Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 11

Բռնապետների անկումը

1 Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։

2 Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։

3 Լսե՛քողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։

Երկու հովիվները

4 Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը,

5 որոնց գնողները նրանց մորթում են և հանցավոր չեն զգում. և որոնց ծախողներն ասում են. “Թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա”. և նրանց հովիվները չեն գթալու իրենց։

6 Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։

7 Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։

8 Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։

9 Ուստի ասացի. «Ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, և կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»։

10 Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։

11 Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։

12 Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։

13 Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։

14 Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։

15 Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։

16 Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։

17 Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 12

Երուսաղեմի ապագա ազատությունը

1 Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։

2 «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։

3 Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։

4 Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։

5 Եվ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. “Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով՝ Զորքերի Տիրոջով”։

6 Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։

7 Եվ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը և Երուսաղեմի բնակչի պարծանքը։

8 Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։

9 Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։

10 Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։

11 Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։

12 Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին,

13 Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։

14 Մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 13

1 Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունիցմաքրվելուհամար։

2 «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։

3 Եվ եթե մի մարդ դարձյալ մարգարեանա, այն ժամանակ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, նրան պիտի ասեն. “Չպիտի ապրես, որովհետև Տիրոջ անունով սուտ ես խոսում”։ Եվ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա։

4 Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։

5 Այլ պիտի ասի. “Ես մարգարե չեմ, ես մի երկրագործ մարդ եմ, որովհետև հողն է իմ ունեցվածքը իմ մանկությունից ի վեր”։

6 Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։

Աստծու հովվին սպանելու հրաման

7 «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։

8 «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։

9 Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 14

Երուսաղեմը և ազգերը

1 Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։

2 Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։

3 Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։

4 Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։

5 Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի. և դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախաք երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա, բոլոր սրբերը քեզ հետ։

6 Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։

7 Մի օր կլինի՝ Տիրոջը հայտնի, ո՛չ ցերեկ և ո՛չ գիշեր, և երեկոյան ժամանակ լույս կլինի։

8 Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։

9 Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։

10 Ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբաայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը. և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա՝ Բենիամինի դարպասից մինչև Առաջին դարպասի տեղը, մինչև Անկյան դարպասը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։

11 Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։

12 Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։

13 Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։

14 Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովվեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը, ոսկի և արծաթ, հանդերձներ՝ մեծ առատությամբ։

15 Այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։

16 Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։

17 Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։

18 Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտիհասնիայն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։

19 Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը և այն բոլոր ազգերի պատիժը, որոնք չգնացին տաղավարների տոնը տոնելու։

20 Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։

21 Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառականչի լինելու։