Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 11

Այդ վայրը Տաբերա կոչվեց

1 Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասումեղողներին։

2 Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսեսի առաջ։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և կրակը դադարեց։

3 Այդ վայրը կոչեցին Տաբերա,որովհետև Տիրոջ կրակը թափվել էր նրանց վրա։

4 Նրանց մեջ գտնվող խառնամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։

5 Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։

6 Հիմա մենք ուժասպառ ենք եղել, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում»։

7 Մանանան նման էր գինձի սերմի. նրա գույնը սուտակի գույնի պես էր։

8 Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։

9 Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա։

Մովսեսն ընտրում է յոթանասուն առաջնորդներ

10 Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։

11 Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։

12 Մի՞թե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ե՞ս եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես. “Քո գի՛րկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, և տա՛ր մինչև այն երկիրը, որ երդումով խոստացար նրանց հայրերին”։

13 Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։

14 Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։

15 Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, խնդրեմ մեռցրո՛ւ ինձ, եթե շնորհ գտա քո առաջ, որպեսզի չտեսնեմ իմ դժբախտությունը»։

16 Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։

17 Ես կիջնեմ այնտեղ, կխոսեմ քեզ հետ և քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա։

18 Եվ ժողովրդին ասա՛. “Մաքրե՛ք ձեր անձերը վաղվա համար, որ միս ուտեք, որովհետև Տիրոջը լսելի կերպով լաց եղաք և ասացիք. “Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում լավ էր մեզ համար”։ Տերը ձեզ միս կտա, և դուք կուտեք։

19 Կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը կամ քսան օր,

20 այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա, և դուք զզվանք զգաք. որովհետև դուք արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, և լաց եղաք նրա առաջ՝ ասելով. “Ինչո՞ւ մենք դուրս եկանք Եգիպտոսից””»։

21 Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ “Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս”։

22 Մի՞թե բոլոր ոչխարներն ու արջառները պիտի մորթվեն, որ բավականացնի նրանց, կամ ծովի բոլոր ձկները մեկտե՞ղ պիտի հավաքվեն, որ բավարար լինի նրանց համար»։

23 Տերն ասաց Մովսեսին. «Մի՞թե կարճ է Տիրոջ ձեռքը. հիմա կտեսնես, թե ասածիս պե՞ս կլինի քեզ, թե՞ ոչ»։

24 Մովսեսը վեր կացավ և Տիրոջ խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ծերերի միջից հավաքեց յոթանասուն հոգի և նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։

25 Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։

26 Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։

27 Մի պատանի վազեց, պատմեց Մովսեսին և ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարեություն են անում բանակատեղիում»։

28 Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։

29 Մովսեսն ասաց նրան. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին»։

30 Մովսեսը և նրա հետ Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։

Տերը լորամարգիներ է ուղարկում

31 Տիրոջ կողմից հողմ բարձրացավ և ծովի կողմից լորամարգիներ բերեց տարածեց բանակատեղիի շուրջը՝ մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մի կողմից, մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մյուս կողմից և երկու կանգունի չափբարձրգետնի մակերեսից։

32 Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։

33 Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։

34 Այդ վայրը կոչվեց Կիբրոթ-Հաթթավա,որովհետև այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։

35 Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և կանգ առավ Ասերոթի մեջ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 12

Մարիամը պատժվում է

1 Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթովպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթովպացի կին էր առել։

2 Նրանք ասացին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ նա մեր միջոցով էլ խոսեց»։ Տերը լսեց դա։

3 Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։

4 Տերն իսկույն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ դո՛ւրս եկեք և գնացե՛ք ժողովի վրան». և երեքն էլ դուրս եկան։

5 Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։

6 Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրանկամերազի մեջ կխոսեմ նրա հետ։

7 Բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է։

8 Ես նրա հետ խոսում եմ երես առ երես, հստակորեն, ոչ թե առակով, և նա տեսնում է Տիրոջ կերպարանքը։ Ինչո՞ւ չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»։

