Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 31

Սուրբ պատերազմ մադիանացիների դեմ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։

3 Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։

4 Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։

5 Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։

6 Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։

7 Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։

8 Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։

9 Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։

10 Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։

11 Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։

12 Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովիդիմաց՝Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։

13 Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։

14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։

15 Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։

16 Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով,պատճառեղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։

17 Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։

18 Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։

19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։

20 Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։

21 Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին.

22 ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը

23 և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։

24 Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։

25 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

26 «Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։

27 Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։

28 Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։

29 Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։

30 Իսկ Իսրայելի որդիներիհասանելիքկես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։

31 Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։

32 Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար,

33 յոթանասուներկու հազար արջառ,

34 վաթսունմեկ հազար էշ

35 և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։

36 Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։

37 Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ,

38 արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու,

39 էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ,

40 մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։

41 Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

42 Իսրայելի որդիներիհասանելիքիկեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից,

43 ժողովրդինհասածկես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար,

44 երեսունվեց հազար արջառ,

45 երեսուն հազար հինգ հարյուր էշ

46 և տասնվեց հազար մարդ։

47 Մովսեսը Իսրայելի որդիներիհասանելիքիկես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

48 Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,

49 և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։

50 Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։

51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։

52 Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։

53 Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։

54 Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 32

Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը

1 Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։

2 Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց.

3 «Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան,

4 այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։

5 Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։

6 Մովսեսն ասաց Գադի որդիներին և Ռուբենի որդիներին. «Ձեր եղբայրները պատերազմելու գնան, իսկ դուք այստեղ նստե՞ք։

7 Ինչո՞ւ եք ուզում Իսրայելի որդիների սրտերը թուլացնել, որ չանցնեն այն երկիրը, որ Տերը տվել է նրանց։

8 Ձեր հայրերնէլայդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։

9 Նրանք բարձրացան մինչև Եսքողի ձորը, տեսան երկիրը, Իսրայելի որդիների սրտերը թուլացրին, որպեսզի չմտնեն այդ երկիրը, որ Տերը տվել էր նրանց։

10 Այդ օրը Տիրոջ բարկությունը բորբոքվեց, և նա, երդվելով, ասաց.

11 “Եգիպտոսից դուրս ելած քսան տարեկանից բարձր եղող մարդիկ չեն տեսնի այն երկիրը, որ ես երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որովհետև ինձ չհետևեցին,

12 բացի կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, որոնք ամբողջովին հետևեցին Տիրոջը”։

13 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։

14 Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ.

15 որովհետև եթե դուք խոտորվեք նրանից, նա դարձյալ կթողնի այսժողովրդինանապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ կդառնաք»։

16 Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.

17 իսկ մենք շտապ կպատրաստվենք ու կգնանք Իսրայելի որդիների առջևից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղերը. մեր ընտանիքները թող բնակվեն պարսպապատ քաղաքներում, որպեսզի ապահով լինեն այս երկրի բնակիչներից։

18 Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը տեր դառնա իր ժառանգությանը։

19 Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։

20 Մովսեսն ասաց նրանց. «Եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար,

21 եթե դուք ամենքդ էլ պատրաստված Հորդանան գետն անցնեք Տիրոջ առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առջևից,

22 և այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճվելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջ ու Իսրայելի առաջ, և այդ երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։

23 Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։

24 Ձեր ընտանիքների համար քաղաքներ ու ձեր հոտերի համար փարախնե՛ր շինեք և արե՛ք այն, ինչ դուրս է եկել ձեր բերանից»։

25 Գադի որդիները և Ռուբենի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր Տերը պատվիրում է։

26 Մեր զավակները, մեր կանայք, մեր հոտերն ու մեր բոլոր անասունները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում։

27 Բայց մենք՝ քո ծառաները, ամենքս զինված պատրաստված գնդով Տիրոջ առջևից կանցնենք պատերազմելու համար, ինչպես որ ասում է մեր տերը»։

28 Մովսեսը հրահանգ տվեց նրանց մասին Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին, իսրայելացի ցեղերի նահապետությունների իշխաններին։

