Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 41

Հովսեփը մեկնում է փարավոնի երազը

1 Երկու տարի հետո փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնել էր գետի եզերքին։

2 Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։

3 Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։

4 Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն յոթ երինջներին։ Եվ փարավոնը զարթնեց։

5 Նանորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ լեցուն և լավ հասկեր։

6 Եվ նրանց ետևից բուսնեցին յոթ վտիտ ու խորշակահար հասկեր։

7 Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։

8 Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։

9 Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։

10 Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։

11 Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝առանձիննշանակությամբ։

12 Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։

13 Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։

14 Փարավոնըմարդուղարկեց և կանչեց Հովսեփին։ Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։

15 Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել»։

16 Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես,այլԱստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։

17 Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազումս ահա կանգնել էի գետի եզերքին։

18 Եվ ահա գետից դուրս ելան պարարտ տեսքով ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին եղեգների մեջ։

19 Եվ ահա դրանց ետևից դուրս ելան նիհար, շատ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով ուրիշ յոթ երինջներ, որոնց պես զազրելի չեմ տեսել Եգիպտոսի ամբողջ երկրում։

20 Այդ նիհար ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին։

21 Եվ նրանց փորը գնացին, բայց չէր իմացվում, որ նրանք գնացել են նրանց փորը. նրանց տեսքն առաջվա պես զազրելի էր։ Հետո զարթնեցի։

22 Դարձյալ երազում տեսա, որ մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ ուռճացած և լավ հասկեր։

23 Եվ ահա դրանց ետևից բուսնեցին յոթ չոր, նիհար ու խորշակահար հասկեր։

24 Այդ նիհար հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասկերին։ Ես պատմեցի մոգերին, բայց չկա մեկը, որ մեկնի ինձ»։

25 Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազը մեկ է. Աստված իր անելիքը հայտնել է փարավոնին։

26 Այն յոթ լավ երինջները յոթ տարի են, և այն յոթ լավ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։

27 Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դրանցից հետո դուրս ելան, յոթ տարի են, իսկ այն յոթ դատարկ ու խորշակահար հասկերը յոթ տարի սով են նշանակում։

28 Փարավոնին ասած իմ խոսքն այն է, որ Աստված ցույց է տվել փարավոնին, թե ինչ է անելու։

29 Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։

30 Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը,

31 և չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետևսովըշատ սաստիկ կլինի։

32 Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։

33 Թող փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։

34 Թող փարավոննայսպեսանի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվիբերքիմեկ հինգերորդ մասը։

35 Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։

36 Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։

Հովսեփը՝ Եգիպտոսի կառավարիչ

37 Այս խոսքը հաճելի թվաց փարավոնին և նրա բոլոր ծառաներին։

38 Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։

39 Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը,ապաքեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։

40 Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։

41 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։

42 Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։

43 Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։

44 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։

45 Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։

46 Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։

47 Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։

48 Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույնքաղաքումամբարեց։

49 Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։

50 Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։

51 Հովսեփն առաջնեկի անունը դրեց Մանասե,«Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»։

52 Երկրորդի անունը դրեց Եփրեմ,«Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում»։

53 Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։

54 Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։

55 Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք»։

56 Սովը տարածվեց ամբողջ երկրում։ Հովսեփը բացեց բոլորշտեմարանները,որոնց մեջպաշարկար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։

57 Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 42

Հովսեփի եղբայրները գնում են Եգիպտոս

1 Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»։

2 Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։

3 Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։

4 Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։

5 Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։

6 Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։

7 Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։

8 Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։

9 Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։

10 Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։

11 Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։

12 ԵվՀովսեփնասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։

13 Նրանք ասացին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ. ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։

14 Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ՝ ասելով, թե դուք լրտեսներ եք։

15 Սրանով պետք է փորձվեք. փարավոնի կյանքըվկա,որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։

16 Ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձերասածներիմեջ ճշմարտություն կա՞. եթե ոչ, փարավոնի կյանքըվկա,որ դուք լրտեսներ եք»։

17 Եվ երեք օր բանտարկեց նրանց։

18 Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արե՛ք այս, որ ողջ մնաք. ես Աստծուց վախեցող մարդ եմ.

