Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1

Հուդայի և Շմավոնի ցեղերը գերեվարում են Ադոնիբեզեկին

1 Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին և ասացին. «Ո՞վ առաջ վեր կկենա քանանացիների դեմ՝ մեզ համար նրանց դեմ պատերազմելու»։

2 Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։

3 Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կացգնանքիմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։

4 Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։

5 Բեզեկի մեջ նրանք գտան Ադոնիբեզեկին և պատերազմեցին նրա դեմ և կոտորեցին քանանացիներին ու փերեզացիներին։

6 Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք, նրա հետևից ընկնելով, բռնեցին նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատները։

7 Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։

Հուդայի ցեղը տիրում է Երուսաղեմին և Քեբրոնին

8 Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, վերցրին այն ու սրի քաշեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին։

9 Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։

10 Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։

Գոթոնիելը տիրում է Դաբիրին

11 Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ (Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր)։

12 Քաղեբն ասաց. «Ով որ զարկի Կարիաթ-Սեփերին և վերցնի, իմ աղջիկ Աքսային նրան կնության կտամ»։

13 Եվ Քաղեբի փոքր եղբոր՝ Կենեզի որդին՝ Գոթոնիելը, վերցրեց այն, ևՔաղեբնիր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։

14 Երբաղջիկըգնում էր, Գոթոնիելը նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի. աղջիկն էշից ցած իջավ, և Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում»։

15 Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։

Հուդայի ու Բենիամինի ցեղերի հաղթանակները

16 Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։

17 Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցինքաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։

18 Հուդայի որդիները վերցրին Գազան ու նրա սահմանը, Ասկաղոնն ու նրա սահմանը, Ակկարոնն ու նրա սահմանը։

19 Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։

20 Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։

21 Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։

Եփրեմի ու Մանասեի ցեղերը տիրում են Բեթելին

22 Հովսեփի տունն էլ վեր կացավ Բեթելի դեմ, և Տերը նրանց հետ էր։

23 Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։

24 Պահապանները մի մարդ տեսան, որը դուրս էր գալիս այդ քաղաքից, և նրան ասացին. «Աղաչում ենք, մեզ ցո՛ւյց տուր քաղաք մտնելու տեղը, և քեզ ողորմություն կանենք»։

25 Եվ նա քաղաք մտնելու տեղը ցույց տվեց նրանց, և նրանք քաղաքը սրի բերան տվին, բայց այն մարդուն ու նրա ամբողջ ազգատոհմը թողեցին։

26 Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։

Ժողովուրդներ, որոնց իսրայելացիները չքշեցին

27 Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։

28 Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։

29 Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։

30 Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

31 Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին,

32 այլ Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև նրանց չհալածեցին։

33 Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

34 Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։

35 Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

36 Եվ ամորհացիների սահմանը վեր էր Ակրաբիմի զառիվայրից՝ Սելայից,և նրանից էլ վեր էր։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2

Տիրոջ հրեշտակը Բոքիմում

1 Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից Բոքիմ ելավ և ասաց. «Ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին, և ասացի. “Ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժելու։

2 Իսկ դուք դաշինք մի՛ կնքեք այս երկրի բնակիչների հետ, քանդե՛ք նրանց սեղանները”. բայց դուք չհնազանդվեցիք իմ ձայնին. դուք այդ ի՞նչ եք արել։

3 Ես էլ ասացի. “Նրանց չեմ քշելու ձեր առաջից, և նրանք ձեզ համար հակառակորդ կլինեն, և նրանց աստվածն էլ՝ ձեզ համար որոգայթ”»։

4 Երբ Տիրոջ հրեշտակն ամբողջ Իսրայելի որդիների հետ խոսեց այս խոսքերը, ժողովուրդը, ձայնը բարձրացնելով, լաց եղավ։

5 Եվ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։

6 Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։

7 Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։

Հեսուի մահը

8 Եվ Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, մեռավ հարյուր տասը տարեկանում։

9 Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։

10 Եվ այդ սերնդի բոլոր մարդիկ ննջեցին իրենց հայրերի հետ, և նրանցից հետո ելավ ուրիշ մի սերունդ, որը չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։

Իսրայելը դադարում է Տիրոջը պաշտել

11 Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ և պաշտեցին Բահաղներին։

12 Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։

13 Տիրոջը թողեցին և պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։

14 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։

15 Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։

16 Եվ Տերը դատավորներ առաջ բերեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։

17 Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցինու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով.նրանցպես չարեցին։

18 Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։

19 Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։

20 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և ասաց. «Քանի որ այս ազգը զանց է առնում այն ուխտը, որ ես պատվիրեցի իրենց հայրերին, և չի լսում իմ ձայնին,

21 ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս,

22 որպեսզի նրանցով փորձեմ Իսրայելին, թե արդյոք նրանք իրենց հայրերի պես կզգուշանա՞ն Տիրոջ ճանապարհով գնալու համար, թե՞ ոչ»։

23 Եվ Տերը թողեց այդ ազգերին և շուտով չհալածեց ու նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3

Երկրում մնացած ազգերը

1 Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն՝ ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին.

2 միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին.

3 փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։

4 Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանար, թե արդյոք կլսե՞ն Տիրոջ պատվիրանները, որ Մովսեսի միջոցով պատվիրեց նրանց հայրերին։

5 Եվ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ,

6 նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։

Գոթոնիել

7 Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղիմներին ու Աստարովթներին։

8 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց ՄիջագետքիՔուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։

9 Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։

10 Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։

11 Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։

Ավոդ

12 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։

13 Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։

14 Եվ Իսրայելի որդիները Մովաբի Էգղոն թագավորին ծառայեցին տասնութ տարի։

15 Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։

16 Ավոդը մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր շինեց իր համար և այն կապեց իր հանդերձների տակից՝ իր աջ ազդրի վրա։

17 Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։

18 Եվ երբ ընծան տվեց վերջացրեց, ընծան կրող մարդկանց ետ ուղարկեց,

19 և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։

20 Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։

21 Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը քաշեց իր աջ ազդրի վրայից և կոխեց նրա փորը։

22 Սրի ետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ծածկվեց ճարպով, որովհետև սուրը չհանեց նրա փորից, և աղբը դուրս ելավ։

23 Եվ Ավոդը դուրս եկավ նախասրահը, վերնատան դռները փակեց իր ետևից ու կողպեց։

24 Եվ ինքը դուրս եկավ ուգնաց։Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել»։

25 Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։

26 Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։

27 Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։

28 Եվ նրանց ասաց. «Եկե՛ք իմ ետևից, որովհետև Տերը ձեր թշնամի մովաբացիներին ձեր ձեռքը մատնեց». և նրա ետևից իջան ու բռնեցին Հորդանանի այն գետանցները, որոնք Մովաբիառաջէին, և թույլ չտվին, որ մի մարդ անցնի։

29 Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։

30 Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։

Սամեգար

31 Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4

Դեբորա և Բարակ

1 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. Ավոդը մեռել էր։

2 Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթիմեջ։

3 Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, որովհետև նա ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղեց Իսրայելի որդիներին։

4 Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։

5 Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում՝ Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենու տակ. և Իսրայելի որդիները գնում էին վեր՝ նրա մոտ, դատաստանի համար։

6 Նամարդուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից,

7 և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը”»։

8 Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։

9 Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։

10 Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։

11 (Կենեցի Քաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիներից՝ կենեցիներից, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ՝ Սանանիմի կաղնու մոտ)։

12 Եվ Սիսարային իմաց տվին, թե Աբինոամի որդի Բարակը ելել է վեր՝ Թաբոր սարը։

13 Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքերը, և իր հետ եղած ամբողջ զորքն Ազգերի Արիսոթից հավաքեց Կիսոնի հեղեղատում։

14 Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։

15 Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։

16 Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։

17 Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։

18 Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։

19 Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։

20 Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։

21 Քաբերի կինը՝ Հայելը, վերցրեց վրանի մի ցից, մուրճն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ և ցիցը խրեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին. իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր, ու մեռավ։

22 Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։

23 Աստված այդ օրը քանանացիների Հաբին թագավորին կորացրեց Իսրայելի որդիների առաջ։

24 Եվ Իսրայելի որդիների ձեռքն օրեցօր զորանում էր քանանացիների Հաբին թագավորի դեմ, մինչև որ բնաջինջ արեցին քանանացիների Հաբին թագավորին։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5

Դեբորայի և Բարակի երգը

1 Այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին.

