Categories
ՀՈՎՆԱՆ

ՀՈՎՆԱՆ 1

Հովնանի անհնազանդությունը

1 Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով.

2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։

3 Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։

4 Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։

5 Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։

6 Նավապետը նրա մոտ եկավ և ասաց նրան. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին, և մենք չկորչենք»։

7 Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։

8 Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքըեկելմեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։

9 Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։

10 Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։

11 Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։

12 Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով էեկելձեզ վրա»։

13 Այնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։

14 Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։

15 Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։

16 Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։

17 Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։

Categories
ՀՈՎՆԱՆ

ՀՈՎՆԱՆ 2

Հովնանի աղոթքը

1 Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։

2 Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդիընդերքից աղաղակեցի,ևդու լսեցիր իմ ձայնը։

3 Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

4 Եվ ես ասացի. “Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին”։

5 Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։

6 Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։

7 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։

8 Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։

9 Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։

10 Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։

Categories
ՀՈՎՆԱՆ

ՀՈՎՆԱՆ 3

Հովնանը հնազանդվում է Աստծուն

1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով.

2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։

3 Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդությունմի կողմից մյուսը։

4 Հովնանը քաղաքին մոտեցավ, մեկ օրվա ճանապարհիցշրջելովքարոզում էր ու ասում. «Եվս քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։

5 Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն և ծոմ հայտարարեցին ու մեծերից մինչև փոքրերը քուրձեր հագան։

6 Խոսքը հասավ Նինվեի թագավորին։ Նա վեր կացավ իր գահից և իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։

7 Նինվեում հայտարարել տվեց, թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց՝ ասելով. «Մարդ և անասուն, արջառ և ոչխար թող ոչինչ չուտեն, չարածեն և ջուր չխմեն, այլ

8 մարդիկ ու անասուններ թող քուրձ հագնեն և բարձրագոչ աղաղակեն Աստծուն, և ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից և իր ձեռքերի անիրավությունից։

9 Ո՞վ գիտե,գուցեԱստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։

10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, և Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց. ու չարեց։

Categories
ՀՈՎՆԱՆ

ՀՈՎՆԱՆ 4

Հովնանի զայրույթը և Աստծու գութը

1 Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։

2 Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։

3 Եվ հիմա, ո՛վ Տեր, աղաչում եմ, ա՛ռ ինձանից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է»։

4 Եվ Տերն ասաց. «Մի՞թե լավ է, որ զայրացել ես»։

5 Եվ Հովնանը դուրս եկավ քաղաքից և նստեց քաղաքի արևելյան կողմում և իր համար այնտեղ մի տաղավար շինեց, նստեց նրա տակ՝ ստվերի մեջ, մինչև որ տեսնի, թե քաղաքին ինչ է լինելու։

6 Եվ Տեր Աստված մի դդմենու սահմանեց, որ բարձրանա Հովնանից վերև, որպեսզի ստվեր գցի նրա գլխին և ազատի նրան իր տառապանքից։ Եվ Հովնանը դդմենու համար մեծապես ուրախացավ։

7 Բայց հաջորդ օրվա արշալույսին Աստված հրամայեց մի որդի, որ հարձակվի դդմենու վրա, ու սա չորացավ։

8 Եվ երբ արեգակը ծագեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր քամուն, և արևը հարվածեց Հովնանի գլխին։ Նա թուլացավ, ուզում էր մեռնել և ասաց. «Մեռնելս ապրելուցս լավ է»։

9 Եվ Աստված Հովնանին ասաց. «Մի՞թե լավ է, որ բարկացել ես դդմենու համար»։ Եվ նա ասաց. «Լավ է, որ բարկացել եմ մինչև մահ»։

10 Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։

11 Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։