Categories
Հայտնություն

Հայտնություն 21

Նոր երկինք, նոր երկիր

1 Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։

2 Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։

3 Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։

4 Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։

Խոստումը

5 Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։

6 Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։

7 Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։

8 Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։

Նոր՝ երկնային Երուսաղեմը

9 Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով լի յոթ գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։

10 Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։

11 Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։

12 Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերիանուններնեն։

13 Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։

14 Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։

15 Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։

16 Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ.նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։

17 Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն,մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։

18 Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։

19 Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ,

20 հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ ոսկեկանաչ, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։

21 Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։

22 Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։

23 Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։

24 Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։

25 Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու։

26 Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։

27 Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։

Categories
Հայտնություն

Հայտնություն 22

Կենաց ջրի գետը և կենաց ծառը

1 Հրեշտակնինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։

2 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառնէր,որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։

3 Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։

4 Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։

5 Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։

Հիսուսի գալուստը

6 Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը՝ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի»։

7 «Ահա շուտով պիտի գամ. երանի՜ նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»։

8 Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։

9 Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛արա այս,որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։

10 Եվ ինձ ասաց. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, որովհետև ժամանակը մոտ է։

11 Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։

12 Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։

13 Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։

14 Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։

15 Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։

Վերջաբան

16 «Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բաները վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես եմ Դավթի արմատն ու սերունդը և առավոտյան փայլող աստղը»։

17 Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։

18 Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։

19 Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։

20 Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս։

21 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամե՛ն։