19 եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացե՛ք, ցորե՛ն տարեք ձեր սովահար ընտանիքների համար։

20 Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։

21 Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։

22 Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի՞ ասում, թե՝ “Այդ տղայի դեմ մեղք մի՛ գործեք”, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։

23 Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։

24 ԵվՀովսեփը,առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։Ապանրանց միջից վերցնելով Շմավոնին՝ նրանց աչքի առաջ կապեց նրան։

25 Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։

26 Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։

27 Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։

28 Եվ ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, ահա այստեղ՝ իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը խռովվեց, և վախենալով ասացին միմյանց. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։

Հովսեփի եղբայրները վերադառնում են Քանան

29 Ու եկան Քանանի երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ, և ասացին.

30 «Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ և մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։

31 Նրան ասացինք. “Մենք ազնիվ ենք, լրտեսներ չենք։

32 Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հոր որդիները.մեզնիցմեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում”։

33 Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. “Սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք. ձեր եղբայրներից մեկին թողե՛ք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ցորե՛ն վերցրեք և գնացե՛ք։

34 Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք. ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և այս երկրում առևտուր կանեք”»։

35 Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք և իրենց հայրը տեսան փողի քսակները և վախեցան։

36 Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անզավակ թողեցիք. Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ եք վերցնում։ Այս բոլորը ինձ վրա է գալիս»։

37 Ռուբենը խոսեց իր հոր հետ և ասաց. «Իմ երկու որդիներին սպանի՛ր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ. հանձնի՛ր նրան իմ ձեռքը, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։

38 ԲայցՀակոբնասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է, և նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 43

Բենիամինը տարվում է Եգիպտոս

1 Սովը սաստկացավ երկրի վրա։

2 Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։

3 Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։

4 Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։

5 Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։

6 Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ իմ հանդեպ չարություն արեցիք՝ այդ մարդուն իմացնելով, որ ուրիշ եղբայր ունեք»։

7 Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։

8 Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։

9 Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։

10 Որովհետև եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ վերադարձած կլինեինք»։

11 Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։

12 Վերցրե՛ք ձեզ հետ կրկնակի փող և ե՛տ տարեք ձեր պարկերի բերանին դրված փողը. գուցե դա սխալմունք է եղել։

13 Վերցրե՛ք նաև ձեր եղբորը և ելեք դարձյալ գնացե՛ք այդ մարդու մոտ։

14 Ամենակարող Աստված ձեզ շնորհ տա այդ մարդու առաջ, և նա արձակի ձեզ հետ ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Եվ եթե ես անզավակ եմ մնալու, թող անզավակ մնամ»։

15 Եվ մարդիկ վերցրին այդ նվերները և իրենց հետ կրկնակի փող վերցրին, նաև Բենիամինին, վեր կացան իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։

16 Երբ Հովսեփը Բենիամինին տեսավ նրանց հետ, ասաց իր տան վերակացուին. «Այս մարդկանց տո՛ւն տար, ևինչ մորթվելու է,մորթի՛ր ու պատրաստի՛ր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։

17 Այդ մարդն արեց Հովսեփի ասածի պես և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։

18 Նրանք վախեցան, երբ տարվեցին Հովսեփի տունը, և ասացին. «Անցած անգամ մեր պարկերի մեջ դրված փողի համար ենք տարվում, որպեսզի հարձակվեն մեզ վրա, խուզարկեն մեզ, ստրուկներ դարձնեն ևտիրանանմեր էշերին»։

19 Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին և տան դռան մոտ խոսեցին նրա հետ

20 և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու,

21 և երբ իջևան հասանք ու բաց արեցինք մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս փողը իր պարկի բերանին էր, մեր փողը՝ ըստ իր կշռի. մենք այդ փողը ետ ենք բերել մեր ձեռքով։

22 Մենք բերել ենք նաև ուրիշ փող, որպեսզի ուտելիք գնենք. չգիտենք, թե ո՛վ է դրել մեր փողը մեր պարկերի մեջ»։

23 Եվ նա ասաց. «Հանգի՛ստ եղեք, մի՛ վախեցեք. ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում. ես ստացել եմ ձեր փողը»։ Եվ Շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։

24 Այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տունը, ջուր տվեց, և լվացին իրենց ոտքերը։ Եվ կեր տվեց նրանց էշերին։