2 «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար

Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար

Օրհնեցե՛ք Տիրոջը։

3 Լսե՜ք, թագավորնե՛ր,

Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր,

Ես երգում եմ Տիրոջը.

Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։

4 Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից

Եվ չվում էիր Եդովմի դաշտից,

Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց,

Եվ ամպերը ջուր տեղացին։

5 Սարերը հալվեցին Տիրոջ երեսից,

Նույնիսկ Սինան՝ Իսրայելի Տեր Աստծու երեսից։

6 Անաթի որդի Սամեգարի օրերին,

Հայելի օրերին

Դադարել էին ուղիները,

Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։

7 Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին,

Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա,

Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։

8 Նոր աստվածներ ընտրեցին,

Իսկույն պատերազմ եղավիրենցդռներին.

Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝

Իսրայելի քառասուն հազարի մեջ։

9 Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է.

Ո՛վ ժողովրդի անձնվեր որդիներ,

Օրհնեցե՛ք Տիրոջը։

10 Սպիտակ էշերին հեծնողնե՛ր, Գորգի վրանստողնե՛ր

Եվ ճանապարհներին գնացողնե՛ր,

Երգեցե՛ք։

11 Աղեղնավորների ձայնից ավելի բարձր

Այնտեղ՝ ջրի գուռերի մոտ,

Գովաբանում են Տիրոջ հաղթանակները,

Նրա գյուղացիներիավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ,

Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։

12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,

Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա,

Վե՛ր կաց, Բարա՛կ,

Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։

13 Այն ժամանակ վերապրողները

Հաղթող դուրս եկան

Իշխանավորների դեմ։

Տիրոջ ժողովուրդը գնաց հզորների դեմ։

14 Եփրեմիցեկաննրանք, որոնց արմատն Ամաղեկում է,

Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջ

Մաքիրից իջան իշխաններ,

Եվ Զաբուղոնից՝ զորավարի մականբռնողներ։

15 Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։

Եվ Իսաքարն էլ Բարակի պես

Նրա ետևից հովիտ խուժեց.

Ռուբենի տոհմերում

Մեծ հուզմունք կար։

16 Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ,

Որ հոտերի մայելը լսես։

Ռուբենի տոհմերում

Մեծ տարակուսանք կար։

17 Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում,

Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։

Ասերը նստում է ծովի եզերքում

Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։

18 Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է,

Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ,

Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։

19 Թագավորները եկան, պատերազմեցին.

Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորները

Թանաքի մեջ՝ Մակեդդովի ջրի մոտ.

Փողի ավար իսկ չառան։

20 Երկնքից պատերազմեցին.

Աստղերն իրենց շրջաններից

Սիսարայի դեմ պատերազմեցին։

21 Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,

Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։

Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։

22 Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց,

Նրա զորավորների վազելուց։

23 – Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,-

Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ,

Քանզի Տիրոջ օգնությանը չեկան,

Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։

24 Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ,

Կենեցի Քաբերի կինը,

Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։

25 Ջուր ուզեց, կաթ տվեց,

Կարագ մատուցեց իշխանների ամանով։

26 Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց

Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին,

Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց,

Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։

27 Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ,

Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ.

Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։

28 Պատուհանից նայում է և աղաղակում

Սիսարայի մայրը՝ վանդակի ետևից.

Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու,

Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։

29 Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան.

Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն.

30 Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում ենայն.

Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար,

Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավար,

Գույնզգույն և նկարագործ ավար,

Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։

31 Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր,

Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։

Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6

Գեդեոն

1 Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։

2 Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։

3 Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա.

4 նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։

5 Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։

6 Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։

7 Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով,

8 Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից,

9 ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի.

