Սրիցփախուստ տվողներիպես նրանք իրար վրա պիտի ընկնեն՝ հալածող չեղած, և չպիտի կարողանաք կանգնել ձեր թշնամիների առաջ։

38 Պիտի կորչեք ազգերի մեջ, և ձեր թշնամիների երկիրը պիտի ուտի ձեզ։

39 Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։

40 Եթե խոստովանեն իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները իմ հանդեպ ունեցած իրենց անհավատարմության համար, նաև որ հակառակ են ընթացել ինձ,

41 որի պատճառով ես էլ հակառակ վարվեցի իրենց հետ ու իրենց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այն ժամանակ նրանց անթլփատ սիրտը խոնարհվի, և նրանք հոժար լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը,

42 այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը, կհիշեմ նաև այդ երկիրը։

43 Այդ երկիրը լքված պիտի մնա նրանց կողմից և պիտի ամբողջացնի իր հանգստի տարիները նրանցից ամայի մնացած ժամանակ։ Նրանք հոժար պիտի լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը հենց նրա համար, որ անարգեցին իմ հրամանները, և նրանք ատեցին իմ կանոնները։

44 Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։

45 Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, որով նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար. ես եմ Տերը»։

46 Սրանք են այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 27

Օրենքներ՝ Աստծուն տրվելիք նվերների համար

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդըՏիրոջըպետք է լինի ըստ քո գնահատության։

3 Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

4 Եթե դա կին է, քո գնահատությունը թող լինի երեսուն սիկղ։

5 Եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։

6 Եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան լինի, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի հինգ սիկղ արծաթ, իսկ աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։

7 Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։

8 Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։

9 Եթե Տիրոջը մատուցելու զոհը անասուններից է, ինչ որ տրվի դրանից Տիրոջը, սուրբ կլինի։

10 Այն չպիտի փոխվի. լավը վատի տեղ կամ վատը լավի տեղ չպիտի փոխվի։ Եթե մի անասունը փոխարինի մեկ ուրիշով, ապա այդընծայվածըև դրա փոխարեն բերվածը սուրբ կլինեն։

11 Եթե դա որևէ անմաքուր անասուն է, որը չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այն ժամանակ այդ անասունը թող կանգնեցվի քահանայի առաջ։

12 Քահանան գին կնշանակի դրան՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես թող լինի։

13 Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։

14 Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։

15 Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։

16 Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։

17 Եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, դա թող լինի ըստ քո գնահատության։

18 Իսկ եթե նա իր արտը նվիրաբերի հոբելյանից հետո, ապա քահանան թող հաշվի մինչև հոբելյանական տարին ընկած տարիների համար վճարելիք փողը և այն հանի իր նշանակած գնից։

19 Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։

20 Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա նա այլևս այն փրկագնել չի կարող։

21 Այլ արտը հոբելյանական տարում ազատվելիս նվիրված արտի պես պետք է լինի՝ որպես սրբություն Տիրոջը. նրա կալվածքը քահանայինը պիտի լինի։

22 Եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր ծախու առած արտը, որ իր կալվածքի արտը չէ,

23 այն ժամանակ քահանան դրա գինը թող նշանակի ըստ քո գնահատության մինչև հոբելյան տարին, և այդ մարդը նույն օրը թող վճարի քո սահմանած գնի համաձայն։ Դա Տիրոջնընծայաբերվածսրբություն է։

24 Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։

25 Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։

26 Ոչ ոք չի կարող ընծայաբերել իր անասունների առաջնածինը, որը առաջնածին լինելու պատճառով իսկ պատկանում է Տիրոջը։ Դա արջառ լինի, թե ոչխար, պատկանում է Տիրոջը։

27 Եթե դա անմաքուր անասուններից է, թող չփրկագնվի ըստ քո նշանակած գնի՝ դրա վրա ավելացնելով մեկ հինգերորդը։ Իսկ եթե ետ չգնվի, ապա թող վաճառվի ըստ քո գնահատած գնի։

28 Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։

29 Մարդկանց միջից որպես ուխտ նվիրաբերված որևէ անձ չպետք է ետ գնվի. անպատճառ պիտի մեռցվի։

30 Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։

31 Եթե մի մարդ ուզենա ետ գնել իր տասանորդից ինչ-որ բան, նա դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը։

32 Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝հովվիհաշվածանասուններիյուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։

33 Լավի և վատի միջև տարբերություն չպիտի դրվի, և այն չպիտի փոխարինվի. իսկ եթե փոխարինվի, այն ժամանակ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի համարվեն և չպիտի փրկագնվեն”»։

34 Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։