9 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, ու նա գնաց։

10 Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտէր դարձել։

11 Ահարոնն ասաց Մովսեսին. «Ո՜հ, տե՛ր իմ, աղաչում եմ, մեզ վրա մեղք մի՛ դիր, որովհետև հիմարություն արեցինք և մեղք գործեցինք։

12 Թող նա չնմանվի այն մեռածերեխային,որ դուրս է գալիս մոր արգանդից՝ մարմինը կիսով չափ սպառված»։

13 Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Խնդրում եմ քեզ, ո՛վ Աստված, խնդրում եմ, բժշկի՛ր նրան»։

14 Տերն ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչի. ուրեմն յոթ օր նա թող արգելափակված պահվի բանակատեղիից դուրս, որից հետո կընդունվի»։

15 Եվ Մարիամը յոթ օր արգելափակված մնաց բանակատեղիից դուրս։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ մինչև Մարիամի վերադառնալը։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 13

Հետախուզողները

1 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։

2 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

3 «Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։

4 Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։

5 Սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուա,

6 Շմավոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատ,

7 Հուդայի ցեղից՝ Հեփոնի որդի Քաղեբ,

8 Իսաքարի ցեղից՝ Հովսեփի որդի Իգազ,

9 Եփրեմի ցեղից՝ Նավեի որդի Օսես,

10 Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի,

11 Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիել,

12 Հովսեփի ցեղից, այսինքն՝ Մանասեի ցեղից՝ Սուսիի որդի Գադդի,

13 Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել,

14 Ասերի ցեղից՝ Միքայելի որդի Սաթուր,

15 Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբի,

16 Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։

17 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։

18 Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը

19 և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ.

20 ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում.

21 ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։

22 Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։

23 Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիսքաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։

24 Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով.վերցրիննաև նռներ և թզեր։

25 Այդ վայրը կոչվեց Եսքողիձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։

26 Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։

27 Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։

28 Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։

29 Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։

30 Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։

31 Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։

32 Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։

33 Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։

34 Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 14

Ժողովրդի տրտունջը

1 Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։

2 Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։

3 Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։

4 Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։

5 Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։

6 Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները

7 և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։

8 Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։

9 Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։

10 Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։

Մովսեսն աղոթում է ժողովրդի համար

11 Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։

12 Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։

13 Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից)

14 և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։

15 Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով.

16 “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։

17 Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով.

18 “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնիհանցավորին՝հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։

19 Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։

20 Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն,

21 բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով.

22 որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,

23 չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։

24 Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։

25 Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։

Տերը պատժում է ժողովրդին տրտնջալու համար

26 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

27 «Մինչև ե՞րբ պիտիհամբերեմայս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։

28 Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։

29 Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ,

30 բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։

31 Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։

32 Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։

33 Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկություններիպատիժըկկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։

34 Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենություններիպատիժըև կիմանաք իմ դժգոհությունը։

35 Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։

36 Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ,

37 այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։

38 Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։

39 Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։

40 Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։

41 Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։

42 Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։

43 Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։

44 Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։

45 Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 15

Զոհաբերության կանոններ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց.

2 “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ,

3 և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,

4 այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։

5 Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։

6 Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։

7 Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։

8 Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,

9 ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։

10 Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։

11 Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։

12 Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։

13 Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։

14 Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետբնակվողըկրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։

15 Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։

16 Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։

17 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

18 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ,

19 և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը.

20 ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։

21 Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։

22 Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին,

23 այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,

24 և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։

25 Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։

26 Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։

27 Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։

28 Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։

29 Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։

30 Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից,

31 որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենությանպատիժը”»։

Շաբաթը խախտող մարդը

32 Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։

33 Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։

34 Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։

35 Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։

36 Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Ծոպավոր զգեստների կանոնները

37 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

38 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։

39 Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերիցանկություններին,որոնց հետևիցգնալով՝դուք մոլորվում եք։

40 Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։

41 Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 16

Կորխի, Դաթանի և Աբիրոնի ապստամբությունը

1 Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,

2 մբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն հոգի՝ ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին և անվանի մարդիկ։

3 Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին նրանց. «Ձեր արածը բավական է ձեզ, որովհետև ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։

4 Երբ Մովսեսն այս լսեց, երեսնիվայր ընկավ գետին։

5 Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, ևնրանկմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։

