Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Հուդայի Գոթողիա թագուհին

1 Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։

2 Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։

3 Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։

Ապստամբություն Գոթողիայի դեմ

4 Եվ յոթերորդ տարում Հովիադանմարդուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։

5 Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,

6 Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։

7 Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթօրըդուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։

8 Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։

9 Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրըպահակությանեկողներին և թե՛ շաբաթ օրըպահակությունիցգնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։

10 Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։

11 Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։

12 Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։

13 Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։

14 Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։

15 Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։

16 Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։

Հովիադայի բարեկարգությունները

17 Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։

18 Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։

19 Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։

20 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։

21 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Հուդայի Հովաս թագավորը

1 Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։

2 Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։

3 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

4 Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն,

5 քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։

6 Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։

7 Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։

8 Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։

9 Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։

10 Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։

11 Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին,

12 որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։

13 Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամենտեսակոսկե անոթներ ու արծաթե անոթներ,

14 այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։

15 Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։

16 Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։

17 Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։

18 Հուդայի Հովաս թագավորը վերցրեց այն բոլոր նվերները, որ նվիրել էին իր հայրերը՝ Հուդայի թագավորները՝ Հոսափատը, Հովրամը և Օքոզիան, և՛ իր նվերները, և՛ թագավորի տան, և՛ Տիրոջ տան գանձարաններում գտնվող ամբողջ ոսկին ուղարկեց ասորիների Ազայել թագավորին, և նա ետ քաշվեց Երուսաղեմից։

19 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20 Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։

21 Նրա ծառաները՝ Հովզաքարը՝ Սամեթի որդին, և Հովզաբադը՝ Սոմերի որդին, զարկեցին նրան, և նա մեռավ։ Նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Ամասիան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

Իսրայելի Հովաքազ թագավորը

1 Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում ևթագավորեցտասնյոթ տարի։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։

3 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։

4 Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։

5 Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։

6 Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։

7 Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։

8 Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

9 Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Հովաս թագավորը

10 Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում ևթագավորեցտասնվեց տարի։

11 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։

12 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

13 Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։

Եղիսեի մահը

14 Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։

15 Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։

16 Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։

17 Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։Եղիսենասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։Եղիսենէլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։

18 Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։

19 Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։

20 Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։

21 Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։

Պատերազմ Իսրայելի և ասորիների միջև

22 Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։

23 Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։

24 Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։

25 Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

Հուդայի Ամասիա թագավորը

1 Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։

2 Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։

3 Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։

4 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5 Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։

6 Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։

7 Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելանառավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։

8 Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։

9 Բայց Իսրայելի Հովաս թագավորըմարդուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշըլուրուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

10 Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։

11 Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։

12 Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։

13 Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։

14 Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։

15 Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16 Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։

Հուդայի Ամասիա թագավորի մահը

17 Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

18 Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

19 Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայցմարդուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։

20 Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։

21 Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։

22 Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։

Իսրայելի Հերոբովամ Բ թագավորը

23 Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։

24 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25 Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։

26 Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։

27 Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։

28 Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

29 Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

Հուդայի Ազարիա թագավորը

1 Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։

2 Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

3 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։

4 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5 Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։

6 Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

7 Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Զաքարիա թագավորը

8 Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան ևթագավորեցվեց ամիս։

9 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

10 Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։

11 Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

12 Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։

Իսրայելի Սեղղում թագավորը

13 Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։

14 Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։

15 Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16 Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայիցսկսած,որովհետև քաղաքը չէր բացելիր դռները։Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանցորովայնները։

Իսրայելի Մանայեմ թագավորը

17 Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարիթագավորեցՍամարիայում։

18 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

19 Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։

20 Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։

21 Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

22 Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Փակեիա թագավորը

23 Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։

24 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25 Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։

26 Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Իսրայելի Փակեե թագավորը

27 Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարիթագավորեցՍամարիայում։

28 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

29 Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։

30 Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։

31 Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Հուդայի Հովաթամ թագավորը

32 Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։

33 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։

34 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես.

35 միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։

36 Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

37 Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։

38 Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

Հուդայի Աքազ թագավորը

1 Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։

2 Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ,

3 այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

4 Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

5 Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթելնրան։

6 Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։

7 Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։

8 Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։

9 Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։

10 Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։

11 Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։

12 Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։

13 Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։

14 Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝նորզոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեցնորսեղանի մոտ՝ դեպի հյուսիս։

15 Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։

16 Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։

17 Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։

18 Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։

19 Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20 Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

Իսրայելի Ովսեե թագավորը

1 Հուդայի թագավոր Աքազի տասներկուերորդ տարում Էլայի որդի Ովսեեն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց ինը տարի։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։

3 Նրա դեմ ելավ Ասորեստանի Սաղմանասար թագավորը, և Ովսեեն նրան հպատակ դարձավ և նրան հարկ էր տալիս։

4 Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։

5 Ասորեստանի թագավորն անցավ ամբողջ երկրով և եկավ Սամարիա ու երեք տարի պաշարեց այն։

