Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11

Հեփթայե

1 Գաղաադացի Հեփթայեն հզոր ու զորավոր մարդ էր. նա պոռնիկ մի կնոջ զավակ էր, և Հեփթայեի հայրը Գաղաադն էր։

2 Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց, և երբ այդ կնոջ զավակները մեծացան, Հեփթայեին հալածեցին և նրան ասացին. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չպիտի ունենաս, որովհետև դու մի օտար կնոջ զավակ ես»։

3 Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։

4 Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։

5 Եվ երբ Ամմոնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Հեփթայեին վերցնեն Տոբի երկրից։

6 Հեփթայեին ասացին. «Եկ մեզ համար զորապե՛տ դարձիր, որ մենք պատերազմենք Ամմոնի որդիների դեմ»։

7 Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տնից. հիմա ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, երբ նեղության մեջ եք»։

8 Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։

9 Եվ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Եթե դուք ինձ վերադարձնեք Ամմոնի որդիների դեմ պատերազմելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, ես գլուխ կլինե՞մ ձեզ համար»։

10 Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։

11 Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։

12 Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ եկել ես ինձ մոտ՝ իմ երկրում պատերազմելու»։

13 Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։

14 Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ կրկին պատգամավորներ ուղարկեց։

15 Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը,

16 որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։

17 Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ ասելով. “Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով”. բայց Եդովմի թագավորը չլսեց։ Մովաբի թագավորի մոտ էլ դեսպաններ ուղարկեց, բայց նա էլ չթողեց, և Իսրայելը մնաց Կադեսի մեջ։

18 Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։

19 Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց. “Աղաչում եմ, թող անցնեմ քո երկրով, մինչևգնամիմ տեղը”։

20 Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։

21 Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։

22 Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։

23 Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։

24 Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։

25 Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։

26 Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։

27 Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։

28 Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։

29 Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։

30 Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես,

31 և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։

32 Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։

33 Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։

Հեփթայեի աղջիկը

34 Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։

35 Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել,խոսքեմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։

36 Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։

37 Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։

38 Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։

39 Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։

40 Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12

Հեփթայեն և Եփրեմյանները

1 Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։

2 Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը Ամմոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցանք. և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։

3 Ես էլ երբ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրեցի և գնացի Ամմոնի որդիների դեմ, և Տերը նրանց մատնեց իմ ձեռքը. ինչո՞ւ եք դուք այսօր եկել պատերազմելու իմ դեմ»։

4 Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։

5 Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։

6 Նրան ասում էին. «Ապա ասա՛ Շիբբոլեթ», և նա ասում էր՝ Սիբբոլեթ (որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել), և նրան բռնում էին ու սպանում Հորդանանի անցումներում. և այն ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ ընկավ։

7 Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում. և գաղաադացի Հեփթայեն մեռավ ու թաղվեց Գաղաադի քաղաքներիցմեկում։

Աբեսսան, Ելոն, Աբդոն

8 Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց բեթլեհեմացի Աբեսսանը։

9 Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։

10 Աբեսսանը մեռավ և թաղվեց Բեթլեհեմում։

11 Նրանից հետո զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր և տասը տարի դատավորություն արեց Իսրայելում։

12 Եվ զաբուղոնացի Ելոնը մեռավ ու թաղվեց Զաբուղոնի երկրում՝ Այեղոնի մեջ։

13 Նրանից հետո փարաթոնացի Հելլելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։

14 Նա քառասուն տղա և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ. և ինքն ութ տարի դատավորություն արեց Իսրայելում։

15 Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13

Սամփսոնի ծնունդը

1 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։

2 Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։

3 Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։

4 Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես,

5 որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղանմորարգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։

6 Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։

7 Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղանմորարգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։

8 Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։

9 Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։

10 Կինը շուտ վազեց, իր մարդուն պատմեց և նրան ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որն այն օրը եկել էր ինձ մոտ»։

11 Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

12 Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։

13 Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից.

