Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 21

Բաբելոնի անկման տեսիլքը

1 Ծովեզրի անապատի պատգամը։

Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։

2 Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։

3 Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։

4 Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։

5 Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները,

6 քանզի Տերն ինձ այսպես է ասել. «Գնա՛, դե՛տ կարգիր, որ իմաց տա, ինչ որ կտեսնի»։

7 Եվ երբ նա տեսնի ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ, հեծյալներ էշի վրա, հեծյալներ ուղտի վրա, թող ուշադրություն դարձնի մեծ ուշադրությամբ։

8 Նա առյուծի նման աղաղակեց. «Ո՛վ Տեր, ցերեկը ես միշտ կանգնած եմ իմ դիտանոցում և ամբողջ գիշերը ես իմ պահակակետում եմ։

9 Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։

10 Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։

Պատգամ Եդովմի մասին

11 Դումայի պատգամը։

Սեիրից մի ձայն է գալիս դեպի ինձ. «Պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց, պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց»։

12 Պահապանն ասում է. «Առավոտը եկել է, նաև գիշերը։ Եթե ուզում եք հարցնել, հարցրե՛ք։ Վերադարձե՛ք, եկե՛ք»։

Պատգամ Արաբիայի մասին

13 Արաբիայի պատգամը։

Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։

14 Ծարավին ջո՛ւր բերեք, ո՛վ Թեմայի երկրի բնակիչներ, ընդառա՛ջ ելեք փախստականին այն երկրի հացով, դիմավորե՛ք,

15 որովհետև նրանք փախչում են սրերից, մերկացրած սրի առաջից, լարած աղեղի առաջից, սաստիկ պատերազմի առաջից։

16 Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։

17 Կեդարի որդիների՝ զորավորների աղեղնավորների մնացորդի թիվը քիչ է լինելու», քանզի Տերը՝ Իսրայելի Աստվածն ասաց այդ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 22

Պատգամ Երուսաղեմի մասին

1 Տեսիլքի ձորի պատգամը։

Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։

2 Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։

3 Քո բոլոր իշխանավորները միասին փախան, առանց աղեղի կալանավորվեցին, բոլոր քեզ մոտ գտնվողները և նրանք, որ հեռու էին փախել, միասին կալանքի մեջ են։

4 Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։

5 Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակըհասնում էսարը։

6 Էլամը կապարճ է կրում, մարտակառքերի վրա՝ մարդիկ, ձիավորներ. Կիրը մերկացնում է վահանը։

7 Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։

8 Հուդայի երկրի ծածկոցը վերցրեց, և այն օրը դուք նայեցիք անտառի տան զենքերին

9 ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։

10 Երուսաղեմի տները հաշվեցիք և պարիսպն ամրացնելու համար տները քանդեցիք։

11 Հին ավազանի ջրերի համար մի ջրավազան սարքեցիք երկու պարիսպների մեջտեղում։ Բայց դուք չնայեցիք այս բանն անողին և չտեսաք այս բանը վաղուց ձևավորողին։

12 Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։

13 Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։

14 Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։

Ազդարարություն Սեբնային

15 Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ.

16 “Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։

17 Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ,

18 կծիկի պես կծկելու է և գնդակի պեսշպրտելու էլայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։

19 Ես քեզ կվտարեմ քո պաշտոնից, քո դիրքից կտապալեմ քեզ։

20 Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։

21 Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։

22 Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։

23 Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։

24 Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։

25 Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 23

Պատգամ Տյուրոսի մասին

1 Տյուրոսի մասին պատգամը։

«Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ»։ Կիտացիների երկրիցիմաց տրվեց նրանց։

2 «Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։

3 Առատ ջրերի վրա Սիորի սերմը՝ Նեղոսի հունձը, նրա եկամուտն էր, և նա եղել էր ազգերի վաճառանոցը։

4 Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։

5 Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանքվշտիցպիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։

6 Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։

7 Ա՞յս է ձեր զվարճացյալքաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։

8 Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները.

9 Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։

10 Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։

11 Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիներիամրոցները։

12 Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ,բայցդու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։

13 Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերումբնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։

14 Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև ձեր ամրությունը կործանվեց։

15 Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպեսասվում էայն պոռնիկի երգում.