25 Նրանք պատրաստեցին նվերները մինչև կեսօրին Հովսեփի գալը, որովհետև իմացել էին, որ այնտեղ էին հաց ուտելու։

26 Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք իրենց ձեռքերի նվերները տանը մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհություն արեցին նրան։

27 Հովսեփըհարցրեց նրանց առողջության մասին, ապա ասաց. «Ձեր այն ծեր հայրը, որի մասին խոսել էիք, դեռ ո՞ղջ է»։

28 Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, ողջ-առողջ է, տակավին ողջ է»։ Եվ ծնկի եկան ու խոնարհվեցին նրան։

29 Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։

30 Հովսեփն արագ դուրս ելավ, որովհետև նրա սիրտը ճմլվում էր իր եղբոր համար, և տեղ էր փնտրում, որ լաց լինի։ Եվ ներքնասենյակ մտավ ու այնտեղ լաց եղավ։

31 Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ բերեք»։

32 Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համարնրանքպիղծ էինհամարվում։

33 Եվ նստեցին նրա առաջ. անդրանիկը՝ ըստ իր անդրանիկության, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերության։ Եվ մարդիկ, իրար նայելով, զարմանում էին։

34 Հովսեփն իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենիամինի բաժինը հինգ անգամ ավելի էր մյուսների բաժնից։ Խմեցին և նրա հետ միասին զվարճացան։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 44

Կորած գավաթը

1 Հովսեփնիր տան վերակացուին հրամայեց՝ ասելով. «Այս մարդկանց պարկերը լցրո՛ւ ուտելիքով, ինչքան որ կարող են տանել, և յուրաքանչյուրի փողը դի՛ր իր պարկի բերանին։

2 Իմ արծաթե բաժակը կրտսերի պարկի բերանի՛ն դիր, իր ցորենի փողն էլ»։ Եվ վերակացուն արեց այնպես, ինչպես Հովսեփն ասել էր իրեն։

3 Առավոտյան, երբ լույսը բացվեց, այդ մարդիկ ճանապարհվեցին իրենց էշերով։

4 Նրանք քաղաքից դուրս էին եկել, բայց դեռ չէին հեռացել, երբ Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, վազի՛ր այդ մարդկանց ետևից, հասի՛ր նրանց և ասա՛. “Ինչո՞ւ չարությամբ հատուցեցիք բարության փոխարեն։

5 Սա այնբաժակըչէ՞, որով խմում է իմ տերը և որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով”»։

6 Վերակացուն հասավ նրանց և ասաց այս նույն խոսքերը։

7 Եվ ասացին նրան. «Ինչո՞ւ է իմ տերը այդպիսի խոսքեր ասում։ Քա՛վ լիցի, որ քո ծառաներն այդպիսի բան անեն։

8 Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից. էլ ինչպե՞ս կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։

9 Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, և մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։

10 Նա ասաց. «Հենց հիմա թող ձեր ասածի պես լինի. ում մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի. իսկ դուք անպարտ կլինեք»։

11 Եվ իսկույն ամեն մեկն իր պարկը իջեցրեց գետին և ամեն մեկը բացեց իր պարկը։

12 Վերակացունսկսեց խուզարկել՝ սկսեց մեծից և վերջացրեց կրտսերով. և բաժակը գտնվեց Բենիամինի պարկի մեջ։

13 Այն ժամանակ նրանք պատառոտեցին իրենց հագուստները և ամեն մեկն իր բեռը բարձելով էշի վրա՝ վերադարձան քաղաք։

14 Հուդան և նրա եղբայրները եկան Հովսեփի տունը. նա դեռ այնտեղ էր. և գետին ընկան նրա առաջ։

15 Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք. դուք չգիտե՞ք, թե ինձ նման մի մարդ անպատճառ կգուշակի»։

16 Հուդան պատասխանեց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք կամ ինչպե՞ս արդարանանք. Աստված բռնեց քո ծառաների հանցանքը։ Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»։

17 Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ.միայնայն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։

Հուդան աղաչում է Բենիամինի համար

18 Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։

19 Իմ տերն իր ծառաներին հարցրեց՝ ասելով. “Հայր կամ եղբայր ունե՞ք”։

20 Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը, թե՝ “Ունենք մի ծեր հայր և նրա ծերության մի կրտսեր որդի։ Նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել իր մորից, և հայրը սիրում է նրան”։