14 որթից դուրս եկած ոչ մի բան չուտի և գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի և իմ պատվիրած ամեն բանը պահի»։

15 Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Աղաչում եմ, թող քեզ մի քիչ պահենք, այծերից մի ուլ պատրաստենք, դնենք քո առաջ»։

16 Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտելու, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջ համա՛ր զոհիր այն», որովհետև Մանուեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։

17 Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Անունդ ի՞նչ է, որպեսզի երբ խոսքդ կատարվի, քեզ պատվենք»։

18 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը. այն սքանչելիէ»։

19 Եվ Մանուեն վերցրեց ուլն ու հացի նվերը և ապառաժի վրա զոհաբերեց Տիրոջը. և հրեշտակը Մանուեի ոի նրա կնոջ աչքի առաջ հրաշք գործեց,

20 որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։

21 Եվ Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը. այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։

22 Եվ Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ պիտի մեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։

23 Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։

24 Եվ կինը մի որդի ծնեց և նրա անունը Սամփսոն դրեց. տղան մեծացավ, և Տերն օրհնեց նրան։

25 Եվ Տիրոջ Հոգին սկսեց նրան մղել՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը՝ Դանի բանակում։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14

Սամփսոնը և թամնաթացի աղջիկը

1 Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։

2 Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։

3 Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։

4 Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։

5 Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։

6 Տիրոջ Հոգին իջավ Սամփսոնի վրա, և նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատռեն, և ձեռքին մի բան չկար. և իր հորն ու մորը չպատմեց, թե ինչ էր արել։

7 Եվ իջավ, այն կնոջ հետ խոսեց. և կինը հաճելի էր Սամփսոնի աչքին։

8 Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։

9 Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։

10 Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։

11 Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։

12 Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ,

13 բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։

14 Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։

15 Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։

16 Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։

17 Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։

18 Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։

19 Եվ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա իջավ Ասկաղոն, նրանցից երեսուն մարդ սպանեց և նրանց հանդերձները վերցրեց ու տվեց հանելուկը բացատրողներին, և բարկությունը բորբոքվեց, ու նա գնաց իր հոր տուն։

20 Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15

1 Մի ժամանակ հետո՝ ցորենի հնձի օրերին, Սամփսոնը մի ուլ վերցրեց այծերից և գնաց իր կնոջն այցելության ու ասաց. «Գնամ ներքին սենյակը՝ կնոջս մոտ», բայց կնոջ հայրը նրան չթողեց, որ մտներ։

2 Եվ նրա հայրն ասաց. «Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր, և նրան տվի քո ընկերոջը։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է. հիմա թող նրա փոխարեն սա քեզ կին լինի»։

3 Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։

4 Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսների ագին կապեց ագու հետ, երկու ագիների մեջտեղը մի ջահ դրեց,

5 ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։

6 Եվ փղշտացիներն ասացին. «Այս բանն ո՞վ արեց»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև նրա կնոջը նա վերցրեց և տվեց նրա ընկերոջը»։ Փղշտացիները վեր կացան և կնոջն ու նրա հորը կրակով այրեցին։

7 Իսկ Սամփսոնը նրանց ասաց. «Թեև դուք այդպես արեցիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզնից և հետո պիտի դադարեմ»։

8 Մեծ հարվածով ջարդեց նրանց սրունքներն ու երանքները և իջավ Ետամ, բնակվեց ապառաժի խոռոչում։

Սամփսոնը հաղթում է փղշտացիներին

9 Փղշտացիները ելան ու բանակ դրեցին Հուդայի մեջ և տարածվեցին Լեքիի մեջ։

10 Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։

11 Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։

12 Նրան ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինձ երդո՛ւմ տվեք, որ ինձ չեք սպանի»։

13 Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։

14 Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիներն աղաղակելով դիմավորեցին նրան. Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, և նրա կռների վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան, և կապերը քանդվեցին ձեռքերից։

15 Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։

16 Եվ Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով մի խումբ, երկու խումբ՝ հազար մարդ սպանեցի էշի ծնոտով»։

17 Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը գցեց ձեռքից և այդ տեղի անունը կոչեց Ռամաթ-Լեքի։

18 Եվ շատ խիստ ծարավեց, Տիրոջն աղաղակեց և ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավից մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։

19 Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։

20 Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16

Սամփսոնը Գազայում

1 Սամփսոնը գնաց Գազա և այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ։

2 Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։

3 Իսկ Սամփսոնը մինչև կեսգիշեր քնեց և կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգի հետ մեկտեղ հանեց և դրանք վերցնելով ուսերի վրա՝ տարավ Քեբրոնի դիմացի սարի գլուխը։

