Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 31

Աստված պաշտպանելու է Երուսաղեմը

1 Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։

2 Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։

3 Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան.

4 քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։

5 Թրթռացող թռչնիկների պես Զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և փրկելու է, խնայելու է և ազատելու է նրան։

6 Իսրայելի՛ որդիներ, դարձե՛ք դեպի նա, ում դեմ խորապես ապստամբեցիք,

7 որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։

8 Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ո՛չ մարդու. մի սուր, որ մարդկային չէ, ուտելու է նրան։ Նա փախչելու է սրի առաջից, և նրա երիտասարդները բռնադատված աշխատողներ են լինելու։

9 «Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 32

Արդարադատ թագավորը

1 Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։

2 Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակածերկրում։

3 Ապա տեսնողների աչքերը փակ չեն լինի, և լսողների ականջներն ուշադիր կլսեն։

4 Անխոհեմներիմիտքը լավ դատողություն կունենա, և թոթովախոսների լեզուն սահուն և հստակ կխոսի։

5 Անզգամին այլևս ազնվաբարո չեն անվանի և նենգամիտին վսեմաշուք չեն ասի,

6 որովհետև անզգամը անզգամություն է դուրս տալիս, և նրա միտքը անօրենություն է խորհում, որ անաստվածություն անի ու Տիրոջ մասին ծուռ բաներ արտահայտի, քաղցածին սոված թողնի և ծարավածին զրկի ըմպելիքից։

7 Նենգամիտի նենգամտությունները չար են. նա նենգություններ է խորհում, որպեսզի թշվառներին կորստյան մատնի սուտ խոսքերով, թեկուզ և կարիքավորը իրավացի է։

8 Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա։

Դատաստան և վերահաստատում

9 Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։

10 Մի տարուց և մի քանի օրից հետո դուք պիտի դողաք, ո՛վ ինքնավստահ եղողներ, որ այգեկութը փչացել է, և հունձ չի լինելու։

11 Ո՛վ անհոգ կանայք, դողացե՛ք, սարսափե՛ք. ո՛վ ինքնավստահ կանայք, հանվե՛ք ու մերկացե՛ք, մեջքներիդ քո՛ւրձ կապեք։

12 Կուրծք ծեծելովողբացե՛քցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։

13 Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար,

14 քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդնու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն,

15 մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։

16 Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։

17 Արդարության պտուղըխաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։

18 Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։

19 Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։

20 Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 33

Աղոթք օգնության համար

1 Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։

2 Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնըեղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։

3 Քոթնդացող ձայնից փախչում են ժողովուրդները. երբ դու բարձրանում ես, ցրվում են ազգերը։

4 Ավարը պիտի հավաքվի այնպես, ինչպես թրթուրն է հավաքում, մորեխի ոստնելու պես պիտի ոստոստեն դրա վրա։

5 Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։

6 Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։

7 Ահա նրանց քաջազուններն աղաղակում են դրսում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնորեն։

8 Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։

9 Սգում ու նվաղում է երկիրը, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ եղան։

Աստված խրատում է իր թշնամիներին

10 «Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։

11 Հարդ եք հղիացել, մղեղ եք ծնելու. ձեր շունչը կրակ է, որն ուտում է ձեզ։

12 Ժողովուրդներն այրված կրի պես պիտի դառնան, կտրված փշերի պես, որոնք այրվում են կրակով։

13 Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։

14 Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։

15 Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը,

16 ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։

Հաղթական ապագան

17 Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, նայելու են մի երկրի, որն ընդարձակվում է մինչև հեռուն։

18 Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։

19 Դու այլևս չես տեսնելու այն ամբարտավան ժողովրդին, այն ժողովրդին, որն անծանոթ և անհասկանալի խոսվածք ուներ, թոթովախոս և անիմանալի լեզու ուներ։

20 Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։

21 Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու,

22 որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։

23 Քո պարանները թուլացել են, դրանք իրենց կայմի խարիսխը պինդ չեն պահում կամ առագաստ բացում. այն ժամանակ մեծ ավար բաժանվեց. մինչև անգամ կաղերն են ավարառու։

24 Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը ներվելու է։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 34

Աստված պատժելու է իր թշնամիներին

1 Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լսեք, ո՛վ ժողովուրդներ, ո՛ւշք դրեք. թող լսի երկիրը և նրա բոլոր բնակիչները, աշխարհը և ամեն շառավիղները, որ առաջացնում է.

