Categories
ԺՈՂՈՎՈՂ

ԺՈՂՈՎՈՂ 11

Ի՞նչ է անում իմաստունը

1 Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։

2 Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։

3 Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, և եթե մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, ծառի ընկած տեղում այն կմնա։

4 Քամուն դիտողը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի։

5 Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։

6 Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։

7 Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։

8 Թեև մարդ շատ տարիներ ապրի ու նրանց բոլորի մեջ ուրախանա, թող հիշի խավարի օրերը, որ բազում են լինելու. ամեն ինչ, որ գալու է, ունայն է։

Խրատ երիտասարդին

9 Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։

10 Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունըունայն են։

Categories
ԺՈՂՈՎՈՂ

ԺՈՂՈՎՈՂ 12

1 Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։

2 Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել.

3 Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն,

4 Փողոցի դռներըկփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։

5 Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի,և մարախը պիտի ծանրանա,ախորժակըպիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։

6 Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը,

7 Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։

8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։

Վերջաբան

9 Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։

10 Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։

11 Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։

12 Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։

13 Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։

14 Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։