21 Դու քո ծառաներին ասացիր. “Բերե՛ք նրան ինձ մոտ, որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նրան”։

22 Մենք ասացինք մեր տիրոջը. “Երեխան չի կարող թողնել իր հորը, որովհետև եթե իր հորը թողնի, նա կմահանա”։

23 Իսկ դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, իմ երեսնը այլևս չտեսնեք”։

24 Երբ մենք գնացինք քո ծառայի՝ իմ հոր մոտ, նրան պատմեցինք իմ տիրոջ խոսքերը։

25 Իմ հայրն ասաց. “Դարձյալ գնացե՛ք և մեզ համար մի քիչ ուտելի՛ք գնեք”։

26 Մենք ասացինք. “Չենք կարող գնալ. եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև մենք չենք կարող այդ մարդու երեսը տեսնել, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի”։

27 Քո ծառան՝ իմ հայրը, ասաց մեզ. “Դուք գիտեք, որ իմ կինը ինձ համար երկուորդիծնեց։

28 Մեկն իմ մոտից գնաց, ու ես ասացի, թե անպատճառ հոշոտվել է, և մինչև հիմա չեմ տեսել նրան։

29 Եթե սրան էլ առնեք տանեք իմ մոտից, և մի փորձանք պատահի նրան, ապա դուք ինձ տրտմությամբ գերեզման կիջեցնեք իմ այս սպիտակ մազերով”։

30 Արդ, եթե գնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և մեզ հետ չլինի երեխան, որի հոգուն այնպես կապված է նրա հոգին,

31 և նա հենց որ տեսնի, թե երեխան չկա, անպատճառ կմեռնի, և մենք՝ քո ծառաները, ցավով գերեզման կիջեցնենք քո ծառային՝ իմ հորը, սպիտակ մազերով։

32 Որովհետև քո ծառան այդ երեխայի համար երաշխավոր է եղել իմ հորը՝ ասելով. “Եթե ես նրան ետ չբերեմ քեզ մոտ, հավիտյան հանցավոր կլինեմ իմ հոր հանդեպ”։

33 Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես՝ քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ.

34 որովհետև ինչպե՞ս գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի. միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 45

Հովսեփը հայտնում է իրեն

1 Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր մոտ կանգնած բոլոր մարդկանց առաջ և աղաղակեց. «Դո՛ւրս հանեք իմ մոտից այս բոլոր մարդկանց»։ Երբ Հովսեփի մոտ ոչ ոք չկար, իրեն ճանաչեցրեց իր եղբայրներին։

2 Նա բարձրաձայն լաց եղավ, և լսեցին եգիպտացիներն ու փարավոնի ամբողջ տունը։

3 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ. իմ հայրը դեռ ո՞ղջ է»։ Եղբայրները նրան պատասխան տալ չէին կարողանում, որովհետև ապշած էին մնացել նրա առջև։

4 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Խնդրեմ մոտեցե՛ք ինձ»։ Նրանք էլ մոտեցան։ Եվ ասաց. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ. դուք ինձ վաճառեցիք Եգիպտոստարվելու։

5 Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։

6 Որովհետև այժմ երկրի վրա սովի երկրորդ տարին է, և տակավին հինգ տարի վարուցանք ու հունձ չի լինելու։

7 Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից, որպեսզի երկրի վրա պահպանի ձեր սերունդը և ձեզ ապրեցնի մեծ ազատությամբ։

8 Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։

9 Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։

10 Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։

11 Ես այնտեղ կկերակրեմ քեզ, որովհետև դեռ հինգ տարի սով է լինելու. միգուցե չքավորություն քաշես դու, քո տունը և քո ամբողջ ունեցածը”։

12 Ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանով եմ խոսում ձեզ հետ։

13 Պատմե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի, ձեր բոլոր տեսածների մասին և շտապ իմ հորն իջեցրե՛ք այստեղ»։

14 Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։

15 Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։

16 Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները. դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։

17 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. “Այսպե՛ս արեք. բեռնե՛ք ձեր անասունները և գնացե՛ք Քանանի երկիրը։