16 «Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։

17 Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։

18 Բայց նրա շահույթն ու վարձը պիտի նվիրաբերվեն Տիրոջը. դրանք չեն դիզվելու և չեն պահվելու, այլ նրա շահույթը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, կշտանան և ընտիր զգեստներհագնեն։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 24

Տերը պատժելու է երկիրը

1 Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։

2 Եվ ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային կլինի, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին։

3 Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որովհետև Տերն է ասել այս խոսքը։

4 Սգում, թախծում է երկիրը, նվաղում, թախծում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները։

5 Երկիրը ապականված է մնալու իր բնակիչներիոտքիտակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։

6 Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։

7 Սգում է նոր գինին, թառամում է որթատունկը, հառաչում են զվարթասիրտ մարդիկ։

8 Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։

9 Գինին այլևս երգով չեն խմում, օղին դառն է խմողների համար։

10 Ավերվել է դատարկ քաղաքը, ամեն տուն կողպվել է ներս մտնողների համար։

11 Գինու համար աղաղակ կա փողոցներում. ամեն ուրախություն մարեց, վերացել է երկրի ցնծությունը։

12 Ամայությունն է մնացել քաղաքում, նրա դարպասը փշրվել, փլատակ է դարձել։

13 Այսպես կլինի երկրի վրա, ժողովուրդների մեջ, այսինքն՝ ինչպես թափ տված ձիթենին, ինչպես ճռաքաղը այգեկութն ավարտվելուց հետո։

14 Եվ նրանքպիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով.

15 «Դրա համար արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովեզրում Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը»։

16 Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։

17 Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։

18 Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։

19 Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։

20 Երերալով երերում է երկիրը հարբածի նման, ճոճվում է հյուղի նման, նրա հանցանքը ծանրացել է իր վրա, նա վայր է ընկնում և այլևս վեր չի կենա։

21 Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։

22 Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։

23 Կամաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում թագավորի Զորությունների Տերը, և նրա փառքը հայտնվի իր երեցների առաջ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 25

Փառաբանության երգ

1 Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,

2 քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։

3 Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից,

4 որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։

5 Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։

Աստված խնջույք է պատրաստելու

6 Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։

7 Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։

8 Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։

9 Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել.նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ,

10 որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։

Աստված պատժում է Մովաբին

Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։

11 Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։

12 Նա պիտի խոնարհեցնի քո բարձր պարիսպների ամրությունները, ցածրացնի մինչև գետնի փոշին։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 26

Աստված հաղթանակ պիտի տա ժողովրդին

1 Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։

2 Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։

3 Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։

4 Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է,

5 որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։

6 Ոտքը պիտի կոխոտի այն, թշվառի ոտքերն ու կարիքավորի քայլերը»։

7 Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։

8 Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանումմերհոգին։

9 Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։

10 Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։

11 Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնենքոժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։

12 Ո՛վ Տեր, դու մեզ համար խաղաղություն պիտի հաստատես, մեր բոլոր գործերն էլ դո՛ւ կատարեցիր մեզ համար։

13 Ո՛վ մեր Տեր Աստված, քեզնից բացի ուրիշ տերեր տիրեցին մեզ վրա. միայն քո անունը պիտի հիշատակենք։

14 Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։

15 Դո՛ւ փառավորվեցիր, ո՛վ Տեր, երբ բազմացրիր այս ազգը, բազմացրիր այս ազգը, ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։

16 Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։

17 Հղի կնոջ պես, երբ մոտ է ծննդաբերելուն, երկունքի մեջ տանջվում ու աղաղակում է, մենք էլ այդպես ենք եղել քո առաջ, ո՛վ Տեր։

18 Հղիացանք, երկունքով բռնվեցինք, բայց կարծես թե քամի ծնեցինք. մենք փրկություն չգործեցինք երկրի համար, և աշխարհի բնակիչներ չծնվեցին։

19 Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։

Դատաստան և վերահաստատում

20 Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի,

21 որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 27

1 Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։

2 Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։

3 Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։

4 Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի,

5 կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։

6 Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։

7 Մի՞թեՏերընրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։

8 Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։

9 Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,

10 որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։

11 Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։

12 Այդ օրը Տերը Գետիհորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։

13 Այդ օրը հնչելու է մեծ փողը, և գալու են Ասորեստանում կորածները և Եգիպտոս աքսորվածները և երկրպագելու են Տիրոջը Երուսաղեմում՝ սուրբ լեռան վրա։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 28

