Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1

Երուսաղեմի ցավերը

1 Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։

2 Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։

3 Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողներըիրնեղությունների մեջ հասան նրան։

4 Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։

5 Նրա հակառակորդներընրատերերըեղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։

6 Սիոնի դուստրերից անցավնրանցամբողջ վայելչությունը, նրա իշխաններն արոտավայր չգտնող եղջերուների նման եղան և տկարացած գնում են հալածողի առաջից։

7 Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։

8 Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։

9 Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։

10 Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։Երուսաղեմըտեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։

11 Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելուհամար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։

12 Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։

13 Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։

14 Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձայնպիսիձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։

15 Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։

16 Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց։

17 Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ։

18 Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։

19 Կանչեցի իմ սիրելիներին, նրանք ինձ խաբեցին, իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին, երբ կերակուր էին որոնում իրենց համար, որպեսզի իրենց կյանքը պահպանեն։

20 Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում, որովհետև սաստիկ ըմբոստացա, դրսից սուրն էինձդժբախտացնում, ներսից՝ մահը։

21 Հառաչանքս լսեցին,բայցինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որայդպեսարեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։

22 Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 2

Տիրոջ պատիժը Երուսաղեմին

1 Տերն ինչպե՜ս է իր բարկության ամպով պատել Սիոնի դստերը. նա երկնքից երկիր գցեց Իսրայելի փառքը և իր բարկության օրը չհիշեց իր ոտքերի պատվանդանը։

2 Տերն առանց գթալու խորտակեց Հակոբի բոլոր բնակարանները, իր բարկության մեջ քանդեց Հուդայի դստեր ամրոցները, գետնով տվեց. անպատվեց թագավորությունն ու իշխանավորներին։

3 Նա իր սաստիկ բարկությամբ փշրեց Իսրայելի ամբողջ զորությունը, իր աջ ձեռքը նրանցից վերցրեց թշնամու առաջ և կրակի բոցի պես վառվեց Հակոբի մեջ՝ այրելով շուրջբոլորը։

4 Թշնամու պես իր աղեղը լարեց, իր աջով պատրաստ՝ հակառակորդի նման, և կոտորեց աչքին հաճելի բոլոր բաները, իր բարկությունը Սիոնի դուստրերի վրա թափեց կրակի պես։

5 Տերը թշնամու պես եղավ, կործանեց Իսրայելին, կործանեց նրա բոլոր պալատները, քանդեց նրա ամրոցները և Հուդայի դստեր մեջ բազմացրեց ողբն ու սուգը։

6 Այգու պես ավերեց իր տաղավարը, նրա ժողովատեղին քանդեց, Տերը Սիոնում մոռացության տվեց հանդիսավոր տոնը և Շաբաթը և իր ցասումնալից բարկությամբ արհամարհեց թագավորին ու քահանային։

7 Տերը մերժեց իր զոհասեղանը, իր սրբարանն ուրացավ, նրա պալատների պատերը թշնամու ձեռքը հանձնեց. հանդիսավոր տոն օրվա պես ձայն տվեցին Տիրոջ տանը։

8 Տերը մտադրեց քանդել Սիոնի դստեր պարիսպը, քաշեց լարը, իր ձեռքը ետ չպահեց կործանելուց, պատնեշին ու պարսպին սուգ անել տվեց, միասին հյուծվեցին։

9 Գետնի մեջ մխրճվեցին նրա դարպասները. նա փչացրեց ու կոտրեց նրա նիգերը, նրա թագավորն ու իշխանավորները ազգերի մեջ ենաքսորվել.օրենք ևս չկա. և նրա մարգարեներն էլ տեսիլք չեն գտնում Տիրոջից։

10 Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։

11 Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում էիմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։

12 Իրենց մայրերին ասում են. «Ո՞ւր են ցորենն ու գինին», երբ վիրավորների պես նվաղում են քաղաքի փողոցներում, մինչ իրենց հոգին են ավանդում իրենց մայրերի կրծքին։

13 Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։

14 Քո մարգարեները քեզ համար սուտ ու անիմաստ տեսիլքներ տեսան, քո անօրենությունը չբացահայտեցին, որպեսզի քեզ գերությունից վերադարձնեն, և քեզ համար սուտ ու մոլոր պատգամներ տեսան։

