Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1

Եվ Բանը մարմին դարձավ

1 Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։

2 Նա սկզբում Աստծու մոտ էր։

3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։

4 Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։

5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։

6 Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։

7 Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։

8 Նա Լույսը չէր, այլեկել էրԼույսի մասին վկայելու։

9 Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։

10 Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։

11 Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։

12 Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։

13 Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։

14 Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։

15 Հովհաննեսը նրա մասին վկայում է ու աղաղակելով ասում. «Սա էր, որի մասին ասացի. “Նա, որ գալիս է ինձանից հետո, ինձանից ավելի մեծ է, որովհետև ինձանից առաջ էր”»։

16 Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհը ստացանք.

17 որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։

18 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա՛ է մեզ նրա մասին հայտնել։

Հովհաննես Մկրտչի վկայությունը

19 Եվ այս է Հովհաննեսի վկայությունը. երբ հրեաները Երուսաղեմից նրա մոտ քահանաների ու ղևտացիների ուղարկեցին, որպեսզի նրան հարցնեն. «Դու ո՞վ ես»,

20 նա խոստովանեց և չուրացավ. խոստովանեց, թե՝ «Ես Քրիստոսը չեմ»։

21 Եվ նրան հարցրին. «Հապա ո՞վ, Եղիա՞ն ես»։ Նա ասաց. «Ոչ, չեմ»։ «Մարգարե՞ն ես դու»։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։

22 Արդ նրան ասացին. «Հապաո՞վ ես, որ մեզ ուղարկողներին պատասխանենք. ի՞նչ ես ասում քո մասին»։

23 Ասաց.

«Ես անապատում կանչողի ձայնն եմ.

“Հարթե՛ք Տիրոջ ճանապարհը”»(Ես. 40.3),

ինչպես Եսայի մարգարեն ասաց։

24 Եվ ուղարկվածները փարիսեցիներից էին։

25 Նրան հարցրին ու ասացին. «Հապա ինչո՞ւ ես մկրտում, եթե դու ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ էլ մարգարեն»։

26 Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կամեկը, որին դուք չեք ճանաչում։

27 Նա, որ գալիս է ինձանից հետո և որ ինձանից էլ առաջ է եղել, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ ես»։

28 Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։

Աստծու Գառը

29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։

30 Սա է, որի մասին ես ասում էի. “Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։

31 Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու”»։

32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։

33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը”։

34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ “Սա է Աստծու Որդին”»։

Հիսուսի առաջին աշակերտները

35 Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։

36 Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։

37 Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։

38 Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ ես մնում»։

39 Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամնէր։

40 Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրեասը, մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսից ու նրա հետևից գնացին։

41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային(որ “Քրիստոս” է նշանակում)»։

42 Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս(որ “Պետրոս” է նշանակում)»։

Փիլիպպոսի և Նաթանայելի կոչումը

43 Հաջորդ օրը Հիսուսը ցանկացավ Գալիլեա գնալ։ Նա գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։

44 Փիլիպպոսն էլ Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։

45 Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք նրան, ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։

46 Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։

47 Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։

48 Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Նախքան Փիլիպպոսի՝ քեզ կանչելը տեսա քեզ՝ թզենու տակ կանգնած»։

49 Նաթանայելն ասաց. «Ռա՛բբի, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։

50 Հիսուսը պատասխանեց և նրան ասաց. «Հավատում ես, որովհետև քեզ ասացի, թե թզենու տակ տեսել եմ քեզ. դրանից է՛լ ավելի մեծբաներպիտի տեսնես»։

51 Եվ նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2

Կանայի հարսանիքը

1 Երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար։ Այնտեղ էր նաև Հիսուսի մայրը։

2 Հիսուսը և իր աշակերտները ևս հարսանիքի հրավիրվեցին։

3 Եվ երբ գինին պակասեց, Հիսուսի մայրը նրան ասաց. «Գինի չունեն»։

4 Հիսուսը նրան ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»։

5 Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։

6 Հրեաների սրբվելու սովորության համաձայն՝ այնտեղ կային քարե վեց կարասներ, որոնցից յուրաքանչյուրը երկու կամ երեք մարէր տանում։

7 Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրո՛վ լցրեք»։ Եվ բերնեբերան լցրեցին։