10 և ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք”. բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։

11 Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։

12 Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։

13 Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։

14 Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։

15 Գեդեոնընրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։

16 Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։

17 Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։

18 Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։

19 Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։

20 Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։

21 Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։

22 Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։

23 Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։

24 Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմկոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։

25 Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։

26 Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։

27 Գեդեոնն իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Տերը։ Բայց իր հոր տնեցիներից և քաղաքի մարդկանցից վախենալով ցերեկն անել՝ գիշերն արեց։

28 Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։

29 Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ պրպտեցին, քննեցին, ու ասվեց, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։

30 Եվ քաղաքի մարդիկ Հովասին ասացին. «Դո՛ւրս բեր որդուդ, նա պետք է մեռնի, քանի որ քանդել է Բահաղի սեղանը և կտրել նրա մոտի Աստարովթը»։

31 Հովասը դեպի իրեն եկող բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դուք եք Բահաղի իրավունքը պաշտպանելու, կամ թե դո՞ւք եք նրան ազատելու. ով որ պաշտպանի նրա իրավունքը, թող մեռնի մինչև առավոտ. եթե նա աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։

32 Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։

33 Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ ևՀորդանանիցանցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։

34 Տիրոջ Հոգին իջավ Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, ու Աբիեզերի ցեղի մարդիկ հավաքվեցին նրա մոտ։

35 Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։

36 Եվ Գեդեոնն Աստծուն ասաց. «Եթե Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես,

37 ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։

38 Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։

39 Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։

40 Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7

Գեդեոնը հաղթում է մադիանացիներին

1 Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։

2 Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։

3 Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։

4 Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։

5 Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։

6 Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։

7 Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցինջուրը,ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։

8 Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, ևԳեդեոննԻսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։

9 Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։

10 Եթե դու վախենում ես իջնել, քո ծառա Փուրայի հետ իջի՛ր բանակը,

11 այդ ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում. և հետո քո ձեռքերը կզորանան, և կիջնես բանակը»։ ԵվՄադիամնիջավ, նա և իր ծառա Փուրան մտան բանակի առաջապահ գնդերի մոտ։

12 Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։

13 Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։

14 Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։

15 Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։

16 Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։

17 Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։

18 Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնիհամար”»։

19 Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկկեսգիշերվապահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։

20 Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։

21 Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։

22 Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։

23 Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։

24 Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։

25 Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8

Մադիանացիների վերջնական պարտությունը

1 Եվ Եփրեմի որդիները նրան ասացին. «Այս ի՞նչ բան էր, որ մեզ արիր. առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու». և նրա հետ սաստիկ վիճեցին։

2 Եվ նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պես. մի՞թե Եփրեմի ճռաքաղն ավելի լավը չէ Աբիեզերի այգեկութից։

3 Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։

4 Եվ Գեդեոնը եկավ Հորդանան, և ինքն ու իր հետ եղած երեք հարյուր մարդիկ անցան գետը. թեև նվաղած էին, բայց հալածում էինթշնամուն։

5 Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։

6 Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։

7 Եվ Գեդեոնն ասաց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները պիտի ծեծեմ անապատի փշերով ու տատասկներով»։

8 Այնտեղից ելավ գնաց Փանուել, նրանց էլ այնպես ասաց. և Փանուելի մարդիկ պատասխանեցին Սոկքովթի մարդկանց տված պատասխանի պես։

9 Փանուելի մարդկանց էլ ասաց. «Երբ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։

10 Զեբեեն ու Սաղմանան Կարկարում էին, և նրանց բանակը նրանց հետ էր՝ արևելքի բնակիչների ամբողջ բանակից մնացածները՝ բոլորը միասին տասնհինգ հազարի չափ մարդ, և որոնք ընկել մեռել էին, հարյուր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։

11 Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։

12 Զեբեեն ու Սաղմանան փախան.Գեդեոնընրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։

13 Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դարձավ Արեսի զառիվայրից։

14 Եվ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց ու նրան հարցրեց. սա գրեց նրա համար Սոկքովթի իշխաններին ու ծերերին՝թվովյոթանասունյոթ մարդու։

15 Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։

16 Եվ նա քաղաքի ծերերին վերցրեց, անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով պատժեց Սոկքովթի մարդկանց։

17 Եվ Փանուելի աշտարակը քանդեց և կոտորեց քաղաքի մարդկանց։

18 Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։

19 Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։

20 Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։

21 Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։

22 Եվ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Թագավորի՛ր մեզ վրա, դու էլ, քո որդին էլ, քո որդու որդին էլ, որովհետև մեզ ազատեցիր Մադիամի ձեռքից»։

23 Գեդեոնը նրանց ասաց. «Ես չեմ թագավորի ձեզ վրա, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի. թող Տերը թագավորի ձեզ վրա»։