Սամարիայի անկումը

6 Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։

7 Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։

8 Եվ ընթացան այն ազգերի կանոններով, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, և այնկանոններով,որ Իսրայելի թագավորներն էին հաստատել։

9 Իսրայելի որդիները գաղտնի գործեր էին արել, որ ուղիղ չէին իրենց Տեր Աստծու մոտ. և իրենց համար Բարձր տեղեր էին շինել իրենց բոլոր քաղաքներում՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

10 Եվ իրենց համար արձաններ էին դրել և Աստարովթի կուռքեր տնկել ամեն մի բարձր բլրի վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

11 Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։

12 Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։

13 Տերն իր բոլոր մարգարեների և բոլոր տեսանողների միջոցով պատվեր էր տվել Իսրայելին և Հուդային՝ ասելով. «Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և պահե՛ք իմ պատվիրաններն ու իմ կանոնները այն բոլոր օրենքների պես, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին և իմ ծառաների՝ մարգարեների միջոցով ուղարկել եմ ձեզ»։

14 Բայց նրանք չլսեցին և խստացրին իրենց պարանոցը իրենց հայրերի պարանոցի նման, որոնք չէին հավատում իրենց Տեր Աստծուն։

15 Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։

16 Եվ թողեցին իրենց Տեր Աստծու հրամանները և իրենց համար ձուլածո երկու հորթեր շինեցին, աստարովթներ շինեցին ու երկրպագեցին երկնքի բոլոր զորություններին և պաշտեցին Բահաղին։

17 Եվ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին, կախարդություն և հմայություն արեցին ու ծախեցին իրենց՝ Տիրոջ առջև չարիք գործելու, և նրան բարկացրին։

18 Եվ Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա, նրանց մերժեց իր երեսից և չթողեցոչ ոքի,բացի Հուդայի ցեղից։

19 Հուդան էլ չպահեց իր Տեր Աստծու պատվիրանները և գնաց Իսրայելի այն կանոններով, որ նրանք հաստատել էին։

20 Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից,

21 որովհետև Իսրայելն անջատվեց Դավթի տանից, և նրանք թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին, բայց Հերոբովամը Իսրայելին շեղեց Տիրոջը հետևելուց և մեծ մեղքեր գործել տվեց նրանց։

22 Իսրայելի որդիները գնացին Հերոբովամի բոլոր մեղքերի միջով, որ նա արել էր, և չհրաժարվեցին դրանցից,

23 մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։

Ասորեստանցիները հաստատվում են Իսրայելում

24 Եվ Ասորեստանի թագավորըմարդիկբերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։

25 Եվ նրանք իրենց այնտեղ բնակվելու սկզբում Տիրոջից չէին վախենում, և Տերն առյուծներ ուղարկեց նրանց վրա, որոնք սպանում էին նրանցից ոմանց։

26 Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։

27 Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։

28 Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։

29 Եվ ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում և դնում այն Բարձր տեղերում, որ շինել էին սամարացիները. ամեն մի ազգ իր քաղաքներում, որտեղ բնակվում էին իրենք։

30 Եվ Բաբելոնի մարդիկ շինեցին Սաքքովթ-Բանովթը, Քութի մարդիկ շինեցին Ներգաղը, Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը,

31 ավացիները շինեցին Նեբասը և Թարթակը. իսկ սեփարուիմցիներըորպես ողջակեզայրում էին իրենց որդիներին այն կրակում, որ վառում էին Սեփարուիմի աստվածների՝ Ադրամելեքի և Անամելեքի համար։

32 Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։

33 Նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։

34 Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։

35 Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել և նրանց պատվիրել էր՝ ասելով. «Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ երկրպագեք նրանց, նրանց մի՛ ծառայեք և զոհեր մի՛ մատուցեք նրանց,

36 այլ պաշտե՛ք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ հզոր ուժով և մեկնած բազկով. նրա՛ն պաշտեք, նրա՛ն երկրպագեք և նրա՛ն զոհ մատուցեք։

37 Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։

38 Եվ մի՛ մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների,

39 այլ պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից»։

40 Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։

41 Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

Հուդայի Եզեկիա թագավորը

1 Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։

2 Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։

3 Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։

4 Նա վերացրեց Բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց Աստարովթի կուռքերը և փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան. նա կոչվում էր Նեեսթան։

5 Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլնրանց մեջ,որ եղել էին նրանից առաջ։

6 Եվ հարեց Տիրոջը և չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

7 Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։

8 Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

9 Եզեկիայի չորրորդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի յոթերորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագավորը հարձակվեց Սամարիայի վրա և պաշարեց այն։

10 Երեք տարի հետո վերցրեց այն, Եզեկիայի վեցերորդ տարում, որն Իսրայելի Ովսեե թագավորի իններորդ տարին էր. Սամարիան վերցվեցայդ ժամանակ։

11 Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում.