Սամփսոն և Դալիլա

4 Դրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ. նրա անունը Դալիլա էր։

5 Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ և նրան ասացին. «Նրան խաբի՛ր և տե՛ս, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք և տկարացնենք, և մենք՝ ամեն մեկս, քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։

6 Եվ Դալիլան Սամփսոնին ասաց. «Աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե քո մեծ զորությունն ինչո՛ւմ է, և քեզ տկարացնելու համար ինչո՞վ պետք է կապել»։

7 Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ հատ չչորացած, դալար ջիլերով, կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։

8 Եվ փղշտացիների նախարարները նրա համար յոթ հատ չչորացած, դալար ջիլեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան։

9 Եվ նրա մոտ՝ ներքին սենյակում, դարանակալներ էին նստել։ Եվ կինը նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիներըգալիս ենքեզ վրա». այն ժամանակ նա ջիլերը կտրտեց, ինչպես կկտրտեն կրակի հոտ առած խծուծիցշինածլարը, և նրա ուժը չիմացվեց։

10 Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. հիմա աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե ինչո՛վ կկապվես»։

11 Եվ նա ասաց նրան. «Եթե ինձ նոր և չգործածված չվաններով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։

12 Դալիլան նոր չվաններ վերցրեց, դրանցով նրան կապեց և նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիներըգալիս ենքեզ վրա». (իսկ դարանակալները նստել էին ներքին սենյակում). այն ժամանակ նա դրանք դերձանի պես կտրտեց իր բազուկներից։

13 Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա նրան ասաց. «Եթե գլխիս յոթ բաժին մազերը հենքի թելերով հյուսես»։

14 Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիներըգալիս ենքեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։

15 Այն ժամանակԴալիլաննրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։

16 Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան,

17 նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասաց նրան. «Իմ գլխին ածելի չի դիպել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծու ուխտավոր եմ. եթե ածիլվեմ, իմ ուժն ինձնից կգնա, և ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես»։

18 Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. «Այս անգամ եկե՛ք վերև, որովհետև իր սրտի մեջ եղած ամեն ինչ հայտնել է ինձ»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները գնացին վերև՝ նրա մոտ, և արծաթն էլ բերեցին իրենց ձեռքին։

19 Դալիլաննրան քնեցրեց իր ծնկների վրա և մի մարդ կանչեց ու նրա գլխի յոթ բաժին մազերն ածիլել տվեց, և սկսեց նրան նեղել. ու նրա ուժը գնացել էր իրենից։

20 Կինն ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա, քնից զարթնելով, ասաց. «Դուրս գամ և առաջվա անգամների պես թոթափվեմ», բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։

21 Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին և նրան տարան ցած՝ Գազա, կապեցին պղնձե կապերով, և բանտում աղում էր։

Սամփսոնի մահը

22 Նրա գլխի մազն ածիլվելուց հետո սկսեց բուսնել։

23 Փղշտացիների նախարարները հավաքվեցին, որ իրենց աստծուն՝ Դագոնին, մեծ զոհ մատուցեն և ուրախություն անեն. և ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։

24 Եվ ժողովուրդը, նրան տեսնելով, գովեց իր աստծուն, որովհետև ասացին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ մեր երկիրը քանդողին ու մեզնից շատերին սպանողին, մեր ձեռքը մատնեց»։

25 Եվ երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե՛ք, որ պարի մեր առաջ»։ Սամփսոնին կանչեցին բանտից, և պարում էր նրանց առաջ. և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։

26 Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։

27 Տունը լիքն էր մարդկանցով՝ տղամարդիկ ու կանայք, և փղշտացիների բոլոր նախարարներն այնտեղ էին, և տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամփսոնի պարելուն։

28 Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, Տե՛ր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ, ո՛վ Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ո՛ւժ տուր, որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժն առնեմ միանգամից»։

29 Եվ Սամփսոնն այն տունը կրող միջի սյուները բռնեց՝ մեկն աջ ձեռքով և մյուսը ձախ ձեռքով, և կռթնեց նրանց վրա։

