Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 11

Ղազարոսի հարությունը

1 Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։

2 Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։

3 Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։

4 Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի»։

5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։

6 Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։

7 Դրանից հետո աշակերտներին ասաց. «Եկե՛ք նորից Հուդա գնանք»։

8 Աշակերտները նրան ասացին. «Ռա՛բբի, հրեաները մինչև հիմա ուզում են քեզ քարկոծել, և դու դարձյալ այնտե՞ղ ես գնում»։

9 Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ ցերեկը տասներկու ժամ ունի։ Եթե մեկը ցերեկով է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։

10 Իսկ եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»։

11 Այս ասելուց հետո նրանց ասաց. «Մեր բարեկամը՝ Ղազարոսը, ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։

12 Այդժամ նրա աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ապա կառողջանա»։

13 Բայց Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։

14 Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. «Ղազարոսը մահացել է։

15 Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ. սակայն եկե՛ք գնանք նրա մոտ»։

16 Այդժամ Թովմասը, որ «Երկվորյակ» էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Մե՛նք էլ գնանք նրա հետ մեռնելու»։

17 Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։

18 Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզէր մոտ։

19 Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։

20 Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։

21 Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։

22 Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ»։

23 Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։

24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։

Հիսուսը՝ կյանք և հարություն

25 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։

26 Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես»։

27 Մարթան նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։

28 Եվ այս ասելուց հետո գնաց, իր քրոջը՝ Մարիամին, ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է ու քեզ է կանչում»։

29 Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։

30 Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան։

31 Արդ այն հրեաները, որ նրա հետ տանն էին ու մխիթարում էին նրան, երբ տեսան, որ Մարիամը շուտափույթ վեր կացավ գնաց, իրենք ևս հետևեցին նրան՝ կարծելով, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։

32 Բայց երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, ու նրան տեսավ, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։

33 Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։

34 Եվ Հիսուսն ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։

Եվ Հիսուսն արտասվեց

35 Հիսուսն արտասվեց։

36 Այդժամ հրեաներն ասում էին. «Տես ինչպե՜ս էր նրան սիրում»։

37 Նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։

38 Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։

39 Հիսուսն ասաց. «Վերցրե՛ք այդ քարը»։ Մեռածի քույրը՝ Մարթան, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է»։

40 Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։

41 Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։

42 Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։

43 Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։

44 Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. «Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի»։

45 Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։

46 Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։

Հրեաների դավադրությունը Հիսուսին սպանելու մասին

47 Այդժամ քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ասացին. «Ի՞նչ անենք։ Այդ մարդը բազում նշաններ է կատարում։

48 Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը»։

49 Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չեք հասկանում։

50 Եվ չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։

51 Բայց նա այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։

52 Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի միավորեր նաև Աստծու ցրված զավակներին։

53 Արդ այդ օրվանից որոշեցին նրան սպանել։

54 Եվ Հիսուսը հրեաների մեջ համարձակ չէր շրջում, այլ այնտեղից գնաց անապատին մոտ մի քաղաք, որ Եփրաիմ էր կոչվում, և իր աշակերտների հետ այնտեղ էր մնում։

Զատիկը մոտ է

55 Մոտենում էր հրեաների Զատիկը։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ Երուսաղեմ բարձրացան, որպեսզի իրենց ծիսական մաքրումը կատարեն։

56 Նրանք Հիսուսին էին փնտրում ու մինչ տաճարում կանգնած էին, միմյանց ասում էին. «Ի՞նչ եք կարծում, արդյոք այս տոնին չի՞ գա»։

57 Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե որևէ մեկն իմանա նրա տեղը, հայտնի իրենց, որպեսզի նրան բռնեն։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12

Օծում Բեթանիայում

1 Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին նա մեռելներից հարություն էր տվել։

2 Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։

3 Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։

4 Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր, ասաց.

