Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 21

Ղևտացիների քաղաքները

1 Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին,

2 խոսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանի երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայեց բնակության համար մեզ քաղաքներ տալ և մեր անասունների համար՝ դրանց շրջակա ագարակները»։

3 Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։

4 Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։

5 Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։

6 Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ,

7 Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։

8 Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։

9 Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով,

10 և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։

11 Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբաքաղաքը,այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։

12 Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։

13 Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով,

14 Հաթիրն իր շրջակա ագարակներով, Եսթեմովն իր շրջակա ագարակներով,

15 Քողոնն իր շրջակա ագարակներով, Դաբիրն իր շրջակա ագարակներով,

16 Այինն իր շրջակա ագարակներով, Հետտան իր շրջակա ագարակներով, Բեթսամյուսն իր շրջակա ագարակներով. ինը քաղաքներ այս երկու ցեղից։

17 Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնն իր շրջակա ագարակներով, Գաբան իր շրջակա ագարակներով,

18 Անաթոթն իր շրջակա ագարակներով և Գաղմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

19 Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին՝ իրենց ագարակներով։

20 Կահաթի որդիներից մնացած ղևտացի Կահաթյանների ազգատոհմերն էլ վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից։

21 Եփրեմի լեռնակողմում նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմն իր շրջակա ագարակներով, Գազերն իր շրջակա ագարակներով,

22 Կաբսեմն իր շրջակա ագարակներով և Բեթորոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

23 Դանի ցեղից՝ Ելթեկեն իր շրջակա ագարակներով, Գաբաթոնն իր շրջակա ագարակներով,

24 Այեղոնն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

25 Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։

26 Կահաթի որդիներից մնացած ազգատոհմերի բոլոր քաղաքները տասն էին՝ իրենց ագարակներով։

27 Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։

28 Իսաքարի ցեղից՝ Կեսիոնն իր շրջակա ագարակներով, Դաբարաթն իր շրջակա ագարակներով,

29 Հերիմութն իր շրջակա ագարակներով և Ենգանիմն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

30 Աոերի ցեղից՝ Մասաղն իր շրջակա ագարակներով, Աբդոնն իր շրջակա ագարակներով,

31 Քեղկաթն իր շրջակա ագարակներով և Րոոբն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

32 Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։

33 Գերսոնյանների բոլոր քաղաքներն ըստ իրենց ազգատոհմերի տասներեքն էին՝ իրենց ագարակներով։

34 Մնացած ղևտացիներին, այսինքն՝ Մերարիի որդիների ազգատոհմերին, Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկնամն իր շրջակա ագարակներով, Կարթան իր շրջակա ագարակներով,

35 Դեմնան իր շրջակա ագարակներով և Նաաղոլն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

36 Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով,

37 Կադեմոթն իր շրջակա ագարակներով և Մեփայաթն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

38 Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,

39 Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։

40 Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։

41 Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները քառասունութն էին՝ իրենց ագարակներով։

42 Այս քաղաքներից ամեն մեկն ուներ իր շրջակա ագարակները. այս քաղաքները բոլորն էլ այդպես էին։

Իսրայելը տիրանում է երկրին

43 Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։

44 Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։

45 Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 22

Հեսուն արևելքի ցեղերին տուն է ուղարկում

1 Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի, Գադիցեղերինև Մանասեի կես ցեղին

2 ու նրանց ասաց. «Ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, դուք այդ բոլորը պահեցիք և անսացիք իմ խոսքին այն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ։

3 Այսքան շատ օրեր, մինչև այս օրը չթողեցիք ձեր եղբայրներին և պահեցիք ձեր Տեր Աստծու պատվիրանները։

4 Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։

5 Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն պատվիրաններն ու այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել է ձեզ. որ սիրեք ձեր Տեր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահեք նրա պատվիրանները, հարեք նրան և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։

6 Եվ Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց վրանները։

7 Մանասեի կես ցեղին Մովսեսըժառանգությունէր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց,

8 խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։

9 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան իրենց ժառանգությունը եղող երկիրը, այսինքն՝ Գաղաադի երկիրը, որը ստացել էին Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանով։

Հորդանան գետի մոտ կառուցված զոհասեղանը

10 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։

11 Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։

12 Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, Իսրայելի որդիների ամբողջ համախմբումը հավաքվեց Սելովում, որպեսզի նրանց դեմ պատերազմելու գնա։

13 Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադի երկիր ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային

14 և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։

15 Նրանք գնացին Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, և խոսեցին նրանց հետ՝ ասելով.