8 Եվ նրանց ասաց. «Հիմա վերցրե՛ք ու սեղանապետի՛ն տարեք»։ Նրանք տարան։

9 Եվ երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չիմանալով, թե որտեղի՛ց է (բայց սպասավորները, որ ջուր էին լցրել, գիտեին), կանչեց փեսային

10 և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։

11 Գալիլեայի Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։

12 Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։

Տաճարում առևտուր անողների վտարումը

13 Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։

14 Եվ տաճարում տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։

15 Հիսուսը պարանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների դրամները ցրիվ տվեց և սեղանները շուռ տվեց։

16 Նա աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք»։

17 Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է.«Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի»(Սաղ. 69.9ա)։

18 Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։

19 Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն»։

20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես»։

21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։

22 Իսկ երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում, և հավատացին Սուրբ Գրքին և Հիսուսի ասած խոսքին։

Երուսաղեմյան օրեր

23 Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը՝ տեսնելով նրա գործած հրաշքները։

24 Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր։

25 Եվ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր՝ ի՛նչ կար մարդու մեջ։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3

Հիսուսը և Նիկոդեմոսը

1 Փարիսեցիներից մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։

2 Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։

3 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։

4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։

5 Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։

6 Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։

7 Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. “Դուք պետք է վերստին ծնվեք”։

8 Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։

9 Նիկոդեմոսը հարցրեց ու նրան ասաց. «Դա ինչպե՞ս կարող է լինել»։

10 Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես ու դա չգիտե՞ս։

11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։

12 Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։

13 Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։

14 Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա,

15 որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։

16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։

17 Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։

18 Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

19 Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։

20 Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։

21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։

Հովհաննես Մկրտչի վերջին վկայությունը

22 Դրանից հետո Հիսուսը և իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր։

23 Իսկ Հովհաննեսը Այենոնում՝ Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար. մարդիկ գալիս էին ու մկրտվում,

24 քանի որ Հովհաննեսը դեռ չէր բանտարկվել։

25 Եվ ահա Հովհաննեսի աշակերտների և մի հրեայի միջև մաքրության մասին վեճ ծագեց։

26 Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռա՛բբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»։

27 Հովհաննեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։

28 Դուք ինքներդ վկա եք իմ ասածներին. “Ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել”։

29 Ով հարս ունի, նա է փեսան, բայց փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է փեսայի ձայնը. արդ այս է իմ ուրախությունը, և այժմ այն կատարյալ է։

30 Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ փոքրանա։

Ի վերուստ եկողը

31 Նա, որ գալիս է ի վերուստ, ամենքից վեր է. իսկ երկրից ելնողը երկրավոր է ու երկրային բաներից է խոսում. երկնքից եկողն ամենքից վեր է։

32 Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։

33 Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է։

34 Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված Հոգին ըստ չափի չի տալիս։

35 Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։

36 Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4

Սամարացի կինը

1 Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը

2 (թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները),

3 թողեց Հուդայիերկիրնու կրկին Գալիլեա եկավ։

4 Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։

5 Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։

6 Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։

7 Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձջո՛ւրտուր՝ խմեմ».

8 քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։

9 Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։

10 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելուջո՛ւրտուր”, ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։

11 Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։

12 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։

13 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։

14 Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։

15 Կինը նրան ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։

16 Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի»։

17 Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ “Ամուսին չունեմ”,

18 որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։

19 Կինը նրան ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։

20 Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։

21 Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։

22 Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է։

23 Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։

24 Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։

25 Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։

26 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։

27 Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։

28 Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց.

29 «Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։

30 Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։

31 Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։

32 Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։

33 Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելի՞ք է բերել»։

34 Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրնայնէ, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։

35 Արդյոք դո՞ւք չեք ասում. “Չորս ամիս ևս, և հունձը կհասնի”։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը ու տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու արդենհասելհնձի համար։

36 Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։

37 Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ “Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը”։

38 Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։

39 Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի»։

40 Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց։

41 Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացիննրան։

42 Եվ կնոջն ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի՛ համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը»։

Բարձրաստիճան պաշտոնյայի որդու բժշկումը

43 Եվ երկու օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա,

44 թեև Հիսուսն ինքը վկայել էր. «Մարգարեն իր հայրենիքում պատիվ չունի»։

45 Բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք տեսել էին այն ամենը, ինչ արել էր Զատկի տոնին Երուսաղեմում, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։