5 «Ինչո՞ւ այդ յուղը երեք հարյուր դինարիչվաճառվեց ու աղքատներին չտրվեց»։

6 Բայց նա այդ ասաց, ոչ թե որովհետև աղքատների մասին էր հոգում, այլ որովհետև գող էր և ընդհանուր գանձանակը տնօրինողն էր, և ինչ որ այնտեղ դրվում էր, իրեն էր պահում։

7 Այդժամ Հիսուսն ասաց. «Թո՛ղ նրան. այն, ինչ նա անում է, իմ թաղման օրվա համար է։

8 Աղքատներին միշտ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ չեք ունենալու»։

9 Երբ հրեաներից շատերն իմացան, որ Հիսուսն այնտեղ է, եկան տեսնելու ոչ միայն նրան, այլ նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։

10 Իսկ քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել,

11 քանի որ նրա պատճառով հրեաներից շատերն էին գնում և Հիսուսին հավատում։

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

12 Հաջորդ օրը, երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս,

13 արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով.

«Օվսաննա՜(եբր. Սաղ. 118.25),

օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով(Սաղ. 118.26),

Իսրայելի թագավորը»։

14 Հիսուսը մի ավանակ գտավ և վրան նստեց, ինչպես որ գրված է.

15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստր Սիոնի,

ահա քո թագավորը գալիս է՝

էշի քուռակի վրա նստած»(Զաք. 9.9)։

16 Նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան. բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ դա նրա մասին էր գրված, և նրանք դա Հիսուսի համար արեցին։

17 Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, երբ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց, պատմում էր այն, ինչ տեսել էր։

18 Եվ դրա համար էր ժողովուրդը նրան ընդառաջ ելել, քանի որ լսել էր նրա գործած այդ նշանի մասին։

19 Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չունեք. ահավասիկ ողջ աշխարհը նրա հետևից է գնում»։

Փառավորում՝ մահվամբ

20 Երուսաղեմ բարձրացածների մեջ կային որոշ հույներ, որոնք եկել էին տոնին՝ երկրպագություն անելու։

21 Նրանք եկան Փիլիպպոսի մոտ, որը Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. խնդրում էին նրան և ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։

22 Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց, ապա Անդրեասն ու Փիլիպպոսն ասացին Հիսուսին։

23 Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։

24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։

25 Ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։

26 Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը։

27 Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել։

28 Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդժամ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։

29 Ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր. «Որոտմունք եղավ»։ Ուրիշներն ասում էին. «Նրա հետ հրեշտակ խոսեց»։

30 Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չեղավ, այլ ձեզ համար։

31 Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու։

32 Եվ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու»։

33 Եվ այս ասում էր, որպեսզի ցույց տար, թե ինչպիսի՛ մահով էր մեռնելու։

34 Արդ ժողովուրդը նրան պատասխանեց. «Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը պիտի մնա հավիտյան, իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։

35 Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ո՛ւր է գնում։

36 Քանի դեռ լույսն ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։

Հիսուսն այս ասաց ու գնաց, նրանցից թաքնվեց։

Հրեաների անհավատությունը

37 Եվ չնայած նա այդքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան,

38 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.

«Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին,

և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց»(Ես. 53.1)։

39 Եսային ասել է նաև, թե նրանք ինչու չեն կարողանում հավատալ.

40 «Նրանց աչքերը կուրացրեց

և նրանց սրտերը անզգայացրեց,

որ աչքերով չտեսնեն

ու սրտով չիմանան,

որ դարձի գան, և ե՛ս նրանց բուժեմ»(հմմտ. Ես. 6.10)։

41 Եսային Հիսուսի մասին այս ասաց, երբ տեսնում էր նրա փառքը ու խոսում էր նրա մասին։

42 Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին խոստովանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն.

