Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 11

Աստված չմերժեց իր ժողովրդին

1 Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։

2 Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում.

3 «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում»(հմմտ. Գ Թագ. 19.10)։

4 ԻսկԱստծուպատասխանը նրան ի՞նչ է ասում.«Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին»(Գ Թագ. 19.18)։

5 Նույն կերպ էլ ներկայումսմարդկանցմի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։

6 Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։

7 Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան,

8 ինչպես որ գրված է.

«Աստված նրանց թմրության հոգի տվեց,

աչքեր, որոնցով չեն տեսնելու,

ու ականջներ, որոնցով չեն լսելու

մինչև այսօր»(Բ Օր. 29.4,Ես. 29.10)։

9 Դավիթն էլ ասում է.

«Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար,

խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։

10 Նրանց աչքերը թող խավարեն,

որպեսզի չտեսնեն,

ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր»(Սաղ. 69.22-23)։

11 Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։

12 Սակայն եթե նրանց անկումը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, ապա որքա՜ն առավել՝ նրանց լիակատարդարձը։

Հեթանոսների փրկությունը

13 Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. քանի որ ես հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը,

14 որպեսզի թերևս իմ ազգակիցների նախանձը շարժեմ ու նրանցից ոմանց փրկեմ։

15 Որովհետև եթե նրանց մերժումն աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ կլինի, եթե ոչ մեռելներից կենդանացում։

16 Եթե երախայրին սուրբ է, ապա խմորն էլ է սուրբ, և եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ։

17 Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար,

18 այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս,իմացի՛ր, որդո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։

19 Արդ կասես. «Ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։

20 Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր,

21 որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։

22 Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։

23 Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։

24 Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։

Աստծու ողորմությունը բոլոր մարդկանց

25 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ այս խորհուրդը չիմանաք և ձեզ իմաստուն կարծեք. Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունըկշարունակվիմինչև բոլոր հեթանոսների մտնելը։

26 Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է.

«Սիոնից Փրկիչը կգա

և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։

27 Իմ կողմից ուխտը նրանց հետ սա է(հմմտ. Ես. 59.20-21),

երբ նրանց մեղքերը կվերացնեմ»։

28 Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ սիրելի են հայրերի միջոցով.

29 որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։

30 Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել,

31 այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն։

32 Որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։

Փառաբանություն Աստծուն

33 «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։

34 Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ,

կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ(Ես. 40.13)։

35 Կամ նրան ո՞վ նախապեսմի բանտվեց,

որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա(Հոբ 41.11)։

36 Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 12

Հոգևոր պաշտամունք

1 Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։

2 Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

3 Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալայնպես,ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։

4 Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն,

5 այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։

6 Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի,

7 եթե ծառայության, թող ծառայության մեջլինի,եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջլինի,

8 թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ,

9 թող սերը առանց կեղծիքիլինի.չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։

10 Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։

11 Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։

12 Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։

13 Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։

14 Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։

15 Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։

16 Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։

17 Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։

18 Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։

19 Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլԱստծուբարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է.«Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»(Բ Օր. 32.35),- ասում է Տերը։

20 Բայց՝«Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»(Առկ. 25.21-22)։

21 Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 13

Հնազանդություն իշխանություններին

1 Ամեն մարդ թող հնազանդվիիրվրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։

2 Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։

3 Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս,

4 որովհետևիշխողըքեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։

5 Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։

6 Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։

7 Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։

Սեր միմյանց նկատմամբ

8 Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։

9 Քանի որ«Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր»(Ելք 20.14,13, 15-17,Բ Օր. 5.18,17, 19-21)և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»(Ղևտ. 19.18)։

10 Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։

11 Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։

12 Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։

13 Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։

14 Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունըբավարարելուհամար։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 14

Եղբորդ մի՛ դատիր

1 Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։

2 Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։

3 Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։

4 Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։

5 Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։

6 Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։

7 Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։

8 Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։

9 Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։

10 Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։

11 Որովհետև գրված է.

«Ես կենդանի եմ,- ասում է Տերը,-

ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի,

և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի»(Ես. 45.23)։

12 Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։

Եղբորդ գայթակղության պատճառ մի՛ եղիր

13 Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղությանպատճառչլինեք։

14 Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։

15 Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է,ուրեմնդու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։

16 Ձեր բարին թող չչարախոսվի։

17 Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

18 Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։

19 Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։

20 Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։

21 Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։

22 Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։

23 Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 15

Անձնուրացություն և համբերություն

1 Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։

2 Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։

3 Որովհետև Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես որ գրված է.«Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան»(Սաղ. 69.9բ)։

4 Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։

5 Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի,

6 որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։

7 Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։

Ավետարանը սահմանված է բոլոր ազգերի համար

8 Բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլփատվածների սպասավոր եղավ, որպեսզի հայրերինտրվածխոստումները հաստատի։

9 Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է.

«Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ

ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ»(Բ Թագ. 22.50,Սաղ. 18.49)։

10 Եվ դարձյալ ասում է.

«Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։

11 Եվ դարձյալ՝

«Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ,

և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»(Սաղ. 117.1)։

12 Եվ դարձյալ Եսային ասում է.

«Հեսսեի արմատը պիտի ելնի,

և նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի,

հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն»(հմմտ. Ես. 11.10)։

13 Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Պողոսի ծառայությունը հեթանոսներին

14 Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, ձեզ համարհամոզվածեմ, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամենայն գիտությամբ, որ կարող եք միմյանց խրատել։

15 Բայց մասամբ ավելի համարձակ գրեցի ձեզ, որպեսզի հիշեցնեմ ձեզ Աստծուց ինձ տրված շնորհի մասին.

16 որ ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ, Աստծու Ավետարանը մատուցողը, որպեսզի ընդունելի լինի հեթանոսների ընծան՝ սրբագործված Սուրբ Հոգով։

17 Արդ Աստծու առաջ Քրիստոս Հիսուսով պարծենալու բան ունեմ։

18 Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով,

19 նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու Հոգու զորությամբ. այնպես որ ես, Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, տարածել եմ Քրիստոսի Ավետարանը։

20 Այսպես արժանի համարեցի Ավետարանը քարոզել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը հռչակված չէր, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ,

21 այլ ինչպես որ գրված է.

«Նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն,

և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն»(Ես. 52.15բ)։

Պողոսի ճամփորդության ծրագիրը

22 Դրա համար շատ անգամ ձեզ մոտ գալու արգելքներեղան։

23 Բայց այժմ, երբ այս կողմերում այլևս գործելու տեղ չկա, և շատ տարիներ ի վեր ձեզ մոտ գալու փափագ ունեմ,

24 երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։

25 Բայց հիմա գնում եմ Երուսաղեմ՝ սրբերին ծառայելու։

26 Որովհետև մակեդոնացիներն ու աքայացիները հաճեցին մասնակից լինել Երուսաղեմում գտնվող աղքատ սրբերիկարիքներիօժանդակությանը։

27 Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքներին ծառայել։

28 Արդ, այս կատարելով ու հավաքած արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։

29 Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի առատ օրհնությամբ կգամ։

30 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք՝ ինձ համար առ Աստված աղոթելով,

31 որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը, որմատուցելու եմԵրուսաղեմում, սրբերին ընդունելի լինի,

32 որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ։

33 Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. ամեն։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 16

Ողջույններ

1 Ձեզ եմ ներկայացնում Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է,

2 որպեսզի նրան Տիրոջով ընդունեք, ինչպես որ վայել է սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որովհետև նա ինքն էլ հոգաց շատերին և հենց ինձ։

3 Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին,

4 որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգիենթարկվելով,և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները.

5 ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է։

6 Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։

7 Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Հունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են և որոնք ինձանից առաջ են Քրիստոսին պատկանել։

8 Ողջունե՛ք Ամպղիասին՝ իմ սիրելիին Տիրոջով։

9 Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Քրիստոսով մեր գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։

10 Ողջունե՛ք Ապեղեսին, որ փորձված է Քրիստոսով։

11 Ողջունե՛ք նրանց, որ Արիստոբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերովդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք նրանց, որ Նարկիսոսի ընտանիքից են և Տիրոջ մեջ են։

12 Ողջունե՛ք Տրիփեային ու Տրիփոսային, որ աշխատում են Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդային, որ Տիրոջ համար շատ աշխատեց։

13 Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։

14 Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբասին, Երմեսին և եղբայրներին, որ նրանց հետ են։

15 Ողջունե՛ք Փիղողոգոսին, Հուլիային, Ներեասին ու նրա քրոջը, Ողիմպիային ու բոլոր սրբերին, որ նրանց հետ են։

16 Սուրբ համբույրով ողջունե՛ք միմյանց։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։

Վերջին զգուշացումներ

17 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։

18 Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։

19 Քանզի ձեր հնազանդությունն ամենքին է հայտնի դարձել, արդ ձեզ համար ուրախ եմ. միայն ուզում եմ, որ դուք բարու հանդեպ իմաստուն լինեք, իսկ չարի հանդեպ՝ անմեղ։

20 Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետլինի.ամեն։

21 Ձեզ ողջունում են իմ գործընկեր Տիմոթեոսը և Ղուկիոսը, Յասոնն ու Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։

22 Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։

23 Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքի գանձապահը, ինչպես նաև Կվարտոս եղբայրը։

Փառաբանություն

25 Եվ հիմա նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ Ավետարանի և ըստ Հիսուս Քրիստոսի քարոզության, ըստ այն խորհրդի հայտնության, որ հավիտենական ժամանակներից ի վեր լուռ պահված էր,

26 սակայն այժմ հայտնված է մարգարեների գրքերի միջոցով հավիտենական Աստծու հրամանով և բոլոր հեթանոսներին ծանուցված է հավատին հնազանդվելու համար,

27 միակ իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն։