Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 61

Ազատագրման բարի լուրը

1 Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.

2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու,

3 Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։

4 Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացածվայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայիտեղերը։

5 Օտարականները պիտի կանգնեն ու հովվեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն։

6 Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։

7 «Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք. նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում ու հավիտենական ուրախություն պիտի ունենաք։

8 Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։

9 Նրանց սերունդները պիտի ճանաչվեն ազգերի մեջ, և նրանց երանքից ծնվածները՝ ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն են։

10 Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։

11 Ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 62

1 Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։

2 Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։

3 Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։

4 Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը»և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։

5 Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։

6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք

7 և դադար մի՛ տվեք նրան, մինչև հաստատի Երուսաղեմն ու այն գովաբանություն դարձնի երկրի վրա։

8 Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր,

9 այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել ենխաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։

10 Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։

11 Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։

12 Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 63

Տիրոջ հաղթանակը ազգերի հանդեպ

1 Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմևփրկելու կարող»։

2 Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողիհանդերձինման են։

3 Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները,

4 որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։

5 Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։

6 Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։

Տիրոջ բարությունը Իսրայելի հանդեպ

7 Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։

8 Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։

9 Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։

10 Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։

11 Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին,

12 իր փառավոր բազուկը Մովսեսի աջ ձեռքով առաջ շարժեց, պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի իր համար, նա,

13 որ նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, առանց որի նրանք կսայթաքեին։

14 Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։

Օգնության և գթության աղոթք

15 Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։

16 Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։

17 Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։

18 Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։

19 Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 64

1 Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները,

2 ինչպես խռիվն է վառվում կրակով, և ջուրը՝ եռում կրակով. դու հայտնեիր քո անունը քո հակառակորդներին, և քո երեսից կդողային ազգերը։

3 Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։

4 Հնուց լսվածչէև իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։

5 Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։

6 Մենք ամենքս դարձել ենք անմաքուրմեկինման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։

7 Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որ արթնանա և քեզնից կառչի, որովհետև դու քո երեսը ծածկել ես մեզնից և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։

8 Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։

9 Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։

10 Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։

11 Մեր Սուրբ տունը՝ մեր շքեղությունը, որտեղ քեզ օրհներգեցին մեր հայրերը, հրո ճարակ դարձավ, մեր բոլոր ցանկալի բաներն ավերվել են։

12 Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 65

Աստծու պատիժը ապստամբներին

1 Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։

2 Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ.

3 այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա.

4 որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։

5 Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։

6 Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ

7 նրանց անօրենություններն ու նրանց հայրերի անօրենությունները միասին,- ասում է Տերը,- որոնք խունկ ծխեցին լեռների վրա և ինձ նախատեցին բլուրների վրա. ես նրանց առաջ իրենց նախկին արարքների համար լիովին վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»։

8 Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։

9 Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։

10 Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։

11 Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտիառաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրիհամար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։

12 Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։

13 Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք,

14 ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։

15 Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա,

16 որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։

Նոր արարչություն

17 Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։

18 Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։

19 Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։

20 Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օրապրածմանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։

21 Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։

22 Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։

23 Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն ևզավակներչպիտի ծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն, և նրանց երանքից ծնվածներն էլ՝ նրանց հետ։

24 Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ,ևնրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։

25 Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 66

Տերը դատելու է ազգերին

1 Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։

2 Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։

3 Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերողէ, ընծա նվիրաբերողը խոզի արյունմատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։

4 Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։

5 Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։

6 Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։

7 Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։

8 Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։

9 «Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։

10 Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։

11 Դուք պիտի ծծեք ու հագենաք նրա մխիթարող ստինքից, որպեսզի կուշտ խմեք և վայելեք նրա փառքի առատությունը։

12 Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։

13 Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։

14 Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկենկանաչխոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։

15 Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.

16 որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։

17 «Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-

18 Եսգիտեմնրանց գործերն ու նրանց խորհուրդները.և ժամանակըկգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։

19 Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։

20 Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։

21 Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,-

22 որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։

23 Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-

24 Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։