Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 1

Աստծու խոսքը իր Որդու միջոցով

1 Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով.

2 այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։

3 Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեցԱստծումեծության աջ կողմում՝ բարձունքներում։

Որդին հրեշտակներից մեծ է

4 Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։

5 Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.

«Դու ես իմ Որդին,

ես այսօր ծնեցի քեզ»(Սաղ. 2.7)։

Եվ դարձյալ.

«Ես նրան Հայր կլինեմ,

ու նա ինձ Որդի կլինի»(Բ Թագ. 7.14,Ա Մն. 17.13)։

6 Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է.

«Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները»(Բ Օր. 32.43 (LXX))։

7 Բայց հրեշտակների մասին ասում է.

«Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց

ու իր ծառաներին՝ կրակի բոց»(Սաղ. 104.4)։

8 Սակայն Որդունասում է.

«Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է.

քո թագավորության գավազանն արդարության գավազան է։

9 Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր.

դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը

քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին»(Սաղ. 45.6-7)։

10 Եվ՝

«Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր,

և քո ձեռքի գործն են նաև երկինքները։

11 Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս,

իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։

12 Վերարկուի պես նրանց կոլորես,

և հագուստի պես կփոխվեն,

բայց դու նույնն ես,

և քո տարիները չեն պակասելու»(Սաղ. 102.25-27)։

13 Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.

«Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ»(Սաղ. 110.1)։

14 Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 2

Մեծ փրկությունը

1 Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենքմերլսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։

2 Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան,

3 ապամենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեցնրանլսողների միջոցով։

4 Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։

Փրկություն Քրիստոսով և ոչ թե հրեշտակներով

5 Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։

6 Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով.

«Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես,

կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։

7 Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր,

նրան փառքով ու պատվով պսակեցիր.

8 ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր»(Սաղ. 8.4-6)։

Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։

9 Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։

10 Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։

11 Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել

12 ու ասել.

«Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ,

ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ»(Սաղ. 22.22)։

13 Եվ դարձյալ.

«Ես հույսս նրա վրա պիտի դնեմ»(Ես. 8.17)։

Եվ դարձյալ.

«Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց»(Ես. 8.18)։

14 Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային,

15 և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից,

16 քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։

17 Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։

18 Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 3

Քրիստոսը՝ գերազանց, քան Մովսեսը

1 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք,

2 որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։

3 Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։

4 Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։

5 Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։

6 Իսկ Քրիստոսը իբրև որդիէնրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։

Աստծու ժողովրդին վերապահված հանգիստը

7 Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

8 ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում,

9 որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ

ու տեսան իմ գործերը

10 քառասուն տարի։

Դրա համար այդ սերնդից զզվեցի

և ասացի. “Միշտ մոլորվում են սրտով,

և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին”։

11 Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի,

որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն»(Սաղ. 95.7-11)։

12 Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։

13 Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։

14 Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։

15 Քանի որ ասվում է.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին»(Սաղ. 95.7-8)։

16 Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։

17 Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։

18 Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։

19 Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 4

1 Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։

2 Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։

3 Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց.

«Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի,

թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն»(Սաղ. 95.11),

թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։

4 Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում.

«Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից»(Ծնն. 2.2)։

5 Եվ այստեղ դարձյալ ասում է.«Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն»(Սաղ. 95.11)։

6 Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով,

7 Աստվածնրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

ձեր սրտերը մի՛ կարծրացրեք»(Սաղ. 95.7-8)։

8 Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։

9 Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է,

10 որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։

11 Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։

Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ

12 Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։

13 Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։

14 Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։

15 Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլմի այնպիսին, որամեն բանով փորձված էմեզնման,բայցառանց մեղքի է։

16 Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 5

1 Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։

2 Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։

3 Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։

4 Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։

5 Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց.

«Դու ես իմ Որդին,

ես այսօր ծնեցի քեզ»(Սաղ. 2.7)։

6 Ինչպես որ մի ուրիշտեղէլ ասում է.

«Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»(Սաղ. 110.4)։

7 Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։

8 Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։

9 Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝

10 Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։

Զգուշացում հավատը լքելու վտանգից

11 Դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։

12 Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի.