15 Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ասելով.«Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։

16 Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։

17 Տերը կատարեց իր մտադրածը, իրագործեց իր խոսքը, որ վճռել էր վաղեմի օրերից. քանդեց և չգթաց և թշնամուն քեզնով ուրախացրեց, բազմապատկեցքո հակառակորդների զորությունը։

18 Նրանց սիրտն աղաղակեց Տիրոջը. ո՛վ Սիոնի դստեր պատ, գիշեր ու ցերեկ գետի պես արտասո՛ւք թափիր, քեզ դադար մի՛ տուր, աչքիդ բիբը թող չհանգստանա։

19 Վե՛ր կաց, աղաղակի՛ր գիշերով՝ գիշերային պահերի հսկումի սկզբին. սիրտդ ջրի պես թափի՛ր Տիրոջ առաջ. դեպի նա բարձրացրո՛ւ ձեռքերդ քո երեխաների կյանքի համար, որոնք սովից նվաղում են ամեն փողոցի գլխին։

20 Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։

21 Դրսում՝ գետնի վրա, փռվեցին տղան ու ծերը. իմ կույսերն ու իմ երիտասարդները սրից ընկան, սպանեցիր քո բարկության օրը, մորթեցիր առանց գթալու։

22 Հանդիսավոր տոն օրվա պես չորսբոլորից կանչեցիր իմ վախերը։ Եվ Տիրոջ բարկության օրը ազատվող կամ վերապրող չեղավ. ինչ որ ծնել ու մեծացրել էի, իմ թշնամին բնաջնջեց։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3

Պատիժ, ապաշխարություն, հույս

1 Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։

2 Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։

3 Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։

4 Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։

5 Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։

6 Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։

7 Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։

8 Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։

9 Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։

10 Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։

11 Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։

12 Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։

13 Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը։

14 Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։

15 Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։

16 Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։

17 Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։

18 Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։

19 Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։

20 Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։

21 Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։

22 Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։

23 Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։

24 «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։

25 Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։

26 Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։

27 Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։

28 Թող առանձին նստի ու լռի, որովհետևայնդրվեց նրա վրա։

29 Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։

30 Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։

31 Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։

32 Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։

33 Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։

34 Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին,

35 Մարդու իրավունքը զլանալԱմենաբարձրյալի առաջ,

36 Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։

37 Ո՞վ է նա, որ ասի, ևասածըկկատարվի, եթե Տերըայդպեսչի հրամայել։

38 Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։

39 Ինչո՞ւ է տրտնջում ապրող մարդը, մարդն իր մեղքերի համար։

40 Քննենք մեր ճանապարհները և փորձենք ու ետ դառնանք Տիրոջը։

41 Մեր սրտերըմերձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը.

42 Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։

43 Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։

44 Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։

45 Մեզ ժողովուրդների մեջ խոտան և անարգ դարձրիր։

46 Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։

47 Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։

48 Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։

49 Իմ աչքըարցունքպիտի թափի ու չդադարի, առանց դադարի։

50 Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։

51 Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։

52 Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։

53 Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։

54 Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։

55 Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։

56 Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։

57 Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։

58 Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։

59 Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։

60 Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։

61 Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։

62 Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։

63 Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգիառարկանեմ։

64 Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։

65 Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։

66 Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4

Երուսաղեմը անկումից հետո

1 Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։

2 Սիոնի պատվական որդիները՝ մաքուր ոսկու հավասար, ինչպե՜ս համարվեցին կավի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։

3 Վիշապներն անգամ ծիծը հանում, իրենց ձագերին կաթ են տալիս, բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես անգութ է դարձել։

4 Կաթնակերի լեզուն ծարավությունից իր քիմքին կպավ. երեխաները հաց աղերսեցին, բայց նրանց հաց տվող չկա։

5 Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։

6 Եվ իմ ժողովրդի դստեր անօրենությունը Սոդոմի մեղքից մեծ եղավ, որ հանկարծակի հիմնահատակ եղավ, և ոչ մեկը նրան չօգնեց։

7 Նրա ազնվականները ձյունից մաքուր էին, կաթից սպիտակ էին. մարմնով բուստերից կարմիր էին, շափյուղայի պես էր նրանց տեսքը։