16 «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։

17 Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։

18 Դուք այսօր խոտորվեցիք Տիրոջից, ուրեմն եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը նա էլ կբարկանա Իսրայելի ամբո՛ղջ ժողովրդի վրա։

19 Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։

20 Չէ՞ որ Զարայի որդի Աքարը մեղք գործեց՝ նզովված բաներիցվերցնելով,ևՏիրոջբարկությունն ամբողջ Իսրայելի համայնքի վրա թափվեց, և այդ մարդը միայնակ չմեռավ իր անօրենության պատճառով”»։

21 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին և ասացին Իսրայելի հազարապետներին.

22 «Աստվածների Աստվածը՝ Տերը, աստվածների Աստված Տերը գիտե, և Իսրայելն էլ թող գիտենա. եթեայս բաննապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցանք գործելովարեցինք,թող մեզ այսօր չփրկի։

23 Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք Տիրոջից ետ դառնալու կամ դրա վրա ողջակեզ ու հացի ընծա մատուցելու և կամ դրա վրա խաղաղության զոհեր անելու համար, Տերն ինքը թող քննի։

24 Բայց մենք դա շինեցինք մեր վախից՝ ասելով, թե վաղը ձեր որդիները մեր որդիներին կասեն, թե՝ “Դուք Իսրայելի Տեր Աստծու հետ ի՞նչ ունեք.

25 Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվայսպիսովձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։

26 Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար,

27 այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ “Դուք բաժին չունեք Տիրոջից””։

28 Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներինայսպեսասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար””։

29 Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։

30 Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։

31 Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։

32 Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։

33 Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։

34 Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցինՎկայություն,որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 23

Հեսուի հրաժեշտի խոսքը

1 Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու օրերն անց էր կացրել,

2 այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։

3 Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր Տեր Աստվածն արեց ձեր առաջ այս բոլոր ազգերին. որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն էր ձեզ համար պատերազմողը։

4 Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։

5 Ձեր Տեր Աստվածն ինքը նրանց կհալածի ու կքշի ձեր առջևից, և դուք կժառանգեք նրանց երկիրը, ինչպես որ ձեր Տեր Աստվածն ասել է ձեզ։

6 Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք,

7 որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց,

8 այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։

9 Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։

10 Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։

11 Ուրեմն շատ զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք ձեր Տեր Աստծուն։

12 Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ,

13 ապա ստո՛ւյգ իմացեք, որ ձեր Տեր Աստվածն այլևս այս ազգերին չի հալածի ձեր առջևից, այլ նրանք ձեզ համար որոգայթ և թակարդ կդառնան, խթաններ՝ ձեր կողերի համար և փշեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ բնաջինջ լինեք այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։

14 Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։

15 Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին ձեր Տեր Աստծու ձեզ համար ասած բոլոր բարի խոսքերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։

16 Եթե դուք դրժեք ձեր Տեր Աստծու ձեզ պատվիրած ուխտը և գնաք օտար աստվածների պաշտեք և նրա՛նց երկրպագություն անեք, Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեզ վրա, և դուք շուտով կկորչեք ձեզ տրված այս բարի երկրից»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 24

Հեսուն Սյուքեմում խոսում է ժողովրդի հետ

1 Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։

2 Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։

3 Ես վերցրի ձեր հայր ԱբրահամինԵփրատգետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին,

4 Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։

5 Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։

6 Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։

7 Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։

8 Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։

9 Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նամարդուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։

10 Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։

11 Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։

12 Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։

13 Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։

14 Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։

15 Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝Եփրատգետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։

16 Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք,

17 որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։

18 Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։

19 Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։

20 Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։

21 Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։

22 Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։

23 «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։

24 Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։

25 Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։

26 Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։

27 Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։

28 Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։

Հեսուի և Եղիազարի մահը

29 Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկանլինելով։

30 Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։

31 Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար Տիրոջ արած բոլոր գործերը։

32 Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով,և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։

33 Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։