13 որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։

14 Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 6

1 Ուստի Քրիստոսիմասիննախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնականուսուցումները,որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին,

2 մկրտությունների վարդապետությանը, ձեռնադրությանը, մեռելների հարությանը և հավիտենական դատաստանին։

3 Ահա թե ինչ ենք անելու, եթե Աստված թույլ տա։

4 Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել,

5 ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները,

6 եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում։

7 Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։

8 Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։

9 Սիրելինե՛ր, թեև այսպես եմ խոսում, բայց ձեզ համար վստահ եմ, որ լավագույն ուղու վրա եք, այն, որ դեպի փրկություն է տանում։

10 Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։

11 Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա,

12 որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։

Աստծու հաստատ խոստումը

13 Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իրենով երդվեց

14 ու ասաց.«Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»(Ծնն. 22.16-17)։

15 Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին։

16 Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։

17 Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ,

18 որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնքցույց են տալիս,որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից,

19 որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս,

20 որտեղ մեզ համար մտավ նախակարապետը՝ Հիսուսը, ըստ Մելքիսեդեկի կարգի հավիտենական Քահանայապետ դարձած։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 7

Մելքիսեդեկ քահանայապետը

1 Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան,

2 Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։Մելքիսեդեկնախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։

3 Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։

4 Տեսե՛ք, թե որքա՜ն մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ ավարից տասանորդ տվեց։

5 Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։

6 Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։

7 Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։

8 Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդ վերցնում, բայց այնտեղ՝ նա, ում մասին վկայվել է, որ կենդանի է։

9 Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել,

10 որովհետև նա նույնպես իր հոր սերնդից էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։

Ղևտական քահանայության անկատարությունը

11 Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն,

12 քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։

13 Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։

14 Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։

15 Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս,

16 որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։

17 Քանզի վկայվեց.

«Դու հավիտյան քահանա ես՝

ըստ Մելքիսեդեկի կարգի»(Սաղ. 110.4)։

18 Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր,

19 որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։

20 Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետևոմանքառանց երդման են քահանա դարձել,

21 բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց.

«Երդվեց Տերը

ու չի զղջա.

դու հավիտյան քահանա ես»(Սաղ. 110.4),

22 նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։

23 Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտականքահանամնան։

24 Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։

25 Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։

26 Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած,

27 որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդիմեղքերիհամար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։

28 Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 8

Հիսուսը՝ մեր մեծ Քահանայապետը

1 Եվ ասածներիս գլխավորը սա է. մենք այնպիսի քահանայապետ ունենք, որ երկնքում Մեծության աթոռի աջ կողմում նստեց՝

2 որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։

3 Քանի որ ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգվում, ուստի նա էլ պետք է մատուցելու մի բան ունենա։

4 Որովհետև եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում,

5 ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է,- որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։

6 Բայց հիմաՀիսուսնավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։

7 Որովհետև եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։

8 Եվ նրանց հանդիմանելով ասում է.

«Ահա օրեր կգան,- ասում է Տերը,-

երբ ես Իսրայելի տան և Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ,

9 ոչ այն ուխտի պես, որ կնքեցի նրանց հայրերի հետ

այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝

եգիպտացիների երկրից հանելու համար։

Քանի որ նրանք իմ ուխտի մեջ չմնացին,

ես էլ նրանց նկատմամբ անհոգ եղա,- ասում է Տերը։

10 Որովհետև սա է այն ուխտը,

որ այս օրերից հետո պիտի կնքեմ Իսրայելի տան հետ,- ասում է Տերը.-

ես իմ օրենքները նրանց մտքի մեջ կդնեմ,

նրանց սրտերի վրա կգրեմ դրանք

ու նրանց կլինեմ Աստված,

նրանք էլ ինձ ժողովուրդ կլինեն։

11 Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի,

ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ “Տիրոջը ճանաչի՛ր”,

որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝

նրանց փոքրերից մինչև մեծը,

12 որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ

և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի»(Երմ. 31.31-34)։

13 Նոր ուխտի մասին խոսելով՝ նա առաջինը հին համարեց, իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալուն։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 9

Երկրային և երկնային պաշտամունք

1 Առաջինուխտնէլ ուներ պաշտամունքի կանոններ և երկրային սրբարան,

2 որովհետև առաջին խորանը պատրաստվեցայսպես. նրա մեջ էին աշտանակը, սեղանն ու առաջավորության հացերը։ Դա «սրբություն» է կոչվում։

3 Իսկ երկրորդ վարագույրի հետևում կար խորան, որ «Սրբություն սրբոց» էր կոչվում.