24 Հետո Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզնից մի բան եմ խնդրում. թող ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա» (որովհետև նրանք, իսմայելացի լինելով, ոսկե օղեր ունեին)։

25 Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։

26 Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուրսիկղոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։

27 Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։

28 Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։

Գեդեոնի մահը

29 Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։

30 Գեդեոնը յոթանասուն որդի ուներ՝ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։

31 Սյուքեմում ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։

32 Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։

33 Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։

34 Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։

35 Եվ Հերո-Բաաղի (այսինքն՝ Գեդեոնի) տան հետ կարեկցությամբ չվարվեցին այն ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9

Աբիմելեք

1 Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով.

2 «Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։

3 Եվ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերն ասացին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը դարձավ դեպի Աբիմելեքը, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»։

4 Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։

5 Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։

6 Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։

7 Երբայս բանըՀովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի.

8 ծառերը գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն, և ձիթենուն ասացին. “Մեզ վրա թագավո՛ր եղիր”։

9 Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։

10 Եվ ծառերը թզենուն ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

11 Եվ թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։

12 Այն ժամանակ ծառերն ասացին որթին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

13 Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։

14 Այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

15 Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։

16 Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր դարձրիք, և եթե Հերո-Բաաղին ու նրա տանը բարություն արեցիք, և եթե նրա ձեռքի գործերի համեմատ նրան հատուցում արեցիք.

17 (որովհետև իմ հայրը պատերազմեց ձեզ համար և իր անձը չխնայեց և մեզ ազատեց Մադիամի ձեռքից,

18 իսկ դուք այսօր դեմ կանգնեցիք իմ հոր տանը և նրա որդիներին՝ յոթանասուն մարդու, սպանեցիք մի քարի վրա և նրա աղախնի տղային՝ Աբիմելեքին, թագավոր դարձրիք Սյուքեմի բնակիչների վրա, ըստ այնմ, որ ձեր եղբայրն էր).

19 եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար.

20 ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։

21 Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր ևվախենալովիր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։

22 Աբիմելեքն Իսրայելի վրա իշխեց երեք տարի։

23 Եվ Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչները նենգությամբ վարվեցին Աբիմելեքի հետ,

24 որպեսզի Հերո-Բաաղի յոթանասուն որդիներին արած անիրավությունը գա, և նրանց արյունն իրենց եղբոր՝ Աբիմելեքի վրա հասնի, որը սպանել էր նրանց. և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը՝ իր եղբայրներին սպանելու համար։

25 Սյուքեմի բնակիչները նրա համար դարաններ պատրաստեցին սարերի գլուխներին և կողոպտում էին իրենց մոտով անցնող բոլոր մարդկանց։ Եվ այսբաննիմաց տվեցին Աբիմելեքին։

26 Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։

27 Եվ դուրս եկան դաշտ ու քաղեցին իրենց այգիների խաղողը և հնձաններում կոխելով՝ ուրախություն արեցին, մտան իրենց Աստծու տունը, կերան ու խմեցին և Աբիմելեքին անիծեցին։

28 Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։

29 Երանի թե այս ժողովուրդն անցներ իմ ձեռքի տակ, և ես Աբիմելեքին հեռացնեի»։ Եվ Աբիմելեքին ասաց. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ»։

30 Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց։

31 Նա խորամանկ կերպով պատգամավորներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը հանում են քո դեմ։

32 Հիմա դու և քեզ հետ եղած ժողովուրդը գիշերը վե՛ր կացեք, և դարա՛ն մտիր դաշտում։

33 Եվ առավոտը հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կաց ու հարձակվի՛ր քաղաքի վրա. և ահա երբ նա և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը դուրս գան քո դեմ, այն ժամանակ ձեռքիցդ եկածն արա՛ նրան»։

34 Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը գիշերը վեր կացան և չորս գնդով դարանակալեցին Սյուքեմից դուրս։

35 Աբեդի որդի Գաաղը դուրս եկավ և կանգնեց քաղաքի դռան առաջ. և Աբիմելեքն ու իր հետ եղած ժողովուրդը դուրս եկան դարաններից։