46 Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնաումում հիվանդ էր։

47 Նա, լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։

48 Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։

49 Պաշտոնյան նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մեռել»։

50 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։

51 Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։

52 Իսկ նա հարցրեց նրանց, թե ո՛ր ժամին սկսեց ապաքինվել։ Եվ նրան ասացին. «Երեկ յոթերորդ ժամինտենդը նրան թողեց»։

53 Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։

54 Սա երկրորդ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5

Ոչխարների ավազանի անդամալույծի բժշկումը

1 Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։

2 Երուսաղեմում՝ Ոչխարացդռանմոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։

3 Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում,

4 որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր]։

5 Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։

6 Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։

7 Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։

8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։

9 Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։

Եվ այդ օրը շաբաթ էր։

10 Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։

11 Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. “Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր”»։

12 Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ “Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր”»։

13 Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։

14 Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։

15 Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։

16 Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։

17 Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։

18 Դրա համար հրեաներն է՛լ ավելի էին ուզում նրան սպանել, որովհետև ոչ միայն շաբաթ օրվա կանոնն էր խախտում, այլև Աստծուն էլ իրեն Հայր էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։

Մարդու Որդու իշխանությունը

19 Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։

20 Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։

21 Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։

22 Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել,

23 որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։

24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։

25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկեկելէ, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։

26 Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։

27 Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։

28 Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։

29 Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։

30 Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ես իմ կամքը չեմկատարում, այլ ինձ ուղարկողիկամքը։

Վկայություն Հիսուսի մասին

31 Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։

32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։

33 Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։

34 Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։

35 Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, և դուք ցանկացաք միառժամանակ նրա լույսով ուրախանալ։

36 Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։

37 Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ո՛չ նրա ձայնը երբևէ լսեցիք, ո՛չ նրա կերպարանքը տեսաք։

38 Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։

39 Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։

40 Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։

41 Ես մարդկանցից փառք չեմ ուզում։

42 Բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծու սերը չունեք։

43 Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։

44 Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։

45 Մի՛ կարծեք, թե ես Հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, և դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։

46 Որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել։

47 Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

1 Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։

2 Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։

3 Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։

4 Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։

5 Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։

6 Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։

7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։

8 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց.

9 «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։

10 Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։

11 Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։

12 Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։

13 Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։

14 Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։

15 Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։

Հիսուսը քայլում է ջրի վրայով

16 Երբ երեկո եղավ, նրա աշակերտները լճափ իջան

17 և նավ նստելով՝ գնացին լճի մյուս կողմը՝ Կափառնաում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել։

18 Սաստիկ քամու փչելուց լիճն ալեկոծվում էր։

19 Քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր լճի վրայով և նավին էր մոտենում։ Եվ նրանք սաստիկ վախեցան։

20 Հիսուսն ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։

21 Նրանք կամեցան Հիսուսին նավ հանել, սակայն նավը շուտով ցամաք հասավ, ուր որ ուղևորվում էին։

Հիսուսը՝ կենաց հաց

22 Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացիայնմեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։

23 Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։

24 Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։

25 Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. «Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար»։

26 Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։

27 Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։

28 Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։

29 Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։

30 Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։

31 Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է.”Երկնքից նրանց ուտելու հաց տվեց”(Սաղ. 78.24)»։

32 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից,

33 որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։

34 Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։

35 Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։

36 Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։

37 Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի,

38 որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։

39 Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։

40 Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։

41 Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։

42 Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ “Ես երկնքից եմ իջել”»։

43 Հիսուսը պատասխանեց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք։

44 Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրանդեպի ինձչբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, և ես վերջին օրը հարություն կտամ նրան։

45 Մարգարեներիգրքերումգրված է.”Աստված ինքը բոլորին կուսուցանի”(Ես. 54.13ա)։ Արդ, ով Հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։

46 Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։

47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։

48 Ես եմ կյանքի հացը։

49 Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։

50 Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։

51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։

52 Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող էիրմարմինը մեզ տալ՝ ուտելու»։

53 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։

54 Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։

55 Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։

56 Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։

57 Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։

58 Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։

59 Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։

60 Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է դա լսել»։

61 Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է։

62 Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր։

Հոգին է կենդանարար

63 Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։

64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, և ով էր նա, որ մատնելու էր իրեն։

65 Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։

66 Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։

67 Արդ Հիսուսն այն տասներկուսին ասաց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։

