Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 51

Սփոփիչ խոսքեր Երուսաղեմին

1 «Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։

2 Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։

3 Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։

4 Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։

5 Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։

6 Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։

7 Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից,

8 որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։

9 Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։

10 Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։

11 Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։

12 «Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։

13 Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։

14 Կքածկալանավորըշուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։

15 Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։

16 Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։

17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։

18 Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։

19 Երկու բաներ պատահեցին քեզ, ո՞վ կարող է քեզ սփոփել. կործանում ու կոտորած և սով ու սուր։ Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ։

20 Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։

21 Ուրեմն լսի՛ր այս, ո՛վ թշվառ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։

22 Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։

23 Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 52

Աստված փրկելու է Երուսաղեմը

1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։

2 Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր,

3 քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։

4 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։

5 Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։

6 Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։

7 Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։

8 Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերովպիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։

9 Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։

10 Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։

11 Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպեք, դո՛ւրս ելեք նրա միջից. մաքո՛ւր մնացեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ,

12 որովհետև հապճեպ դուրս չպիտի ելնեք և ոչ էլ փախչելով պիտի գնաք, այլ Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստվածն է լինելու ձեր հետնապահը։

Տիրոջ ծառան պիտի բարձրանա

13 Ահավասիկ իմ ծառան կբարգավաճի, կմեծանա, կբարձրացվի և հույժ կփառավորվի։

14 Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից),

15 այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 53

1 Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։

2 Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։

3 Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։

4 Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։

5 Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրությունբերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

6 Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

7 Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։

8 Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։

9 Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։

10 Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։

11 «Նա իր անձի տառապանքը կտեսնիևկկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։

12 Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 54

Աստծու սերը Իսրայելի հանդեպ

1 «Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։

2 Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը,

3 որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, քո սերունդը պիտի ժառանգի ազգերին և բնակեցնի ավերված քաղաքները։

4 Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը,

5 որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված,

6 որովհետև Տերը քեզ կանչեց որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, մի երիտասարդի կնոջ պես, որ մերժվածէ։ Քո Աստվածն ասում է.

7 «Մի փոքր ժամանակ քեզ լքեցի, բայց մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ։

8 Սրտմտությանս բորբոքվելով՝ մի վայրկյան երեսս ծածկեցի քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը,-

9 որովհետև սա Նոյի օրերինմանէ ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։

10 Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։

Ապագա Երուսաղեմը

11 «Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։

12 Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։

13 Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։

14 Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։

15 Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։

16 Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։

17 Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 55

Աստծու ողորմելու խոստումը

1 Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք. եկե՛ք, գնե՛ք գինի և կաթ առանց փողի, առանց գնի։

2 Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։

3 «Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։

4 Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։

5 Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։

6 Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։

7 Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։

8 «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։-

9 Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։

10 Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,

11 այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։

12 Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։

13 Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 56

Աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար

1 Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։

2 Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։

3 Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ»,

4 որովհետև Տերն այսպես է ասում. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին,

5 ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի։

6 Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին,

7 նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։

8 Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի աքսորյալներին. «Բացի արդեն հավաքվածներից, դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրանց վրա»։

Իսրայելի առաջնորդները դատապարտվում են

9 Ո՛վ դուք, դաշտի բոլո՛ր գազաններ, եկե՛ք ուտելու, և դուք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։

10 Նրա պահապանները կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։

11 Նրանք շատակեր ու անկուշտ շներ են։ Նրանք հովիվներ են, որ հասկանալու գիտություն չունեն. ամեն մեկն իր ճանապարհին է դարձել, իր օգուտի մասին է մտածում յուրաքանչյուրը։

12 «Եկե՛ք,- ասում են,- գինի բերեմ, հարբենք օղիով, վաղվա օրն էլ այսօրվա պես կլինի և նույնիսկ անհամեմատ ավելին»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 57

Իսրայելի կռապաշտությունը դատապարտվում է

1 «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։

2 Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։

3 Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։

4 Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ,

5 դուք, որցանկությամբգրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։

6 Հովտի ողորկկուռքերնեն քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։

7 Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։

8 Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։

9 Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։

10 Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։

11 Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։

12 Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանքքեզ օգուտ չեն ունենալու։

13 Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքածկուռքերըքեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։

Աստված խոստանում է օգնել և փրկել

14 ԵվՏերըկասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։

15 Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբտեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։

16 Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։

17 Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։

18 Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։

19 Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։

20 Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։

21 «Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 58

Ծոմապահություն

1 Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։

2 Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն.

3 «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։

4 Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։

5 Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռելիր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։

6 Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։

7 Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։

8 Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։

9 Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները,

10 կերակրեսքաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։

11 Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։

12 Քո ազգակիցներըպիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։

Շաբաթը պահելու վարձը

13 «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելիևՏիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով,

14 այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 59

Մարգարեն դատապարտում է ժողովրդի մեղքը

1 Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի,

2 այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցիննրաերեսը ձեզնից, որ ձեզ չլսի,

3 որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։

4 Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։

5 Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։

6 Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։

7 Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։

8 Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։

Ժողովուրդը խոստովանում է իր մեղքը

9 Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության,և ահաքայլում ենք մթության մեջ։

10 Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանցմեջ լինելով՝ մեռելների պես ենք։

11 Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության,բայցայն հեռու է մեզնից,

12 քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։

13 Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։

14 Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։

15 Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Տերը տեսավ, և դա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։

Տերը պատրաստվում է փրկել իր ժողովրդին

16 Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։

17 Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։

18 Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին.նաևծովեզրի երկրներին պիտի հատուցիիրենցվարձը։

19 Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։

20 «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։

21 «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 60

Երուսաղեմի ապագա փառքը

1 Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։

2 Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։

3 Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։

4 Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը. բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ. քո որդիները գալիս են հեռվից, և քո դուստրերը՝ գրկում մանուկների պես։

5 Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։

6 Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։

7 Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելիզոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։

8 Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։

9 Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։

10 «Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։

11 Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։

12 Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։

13 Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։

14 Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։

15 Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։

16 Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։

17 Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։

18 Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։

19 Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելուգիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։

20 Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։

21 Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։

22 Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։