4 այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։

5 Տապանակիվերևում փառքի քերովբեներն էին, որ քավարանի վրա հովանի էին անում, որոնց մասին հիմա պետք չէ մանրամասն խոսել։

6 Եվ այս բաներն այսպես էին դասավորված. քահանաները միշտ մտնում էին առաջին խորանը՝ պաշտամունքներ կատարելու։

7 Իսկ երկրորդի մեջ տարին մեկ անգամմտնում էրմիայն քահանայապետը և ոչ առանց զոհի արյան, որ մատուցում էր իր ու ժողովրդի կողմից անգիտությամբ արված մեղքերի համար։

8 Դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ «սրբության» ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատուն էր մնում։

9 Սա խորհրդանշան է ներկա ժամանակի համար, երբ ընծաներ ու զոհեր էին մատուցվում, որոնք չէին կարող կատարյալ դարձնել պաշտամունք մատուցողի խիղճը.

10 միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների վրա հիմնվածպաշտամունքըմարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչևմարդուուղղվելը։

11 Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված

12 և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։

13 Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը,

14 որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատզոհմատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացուգործերից,որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։

15 Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակգործվածհանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։

16 Որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի,

17 քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում. այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։

18 Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր հաստատվի։

19 Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեցօրենքիգրքի ու ամբողջ ժողովրդի վրա

20 և ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»։

21 Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։

22 Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։

Քրիստոսի մուտքը երկնային սրբարան

23 Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։

24 Որովհետև Քրիստոսը ոչ թե ձեռակերտ սրբարաններ մտավ, որոնք ճշմարտության օրինակներ էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի այժմ Աստծու առաջ ներկայանա մեզ համար։

25 Ոչ թե որպեսզի շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ ամեն տարի ուրիշի արյունով էր մտնումՍրբությունսրբոց։

26 Այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ՝ ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։

27 Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը,

28 նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ իրեն սպասողների փրկության համար։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 10

1 Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։

2 Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։

3 Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջէին լինում,

4 որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։

5 Դրա համարՔրիստոսըաշխարհ մտնելիս ասում է.

«Զոհ ու պատարագ չկամեցար,

բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր.

6 Ողջակեզները և մեղքի համարզոհերըքեզ հաճելի չեղան։

7 Այն ժամանակ ասացի.

“Ահա գալիս եմ

(ինչպես որՍուրբգրքի փաթույթում իմ մասին գրված է),

որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված”»(Սաղ. 40.6-8)։

8 Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համարարված զոհչկամեցար, և ոչ էլդրանքքեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի»,

9 այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։

10 Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։

11 Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։

12 Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։

13 Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։

14 Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։

15 Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո.

16 «Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ

այն օրից հետո,- ասում է Տերը.-

իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ

և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։

17 «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն

այլևս չեմ հիշելու»(Երմ. 31.33-34)։

18 Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։

Մոտենանք Աստծուն

19 Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ,

20 որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է,

21 և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա,

22 նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով,մերսրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։

23 Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։

24 Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։

25 Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլմիմյանցքաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։

26 Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում,

27 այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։

28 Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք հոգու վկայությամբ անողորմաբար սպանվում էր։

29 Կարծում եք՝ որչա՜փ ավելի խիստ պատժի կարժանանա նա, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել ուխտի արյունը, որով նա սրբվեց, և ով անարգել է շնորհի Հոգուն։

30 Քանի որ ճանաչում ենք նրան, որ ասաց.

«Իմն է վրեժխնդրությունը, և ես պիտի տամ հատուցումը»(Բ Օր. 32.35)։

Եվ դարձյալ.

«Տերը պիտի դատի իր ժողովրդին»(Բ Օր. 32.36)։

31 Ահավոր է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը։

32 Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։

33 Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներինցավակիցեղաք։

34 Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։

35 Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։

36 Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։

37 Քանի որ

«Մի փոքր միայն, մի փոքր ժամանակ ևս,

և նա, ով գալու է, կգա ու չի ուշանա։

38 Բայց իմ արդարը հավատով կապրի,

իսկ եթե մեկը ընկրկի,

իմ հոգին նրան չի հավանի»(Ամբ. 2.3-4)։

39 Իսկ մենք ընկրկողներ չենք, որ կորսվենք, այլմերհոգիների փրկությանը հավատացողներ։