68 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։

69 Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։

70 Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը սատանա է»։

71 Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7

Հիսուսի եղբայրները չեն հավատում

1 Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում։ Նա չէր ուզում շրջել Հուդայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել նրան։

2 Մոտենում էր հրեաների Տաղավարահարաց տոնը։

3 Հիսուսի եղբայրները նրան ասացին. «Դո՛ւրս արի այստեղից և գնա՛ Հուդա, որ քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես։

4 Որովհետև չկա մեկը, որ գաղտնի գործի և ուզենա հայտնի լինել. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին»։

5 Հիսուսի եղբայրները նույնպես չէին հավատում նրան։

6 Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար միշտ ժամանակն է։

7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են։

8 Դուք գնացե՛ք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։

9 Հիսուսն այս ասաց նրանց և մնաց Գալիլեայում։

10 Երբ նրա եղբայրները տոնի համար Երուսաղեմ բարձրացան, այն ժամանակ ինքն էլ այդ տոնին գնաց, բայց ոչ հայտնապես, այլ ծածուկ։

Հիսուսը Երուսաղեմում Տաղավարահարաց տոնին

11 Այդ տոնի ժամանակ հրեաները փնտրում էին նրան ու ասում. «Որտե՞ղ է նա»։

12 Եվ բազմության մեջ նրա մասին շատ տարակարծություններ կային։ Ոմանք ասում էին՝ «Բարիմարդ է», իսկ ոմանք՝ «Ո՛չ, նա մոլորեցնում է ժողովրդին»։

13 Ոչ ոք նրա մասին բացահայտ չէր խոսում, որովհետև վախենում էին հրեաներից։

14 Տոնակատարության կեսին արդեն Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։

15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Նա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, երբ բնավ չի ուսանել»։

16 Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։

17 Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։

18 Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա։

19 Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։

20 Բազմությունը պատասխանեց. «Քո մեջ դև՞ ունես. ո՞վ է ուզում քեզ սպանել»։

21 Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և բոլորդ զարմացել եք։

22 Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց (թեև այդոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։

23 Արդ, եթե մարդը նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա ինչո՞ւ եք բարկանում, որ ես շաբաթ օրով մի մարդու լիովին բժշկեցի։

24 Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։

Վեճ Հիսուսի անձի շուրջ

25 Երուսաղեմցիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում են սպանել։

26 Բայց ահա նա համարձակ խոսում է, և նրան ոչինչ չեն ասում։ Գուցե իշխանավորներն իրապես ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։

27 Բայց գիտենք նրան, թե որտեղի՛ց է. իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղի՛ց է»։

28 Այդժամ Հիսուսը, որ ուսուցանում էր տաճարում, աղաղակեց և ասաց. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք, թե որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել. բայց ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկել է, նա, որին դուք չգիտեք։

29 Ես գիտեմ նրան, որովհետև նրանից եմ, և նա՛ ինձ ուղարկեց»։

30 Այդժամ ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր եկել։

31 Ժողովրդից շատերը նրան հավատացին ու ասում էին. «Երբ Քրիստոսը գա, արդյոք ավելի՞ շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։

Հիսուսը հայտնում է իր մոտալուտ մեկնումը աշխարհից

32 Փարիսեցիները լսեցին ժողովրդի մեջ նրա մասին եղած շշուկները, և փարիսեցիներն ու քահանայապետները սպասավորներուղարկեցին, որպեսզի նրան բռնեն։

33 Այդժամ Հիսուսն ասաց. «Դեռ մի փոքր ժամանակ ձեզ հետ եմ և ապա գնալու եմ ինձ ուղարկողի մոտ։

34 Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»։

35 Արդ հրեաները միմյանց ասացին. «Ո՞ւր է գնալու, որ մենք չգտնենք դրան. գուցե գնալու է հույների մեջ ցրված հրեաների մոտ և հույների՞ն է ուսուցանելու։

36 Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ ասաց. “Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես եմ, դուք չեք կարող գալ”»։

Կենդանի ջրի աղբյուրը

37 Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։

38 Ինչպես Գիրքն է ասում. “Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն”»։

39 Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։

Կրկին վեճ Հիսուսի անձի շուրջ

40 Արդ ժողովրդի միջից շատերը, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. «Իրապես որ նա մարգարեն է»։

41 Ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը»։ Իսկ մնացածն էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու.