18 Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավհողը,և դուք կվայելեք երկրի լիությունը”։

19 Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։

20 Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։

21 Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։

22 Նա յուրաքանչյուրին տվեց նոր հագուստ, իսկ Բենիամինին՝ երեք հարյուրկտորարծաթ և հինգ ձեռք նոր հագուստ։

23 Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։

24 Եվ ճանապարհ դրեց իր եղբայրներին, և նրանք մեկնեցին։ Եվ ասաց նրանց. «Ճանապարհին չկռվեք»։

25 Նրանք Եգիպտոսից ելան և գնացին դեպի Քանանի երկիրը՝ իրենց հայր Հակոբի մոտ։

26 Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։

27 Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին։

28 Իսրայելն ասաց. «Բավ է. իմ որդին դեռ կենդանի է. գնամ և իմ մեռնելուց առաջ տեսնեմ նրան»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 46

Հակոբը ընտանիքով գնում է Եգիպտոս

1 Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ։ Նա եկավ Բերսաբեե և զոհեր մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։

2 Գիշերային տեսիլքում Աստված խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա ասաց. «Ահա եսայստեղ եմ»։

3 Աստվածասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։

4 Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս, նաև անպատճառ կհանեմայնտեղից,և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։

5 Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։

6 Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս.

7 իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին, իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։

8 Սրանք են Իսրայելի որդիների անունները, որոնք եկան Եգիպտոս. Հակոբն ու իր որդիները. Հակոբի անդրանիկը՝ Ռուբեն.

9 Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։

10 Շմավոնի որդիները՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին և Սահառ, նաև քանանացի կնոջից ծնված որդին՝ Սավուղ։

11 Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։

12 Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։

13 Իսաքարի որդիները՝ Թավղա, Փուա, Հոբև Սամրոն։

14 Զաբուղոնի որդիները՝ Սարեդ, Ելոն և Հաղել։

15 Սրանք Լիայի որդիներն են, որոնց ծնեց Միջագետքում Հակոբի համար, նաև՝ նրա Դինա աղջկան։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։

16 Գադի որդիները՝ Սափոն, Անգի, Սունի, Եսբոն, Էրի, Արոտի և Արելի։

17 Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի, Բարիա, նրանց քույրը՝ Սարա, և Բարիայի որդիները՝ Քաբեր և Մաղքիել։

18 Սրանք Զեղփայի որդիներն են, որին Լաբանն իր Լիա աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. տասնվեց հոգի։

19 Հակոբի կին Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։

20 Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։

21 Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր, Ասբել, Գերա, Նեեման, Էհի, Ռոս, Մուփիմ, Ռոփիմ և Արեդ։

22 Սրանք Ռաքելի որդիներն են, որոնք ծնվեցին Հակոբի համար. բոլորը՝ տասնչորս հոգի։

23 Դանի որդին՝ Հուսիմ։

24 Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասիր և Սիլլեմ։

25 Սրանք Բաղղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. բոլորը՝ յոթ հոգի։

26 Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը վաթսունվեց հոգի էին։

27 Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։

Հակոբը ընտանիքով Եգիպտոսում է

28 Հակոբնիրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի Գեսեմը ցույց տա նրան, և նրանք եկան Գեսեմի երկիրը։

29 Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավգնացԳեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզինփարված։

30 Իսրայելն ասաց Հովսեփին. «Հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ»։

31 Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան. “Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։

32 Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են, և իրենց հոտերը, արջառները և իրենց ողջ ունեցվածքը բերել են”։

33 Եթե փարավոնը կանչի ձեզ և ասի, թե՝ “Ի՞նչ է ձեր արհեստը”, ասացե՛ք.