6 Այսպե՛ս արեք. դո՛ւ, Կո՛րխ, և քո ամբողջ խումբը. վերցրե՛ք բուրվառներ,

7 դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։

8 Մովսեսն ասաց Կորխին. «Լսե՛ք, Ղևիի՛ որդիներ,

9 մի՞թե ձեր աչքին քիչ բան է երևում, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար ձե՛զ առանձնացրեց Իսրայելի ժողովրդի միջից, որպեսզի Տիրոջ վրանի սպասավորությունն անեք և կանգնեք ժողովրդի առաջ՝ նրանց ծառայելու համար։

10 Ձեզ իրեն մոտեցրեց, քեզ և քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին։ Եվ դուք քահանայություն է՞լ եք ուզում։

11 Ուրեմն դու և քո ամբողջ խումբը հավաքվել եք Տիրոջ դեմ, որովհետև Ահարոնն ո՞վ է, որ տրտնջաք նրա դեմ»։

12 Մովսեսըմարդուղարկեց Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին կանչելու համար։ Բայց նրանք ասացին. «Մենք չենք գա։

13 Քի՞չ է այն, որ մեզ հանեցիր կաթ ու մեղր բխող երկրից, որպեսզի մեզ մեռցնես այս անապատում, և դեռ մեզ վրա տիրապետել էլ ես ուզում։

14 Մի՞թե դու մեզ կաթ ու մեղր բխող երկիր ես բերել և մեզ արտեր ու այգիներ ես ժառանգություն տվել. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք չենք գա»։

15 Մովսեսը խիստ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց նվիրաբերումներին. ես նրանցից մի էշ անգամ չեմ առել և նրանցից ոչ մեկին չար բան չեմ արել»։

16 Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո ամբողջ խումբը վաղը կներկայանաք Տիրոջը, դու, նրանք և Ահարոնը։

17 Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։

18 Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։

19 Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

20 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

21 «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որ անմիջապես ոչնչացնեմ դրանց»։

22 Բայց նրանք երեսնիվայր գետին ընկան և ասացին. «Ո՛վ Աստված, բոլոր մարմինների հոգիների՛ Աստված, մեկ մարդ մեղանչեց, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի բարկանաս»։

23 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր այդ ժողովրդի հետ և ասա՛.

24 “Հեռացե՛ք Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից”»։

25 Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ։ Նրա հետևից գնացին Իսրայելի ծերերը։

26 Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Ե՛տ քաշվեք այդ չար մարդկանց վրանների մոտից և նրանց ոչ մի բանին ձեռք մի՛ տվեք, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով դուք էլ չկորչեք»։

27 Այսպիսով նրանք հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից։ Դաթանը և Աբիրոնը դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքին իրենց կանանց, որդիների և ընտանիքի հետ։

28 Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերն անելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում.

29 այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։

30 Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։

31 Հենց որ Մովսեսը վերջացրեց այս բոլոր խոսքերը խոսելը, գետինն իսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ.

32 երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։

33 Նրանք և ամեն ինչ, որ նրանցն էր, ողջ-ողջ իջան դժոխք, և երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։

Կրակը ոչնչացնում է

34 Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին. «Գուցե երկիրը մեզ էլ կուլ տա»։

35 Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։

36 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

37 «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։

38 Իրենց հոգիների դեմ մեղք գործած այդ մարդկանց բուրվառներից թիթեղներ թող շինեն՝ դրանցով պատելու համար զոհասեղանը, որովհետև դրանք, Տիրոջ առաջ մատուցվելով, սրբացած են։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան լինեն»։

39 Եղիազար քահանան առավ այդ այրված մարդկանց մատուցած պղնձե բուրվառները. դրանցից զոհասեղանը պատելու համար թիթեղներ պատրաստեցին։

40 (Դա հիշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջ խունկ մատուցելու և Կորխի ու նրա մարդկանց նման չլինի), ինչպես որ Տերն ասել էր նրան Մովսեսի միջոցով։

Ահարոնը փրկում է ժողովրդին

41 Հետևյալ օրը Իսրայելի ամբողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասաց. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։