2 որովհետև Տիրոջ սրտմտությունը բոլոր ազգերի վրա է, նրա զայրույթը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա կործանման է մատնել նրանց, սպանդի է հանձնել։

3 Նրանց սպանվածները դուրս են գցվելու, նրանց դիակներից գարշահոտություն է բարձրանալու, լեռները թրջվելու են նրանց արյունից։

4 Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացածթուզը՝թզենուց։

5 Իմ սուրը հարբել է երկնքում. ահա նա իջնում է եդովմացիների վրա, իմ դատապարտած ժողովրդի վրա՝ դատաստանի համար։

6 Տիրոջ սուրը հագեցած է արյամբ, յուղոտված է ճարպով, գառների և նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսրայում, մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։

7 Նրանց հետ կընկնեն գոմեշները, զվարակները՝ ցուլերի հետ. նրանց երկիրը կոռոգվի արյունով, և նրանց հողը կպարարտանա ճարպով։

8 Որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի դատի համար։

9 Նրա հեղեղատները ձյութի կվերածվեն, և նրա հողը՝ ծծումբի. նրա երկիրը վառվող ձյութի պես կլինի,

10 գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա, և այն սերնդեսերունդ ավերակ կմնա. հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չի լինի։

11 Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։

12 Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի,նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։

13 Նրա ամրոցների վրա փշեր պիտի բուսնեն, նրա բերդերի վրա՝ եղինջ ու ցախ, և նա աղվեսների բնակարան ու ջայլամների բակ պիտի դառնա։

14 Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկնայնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։

15 Այնտեղ բույն կշինի նետօձը, ձու կածի, ձագեր կհանի և կխնամի նրանց իր հովանու տակ. նաև այնտեղ կհավաքվեն ուրուրները՝ ամեն մեկն իր ընկերոջ հետ։

16 Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու, մեկի մոտ իր զուգընկերոջը չի փնտրելու, որովհետև նրա բերանը հրամայեց դա. նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։

17 Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 35

Սրբության ճամփան

1 Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։

2 Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։

3 Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։

4 Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։

5 Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։

6 Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։

7 Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։

8 Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։

9 Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։

10 Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 36

Ասորեստանը սպառնում է Երուսաղեմին

1 Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։

2 Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։

3 Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և դիվանապահ Հովաքը՝ Ասափի որդին։

4 Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։

5 Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։

6 Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։

7 Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։

8 Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։

9 Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։

10 Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։

11 Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։

12 Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։

13 Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։

14 Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։

15 Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. “Տերը մեզ անպատճառ կազատի,ևայս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը””։

16 Եզեկիային մի՛ լսեք, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Հաշտվե՛ք ինձ հետ, դո՛ւրս եկեք, հանձնվե՛ք ինձ, և ամեն մարդ իր որթատունկից, ամեն մարդ իր թզենուց կուտի, և ամեն մարդ իր ջրհորի ջրից կխմի,

17 մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ ցորենի ու գինու երկիր, հացի ուխաղողիայգիների երկիր։

18 Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով. “Տերը կազատի մեզ”։ Մի՞թե ազգերի աստվածներից մեկն ազատեց իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։

19 Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

20 Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։

21 Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։

22 Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 37

Թագավորը դիմում է մարգարեի խորհրդին

1 Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։

2 Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։

3 Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել,բայց ծննդաբերության համար ուժ չկա։

4 Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։

5 Երբ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ,

6 Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։

7 Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։

Ասորեստանցիների նոր սպառնալիքը

8 Երբ Ռաբսակը Լաքիսից վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։

9 Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.

10 «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։

11 Ահա դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են կործանել դրանք, և դո՞ւ ես ազատելու։

12 Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։

13 Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։

14 Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։

15 Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով.

16 «Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։

17 Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։

18 Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորները բնաջնջել են բոլոր երկրներն ու ավերել նրանց երկիրը։

19 Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։

20 Բայց արդ, ո՛վ Տեր, մեր Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միայն Տերը»։

Եսայու պատգամը թագավորին

21 Ապա Ամոզի որդի Եսայինմարդուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։

22 Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին.

“Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս դուստրը.

Քո հետևից գլուխը շարժեց Երուսաղեմի դուստրը։

23 Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր,

Ո՞ւմ դեմ ձայն բարձրացրիր.

Եվ աչքերդ գոռոզաբար բարձրացրիր Իսրայելի Սրբի դեմ։

24 Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր.

“Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը,

Լիբանանի լանջերը։

Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները,

Նրա ընտիր մայրիները

Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը,

Նրա ամենախիտ անտառը։

25 Եսջրհորփորեցի ու ջուր խմեցի

Եվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի”։

26 Մի՞թե չես լսել, որ պատրաստել էի նախապես

և ծրագրել էի հին օրերում։

Հիմա կատարեցի այդ,

Որ դու ավերակների կույտերի վերածես պարսպապատ քաղաքները։

27 Դրանց բնակիչները, ուժասպառ եղած,

Զարհուրեցին և ամաչեցին,

Եղան դաշտի խոտի պես,

Կանաչ դալար ու կտուրի խոտ,

Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։

28 Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելը

Եվ քո բորբոքված բարկությունն իմ դեմ։

29 Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունը

Եվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին,

Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմ

Եվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։

30 Եվ սա լինի քեզ նշան.

Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը,

Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից,

Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛ք

Եվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։

31 Հուդայի տան ազատված մնացորդը

Կրկին արմատ պիտի արձակի դեպի ներքև

Եվ պտուղ պիտի տա վերևում.

32 Քանզի Երուսաղեմից պիտի դուրս գա մի մնացորդ,

Եվ Սիոն լեռից՝ ազատվածներ։

Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։

33 Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին.

“Նա չի մտնի այս քաղաքը,

Այստեղ նետ չի արձակի,

Նրա առաջ դուրս չի գա վահանով

Եվ նրա դեմ պատվար չի կանգնեցնի։

34 Իր եկած ճանապարհով նա հետ կդառնա

Եվ չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։-

35 Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն

Ինձ համար և իմ ծառա Դավթի համար””»։

36 Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։

37 Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։

38 Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 38

Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը

1 Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։

2 Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը։

3 Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։

4 Ապա Տիրոջ խոսքը հասավ Եսայուն՝ ասելով.

5 «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։

6 Ես քեզ և այս քաղաքը պիտի ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պիտի պաշտպանեմ այս քաղաքը”»։

7 Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ նա ասել է.

8 «Ահա ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։

9 Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի գրվածքը, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից.

10 «Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։

11 Ասացի. Տիրոջն այլևս չեմ տեսնելու, Տիրոջը՝ ողջերի երկրում. ոչ մի մարդու այլևս չեմ նայելու աշխարհի բնակիչների հետ։

12 Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։

13 Սպասեցի մինչև առավոտ, առյուծի պես կոտրատում էր իմ բոլոր ոսկորները. ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։

14 Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։

15 Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։

16 Ո՛վ Տեր, սրանցով ապրում են մարդիկ, և դրանց բոլորի մեջ է իմ հոգու կյանքը։ Դո՛ւ ինձ բժշկեցիր, դո՛ւ ինձ ապրեցրիր։

17 Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձըդուրս հանելովոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։

18 Մեռելների աշխարհը քեզ չի գովերգի, մահը քեզ չի օրհնաբանի, քո հավատարմության վրա հույս չեն դնի գուբն իջնողները։

19 Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։

20 Տերն ինձ փրկելու է. ուրեմն լարավոր նվագարաններովերգերերգենք մեր կյանքի բոլոր օրերին Տիրոջ տան մեջ»։

21 Եվ Եսային ասաց. «Չոր թզեր թող վերցնեն ու քսեն վերքի վրա, և նա կառողջանա»։

22 Իսկ Եզեկիան հարցրեց. «Ի՞նչ է այն նշանը, որով կիմանամ, թե Տիրոջ տունն եմ բարձրանալու»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 39

Բաբելոնի պատգամավորները

1 Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։

2 Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։

3 Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։

4 Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։

5 Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը.

6 “Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

7 Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։

8 Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 40

1 «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,-

2 Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկհատուցումէ ստացել»։

3 Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։

4 Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։

5 Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։

6 Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։

7 Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։

8 Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։

9 Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը,

10 ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։

11 Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելունրանցև հանդարտորեն քշելու է կաթնատուներին։

Իսրայելի անզուգական Աստվածը

12 Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։

13 Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։

14 Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։

15 Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։

16 Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։

17 Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։

18 Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։

19 Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։

20 Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։

21 Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։

22 Նա է,որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների.նա է,որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։

23 Նա է,որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։

24 Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։

25 «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։

26 Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ.սրանցիցոչ մեկը չի կորչի։

27 Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։

28 Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։

29 Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։

30 Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն,

31 բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։