30 Եվ Սամփսոնն ասաց. «Իմ անձն էլ թող մեռնի փղշտացիների հետ», և ամբողջ ուժով ծռեց, ու տունը փլվեց ընկավ նախարարների վրա և մեջը եղած ամբողջ ժողովրդի վրա. և իր մեռնելով սպանածներն ավելի շատ էին իր կենդանության ժամանակ սպանածներից։

31 Նրա եղբայրները և նրա հոր ամբողջ տունն իջան և նրան վերցրին ու տարան դուրս և թաղեցին նրան իր հոր՝ Մանուեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17

1 Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։

2 Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։

3 Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։

4 Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։

5 Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեցիր համար։

6 Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։

7 Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։

8 Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։

9 Եվ Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա նրան ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմից և գնում եմ պանդխտանալու, ուր որ տեղ գտնեմ»։

10 Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։

11 Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։

12 Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։

13 Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18

Միքան և Դանի ցեղը

1 Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. և այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր որոնում, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր ընկել։

2 Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։

3 Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։

4 Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։

5 Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։

6 Եվ քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջ է»։

7 Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։

8 Եվայդ հինգ մարդըգնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչասելիք ունեք»։

9 Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։

10 Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։

11 Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։

12 Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։

13 Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։

14 Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։

15 Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։

16 Իսկ Դանի որդիներից այն վեց հարյուր սպառազինված մարդիկ կանգնեցին դռան մուտքի մոտ։

17 Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղևվերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։

18 Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։

19 Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։

20 Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։

21 Եվ նրանք ետ դարձան գնացին, և՛ ընտանիքները, և՛ անասունները, և՛ թանկագին կարասիները դրեցին իրենց առաջ։

22 Երբ նրանք Միքայի տնից հեռացան, Միքայի տան մոտ եղած տների մարդիկ հավաքվեցին և Դանի որդիներին հասան.

23 կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։

24 Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։

25 Դանի որդիները նրան ասացին. «Մեր մեջ էլ քո ձայնը չլսվի, թե չէ գուցե բարկասիրտ մարդիկ հարձակվեն ձեզ վրա, և քո կյանքն ու քո ընտանիքի կյանքը կորցնես»։

26 Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։

27 Իսկ նրանք Միքայի շինածներն ու նրա քահանային վերցրին և գնացին Լայիսի վրա՝ այն հանգիստ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի բերան քաշեցին և քաղաքը կրակով այրեցին։

28 Նրանք, Սիդոնից հեռու լինելով և ոչ մի մարդու հետ գործ չունենալով, իրենց ազատող չկար.այն քաղաքըԲեթ-Րոոբի հովտում էր. և քաղաքը վերաշինեցին ու բնակվեցին նրա մեջ։

29 Եվ քաղաքի անունն իրենց հոր՝ Իսրայելի որդի Դանի անունով կոչեցին Դան, բայց քաղաքի անունն առաջ Լայիս էր։

30 Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։

31 Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19

Ղևտացին և իր հարճը

1 Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, մի ղևտացի պանդուխտ կար, որ բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանի կողմերում. նա Հուդայի Բեթլեհեմից մի հարճ առավ իր համար։

2 Նրա հարճը նրա դեմ շնություն արեց և նրա մոտից գնաց իր հոր տուն՝ Հուդայի Բեթլեհեմ, և մոտ չորս ամիս մնաց այնտեղ։

3 Նրա ամուսինը վեր կացավ գնաց նրա ետևից, որ քաղցրությամբ խոսի նրա հետ և նրան ետ բերի. նրա հետ էին իր ծառան և էլի երկումարդ.և կինը նրան տարավ իր հոր տուն. երբ աղջկա հայրը տեսավ նրան, ուրախությամբ նրան դիմավորեց։

4 Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։

5 Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։

6 Նրանք նստեցին, և երկուսը միասին կերան ու խմեցին, և աղջկա հայրն այն մարդուն ասաց. «Աղաչում եմ, այս գիշե՛ր էլ այստեղ մնա, և թող սիրտդ զվարճանա»։

7 Այն մարդը վեր կացավ, որ գնա, բայց իր աները նրան ստիպեց, և նա ետ դարձավ ու գիշերը մնաց այնտեղ։