42 Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։

43 Մովսեսն ու Ահարոնը եկան ժողովի վրանի առաջ։

44 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

45 «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որպեսզի անմիջապես ոչնչացնեմ նրանց»։ Բայց նրանք երեսնիվայր ընկան գետին։

46 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից կրա՛կ դիր և խո՛ւնկ դիր և շտապ գնա՛ դեպի ժողովուրդն ու քավությո՛ւն արա նրանց համար, որովհետև Տիրոջ բարկությունը բորբոքվել է, և ժանտախտ է սկսվել»։

47 Ահարոնը վերցրեցբուրվառը,ինչպես որ ասել էր Մովսեսը, ու վազեց ժողովրդի մոտ։ Ժանտախտն արդեն սկսվել էր ժողովրդի մեջ։ Նա խունկ մատուցեց և քավություն արեց ժողովրդի համար։

48 Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։

49 Ժանտախտից մեռածները տասնչորս հազար յոթ հարյուր հոգի էին, բացի Կորխի պատճառով մեռածներից։

50 Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, որովհետև ժանտախտը դադարել էր։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 17

Ահարոնի ծաղկող գավազանը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստիրենցհայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։

3 Ահարոնի անունը գրի՛ր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի իրենց հայրերի տան իշխանի համար։

4 Դրանք կդնես ժողովի վրանում՝ վկայության առաջ, որտեղ հանդիպում եմ ձեզ։

5 Եվ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, և ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների՝ ձեր դեմ բարձրացրած տրտունջը»։

6 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։

7 Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առաջ, վկայության վրանում։

8 Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմիցտրվածԱհարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։

9 Մովսեսը բոլոր գավազանները դուրս հանեց Տիրոջ առաջից ևդրեցԻսրայելի բոլոր որդիների առջև, և նրանք տեսան, ու ամեն մեկն առավ իր գավազանը։

10 Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։

11 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն. նա այդպես էլ արեց։

12 Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։

13 Ով որ մոտենում է Տիրոջ վրանին, մեռնում է։ Մի՞թե ամենքս էլ պիտի մեռնենք»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 18

Քահանաների և ղևտացիների պարտականությունները

1 Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենությանպատիժը։Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենությանպատիժը։

2 Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։

3 Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։

4 Նրանք կմիանան քեզ և կկատարեն ժողովի վրանի սպասավորությունըվրանի բոլոր ծառայությունների համեմատ։ Ոչ մի աշխարհական չպետք է մոտենա ձեզ։

5 Կատարե՛ք սրբարանի և զոհասեղանի ծառայությունը, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս բարկություն չլինի։

6 Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։

7 Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։

8 Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։

9 Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։

10 Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ամեն արու կարող է ուտել դրանից։ Դա սուրբ է քեզ համար։

11 Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։

12 Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։

13 Իրենց երկրի մեջ եղած ամեն ինչի առաջին բերքը, որ բերում են Տիրոջը, քոնը լինի։ Քո տանը ամեն մաքուր անձ թող ուտի դրանից։

14 Իսրայելի մեջ ամեն նվիրվածըքոնը լինի։

15 Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։

16 Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի.մեկ սիկղըքսան կերատ է։

17 Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։

18 Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։

19 Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։

20 Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չպիտի ունենաս, նրանց մեջ բաժին չպիտի ունենաս. ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ։

Ղևտացիների բաժինը

21 Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։

22 Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։

23 Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ,

24 որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։

Ղևտացիների տասանորդը

25 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

26 «Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։

27 Ձեր բարձրացնելու ընծան կհամարվի իբրև կալի ցորեն և հնձանում եղած գինի։

28 Այսպես դո՛ւք էլ բարձրացնելու ընծա մատուցեք Տիրոջը այն տասանորդներից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից։ Այդ ընծան, որ առանձնացրել եք Տիրոջ համար, տվե՛ք Ահարոն քահանային։

29 Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։

30 Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակմնացածըղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։

31 Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։

32 Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 19

Կարմիր երինջի մոխիրը

1 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

2 «Այս է օրենքի կանոնը, որ Տերը պատվիրեց՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ բերեն անարատ մի կարմիր երինջ, որ բիծ չունենա, և որի վրա լուծ դրված չլինի։

