Categories
ՀՈՎԵԼ

ՀՈՎԵԼ 1

1 Տիրոջ խոսքը, որը հասավ Փաթուելի որդի Հովելին.

Ժողովուրդը ողբում է բերքի ոչնչացման համար

2 «Լսե՛ք այս, ո՛վ ծերեր, և ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր օրերում և կամ ձեր հայրերի օրերում այսպիսի բան եղե՞լ է։

3 Սրա մասին պատմե՛ք ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, իսկ նրանց որդիները՝ հետագա սերնդին։

4 Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ»։

5 Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։

6 Որովհետև իմ երկրի դեմ մի ազգ է եկել՝ զորավոր և անթիվ. նրա ատամներն առյուծի ատամներ են, և մատակ առյուծի ժանիքներ ունի։

7 Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։

8 Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսային։

9 Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։

10 Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել։

11 Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։

12 Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։

13 Քո՛ւրձհագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։

14 Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, երեցներին, երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծու տանը և աղաղակե՛ք Տիրոջը։

15 Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։

16 Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։

17 Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ։

18 Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։

19 Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։

20 Դաշտի անասուններն էլ են քեզ կանչում, որովհետև ցամաքել են ջրերի վտակները, և կրակն այրել է անապատի արոտները։

Categories
ՀՈՎԵԼ

ՀՈՎԵԼ 2

Մոտ է Տիրոջ օրը

1 Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է

2 մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա,այնպես էլմի բազմաթիվ և զորավոր ժողովուրդէ գալիս,որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։

3 Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։

4 Նրանց տեսքը ձիերի տեսքի պես է, և ձիավորների պես պիտի արշավեն։

5 Մարտակառքերի դղրդյունի նման լեռների գլխին ոստոստում են, հարդ լափող կրակի բոցի ձայնի պես, մի հզոր ամբոխի պես, որ շարված է պատերազմի։

6 Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։

7 Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։

8 Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։

9 Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։

10 Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։

11 Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։

Կոչ ապաշխարության

12 Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։

13 Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։

14 Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։

15 Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք,

16 ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։

17 Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։

Տերը վերահաստատում է երկրի արգասաբերությունը

18 Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։

19 Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։

20 Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։

21 Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։

22 Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։

23 Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։

24 Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։

25 Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։

26 Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։

27 Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։

Տիրոջ օրը

28 Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։

29 Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։

30 Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։

31 Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։

32 Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։

Categories
ՀՈՎԵԼ

ՀՈՎԵԼ 3

Տերը դատում է ազգերին

1 «Որովհետև ահա այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ,

2 կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։

3 Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկիվարձիդիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։

4 Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապեսևշուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը.

5 որովհետև դուք իմ արծաթն ու ոսկին վերցրիք և իմ ցանկալի գանձերը տարաք ձեր մեհյանները։

6 Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հույների որդիներին ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրենց սահմանից։

7 Ահա ես նրանց պիտի զարթնեցնեմ, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։

8 Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։

9 Այս մասին ազդարարե՛ք ազգերի մեջ, պատերազմի՛ պատրաստվեք, զարթնեցրե՛ք հզորներին, թող մոտենան, գան բոլոր պատերազմիկները։

10 Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր էտոցներից՝ նիզակներ. թող տկարն ասի. «Հզոր եմ ես»։

11 Շտապե՛ք և եկեք, ո՛վ շրջակա բոլոր ազգեր, և հավաքվե՛ք։ Այնտե՛ղ իջեցրու, ո՛վ Տեր, քո հզորներին։

12 Ազգերը թող զարթնեն և իջնեն Հոսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերին դատելու համար։

13 Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։

14 Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։

15 Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։

Աստված օրհնում է իր ժողովրդին

16 Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։

17 Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։

18 Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։

19 Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմգործածբռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։

20 Բայց Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, իսկ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։

21 Եվ նրանց արյունը անպարտկդարձնեմ,որն անպարտչէի համարում,և Տերը պիտի բնակվի Սիոնում։