42 չէ՞ որ Գիրքն ասում է. “Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր”»։

43 Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։

44 Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։

45 Արդ, սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, և սրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք»։

46 Սպասավորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը»։

47 Փարիսեցիները նրանց պատասխանեցին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։

48 Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան,

49 բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։

50 Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց.

51 «Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։

52 Նրանք պատասխանեցին նրան. «Գուցե դու է՞լ ես Գալիլեայից. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։

53 Եվ ամեն մեկն իր տուն գնաց։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8

Շնացող կինը

1 Հիսուսը Ձիթենյաց լեռը գնաց։

2 Առավոտյան դարձյալ տաճար եկավ, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։

3 Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝

4 ասացին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։

5 Մովսեսը Օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ի՞նչ ես ասում»։

6 Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը, գետնին նայելով, մատով գրում էր հողի վրա։

7 Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա»։

8 Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։

9 Սակայն նրանք,այսլսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։

10 Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին,քեզ ամբաստանողներըորտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։

11 Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։

Հիսուսը՝ լույսն աշխարհի

12 Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։

13 Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։

14 Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։

15 Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։

16 Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։

17 Եվ ձեր օրենքում իսկ գրված է. “Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է”։

18 Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։

19 Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։

20 Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։

Ազդարարություն անհավատ հրեաներին

21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ. ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք. ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։

22 Հրեաներն ասում էին. «Գուցե ինքնասպա՞ն է լինելու, որովհետև ասում է. “Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ”»։

23 Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։

24 Արդ ես ձեզ ասացի. “Ձեր մեղքերի մեջ կմեռնեք”, որովհետև եթե չհավատաք, որիրապեսես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։

25 Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։

26 Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»։

27 Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։

28 Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։

29 Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։

30 Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։

Ճշմարտությունը՝ ազատարար

31 Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։

32 Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։

33 Նրան պատասխանեցին. «Մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք»։

34 Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։

35 Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։

36 Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։

37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներն եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։

38 Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ տեսել եք ձեր հորից»։

39 Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։

40 Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։

41 Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։

42 Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ինձ ուղարկեց։

43 Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։

44 Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։

45 Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։

46 Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։

47 Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում. դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում»։

48 Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, որ դու սամարացի ես ու դև ունես»։

49 Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք ինձ անարգում եք։

50 Սակայն ես իմ փառքը չեմ փնտրում. կա մեկը, որ այն փնտրում է և դատում։

51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»։

52 Հրեաները նրան ասացին. «Հիմա իմացանք, որ դև ունես։ Աբրահամը մեռավ, մարգարեները՝ նույնպես, իսկ դու ասում ես. “Եթե մեկն իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։

53 Գուցե դու ավելի մե՞ծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, մարգարեները ևս մեռան։ Իսկ ի՞նչ ես կարծում, դու ո՞վ ես»։

54 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ինքս ինձ փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Ինձ փառավորողը Հայրն է, նա, ում մասին դուք ասում եք՝ “Մեր Աստվածն է”։

55 Եվ չեք ճանաչում նրան, իսկ ես նրան գիտեմ, և եթե ասեմ, որ ես նրան չգիտեմ, ձեզ նման ստախոս կլինեմ. բայց ես գիտեմ նրան ու նրա խոսքը պահում եմ։

56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցնծում էր այն մտքից, որ կարող է իմ օրերը տեսնել. նա տեսավ և ուրախացավ»։

57 Ապա հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամի՞ն ես տեսել»։

58 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես կամ նախքան Աբրահամը»։

59 Այդժամ նրանք քարեր վերցրին, որ նրա վրա նետեն, բայց Հիսուսը թաքնվեց և տաճարից դուրս գնաց։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9

Ի ծնե կույրի բժշկումը

1 Մինչ Հիսուսն անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։

2 Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռա՛բբի, ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները»։

3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան։

4 Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։

5 Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի»։

6 Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին

7 ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (որ նշանակում է «Ուղարկված»)։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։

8 Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։

9 Ոմանք ասում էին՝ «Նա է», ուրիշներն էլ՝ «Նրան նման է»։ Սակայն ինքն ասում էր՝ «Ես եմ»։