8 Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։

9 Սրից սպանվածները երջանիկ էին, քան սովից սպանվածները, որովհետև սրանք հյուծվեցին՝ այգու պտուղներին կարոտ։

10 Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրենց զավակներին. նրանք կերակուր դարձան նրանց համար իմ ժողովրդի դստեր կոտորածի ժամանակ։

11 Տերը գործադրեց իր զայրույթը, թափեց իր սաստիկ բարկությունը. նա կրակ վառեց Սիոնում, և այն լափեց նրա հիմքերը։

12 Չհավատացին երկրի թագավորները և աշխարհի բոլոր բնակիչները, որ հակառակորդն ու թշնամին կմտնեն Երուսաղեմի դարպասներով։

13 Նրա մարգարեների մեղքերի, նրա քահանաների անօրենությունների պատճառով, որոնք նրանում թափում էին արդարների արյունը,

14 Կույրերի նման թափառեցին փողոցներում, եղծված արյունով, որ նրանց հագուստներին ոչ ոք չէր կարող կպչել։

15 «Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,- կանչում էին նրանց,- հեռացե՛ք, հեռացե՛ք, մի՛ դիպեք». և նրանք փախան ու թափառեցին. մարդիկ ասացին ազգերի մեջ. «Այստեղայլևս չեն բնակվելու»։

16 Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։

17 Մեր աչքերը մաշվեցին՝ զուր տեղը մեր օգնությանըսպասելով.դիտելով սպասում էինք մի ազգի, որ օգնել չէր կարող։

18 Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։

19 Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։

20 Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։

21 Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։

22 Քո անօրենությունը պիտի վերանա, ո՛վ Սիոնի դուստր, քեզ այլևս գերության մեջ չեն պահի. բայց քո անօրենությունը պիտի պատժվի, ո՛վ Եդովմի դուստր, և մեղքերդ հայտնի կդառնան։

Categories
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5

Գթության խնդրանք

1 Հիշի՛ր, Տե՛ր, թե մեզ ինչ եղավ. նայի՛ր և տե՛ս մեր անարգանքը։

2 Մեր ժառանգությունն օտարներին անցավ, մեր տները՝ օտարականներին։

3 Անհայր որբեր եղանք, մեր մայրերը՝ այրիների նման։

4 Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը դրամով է գնվում։

5 Լուծըմեր վզին՝ հալածվում ենք, հոգնելու ենք ու հանգստություն չունենք։

6 Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին ևս՝ հացով կշտանալու համար։

7 Մեր հայրերը մեղանչեցին և չկան, իսկ մենք նրանց անօրենություններն ենք կրում։

8 Ստրուկները տիրեցին մեզ, նրանց ձեռքից մեզ ազատող չկա։

9 Անապատում եղող սրի պատճառով մեր կյանքըվտանգելովենք տիրանում մեր հացին։

10 Մեր մաշկը փռի պես տաք է սովի այրող տաքության պատճառով։

11 Սիոնում կանանց լլկեցին, կույսերին՝ Հուդայի քաղաքներում։

12 Իշխաններն իրենց ձեռքով կախվեցին, երեցները չհարգվեցին։

13 Երիտասարդները երկնաքարեր կրեցին, և տղաները փայտի բեռի տակ կքեցին։

14 Ծերերը դադարեցին դարպասի մոտնստելուց,երիտասարդները՝ իրենց երգելուց։

15 Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։

16 Վայր ընկավ մեր գլխի թագը. վա՜յ մեզ, որովհետև մեղանչել ենք։

17 Այս պատճառով մեր սիրտը նվաղել է, այսբաներիպատճառով խավարեցին մեր աչքերը։

18 Սիոն լեռան պատճառով, որն ամայացել է. աղվեսներ են թափառում նրա վրա։

19 Դո՛ւ, ո՛վ Տեր, հավիտյան կմնաս, քո գահը՝ սերնդեսերունդ։

20 Ինչո՞ւ ես մեզ ընդմիշտ մոռանում, մեզ լքում ես երկար ժամանակով։

21 Մեզ քե՛զ վերադարձրու, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք. մեր օրերը նորոգի՛ր նախկինի պես։

22 Սակայն դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վրա անչափ բարկացար։