34 “Մենք՝քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 47

1 Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին և ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով և իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա Գեսեմի երկրում են»։

2 Եվ իր եղբայրներից հինգ մարդ վերցրեց և նրանց ներկայացրեց փարավոնին։

3 Փարավոնն ասաց նրա եղբայրներին. «Ի՞նչ է ձեր գործը»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ հովիվներ ենք, թե՛ մենք և թե՛ մեր հայրերը»։

4 Նաև ասացին փարավոնին. «Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում»։

5 Փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։

6 Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։

7 Հովսեփն իր հայր Հակոբին բերեց ու ներկայացրեց փարավոնին։ Եվ Հակոբն օրհնեց փարավոնին։

8 Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քո կյանքի տարիների օրերն ինչքա՞ն են»։

9 Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ պանդխտության տարիների օրերը հարյուր երեսուն տարի են։ Իմ կյանքի տարիների օրերը քիչ և ցավով են եղել ու չեն հասել իմ հայրերի՝ պանդխտության մեջ անցկացրած կյանքի տարիների օրերին»։

10 Հակոբն օրհնեց փարավոնին ու դուրս եկավ փարավոնի մոտից։

11 Հովսեփն իր հորն ու եղբայրներին իրենց ունեցվածքով բնակեցրեց Եգիպտոսի երկրի ամենալավ մասում՝ Ռամսեսի երկրում, ինչպես որ հրամայել էր փարավոնը։

12 Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։

13 Ամբողջ երկրում հաց չկար, որովհետև սովը շատ էր սաստկացել։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը թուլացան սովի պատճառով։

14 Հովսեփը Եգիպտոսի երկրում և Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփնայդփողը տարավ փարավոնի տունը։

15 Երբ Եգիպտոսի երկրից և Քանանի երկրից փողը սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասացին. «Հա՛ց տուր մեզ. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ փող չկա»։

16 Հովսեփն ասաց. «Բերե՛ք ձեր անասունները, և ձեր անասունների փոխարենհացկտամ ձեզ, եթե փող չկա»։

17 Նրանք իրենց անասունները բերեցին Հովսեփի մոտ, և Հովսեփը նրանց ձիերի, ոչխարների, արջառների և էշերի փոխարեն հաց տվեց նրանց։ Եվ այդ տարի նրանց հացով կերակրեց նրանց բոլոր անասունների փոխարեն։

Սովը

18 Լրացավ այդ տարին. հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ և ասացին նրան. «Մենք չենք ծածկի մեր տիրոջից, որ վերջացել է փողը, ևմերանասուններն էլ մեր տիրոջը եղան։ Էլ ոչինչ չմնաց մեզ մեր տիրոջ առաջ, բացի մեր անձերից և մեր հողից։

19 Ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ ու ոչնչանանք թե՛ մենք, թե՛ մեր երկիրը. ծախո՛ւ առ մեզ ու մեր հողը հացի դիմաց, և մենք ու մեր հողը թող ծառաներ լինենք փարավոնին։ Սերմացո՛ւ տուր, որ ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ անապատ չդառնա»։

20 Եվ Հովսեփը գնեց Եգիպտոսի ամբողջ երկիրը փարավոնի համար. որովհետև եգիպտացիները վաճառում էին՝ յուրաքանչյուրն իր արտը, քանի որ սովը սաստիկ ճնշում էր նրանց։ Եվ երկիրը դարձավ փարավոնինը,

21 և ժողովրդին բերել տվեց քաղաքները՝ Եգիպտոսի սահմանի մի ծայրից մինչև մյուս ծայրը։

22 Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշվածբաժինունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։

23 Հովսեփն ասաց ժողովրդին. «Այսօր ես ձեզ և ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա՛ ձեզ սերմացու. սերմանե՛ք հողը։

24 Բերքի ժամանակ հինգից մեկը պիտի տաք փարավոնին, իսկ չորս մասերը ձերը կլինեն, որպեսզի արտի համար սերմացու, իսկ ձեզ համար, ձեր տանը եղողների ու ձեր երեխաների համար ուտելիք լինի»։

25 Նրանք ասացին. «Մեր կյանքերը փրկեցիր. թող շնորհ գտնենք մեր տիրոջ առաջ և ստրուկներ լինենք փարավոնին»։

26 Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։

Հակոբի վերջին խնդրանքը

27 Այսպես Իսրայելը բնակվում էր Եգիպտոսի երկրում՝ Գեսեմի երկրում։ Այնտեղ կալվածքներ ստացան, աճեցին և շատ բազմացան։

28 Հակոբը Եգիպտոսի երկրում ապրեց տասնյոթ տարի։ Հակոբի կյանքի տարիների օրերը եղան հարյուր քառասունյոթ տարի։

29 Երբ մոտեցան Իսրայելի մահվան օրերը, նա կանչեց իր որդի Հովսեփին և ասաց նրան. «Եթե հիմա շնորհ գտա քո առաջ, աղաչում եմ, ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ և մարդասիրություն ու հավատարմությո՛ւն ցույց տուր ինձ։ Աղաչում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր.