8 Հինգերորդ օրն առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, աղջկա հայրն ասաց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրո՛ւ». և երկուսըմիասինկերան և ուշացան, մինչև որ օրը թեքվեց։

9 Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։

10 Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։

11 Երբ մոտեցան Հեբուսին, օրն արդեն շատ էր անցել, և ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ ճանապարհը ծռենք ու գնանք այս հեբուսացիների քաղաքը և գիշերն այնտեղ մնանք»։

12 Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։

13 Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ այն տեղերից մեկին մոտենանք և գիշերը մնանք Գաբաայի կամ Ռամայի մեջ»։

14 Եվ անցան գնացին ու երբ մոտեցան Բենիամինի Գաբաային, արեգակը մայր մտավ։

15 Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։

16 Եվ ահա իրիկունն արտից՝ իր գործից, մի ծեր մարդ էր գալիս. նա Եփրեմի լեռնային շրջանից էր և պանդուխտ էր Գաբաայի մեջ. իսկ այդտեղի բնակիչները Բենիամինի ցեղից էին։

17 Երբ նա աչքերը բարձրացրեց և ճանապարհորդ մարդուն տեսավ քաղաքի հրապարակում, ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։

18 Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթլեհեմից անցնում ենք մինչև Եփրեմի լեռնային շրջանի կողմերը. ես այնտեղացի եմ և գնացի մինչև Հուդայի Բեթլեհեմ ու հիմա Տիրոջ տունն եմ գնում. և ինձ իր տունն ընդունող մի մարդ չկա։

19 Բայց մեր էշերի համար հարդ ու կեր կա, և ինձ համար, քո աղախնի համար և քո ծառաների հետ գտնվող պատանու համար հաց ու գինի ունեմ, ոչ մի բան պակաս չէ»։

20 Այն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ. քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը մի՛ մնա հրապարակում»։

21 Եվ նրան տարավ իր տուն ու էշերին կեր տվեց. և նրանք իրենց ոտքերը լվանալուց հետո կերան ու խմեցին։

22 Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։

23 Եվ տան տեր այն մարդը դուրս ելավ նրանց մոտ ու նրանց ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, աղաչում եմ, չարիք մի՛ արեք. այս մարդու իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի՛ արեք։

24 Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։

25 Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։

26 Առավոտվա դեմ կինը վերադարձավ և գալով ընկավ այն մարդու տան դռան առաջ, ուր որ իր տերն էր, մինչև լույսը բացվեց։

27 Նրա տերն առավոտը վեր կացավ, տան դռները բացեց, որ դուրս գա և գնա իր ճանապարհը, և ահա այն կինը՝ իր հարճը, ընկած էր տան դռան առաջ, և ձեռքերը սեմի վրա էին։

28 Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք». բայց պատասխան տվող չկար։ Այն ժամանակ նրան դրեց իր էշի վրա և վեր կացավ ու գնաց իր տեղը։

29 Երբ իր տունը հասավ, մի դանակ վերցրեց, բռնեց իր հարճին և ոսկոր առ ոսկոր կոտորեց նրան, տասներկու կտոր արեց և ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները։

30 Եվ բոլոր տեսնողներն ասում էին. «Այսպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել է Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալու օրից մինչև այսօր. մտածե՛ք սրա մասին, խորհո՛ւրդ արեք և որոշե՛ք»։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20

Իսրայելը պատրաստվում է պատերազմի

1 Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։

2 Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։

3 Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։

4 Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։

5 Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։

6 Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։

7 Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։

8 Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։

9 Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։

10 Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։

11 Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։

12 Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։

13 Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։

14 Եվ Բենիամինի որդիներնիրենցքաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։

15 Եվ այն օրնիրենցքաղաքներիցեկածԲենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։

16 Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։

17 Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։

Պատերազմ Բենիամինի դեմ

18 Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։

19 Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։

20 Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։

21 Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։

22 Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։

23 Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։

24 Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։

25 Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

26 Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։

27 Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր.

28 և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։

29 Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։

30 Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։

31 Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։

32 Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։

33 Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։

34 Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։

35 Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

Ինչպե՞ս հաղթեցին իսրայելացիները

36 Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։

37 Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

38 Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։

39 Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։

40 Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։

41 Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։

42 Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։

43 Այսպեսպաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։

44 Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

45 Մնացածներըդարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։

46 Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

47 Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։

48 Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։