Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 11

Խաղաղ թագավորությունը

1 Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։

2 Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։

3 Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի,

4 այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։

5 Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։

6 Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։

7 Կովը արջի հետ կարածի, և նրանց ձագերը կպառկեն միասին։ Առյուծն արջառի նման հարդ կուտի։

8 Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։

9 Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։

Աքսորված ժողովուրդը պիտի վերադառնա

10 Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։

11 Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի Ասորեստանից, Եգիպտոսից, Պաթուրեսից, Եթովպիայից, Եղամից, Սենաարից, Եմաթից և ծովեզրից։

12 Նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի աքսորյալներին ու կմեկտեղի Հուդայի երկրից ցրվածներին աշխարհի չորս անկյուններից։

13 Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։

14 Այլ նրանք դեպի արևմուտք՝ փղշտացիների ուսերի վրա կթռչեն և միասին կկողոպտեն արևելքի ժողովուրդներին։ Նրանք իրենց ձեռքը կերկարեն Եդովմի ու Մովաբի վրա, և ամմոնացիները կհնազանդվեն իրենց։

15 Տերը կչորացնի Եգիպտոսի ծովիլեզուն և սաստիկ քամիով իր ձեռքը կշարժի գետիվրա ու հարվածելով՝ այնկբաժանիյոթ առուների, որպեսզի անցնեն կոշիկներով։

16 Իր ժողովրդի մնացած վերապրողների համար մի պողոտա կլինի Ասորեստանից, ինչպես եղել էր Իսրայելի համար, երբ բարձրացավ Եգիպտոսից։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 12

Շնորհակալության երգ

1 Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։

2 Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։

3 Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից

4 և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։

5 Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։

6 Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 13

Աստված պիտի պատժի Բաբելոնին

1 Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։

2 «Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։

3 Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։

4 Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում,

5 որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։

6 Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։

7 Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։

8 Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։

9 Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից,

10 որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։

11 «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։

12 Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։

13 Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։

14 Հալածված այծյամի նման ևցրվածոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։

15 Ով գտնվի,նետովկխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։

16 Նրանց մանուկները գետնով տրվելով պիտի կոտորվեն իրենց աչքերի առաջ, նրանց տները կկողոպտվեն, և նրանց կանայք կբռնաբարվեն։

17 «Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։

18 Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։

19 Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։

20 Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելուիրենց հոտերը,

21 այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու,

22 բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 14

Վերադարձ գերությունից

1 Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ Օտարազգիներ պիտի միանան նրանց և հարեն Հակոբի տանը։

2 Ժողովուրդները նրանց առնելու և տանելու են իրենց վայրը, և Իսրայելի տունը պիտի ժառանգինրանց Տիրոջ հողի վրա՝ իբրև ծառաների և աղախինների։ Նրանք գերի պիտի դարձնեն իրենց գերեվարողներին և պիտի տիրեն իրենց վրա բռնացողներին։

Բաբելոնի թագավորը մեռյալների աշխարհում

3 Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր,

4 այս հեգնական առակը պիտի պատմես Բաբելոնի թագավորի մասին և ասես. «Ինչպե՜ս դադարեց բռնավորը, վերացավ տանջալի բռնությունը։

5 Տերը կոտրեց ամբարիշտների գավազանը, իշխանավորների ցուպը,

6 որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերի վրա։

7 Հանգստացել հանդարտվել է ամբողջ երկիրը, մարդիկ ցնծությամբ երգում են։

8 Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։

9 Մեռելների աշխարհն իր ընդերքից սարսեց քո գալուստը դիմավորելու համար։ Նա արթնացրեց քեզ համար ուրվականներին՝ երկրի բոլոր իշխանավորներին, իրենց գահերից կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին։

10 Նրանք բոլորը խոսելու են և քեզ ասելու են. “Դու էլ մեզ նման տկարացար, մեզ նման եղար”։

11 Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։

12 Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։

13 Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմաստվածներիժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում,

14 կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։

15 Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։

16 Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները,

17 անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տունգնան”։

18 Բոլոր ազգերի թագավորները փառքով պառկած են՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում.

19 բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։

20 Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։

21 Նրա որդիների համար կոտորածի վա՛յր պատրաստեք իրենց հայրերի անօրենության պատճառով, որպեսզի վեր կենալով չժառանգեն երկիրը և աշխարհի երեսը չլցնեն քաղաքներով»։

Աստված կործանելու է Բաբելոնը

22 «Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։

23 «Ես այն դարձնելու եմ ոզնիների ստացվածք և ճահճուտ։ Ես այն ավլելու եմ բնաջնջման ավելով»,- ասում է Զորությունների Տերը։

Աստված կործանելու է Ասորեստանը

24 Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։

25 Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։

26 Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։

27 Արդարև, ինչ որ Զորությունների Տերը որոշել է, ո՞վ կարող է այն խափանել, և երբ նրա ձեռքը բարձրացած է, ո՞վ կարող է այն հետ դարձնել։

Աստված կործանելու է փղշտացիներին

28 Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ.