30 այլ թող իմ հայրերի հետ ննջեմ. ինձ Եգիպտոսից տա՛ր և թաղի՛ր նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո ասածի պես կանեմ»։

31 Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդում արեց նրան։ Ապա Իսրայելը խոնարհվեց Գավազանի գլխիվրա։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 48

Հակոբը օրհնում է Եփրեմին և Մանասեին

1 Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին։

2 Հակոբին հայտնեցին և ասացին. «Ահա քո որդի Հովսեփը գալիս է քեզ մոտ»։ Իսրայելը ուժ հավաքեց և նստեց անկողնու վրա։

3 Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ։

4 Եվ ասաց ինձ. “Ես քեզ աճեցնելու և բազմացնելու եմ. ազգերի բազմություն եմ դարձնելու քեզ և քեզնից հետո այս երկիրը տալու եմ քո սերնդինիբրևհավիտենական կալվածք”։

5 Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։

6 Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։

7 Երբ ես գալիս էի Միջագետքից, իմ Ռաքելը մեռավ՝ ինձվիշտ պատճառելով,Քանանի երկրում՝ Եփրաթայից քիչ հեռու՝ ճանապարհին։ Ես նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի ճանապարհին»։

8 Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»։

9 Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ ԵվՀակոբնասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։

10 Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին, և չէր կարողանում տեսնել։Հովսեփընրանց մոտեցրեց նրան. Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։

11 Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց»։

12 Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։

13 Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից, ու մոտեցրեց նրան։

14 Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։

15 Նա օրհնեց Հովսեփին և ասաց. «Այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեցինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր,

16 Այն Հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին. սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով և երկրի վրա թող շատ բազմանան»։

17 Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն. նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։

18 Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։

19 Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։

20 Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։

21 Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։

22 Ես քո եղբայրներից մեկ բաժինավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 49

Հակոբի վերջին խոսքերը

1 Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։

2 Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ.

լսե՛ք ձեր հորը՝ Իսրայելին։

3 Ո՛վ Ռուբեն, իմ անդրանի՛կ որդի,

դու իմ ուժն ու սկիզբը իմ զորության՝

գերազանց արժանիքով և գերազանց կարողությամբ։

4 Ջրի պես եռացիր.

Գերապատիվ չես լինի,

քանզի քո հոր անկողինը բարձրացար

Եվ այն պղծեցիր։

5 Շմավոնն ու Ղևին եղբայրներ են.

Բռնության գործիքներ են նրանց սրերը։

6 Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը,

նրանց ժողովին չմիանա իմ փառքը,

քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին

և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։

7 Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանզի կատաղի էր.

անիծյալ լինի ցասումը նրանց, քանզի խիստ էր։

Կբաժանեմ նրանց Հակոբի մեջ

Եվ կցրեմ Իսրայելի մեջ։

8 Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները.

ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թողլինի,

երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։

9 Հուդան առյուծի ձագ է,

որդյա՛կ իմ, կողոպուտից ելար.

ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես,

մատակ առյուծի պես.

ո՞վ կարթնացնի նրան։

10 Չի պակասելու իշխանությունը Հուդայից,

ոչ էլ օրենսդիրը՝ նրա երանքից,

մինչև որ գա Սելովը.

և նրա՛ն են հնազանդվում ժողովուրդները։

11 Նա իր ավանակին որթից կկապի

և ազնիվ որթից՝ իր էգ էշի քուռակին.

իր պատմուճանը կլվա գինով

և իր հանդերձը՝ խաղողի արյամբ։

12 Գինուց կարմիր կլինեն իր աչքերը,

և ատամները՝ կաթից սպիտակ։

13 Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում,

և նա կլինի նավահանգիստը,

և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։

14 Իսաքարն ամրապինդ մի էշ է,

Պառկում է գոմերի մեջտեղում.