43 քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից։

Աշխարհի լույսը

44 Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով հավատում է ինձ, միայն ինձ չէ, որ հավատում է, այլ նաև նրան, ով ինձ ուղարկեց։

45 Եվ ով տեսնում է ինձ, տեսնում է նաև նրան, ով ինձ ուղարկեց։

46 Ես իբրև լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, ով ինձ հավատում է, խավարի մեջ չմնա։

47 Եվ եթե որևէ մեկն իմ խոսքերը լսի ու չպահի, ես նրան չեմ դատի, որովհետև ես չեկա աշխարհը դատելու, այլ փրկելու աշխարհը։

48 Ով ինձ անարգի ու իմ խոսքերը չընդունի, կա մեկը, որ նրան կդատի. այն խոսքը, որ ես խոսեցի, դա է դատելու նրան վերջին օրը։

49 Որովհետև ես ինքս ինձնից չեմ խոսել, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է ինձ պատվիրել, թե ի՛նչ պետք է ասեմ և ի՛նչ պետք է խոսեմ։

50 Եվ գիտեմ, որ նրա պատվիրանը հավիտենական կյանք է։ Արդ, ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13

Ոտնլվա

1 Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։

2 Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։

3 Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։

4 Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։

5 Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։

6 Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։

7 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։

8 Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։

9 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։

10 Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։

11 Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։

12 Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։

13 Դուք ինձ “Վարդապետ” և “Տեր” եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։

14 Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։

15 Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։

16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։

17 Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։

18 Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է.”Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ”(Սաղ. 41.9).

19 ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։

20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։

Հիսուսը խոսում է իր մատնության մասին

21 Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։

22 Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։

23 Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։

24 Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։

25 Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։

26 Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։

27 Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։

28 Եվ սեղան նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի՛ համար այդ ասաց նրան։

29 Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ այս տոնի համար մեզ հարկավոր է» կամ «Աղքատներին ինչ-որ բա՛ն տար»։

30 Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։

Նոր պատվիրանը

31 Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։

32 Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։

33 Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ “Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”, հիմա էլ ձեզ եմ ասում։

34 Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։

35 Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը

36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։

37 Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։

38 Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14

Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք

1 «Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։

2 Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։

3 Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։

4 Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։

5 Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։

6 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։

7 Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։

8 Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։

9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. “Ցո՛ւյց տուր մեզ Հորը”։

10 Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։

11 Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։

12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծբաներկանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։

13 Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։

14 Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։

Ճշմարտության Հոգին

15 Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։

16 Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի.

17 ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։

18 Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։

19 Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։

20 Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։

21 Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։

22 Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։

23 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։

24 Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։

25 Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։

26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։

Քրիստոսի խաղաղությունը

27 Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։

28 Լսեցիք, որ ձեզ ասացի. “Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ”։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. “Հոր մոտ եմ գնում”, որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։

29 Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։

30 Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։

31 Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15

Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ

1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։

2 Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։

3 Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։

4 Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։

5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։

6 Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։

7 Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։

8 Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։

9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։

10 Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։

11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։

12 Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։

13 Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։

14 Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։

15 Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։

16 Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։

17 Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։

Աշխարհի ատելությունը

18 Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։

19 Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։

20 Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։

21 Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։

22 Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։

23 Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։

24 Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։

25 Բայցդա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը.”Ինձ առանց պատճառի ատեցին”(Սաղ. 35.19,69.4)։

26 Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։

27 Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16

1 «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։

2 Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։

3 Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։

4 Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։

Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։

Մխիթարիչի գալուստը

5 Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. “Ո՞ւր ես գնում”։

6 Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։

7 Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։

8 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար.

9 մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում,

10 արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի,

11 և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։

12 Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։

13 Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։

14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։

15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։

Ուրախության վերածվող վիշտը

16 Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։

17 Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես Հոր մոտ եմ գնում”»։

18 Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։

19 Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք”։

20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։

21 Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

22 Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։

23 Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։

24 Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։

Ես հաղթեցի աշխարհին

25 Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։

26 Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը,

27 որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։

28 Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։

29 Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։

30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։

31 Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։

32 Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։

33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17

Աղոթք առ Հայր

1 Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։

2 Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։

3 Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։

4 Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։

5 Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։

6 Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։

7 Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է,

8 որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

9 Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։

10 Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։

11 Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։

12 Երբ ես աշխարհումնրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։

13 Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։

14 Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։

15 Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։

16 Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։

17 Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քոխոսքը ճշմարտություն է։

18 Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։

19 Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։

20 Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ,

21 որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

22 Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։

23 Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։

24 Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։

25 Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

26 Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

1 Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։

2 Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։

3 Եվ Հուդան, իր հետ վերցնելովզինվորներիգունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։