10 Արդ նրան հարցնում էին. «Հապա աչքերդ ինչպե՞ս բացվեցին»։

11 Նա պատասխանեց. «Մի մարդ, անունը՝ Հիսուս, կավ շինեց, աչքերիս քսեց և ինձ ասաց. “Գնա՛ Սիլովամ ու լվացվի՛ր”։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։

12 Եվ նրան ասացին. «Որտե՞ղ է նա»։ Ասաց. «Չգիտեմ»։

13 Նրան, որ մի ժամանակ կույր էր, փարիսեցիների մոտ տարան։

14 Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց ու նրա աչքերը բացեց։

15 Փարիսեցիները ևս նրան կրկին հարցրին, թե ինչպե՛ս եղավ, որ նա տեսնում է։ Եվ նա ասաց նրանց. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի և տեսնում եմ»։

16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Իսկ ուրիշներն ասում էին. «Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ երկպառակություն կար։

17 Այդժամ կույրին դարձյալ հարցրին. «Իսկ դու ի՞նչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց»։ Նա ասաց. «Մարգարե է»։

18 Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին

19 և նրանց հարցրին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել. իսկ հիմա ինչպե՞ս է տեսնում»։

20 Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել,

21 բայց թե հիմա ինչպե՛ս է տեսնում, չգիտենք, կամ թե ո՛վ բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք. նրա՛ն հարցրեք. ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի»։

22 Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։

23 Դրա համար նրա ծնողներն ասացին. «Ինքը չափահաս է, իրե՛ն հարցրեք»։

24 Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։

25 Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։

26 Եվ դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, աչքերդ ինչպե՞ս բացեց»։

27 Նրանց պատասխանեց. «Ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք. ի՞նչ եք դարձյալ ուզում լսել. գուցե դուք է՞լ եք ցանկանում նրան աշակերտել»։

28 Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։

29 Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։

30 Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։

31 Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։

32 Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։

33 Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել»։

34 Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։

Հոգու կուրությունը

35 Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։

36 Նա պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, իսկ ո՞վ է նա, որ նրան հավատամ»։

37 Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ քեզ հետ խոսողն էլ նա է»։

38 Եվ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան։

39 Հիսուսն ասաց. «Ես այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։

40 Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։

41 Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք”, և ձեր մեղքը ձեր մեջ է մնում»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10

Բարի հովիվը

1 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ։

2 Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։

3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն և նրանց դուրս է հանում։

4 Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։

5 Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։

6 Հիսուսը նրանց այս առակն ասաց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչի՛ համար էր նա այդ ասում իրենց։

7 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։

8 Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։

9 Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։

10 Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։

11 Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։

12 Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։

13 Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում։

14 Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։

15 Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։

16 Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով։

17 Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։

18 Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։

19 Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։

20 Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։

21 Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարիխոսքերչեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։

Հիսուսը՝ Աստծու Որդի

22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։

23 Հիսուսը քայլում էր տաճարում՝ Սողոմոնի սրահում։

24 Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեր հոգին տանջելու. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։

25 Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, ու չեք հավատում. այն գործերը, որ իմ Հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում։

26 Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։

27 Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։

28 Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։

29 Իմ Հայրը, որնրանցինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարողնրանցիմ Հոր ձեռքից հափշտակել։

30 Ես և Հայրը մի ենք»։

31 Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։

32 Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։

33 Հրեաները պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի համար ենք քարկոծում, այլ հայհոյության, որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։

34 Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞.”Ես ասացի՝ աստվածներ եք”(Սաղ. 82.6)։

35 Գրքում աստվածներ են կոչվում նրանք, որոնց ուղղված է Աստծու խոսքը։ Իսկ այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել։

36 Նրան, ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք՝ հայհոյում ես. նրա՞ համար, որ ասացի, թե Աստծու Որդին եմ։

37 Եթե իմ Հոր գործե՛րը չեմ կատարում, ինձ մի՛ հավատացեք։

38 Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք,գոնեգործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Հոր մեջ»։

39 Դարձյալ ուզում էին բռնել Հիսուսին, բայց նա ազատվեց նրանց ձեռքից։

40 Դարձյալ գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր մկրտում։ Եվ Հիսուսն այնտեղ էր մնում։

41 Շատերն էին նրա մոտ գալիս և ասում. «Հովհաննեսը ոչ մի նշան չի արել։ Բայց այն ամենը, ինչ Հովհաննեսն ասել է Հիսուսի մասին, ճշմարիտ էր»։

42 Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։