29 Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի որդիներն ու Ռուբենի որդիները, բոլորն էլ սպառազինված, Տիրոջ առաջ պատերազմելու համար ձեզ հետ միասին անցնեն Հորդանան գետը, և այդ երկիրը նվաճվի ձեր առաջ, այդ ժամանակ Գաղաադի երկիրը նրանց կտաք իբրև կալվածք։

30 Բայց եթե սպառազինված ձեզ հետ չգնան, ապա նրանք կալվածք կստանան ձեզ հետ Քանանի երկրում»։

31 Գադի որդիներն ու Ռուբենի որդիները պատասխանելով ասացին. «Ինչպես որ Տերը պատվիրել է քո ծառաներին, այնպես էլ կանենք։

32 Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։

33 Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։

34 Գադի որդիները կառուցեցին Դեբոնը, Ադարոթը, Արոերը,

35 Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան,

36 Բեթնամրան և Բեթարանը, պարսպապատ քաղաքներ և հոտերի փարախներ։

37 Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը,

38 Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։

39 Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։

40 Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ։

41 Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։

42 Նոբահը գնաց և գրավեց Կանաթն ու նրա գյուղերը և այն իր անունով կոչեց Նոբահ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 33

Եգիպտոսից Մովաբ ճամփորդությունը

1 Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։

2 Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։

3 Նրանք Ռամսեսից գնացին առաջին ամսին, այսինքն՝ առաջին ամսի տասնհինգերորդ օրը. զատկի հաջորդ օրը Իսրայելի որդիները բարձրացրած ձեռքովդուրս ելան բոլոր եգիպտացիների աչքի առաջ։

4 Եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին, որոնց Տերը կոտորեց։ Տերը դատաստան արեց նաև նրանց աստվածների նկատմամբ։

5 Իսրայելի որդիները, Ռամսեսից գնալով, բանակատեղի դրեցին Սոկքովթում։

6 Սոկքովթից գնալով՝ բանակատեղի դրեցին Ոթոմում, որը գտնվում է անապատի ծայրին։

7 Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։

8 Փիաիրոթի առջևից գնացին և ծովի միջով անցնելով՝եկանանապատ. Ոթոմի անապատում երեք օրվա ճանապարհ կտրելով՝ բանակատեղի դրեցին Մեռայում։

9 Գնացին Մեռայից և եկան Եղիմ։ Եղիմում տասներկու ջրի աղբյուր կար և յոթանասուն արմավենի. նրանք բանակատեղի դրեցին այնտեղ։

10 Եղիմից գնալով՝ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի մոտ։

11 Կարմիր ծովից գնալով՝ բանակատեղի դրեցին Սին անապատում։

12 Սին անապատից գնացին և բանակատեղի դրեցին Դափկայում։

13 Դափկայից գնացին և բանակատեղի դրեցին Եղուսում։

14 Եղուսից գնացին և բանակատեղի դրեցին Ռափիդիմում։ Այստեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