4 Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. «Ու՞մ եք փնտրում»։

5 Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։

6 Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։

7 Եվ դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։

8 Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի՝ “Ես եմ”. արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։

9 Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. “Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի”»։

10 Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։

11 Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։

12 Այդժամզինվորներիգունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։

Հիսուսը քահանայապետների առաջ

13 Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։

14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։

Պետրոսի ուրացումները

15 Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։

16 Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։

17 Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։

18 Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։

19 Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։

20 Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։

21 Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։

22 Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։

23 Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայի՛ր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ինձ խփում»։

24 Այդժամ Աննասը նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։

25 Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։

26 Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։

27 Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։

Հիսուսը Պիղատոսի առաջ

28 Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։

29 Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։

30 Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։

31 Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել».

32 որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։

33 Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։

34 Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։

35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։

36 Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։

37 Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։

38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։

Բարաբբան

39 Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։

40 Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19

1 Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։

2 Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։

3 Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։

4 Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։

5 Արդ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակը գլխին և ծիրանին հագին։ ԵվՊիղատոսընրանց ասաց. «Ահա այդ մարդը»։

6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»։

7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։

8 Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ։

9 Նա դարձյալ ատյան մտավ և Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։

10 Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։

11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քոձեռքըմատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։

12 Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։

13 Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, և ինքը նստեց բեմի վրա՝ այնտեղ, որ «Քարահատակ» էր կոչվում (եբրայերեն՝ Գաբբաթա)։

14 Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։

15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։

16 Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։

Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։

Հիսուսի խաչելությունը

17 Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։

18 Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։

19 Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։

20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։

21 Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր “Հրեաների թագավոր”, այլ ինչպես նա ասաց. “Հրեաների թագավորն եմ”»։

22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։

23 Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։

24 Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.

«Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին

և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»(Սաղ. 22.18)։

Եվ զինվորներն արեցին այդ բանը։

25 Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասիկինը, և Մարիամ Մագդաղենացին։

26 Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։

27 Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։

Հիսուսի մահը

28 Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։

29 Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։

30 Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։

31 Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ունրանցվերցնեն։

32 Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։

33 Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։

34 Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։

35 Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։

36 Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը.«Նրա ոսկորը չպիտի փշրվի»(Ելք 12.46,Թվ. 9.12,Սաղ. 34.20)։

37 Եվ մեկ այլ գրված ասում է.«Պիտի նայեն նրան, որին խոցեցին»(Զաք. 12.10)։

Հիսուսի թաղումը

38 Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։

39 Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։

40 Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։

41 Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։

42 Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20

Հիսուսի հարությունը

1 Շաբաթվա առաջին օրնարշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։

2 Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։

3 Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։

4 Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։

5 Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։

6 Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։

7 Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։

8 Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. տեսավ ու հավատաց։

9 Որովհետև դեռ չէին հասկացել գրվածը. «Նա մեռելներից հարություն պիտի առնի»։

10 Աշակերտները դարձյալտունգնացին։

Հիսուսի երևումները

11 Բայց Մարիամը դրսում, գերեզմանի մոտ կանգնած, լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը։

12 Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։

13 Եվ նրանք ասացին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտե՛ղ են դրել նրան»։

14 Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։

15 Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։

16 Հիսուսն ասաց նրան. «Մարիա՛մ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբո՛ւնի», որ «Վարդապետ» է նշանակում։

17 Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. բայց դու իմ եղբայրների մո՛տ գնա ու ասա՛ նրանց. “Ես իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ”»։

18 Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և որ նա իրեն այս բաներն է ասել։

19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։

21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։

22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։

23 Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։

Անհավատ Թովմասը

24 Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։

25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։

26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով,նրանցմեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

27 Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։

28 Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։

29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

30 Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։

31 Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։