12 նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծու ձայնին և զանց էին արել նրա ուխտը և այն ամենը, ինչ հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը. ո՛չ լսեցին, ո՛չ էլ արեցին։

Ասորեստանցիները սպառնում են Երուսաղեմին

13 Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։

14 Հուդայի Եզեկիա թագավորըմարդուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Մեղք եմ գործել, ե՛տ դարձիր ինձնից. ինչ որ դնես ինձ վրա, կհատուցեմ»։ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկիհարկդրեց։

15 Եզեկիան տվեց այն ամբողջ արծաթը, որ գտնվեց Տիրոջ տանը և թագավորի տան գանձերի մեջ։

16 Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիներիոսկին, ինքը՝Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։

17 Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։

18 Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։

19 Եվ Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացե՛ք. “Այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Այդ ի՞նչ հույս է, որին ապավինել ես դու”։

20 Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում. “Պատերազմի համար խորհուրդ և զորությունունեմ”. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ ապստամբել ես իմ դեմ։

21 Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։

22 Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։

23 Արդ, ուրեմն դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ երկու հազար ձի կտամ, եթե կարող ես այդքան հեծյալներ դնել նրանց վրա.

24 հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։

25 Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։

26 Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։

27 Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։

28 Եվ Ռաբսակը կանգնեց ու բարձր ձայնով եբրայերեն կանչեց և խոսեց՝ ասելով. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը.

29 թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից,

30 և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով. “Տերը մեզ անպատճառ կազատի և այս քաղաքը չի մատնի Ասորեստանի թագավորի ձեռքը””։

31 Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք և դո՛ւրս եկեք ինձ մոտ, որպեսզի ամեն մարդ իր որթից, և ամեն մարդ իր թզենուց ուտի, և ամեն մարդ խմի իր ջրհորի ջրից,

32 մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, ցորենի և գինու երկիր, հացի և այգիների երկիր, յուղ տվող ձիթենիների և մեղրի երկիր, որ ապրեք ու չմեռնեք։ Եվ մի՛ լսեք Եզեկիային, որովհետև ձեզ խաբում է՝ ասելով, թե՝ “Տերը մեզ կազատի”։

33 Մի՞թե մյուս ազգերի աստվածները փրկեցին ամեն մեկն իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։

34 Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

35 Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։

36 Ժողովուրդը լռեց, և նրան ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Նրան չպատասխանեք»։

37 Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Թագավորը դիմում է Եսայի մարգարեի խորհրդին

1 Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։

2 Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։

3 Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։

4 Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։

5 Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։

6 Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։

7 Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։

Ասորեստանցիների նոր սպառնալիքը

8 Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։

9 Ասորեստանի թագավորըլսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.

10 «Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով. “Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը”։

11 Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։

12 Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։

13 Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։

14 Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։

15 Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։

16 Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։

17 Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները.

18 կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։

19 Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։

Եսայու պատգամը թագավորին

20 Եվ Ամովսի որդի Եսայիանմարդուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։

21 Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է.

«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը.

Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։

22 Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր

Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր

Եվ աչքերդ վեր հառեցիր.

Իսրայելի Սրբի վրա։

23 Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր.

“Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝

Լիբանանի հեռու կողմերը.

Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները

Եվ նրա ընտիր մայրիները.

Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը

Եվ նրա պտղատու ծառերիանտառը։

24 Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի

Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի

Եգիպտոսի բոլոր գետերը”։

25 Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ

Եվ նախանշել դա հին օրերից

Եվ բերել հիմա,

Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։

26 Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը,

Ուստի զարհուրեցին և ամաչեցին

Եվ դաշտի խոտի պես եղան,

Եվ կանաչ բանջարի,

Տանիքի խոտի պես

Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։

27 Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքը

Եվ քո բարկությունն իմ դեմ։

28 Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար

Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին,

Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին

Եվ իմ սանձը՝ քո բերանին

Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։

29 Եվ սա նշան կլինի քեզ համար.

Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը

Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը,

Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք

Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

30 Եվ Հուդայի տան ազատված մնացորդը

Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար

Եվ պտուղ տա վերևում,

31 Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից,

Եվ վերապրողները՝ Սիոնի սարից.

Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։

32 Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին.

“Նա չի մտնելու այս քաղաքը

Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ,

Եվ վահանով չի գալու նրա առջև

Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։

33 Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա

Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”.

Ասում է Տերը.

34 “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն

Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։

35 Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։

36 Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։

37 Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը

1 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։

2 Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով.

3 «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։

4 Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով.

5 «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։

6 Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար””»։

7 Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։

8 Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։

9 Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։

10 Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։

11 Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։

Բաբելոնի պատգամավորները

12 Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։

13 Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։

14 Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։

15 Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։

16 Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը.

17 “Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

18 Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։

19 Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։

Եզեկիայի թագավորության վերջը

20 Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

21 Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։