15 Ռափիդիմից գնացին և բանակատեղի դրեցին Սինայի անապատում։

16 Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։

17 Կիբրոթ-Հաթթավայից գնացին և բանակատեղի դրեցին Ասերոթում։

18 Ասերոթից գնացին և բանակատեղի դրեցին Ռաթամայում։

19 Ռաթամայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեմոն-Փարեսում։

20 Ռեմոն-Փարեսից գնացին և բանակատեղի դրեցին Լեբնայում։

21 Լեբնայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեսսայում։

22 Ռեսսայից գնացին և բանակատեղի դրեցին Կեելաթայում։

23 Կեելաթայից գնացին և բանակատեղի դրեցին Սոփար լեռան վրա։

24 Սոփար լեռից գնացին և բանակատեղի դրեցին Քարադայում։

25 Քարադայից գնացին և բանակատեղի դրեցին Մակեղոթում։

26 Մակեղոթից գնացին և բանակատեղի դրեցին Թաաթում։

27 Թաաթից գնացին և բանակատեղի դրեցին Թարայում։

28 Թարայից գնացին և բանակատեղի դրեցին Մատեկայում։

29 Մատեկայից գնացին և բանակատեղի դրեցին Հասմոնայում։

30 Հասմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Մոսերոթում։

31 Մոսերոթից գնացին և բանակատեղի դրեցին Բանե-Յականում։

32 Բանե-Յականից գնացին և բանակատեղի դրեցին Հորգադգադում։

33 Հորգադգադից գնացին և բանակատեղի դրեցին Ետեբաթայում։

34 Ետեբաթայից գնացին և բանակատեղի դրեցին Եբրոնայում։

35 Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։

36 Գասիոն-Գաբերից գնացին և բանակատեղի դրեցին Սին անապատում, այսինքն՝ Կադեսում։

37 Կադեսից գնացին և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա, որը գտնվում է Եդովմի երկրի ծայրին։

38 Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։

39 Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա։

40 Քանանի երկրի հարավային կողմում բնակվող Արադի Քանանիս թագավորն իմացավ Իսրայելի որդիների գալը։

41 Հոր լեռից գնացին և բանակատեղի դրեցին Սելմոնայում։

42 Սելմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Փունոնում։

43 Փունոնից գնացին և բանակատեղի դրեցին Օբոթում։

44 Օբոթից գնացին և բանակատեղի դրեցին Մովաբի սահմաններում գտնվող Իյե-Աբարիմում։

45 Իյե-Աբարիմից գնացին և բանակատեղի դրեցին Դեբոնգադում։

46 Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։

47 Գելմոն-Դեբլաթեմից գնացին և բանակատեղի դրեցին Աբարիմի լեռների վրա՝ Նաբավի դիմաց։

48 Աբարիմի լեռներից գնացին և բանակատեղի դրեցին Երիքովիդիմաց՝Հորդանանգետիմոտ, Մովաբի դաշտերում։

49 Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։

50 Տերը խոսեց Մովսեսի հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանանգետիմոտ, և ասաց.

51 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանանգետիցանցնեք ու մտնեք քանանացիների երկիրը,

52 այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատկերազարդկոթողները,նրանց բոլոր ձուլածո կուռքերը և նրանց բոլոր Բարձր տեղերը։

53 Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։

54 Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։

55 Բայց եթե այդ երկրի բնակիչներին չքշեք ձեր առջևից, այն ժամանակ նրանցից ում որ ողջ թողած լինեք, նրանք ձեր աչքերին փուշ և ձեր կողերին տատասկ կլինեն ու կնեղեն ձեզ ձեր բնակած երկրում։

56 Եվ կլինի այնպես, որ ինչ մտածել էի անել նրանց,նույնըկանեմ ձեզ”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 34

Երկրի սահմանները

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։

3 Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից.

4 ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին ևայնտեղիցդուրս գալով՝կտարածվիմինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։

5 Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։

6 Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։

7 Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը,

8 Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ.

9 և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։

10 Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։

11 Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։

12 Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։

13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին ևՄանասեիկես ցեղին,

14 որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։

15 Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։

16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

17 «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։

18 Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։

19 Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,

20 Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը,

21 Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը,

22 Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին,

23 Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը,

24 և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը,

25 Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը,

26 Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը,

27 Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը,

28 Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։

29 Սրանք ենայն մարդիկ,որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 35

Ղևտացիներին հատկացված քաղաքները

1 Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանանգետիմոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։

3 Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։

4 Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենաներկուհազար կանգուն տարածություն։

5 Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։

6 Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։

7 Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։

8 Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։

Ապաստանի քաղաքներ

9 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանանգետնանցնեք ու մտնեք Քանանի երկիրը,

11 այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։

12 Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։

13 Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։

14 Քաղաքներից երեքը կտաք Հորդանանգետիայս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։

15 Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։

16 Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

17 Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

18 Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

19 Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։

20 Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան

21 և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։

22 Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա

23 կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան,

24 այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների.

25 ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։

26 Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր,

27 և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի,

28 որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։

29 Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։

30 Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։

31 Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։

32 Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։

33 Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։

34 Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 36

Ամուսնացած կանանց ժառանգությունը

1 Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին

2 ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։

3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիներիմեկ այլցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։

4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։

5 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։

6 Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։

7 Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։

8 Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։

9 Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։

10 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։

11 Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։

12 Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։

13 Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանանգետիմոտ, Երիքովի դիմաց։