Ազդարարություն Հյուսիսային թագավորությանը

1 Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։

2 Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։

3 Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։

4 Եվ նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղիկը, որը փարթամ հովտի գագաթին է, կլինի հնձից առաջ վաղահաս թզի պես, որը երբ մեկը տեսնում է, հազիվ ձեռքն առած՝ իսկույն կուլ է տալիս։

5 Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ,

6 իրավունքի հոգի նրա համար, ով դատելու է նստում, և ուժ նրանց համար, որոնք պատերազմը հետ են մղումքաղաքիդարպասից։

Եսային և Հուդայի գինով մարգարեները

7 Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս,

8 որովհետև բոլոր սեղանները լի են փսխունքով, այլևս կեղտից զերծ տեղ չի մնացել։

9 «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն,

10 որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»։

11 Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ,

12 որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։

13 Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։

Անկյունաքար Սիոնի համար

14 Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,

15 որովհետև դուք ասացիք. «Մենք ուխտ ենք արել մահվան հետ, դաշինք ենք կապել “մեռելների աշխարհի” հետ. երբ մոլեգին պատուհասն անցնի, մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեր պատսպարանը դարձրինք և խաբեության մեջ ենք թաքնված»։

16 Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։

17 Ես իրավունքը լարաչափ և արդարությունը հարթաչափ պիտի դարձնեմ»։ Կարկուտը պիտի քշի ստության պատսպարանը, և թաքստոցը ջրերը պիտի ողողեն։

18 Մահվան հետ ձեր ուխտը պիտի ջնջվի, և «մեռելների աշխարհի» հետ ձեր կապած դաշինքը չպիտի հաստատվի։ Եվ երբ մոլեգին պատուհասն անցնի, դուք դրանից ոտնատակ պիտի գնաք։

19 Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու,

20 որովհետև «անկողինը կարճ է նրա վրա փռվելու համար, և ծածկոցը նեղ է փաթաթվելու համար»։

21 Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։

22 Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։

Աստծու իմաստությունը

23 Ակա՛նջ դրեք և լսե՛ք իմ ձայնը, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքը։

24 Մի՞թե ցանելու համար հերկողն ամեն օր հերկում է և բացում, տափանում է իր արտը.

25 չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։

26 Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբևուսուցանել է նրան,

27 որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակվում է գավազանով, իսկ չամանը՝ մահակով։

28 Հացահատիկը մանրացնում են, սակայն այն անդադար չեն կալսում. սայլի անիվը այն չի փշրում, և ձիերը այն չեն մանրացնում։

29 Սա նույնպես գալիս է Զորությունների Տիրոջից, որի խորհուրդը սքանչելի է, հանճարը՝ գերազանց։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 29

Երուսաղեմի ճակատագիրը

1 Վա՜յ քեզ, Արիե՛լ, Արիե՛լ, Դավթի բանակատեղի քաղաք։ Ավելացրե՛ք տարին տարվա վրա. քո ուխտագնացության տոները թող հաջորդեն միմյանց։

2 Ես նեղը պիտի գցեմ Արիելին, հառաչանք ու ողբ պիտի լինի, նա ինձ համար զոհարանիպես պիտի լինի։

3 Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։

4 Դու ցած կընկնես, քո խոսքը կգա հողից, փոշու միջից կմրմնջաս քո խոսքերը, ուրվականի պես տափից է դուրս գալու քո ձայնը, և փոշու միջից ես շշնջալու քո խոսքերը։

5 Մանր փոշու նման կլինի քո օտարականներիբազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։

6 Զորությունների Տիրոջ կողմից այցելություն կլինի որոտումով, երկրաշարժով, մեծաձայն մրրիկով, փոթորկով և լափող կրակի բոցով։

7 Գիշերային տեսիլքի, երազի պես է լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, նաև նրա ու նրա ամրոցի վրա բոլոր հարձակվողների ու նրան ճնշողների բազմությունը։

8 Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։

Աննկատ թողնված հանդիմանություններ

9 Ապշե՛ք ու զարմացե՛ք, շլացրե՛ք ձեզ և դարձե՛ք կույր, հարբե՛ք, բայց ոչ գինիով, տատանվե՛ք, բայց ոչ օղուց,

10 որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։

11 Այս ամբողջ տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն և ասում. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Չեմ կարող, որովհետև կնքված է»։

12 Եվ եթե գիրքը տալիս են անգրագետ մի մարդու՝ ասելով. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Ես կարդալ չգիտեմ»։

13 Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։

14 Դրա համար էլ ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ. նրանց իմաստունների իմաստությունը պիտի կորչի, և պիտի խափանվինրանց հանճարեղների հանճարը»։

Հույս ապագայի համար

15 Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։

16 Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։

17 Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։

18 Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարիցազատված՝ կտեսնեն կույրերի աչքերը։

19 Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով,

20 որովհետև բռնավորը կչքանա, ծաղրողը կվերանա, և կոչնչանան բոլոր չարամիտները,

21 որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։

22 Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի.