29 «Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածողիշխանականցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։

30 Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։

31 Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։

32 Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 15

Աստված կործանելու է Մովաբը

1 Պատգամ Մովաբի մասին։

Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։

2 Դեբոնիմարդիկբարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված։

3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։

4 Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։

5 Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականներըփախչում ենմինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։

6 Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։

7 Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։

8 Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբըհասնում էմինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։

9 Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելիմեծ մի աղետ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 16

Մովաբի անհույս վիճակը

1 Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։

2 Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։

3 Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։

4 Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։

5 Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։

6 Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։

7 Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթիմարդկանց համար,

8 քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։

9 Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։

10 Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանանբարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։

11 Ահա թե ինչու իմ սիրտըքնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝Կիր-հարեսեթի վրա։

12 Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։

13 Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։

14 Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 17

Աստված պատժելու է Դամասկոսին և Իսրայելին

1 Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։

2 Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։

3 Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։

4 «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։

5 Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։

6 Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։

7 Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։

8 Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններնու խնկասեղանները։

9 Այդ օրը նրա ամուր քաղաքները Հորեշի և Ամիրիլքած վայրերի պես կլինեն, որոնք լքվել էին Իսրայելի որդիների առաջ. և ամայություն կլինի,

10 որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։

11 Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։

Թշնամի ազգերը պարտվելու են

12 Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։

13 Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։

14 Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 18

Աստված պատժելու է Եթովպիային

1 Ո՜վ շառաչող թևերի երկիր, որ գտնվում է Եթովպիայի գետերի այն կողմում,

2 որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։

3 Ո՛վ դուք բոլորդ, աշխարհում ապրողնե՛ր, երկրի՛ բնակիչներ, երբ բարձրացվի դրոշակը լեռների վրա, նայե՛ք, երբ հնչի փողի ձայնը, լսե՛ք,

4 որովհետև Տերն ինձ այսպես է ասել. «Ես լուռ կմնամ և կնայեմ իմ բնակարանից, ինչպես պայծառ տաքությունը՝ արևի տակ, և ինչպես ցողաբեր ամպը՝ հնձի տաք ժամանակին».

5 որովհետև հնձից առաջ, երբ ընձյուղը մեծանա, և ծաղիկն աճելով ազոխ դառնա, այն ժամանակ շիվը պիտի հատվի էտոցով, և ուռերը պիտի կտրելով հեռացնեն։

6 Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։

7 Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ են բերվելու բարձրահասակ ու ողորկամաշկ ժողովրդից, այն ժողովրդից, որն ահարկու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր էր ու հպատակեցնող, որի երկիրը բաժան-բաժան են անում գետերը։ Այդ ընծաները բերվելու են Զորությունների Տիրոջ անվան վայրը՝ Սիոնի լեռը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 19

Աստված պատժելու է Եգիպտոսին

1 Պատգամ Եգիպտոսի մասին։

Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։

2 «Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։

3 Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմնրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։

4 Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։

5 Ջրերը պիտի քաշվեն ծովից, և գետը պիտի չորանա ու ցամաքի։

6 Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։

7 Նեղոսի մոտ և Նեղոսի եզերքին գտնվող մարգագետինները, Նեղոսի ամբողջ վարուցանքը պիտի չորանա, տարտղնվի և չքանա։

8 Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն,

9 վուշ գործողներն ու բամբակագործները պիտի ամաչեն։

10 Նրա հիմքերը պիտի խորտակվեն, և բոլոր վարձկանների սիրտը պիտի տրտմի։

11 Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։

12 Հիմա ո՞ւր են քո իմաստունները, որ քեզ հայտարարեն և իմացնեն, թե ինչ է վճռել Զորությունների Տերը Եգիպտոսի դեմ։

13 Տայանիսի իշխանավորները հիմարացել են, Մեմփիսի իշխանավորները խաբկանքի մեջ են, եգիպտացիներին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները։

14 Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։

15 Չպիտի լինի մի գործ, որ գլուխն ու պոչը, արմավենու ոստն ու կնյունը կատարեն Եգիպտոսի համար։

Եգիպտոսը պաշտելու է Տիրոջը

16 Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնինրա վրա։

17 Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։

18 Այն օրը Եգիպտոսում քանանացիների լեզվով խոսող և Զորությունների Տիրոջ անունով երդվող հինգ քաղաք է լինելու. դրանցից մեկին Արեգակի քաղաքեն ասելու։

19 Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։

20 Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։

21 Տերը իրեն ճանաչել է տալու Եգիպտոսում, և եգիպտացիներն այդ օրը պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի անեն Տիրոջը և կատարեն այն։

22 Եվ Տերը կհարվածի Եգիպտոսին, կհարվածի ու կբժշկի նրանց, և նրանք կդառնան դեպի Տերը, որը կընդառաջի նրանց թախանձանքին և կբժշկի նրանց։

23 Այդ օրը մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, և ասորեստանցին գալու է Եգիպտոս, եգիպտացին՝ Ասորեստան, և եգիպտացիներն ասորեստանցիների հետ միասին են պաշտելու։

24 Այդ օրն Իսրայելը երրորդը պիտի լինի Եգիպտոսի ու Ասորեստանի կողքին. օրհնություն պիտի լինի երկրում,

25 որին օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի Եգիպտոսը՝ իմ ժողովուրդը, և Ասորեստանը՝ իմ ձեռքի գործը, և Իսրայելը՝ իմ ժառանգությունը»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 20

Մերկ մարգարեի նշանը

1 Այն տարին, երբ Տարաթանը, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն,

2 ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։

3 Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար,

4 այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։

5 Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։

6 Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։