15 Տեսնելով, որ հանգստությունը լավ է,

և երկիրը՝ գեղեցիկ,

իր ուսը ծռեց՝բեռկրելու,

և դարձավ հարկատու ծառա։

16 Դանը կդատի իր ժողովրդին

Իսրայելի ցեղերից մեկի նման։

17 Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա,

մի իժ՝ արահետի վրա.

կծում է ձիու գարշապարը,

Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։

18 Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։

19 Գադի վրա կհարձակվի մի գունդ,

Բայց ինքը կհետապնդինրանց։

20 Ասերի հացը առատ է.

Եվ ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։

21 Նեփթաղիմն ազատ մի եղջերու է.

նա գեղեցիկ ձագեր է տալիս։

22 Մի պտղատու ոստ է Հովսեփը,

մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա.

բողբոջները տարածվում են պատի վրա։

23 Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին,

ատեցին նրան։

24 Բայց նրա աղեղը հաստատուն մնաց,

և ջլապինդ դարձան նրա ձեռքերը

Հակոբի Հզորի ձեռքով.

Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։

25 Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և

Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ,

երկնային վերին օրհնություններով,

ներքևում եղող անդունդի օրհնություններով

և ստինքների ու արգանդի օրհնություններով։

26 Քո հոր օրհնություններով, որ զորացան

հավերժական լեռների օրհնություններից,

և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր,

Հովսեփի գլխի վրա թող լինեն՝

իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։

27 Բենիամինը հոշոտող գայլ է.

առավոտյան որսն է ուտում,

երեկոյան՝ կողոպուտը բաժանում»։

Հակոբի մահն ու թաղումը

28 Այս բոլորն Իսրայելի տասներկու ցեղերն են։ Սա է, որ նրանց հայրը խոսեց նրանց հետ, օրհնեց նրանց՝ յուրաքանչյուրին իր օրհնությամբ։

29 Եվ պատվիրեց նրանց և ասաց նրանց. «Ես պիտի միանամ իմ ժողովրդին. թաղե՛ք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որ քետացի Եփրոնի արտում է գտնվում.

30 այն այրի մեջ, որ Քանանի երկրում՝ Մամբրեի դիմաց եղող Մաքփելայի արտում է, որն Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից այն արտի հետ միասին՝ որպես կալվածք գերեզմանի համար։

31 Այնտեղ թաղեցին Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային. այնտեղ թաղեցին Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային. և ես էլ այնտեղ թաղեցի Լիային։

32 Այդ արտը և այնտեղ գտնվող քարայրը գնվեցին Քետի որդիներից»։

33 Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 50

1 Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։

2 Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ զմռսեն իր հորը, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։

3 Լրացան նրա քառասուն օրերը, որովհետև այդքան օր պետք է զմռսման համար։ Եգիպտացիները յոթանասուն օր սգացին նրա համար։

4 Երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Եթե հիմա շնորհ գտա ձեր առաջ, խնդրում եմ, դիմե՛ք փարավոնին և ասացե՛ք, որ

5 իմ հայրը երդվեցրեց ինձ՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ. ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես փորել եմ ինձ համար Քանանի երկրում”։ Այժմ թող գնամ թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։

6 Փարավոնն ասաց. «Ելի՛ր և թաղի՛ր քո հորը, ինչպես որ երդվեցրել է քեզ»։

7 Հովսեփը ելավ թաղելու իր հորը, և նրա հետ ելան փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ծերերը, Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը,

8 նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։

9 Նրա հետ ելան կառքեր ու ձիավորներ, և կազմվեց մի շատ մեծ բազմություն։

10 Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։

11 Այդ երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ատադի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար այդտեղիանունը դրեցին Աբելմիսրայիմ, որ Հորդանանի մյուս կողմում է։

12 Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։

13 Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝որպեսկալվածք գերեզմանի համար։

14 Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։

Հովսեփը հոգ է տանում և մխիթարում է իր եղբայրներին

15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։

16 Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին.

17 “Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին””։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։

18 Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։

19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։

20 Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել,բայցԱստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր,այսինքն՝շատ ժողովուրդ ապրեցներ։

21 Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։

Հովսեփի մահը

22 Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։

23 Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։

24 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։

25 Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։

26 Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։