23 որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։

24 Հոգով մոլորվածները խոհեմություն պիտի ճանաչեն, և տրտնջացողները խրատ պիտի սովորեն»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 30

Անօգուտ դաշինք Եգիպտոսի հետ

1 «Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որոնք խորհուրդ են անում, բայց ոչ ինձնով, որոնք դաշինք են կապում, բայց ոչ իմ հոգով, այդպիսով մեղքի վրա մեղք են շատացնում,

2 որոնք առանց ինձ հարցնելու գնում իջնում են Եգիպտոս, որպեսզի ապավինեն փարավոնի պաշտպանությանը և պատսպարվեն Եգիպտոսի հովանու տակ։

3 Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ պիտի լինի, իսկ Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նախատինք,

4 որովհետև թեև նրա իշխանավորները Տայանիսում են, և նրա պատգամաբերները հասել են Հանես,

5 բոլորը պիտի ամաչեն մի ժողովրդից, որից օգուտ չեն ունենալու իրենք, որը ո՛չ օգնություն և ո՛չ էլ օգուտ, այլ ամոթ և նախատինք է բերելու իրենց»։

6 Հարավիանասունների պատգամը։

Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։

7 Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։

Անհնազանդ ժողովուրդը

8 «Արդ, գնա՛, նրանց առաջ գրի՛ր այս մի տախտակի վրա, արձանագրի՛ր մի գրքի մեջ, և դա թող մնա որպես հավիտենական վկայություն գալիք օրվա համար»։

9 Քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը,

10 որոնք տեսանողներին ասում են. «Մի՛ տեսեք», և մարգարեներին. «Մեզ համար ճշմարիտը մի՛ մարգարեացեք, մեզ ախորժելի՛ բաներ ասացեք, խաբեություննե՛ր մարգարեացեք,

11 հեռացե՛ք ճանապարհից, շեղվե՛ք ուղուց, վերացրե՛ք մեր առաջից Իսրայելի Սրբին»։

12 Դրա համար այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ մերժեցիք այս խոսքը և ապավինել եք բռնությանն ու խաբեությանը և դրանց հենվեցիք,

13 դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։

14 Այն փշրվելու է, ինչպես փշրվում է բրուտի ամանը, որը փշրվում է անխնա, և դրա կտորտանքներից խեցու մի կտոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրափոսից ջուր հանելու համար».

15 քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։

16 Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթացձիերիվրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները։

17 Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեքբոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։

18 Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։

Աստված օրհնելու է իր ժողովրդին

19 Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմիքեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։

20 Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։

21 Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։

22 Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորիպես և դրանց կասես՝ դո՛ւրս։

23 Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում,

24 և այն եզներն ու էշերը, որոնք հողն են վարում, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։

25 Մեծ կոտորածի օրը, երբ աշտարակները տապալվեն, ամեն բարձր լեռան և ամեն բարձրադիր բլրի վրա վտակներ՝ ջրերի հոսանքներ են լինելու,

26 լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։

Աստված պատժելու է Ասորեստանին

27 Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։

28 Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսզի ցնցի ազգերին կործանման մաղի մեջ և մոլորության սանձ դնի ժողովուրդների կզակին։

29 Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։

30 Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։

31 Տիրոջ ձայնը զարհուրեցնելու է ասորեստանցուն, երբ նրան հարվածի գավազանով։

32 Նրա համար սահմանված յուրաքանչյուր հարվածը, որ Տերն իջեցնելու է նրա վրա, թմբուկներով և քնարներով կլինի։ Պատերազմելու է նրա դեմ՝ շարժելովիր ձեռքը։

33 Վաղուց պատրաստ է կիզարանը, պատրաստվել է թագավորի համար. այն խորացվել է, լայնացվել է։ Նրա խարույկը կրակ և առատ փայտ ունի։ Տիրոջ շունչը ծծմբի հեղեղատի պես վառելու է այն։