3 Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։

4 Եղիազար քահանան իր մատով կառնի նրա արյունից և յոթ անգամ շաղ կտա ժողովի վրանի առջևում։

5 Երինջը կայրեն նրա աչքի առաջ, դրա մորթը, դրա միսն ու արյունը աղտեղիքի հետ միասին կայրեն։

6 Քահանան կվերցնի եղևնու փայտ, զոպա ու մուգ կարմիր մի շոր կվերցնի և կգցի այրվող երինջի վրա։

7 Քահանան ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով, հետո կմտնի բանակատեղի. և քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։

8 Երինջն այրողը ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով. մինչև երեկո նա անմաքուր կլինի։

9 Մի մաքուր մարդ կհավաքի երինջի մոխիրը և կդնի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Դա պահված պիտի մնա Իսրայելի ժողովրդի համար. մեղքերի մաքրման ջուր է այն։

10 Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։

Հպում դիակին

11 Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։

12 Նա այդ ջրով թող մաքրվի երրորդ օրը և յոթերորդ օրը և մաքուր կլինի. բայց եթե չմաքրվի երրորդ և յոթերորդ օրը, մաքուր չի լինի։

13 Ով որ մեռած մարդու մարմնին դիպչի և չմաքրվի, նա պղծում է Տիրոջ վրանը։ Այդ անձը թող վերանա Իսրայելից, քանի որ մաքրման ջուր չցանվեց նրա վրա. նա անմաքուր է, և նրա անմաքրությունը դեռ իր վրա է։

14 Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։

15 Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։

16 Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։

17 Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրվածերինջիմոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։

18 Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան, այն թաթախի ջրի մեջ և շաղ տա վրանի, բոլոր ամանների, այնտեղ գտնվող մարդկանց և այն մարդու վրա, որը դիպել էր մարդկային ոսկորի, սպանվածի կամ մեռածի կամ գերեզմանի։

19 Մաքուր մարդը երրորդ օրը և յոթերորդ օրը ջուրը թող շաղ տա այդ անմաքուր մարդու վրա, և յոթերորդ օրը նա կմաքրի նրան. սա իր հագուստները թող լվանա ու լվացվի ջրով և երեկոյան մաքուր կլինի։

20 Բայց այն մարդը, որ անմաքուր է և չի մաքրվում, այդ անձը վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա պղծել է Տիրոջ սրբարանը։ Նրա վրա մաքրման ջուրը շաղ չի տրվել. նա անմաքուր է։

21 Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։

22 Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 20

Կադեսի դեպքերը

1 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։

2 Ժողովուրդը ջուր չուներ. նրանք հավաքվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ։

3 Ժողովուրդը վիճելով խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև մեռան մեր եղբայրները։

4 Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ մենք և մեր անասունները կոտորվե՞նք այստեղ։

5 Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից՝ մեզ այս վատ տեղը բերելու համար։ Այստեղ ո՛չ սերմի տեղ է, և ո՛չ էլ թզենիներ, այգիներ ու նռնենիներ կան. խմելու ջուր անգամ չկա»։

6 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։

7 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

8 «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։

9 Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրեց իրեն։

10 Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, ևՄովսեսնասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։

11 Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։

12 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։

13 Սա է Մերիբայիջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։

Եդովմի թագավորը արգելում է իսրայելացիներին անցնել

14 Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները,

15 թե ինչպես մեր հայրերն իջան Եգիպտոս, ու մենք բնակվեցինք Եգիպտոսում երկար ժամանակ, և եգիպտացիները չարչարեցին մեզ և մեր հայրերին։

16 Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։

17 Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։

18 Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։

19 Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։

20 Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։

21 Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։

Ահարոնի մահը

22 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։

23 Տերը Հոր լեռան վրա՝ Եդովմի երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

24 «Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։

25 Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։

26 Ահարոնի վրայից հանի՛ր նրա զգեստները և դրանք հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին։ Այնտեղ պիտի վախճանվի Ահարոնը և միանա իր ժողովրդին»։

27 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր պատվիրել, և ամբողջ ժողովրդի առաջ բարձրացավ Հոր լեռը։

28 Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։

29 Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր սգաց Ահարոնի համար։