Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

Հուդայի Մանասե թագավորը

1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3 Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։

4 Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։

5 Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։

6 Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։

7 Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։

8 Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։

9 Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։

10 Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով.

11 «Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով,

12 դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա եսայնպիսիչարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։

13 Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։

14 Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար,

15 որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։

16 Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։

17 Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

18 Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Ամոն թագավորը

19 Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։

20 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։

21 Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։

22 Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։

23 Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։

24 Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։

25 Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

26 Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

Հուդայի Հովսիա թագավորը

1 Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։

2 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։

Օրենքի գիրքը գտնվում է

3 Հովսիա թագավորի տասնութերորդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն՝ Սափան դպիրին, ուղարկեց Տիրոջ տուն՝ ասելով.

4 «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,

5 հանձնեն Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը, որպեսզի տան Տիրոջ տանը գործ անողներին՝ տան վնասված տեղերը նորոգելու համար.

6 հյուսներին, շինարարներին և որմնադիրներին, նաև փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։

7 Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։

8 Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։

9 Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։

10 Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։

11 Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։

12 Եվ թագավորը հրամայեց Քեղկիա քահանային և Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աքոբորին, Սափան դպիրին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

13 «Գնացեք հարցրե՛ք Տիրոջն ինձ համար, ժողովրդի համար և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համաձայն, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ վրա նրա համար, որ մեր հայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին, որ կատարեն մեր մասին բոլոր գրվածները»։

14 Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայիմեջ, և խոսեցին նրա հետ։

15 Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.

16 այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք պիտի բերեմ այս տեղի վրա և նրա բնակիչների վրա այն գրքի բոլոր խոսքերի համաձայն, որ կարդացել է Հուդայի թագավորը.

17 նրա համար, որ ինձ թողել են և խունկ ծխել ուրիշ աստվածների՝ իրենց ձեռքերի բոլոր գործերով ինձ բարկացնելու համար, և իմ բարկությունը պիտի բորբոքվի այս տեղի վրա և չպիտի հանգչի””»։

18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպե՛ս ասեք նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այն խոսքերի համար, որ լսել ես.

19 “Որովհետև քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Տիրոջ առաջ՝ լսելով այն խոսքերը, որ ես ասել եմ այս տեղի դեմ և նրա բնակիչների դեմ, թե ավերում և անեծք պիտի լինի, և պատռեցիր քո հանդերձներն ու լաց եղար իմ առաջ, ես էլ քեզ լսեցի,- ասում է Տերը։-

20 Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

Թագավորը հեռացնում է կռապաշտությունը

1 Թագավորըմարդիկուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։

2 Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

3 Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։

Կրոնական բարեփոխումներ Հուդայում

4 Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։

5 Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։

6 Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը,տարավԵրուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։

7 Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։

8 Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։

9 Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։

10 Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։

11 Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում, արեգակի կառքերն այրեց կրակով։

12 Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։

13 Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։

14 Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։

15 Նաև այն սեղանը, որը Բեթելում էր,ևայն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։

16 Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին,մարդուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։

17 Եվթագավորնասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։

18 Թագավորնասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։

19 Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։

20 Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։

Հովսիան տոնում է Զատիկը

21 Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։

22 Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։

23 Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։

Հովսիան ուրիշ բարեփոխումներ է անում

24 Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։

25 Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։

26 Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։

27 Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։

Հովսիայի թագավորության վախճանը

28 Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

29 Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։

30 Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։

Հուդայի Հովաքազ թագավորը

31 Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

32 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

33 Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։

34 Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։

Հուդայի Հովակիմ թագավորը

35 Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։

36 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։

37 Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

1 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավկռվի,և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։

2 Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։

3 Տիրոջ պատվերի համաձայն դա եղավ Հուդային, որպեսզինրանմերժի իր առջևից Մանասեի մեղքերի համար, այն բոլորի համար, ինչն արել էր նա,

4 նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։

5 Հովակիմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

6 Հովակիմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

7 Եգիպտոսի թագավորն այլևս դուրս չեկավ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը վերցրել էրայնամենը, ինչը Եգիպտոսի թագավորինն էր։

Հուդայի Հովաքին թագավորը

8 Տասնութ տարեկան էր Հովաքինը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Նեհուսթա՝ երուսաղեմացի Եղնաթանի դուստրը։

9 Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հոր բոլոր արածների պես։

10 Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։

11 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։

12 Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։

13 Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։

14 Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացիոչ ոքչմնաց։

15 Եվ Հովաքինին գերի տարավ Բաբելոն. թագավորի մորը, թագավորի կանանց, նրա ներքինիներին և երկրի բոլոր զորավոր մարդկանց Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն։

16 Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։

17 Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։

Հուդայի Սեդեկիա թագավորը

18 Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

19 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։

20 Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

Երուսաղեմի անկումը

1 Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։

2 Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

3 Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար,

4 քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերըփախաներկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։Թագավորըգնաց Արաբայիճանապարհով։

5 Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։

6 Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։

7 Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։

Տաճարի կործանումը

8 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ.

9 այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։

10 Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։

11 Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։

12 Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներիցմարդիկթողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

13 Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։

14 Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։

15 Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։

16 Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։

17 Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։

Հուդայի բնակիչները Բաբելոն են տարվում

18 Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,

19 քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում.

20 Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։

21 Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։

Գոդողիան՝ Հուդայի կառավարիչ

22 Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

23 Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։

24 Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։

25 Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։

26 Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։

Հովաքինը վերադառնում է գերությունից

27 Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ ևնրանհանեց բանտից։

28 Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։

29 Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։

30 Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։