36 Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։

37 Եվ Գաաղը շարունակեց խոսքը և ասաց. «Ահա երկրի բարձր տեղից ժողովուրդ է իջնում, և մի գունդ էլ գալիս է Մեռնենիմի կաղնու ճանապարհով»։

38 Եվ Զեբուղը նրան ասաց. «Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե՝ “Աբիմելեքն ո՞վ է, որ մենք ծառայենք նրան”։ Ահա սա այն ժողովուրդն է, որ դու արհամարհեցիր. հիմա վե՛ր կաց և պատերազմի՛ր նրա դեմ»։

39 Եվ Գաաղը դուրս եկավ Սյուքեմի բնակիչների առաջ և պատերազմեց Աբիմելեքի դեմ։

40 Աբիմելեքը նրան հալածեց, և նա փախավ նրա առաջից, և շատերը մեռած ընկան մինչև դռան առաջը։

41 Աբիմելեքը բնակվեց Արումայում, և Զեբուղը Գաաղին ու նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեին։

42 Հետևյալ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ, և Աբիմելեքին իմաց տվեցին։

43 Նա վերցրեց իր ժողովրդին, բաժանեց երեք գնդի և դարանամուտ եղավ դաշտում. և տեսավ, որ ահա ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրանց վրա և ջարդեց նրանց։

44 Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։

45 Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։

46 Երբ այդ բանը լսեցին Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, մտան Էլ-Բերիթ աստծու տան բերդը։

47 Աբիմելեքին իմաց տվեցին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները հավաքվել են այնտեղ։

48 Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։

49 Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։

50 Հետո Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց Թեբեսը և վերցրեց այն։

51 Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար. քաղաքի բոլոր բնակիչները՝ տղամարդիկ ու կանայք, փախան այնտեղ, դուռը ներսից կողպեցին և ելան վեր՝ աշտարակի կտուրը։

52 Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։

53 Մի կին երկանաքարի մի կտոր գցեց Աբիմելեքի գլխին և կոտրեց նրա գագաթը։

54 Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։

55 Իսրայելի մարդիկ տեսան, որ Աբիմելեքը մեռավ, և ամեն մարդ գնաց իր տեղը։

56 Այսպես Աստված հատուցեց Աբիմելեքին այն չարիքի համար, որ նա արել էր իր հորը՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին։

57 Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարիքներն Աստված թափեց նրանց գլխին. և Հերո-Բաաղի որդի Հովաթամի անեծքը եկավ նրանց վրա։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10

Թովղա

1 Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։

2 Իսրայելում քսաներեք տարի դատավորություն արեց և մեռավ ու թաղվեց Սամիրում։

Հայիր

3 Նրանից հետո վեր կացավ գաղաադացի Հայիրը և քսաներկու տարի դատավորություն արեց Իսրայելում։

4 Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։

5 Եվ Հայիրը մեռավ ու թաղվեց Կամոնում։

6 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։

7 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։

8 Նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այդ տարվանից մինչև տասնութ տարի, այսինքն՝ Իսրայելի բոլոր այն որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում՝ Գաղաադում էին, ամորհացիների երկրում։

9 Նաև Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ պատերազմեն Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ. և Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։

10 Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին և ասացին. «Մեղք գործեցինք քո դեմ, որովհետև մեր Աստծուն թողեցինք և պաշտեցինք Բահաղիմին»։

11 Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թեձեզ չազատեցիեգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։

12 Ձեզ նեղում էին նաև սիդոնացիները, ամաղեկացիները և մաոնացիները, և դուք աղաղակեցիք ինձ, և ես ձեզ ազատեցի նրանց ձեռքից։

13 Բայց դուք ինձ թողեցիք և ծառայություն արեցիք ուրիշ աստվածների. դրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։

14 Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։

15 Եվ Իսրայելի որդիները Տիրոջն ասացին. «Մենք մեղք գործեցինք, և ինչ որ հաճելի է քո աչքին, մեզ հետ արա՛, միայն թե, աղաչում ենք, ազատի՛ր մեզ այսօր»։

16 Եվ իրենց միջից վերցրին օտար աստվածներին ու ծառայեցին Տիրոջը. և նրա սիրտը վշտացավ Իսրայելի նեղության համար։

17 Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։

18 Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։